Հա

Քաղաքական

09/01/2021 - 10:40

«Այս արտասովոր գաղտնիութիւնը հայկական կողմի համար անշրջելի հետեւանքներ է ունենալու». Վարդան Ոսկանեան

Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի տրամադրումը, որ անցնելու է Հայաստանի Հանրապետութեան տարածքով, իհարկէ, լրջագոյն վտանգ է մեր պետութեան համար, որի իրականացման մասին մէկ հարիւրամեակից աւելի երազել է Թուրքիան, պանթիւրքիզմի՝ առայժմ պատրանքային մակարդակում գտնւող ծրագիրը կեանքի կոչելու եւ մերձկասպեան տարածաշրջան, այնուհետեւ նաեւ կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով դուրս գալու համար:

«alikonline.ir» - «Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի տրամադրումը, որ անցնելու է Հայաստանի Հանրապետութեան տարածքով, իհարկէ, լրջագոյն վտանգ է մեր պետութեան համար, որի իրականացման մասին մէկ հարիւրամեակից աւելի երազել է Թուրքիան, պանթիւրքիզմի՝ առայժմ պատրանքային մակարդակում գտնւող ծրագիրը կեանքի կոչելու եւ մերձկասպեան տարածաշրջան, այնուհետեւ նաեւ կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով դուրս գալու համար: Այն զաւթելու մասին տասնամեակներ շարունակ երազել է նաեւ Ադրբեջանը եւ հիմա, մոսկովեան առաջիկայ հանդիպումը, կարծես, թշնամի երկրներին աւելի է մօտեցրել երազանքի իրականացմանը»,- Pastinfo.am-ի հետ զրոյցում ասել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ խօսելով յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք Փաշինեանի-Ալիեւ հանդիպման մասին։

Ըստ նրա՝ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, այլ պետութիւնների, ընդ որում՝ գերտէրութիւնների շահեր նոյնպէս կան: Խօսքը Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան մասին է:

Վարդան Ոսկանեանը նկատել է՝ Իրանը, մեղմ ասած, խանդավառւած չէ տարածաշրջանային նմանօրինակ վերադասաւորումների սցենարով՝ հաշւի առնելով թէ´ սեփական երկրի շահերը, թէ´ Հայաստան-Իրան յարաբերութիւնները. «Այս ամէնի արդիւնքում, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ կապող ցամաքային ողջ սահմանը: Դա ուղղակի աշխարհաքաղաքական աղէտ կը լինի՝ ինչպէս Իրանին, այնպէս նաեւ Հայաստանի համար: Բացի դա, այս ամէնի արդիւնքում, Հայաստանը կարող է վերածւել մի պետութեան, որը կը կառավարւի Անկարայի եւ Բաքւի կողմից: Ինչպէս գիտենք, Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ցամաքային սահմանը հիմա անցնում է Իրանի տարածքով: Եթէ Հայաստանում սկսի գործել Ադրբեջան-Նախիջեւան միջանցքը, ապա այս իրավիճակում, Իրանը կը կորցնի Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր այդ առաւելութիւնը, սրանով հանդերձ՝ կը կորցնի նաեւ ազդեցութեան լծակները՝ Հարաւային Կովկասում եւ չի ստանայ տարանցիկ շահոյթներ Թուրքիայից ու Ադրբեջանից:

Ընդ որում, իրավիճակի այսօրինակ զարգացման պարագայում, Վրաստանը նոյնպէս կը կորցնի իր մենաշնորհային տարանցիկութեան զգալի հատւածն ու կարեւոր դերը, որպէս կամուրջ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Հետեւաբար, չի բացառւում, որ սրանով ռուսական կողմը կը կարողանայ մեծացնել իր ազդեցութիւնը նաեւ հէնց Վրաստանում: Ինչպէս յայտնի է, Ռուսաստանը Հարաւային Կովկասը դիտարկում է ոչ թէ առանձին վերցւած միաւորների տրամաբանութեամբ, այլ որպէս մէկ ամբողջականութիւն եւ ձգտում է իր շահերն այստեղ ամրագրել ողջ տարածաշրջանի մասշտաբով»:

Անդրադառնալով յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք Փաշինեանի-Ալիեւ հանդիպման թեմային, իրանագէտը տարակուսանք է յայտնել՝ ինչպէ՞ս կարելի է նմանօրինակ կարեւորագոյն խնդրի շուրջ միջազգային գործարքների գնալ՝ առանց ժողովրդի տեսակէտը լսելու կամ հաշւի առնելու, նրանից գաղտնի, մարդկանց մէջքի հետեւում. «Աբսուրդը կայանում է նրանում, որ մենք, նոյնիսկ յստակ չգիտենք անգամ՝ նման հանդիպում Մոսկւայում կայանալո՞ւ է, թէ ոչ, էլ չեմ խօսում այդ հանդիպման ընթացքում քննարկւէլիք հարցերի, բարձրացւէլիք խնդիրների, կնքւելիք պայմանագրերի եւ դրանց հաւանական անդառնալի հետեւանքների մասին: Պարզ է, որ այս արտասովոր գաղտնիութեան հանգամանքը հայկական կողմի համար անշրջելի հետեւանքներ է ունենալու, ճիշտ այնպէս, ինչպէս եղաւ նոյեմբերի 10-ին...

Տարօրինակ պայմանաւորւածութիւնների արդիւնքում Նիկոլ Փաշինեանը խիստ վտանգաւոր եւ գաղտնի գործարքների է գնում մեր թշնամիների հետ, հարւածի տակ դնելով պետութեան անվտանգութիւնը՝ բոլոր տեսանկիւններից: Սա է մեր ցաւալի իրականութիւնը եւ, որպէս այս ամէնի արդիւնք, մենք արդէն այսօր մեր դարաւոր թշնամի, ցեղասպան Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեայի՝ նախագահի խորհրդականի բերանից ենք լսում այն մասին, որ Ադրբեջան-Նախիջեւան, այսպէս կոչւած միջանցքի տրամադրումը շատ կարեւոր իրողութիւն է լինելու Թուրքիայի համար…»,- եզրափակել է զրոյցը իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։