Հա

Քաղաքական

10/01/2021 - 13:30

Քաղաքագիտական բանաձեւ, որն աշխատել է աշխարհի բոլոր երկրներում, կամ ինչ է կատարւում ՀՀ-ում

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք Փաշինեան-Պուտին-Ալիեւ հանդիպման արդիւնքում նոր փաստաթղթի ստորագրման հաւանականութեանն ու դրանով պայմանաւորւած ներքաղաքական զարգացումներին։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք Փաշինեան-Պուտին-Ալիեւ հանդիպման արդիւնքում նոր փաստաթղթի ստորագրման հաւանականութեանն ու դրանով պայմանաւորւած ներքաղաքական զարգացումներին։

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանի դիտարկմամբ` նոյեմբերի 9-ից յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանրային լեգիտիմութիւնը գրեթէ զրոյացւել է եւ այսօր կայ մեծ անվստահութիւն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ։ Վերջին ինստիտուտը բանակն էր, սակայն նրա հանդէպ նոյնպէս չկայ վստահութիւն, հետեւաբար, առկայ պայմաններում հնարաւոր նոր փաստաթղթի ստորագրման հաւանականութիւնն առաջացնում է լուրջ մտավախութիւն։

«Երբ պատերազմի ժամանակ եղած սուտն ի յայտ եկաւ, «Յաղթելու ենք» կարգախօսը փլուզւեց, հասարակութիւնն այլեւս հակւած չէ հաւատալ իշխանութեան որեւէ խօսքին։ Նոյնիսկ եթէ որոշ ձեւակերպումներ մօտ են իրականութեանը, միեւնոյնն է, մարդիկ կասկած են յայտնում այդ ձեւակերպումների առթիւ։ Անկախ նրանից, թէ Փաշինեանն ինչ թուղթ է ստորագրելու, բնական է, որ հասարակութեան մէջ կայ տոտալ անվստահութիւն ցանկացած փաստաթղթի նկատմամբ»,- նշեց քաղաքագէտը։

Բոզոյեանի կարծիքով` հասարակութիւնն, ի դէմս գործող իշխանութեան, չի տեսնում որեւէ հեռանկար Հայաստանի հետագայ զարգացման եւ առաւել եւս անվտանգութեան խնդիրները լուծելու առումով։

Ըստ նրա` սովորաբար նման պայմաններում ամենաարագ փոփոխութիւնը լինում է պետական յեղաշրջման ճանապարհով, որովհետեւ երբ բոլորի համար ակնյայտ է, որ ղեկավարը պարտւել է եւ այլեւս չի կարող պետութիւնը ներկայացնել, օբիեկտիւօրէն չունի քաղաքական ռեսուրս, ապա պետական բոլոր ինստիտուտները բնականաբար անում են ամէն ինչ, որպէսզի ձերբազատւեն նրանից, որ պահպանեն իշխանութիւնը։

Բոզոյեանի գնահատմամբ` սա քաղաքագիտական բանաձեւ է, որն աշխատել է աշխարհի բոլոր երկրներում։

Քաղաքագէտի խօսքով` հաւանականութիւնը շատ մեծ է, որ Հայաստանում վերեւից կը կատարւի փոփոխութիւն, հակառակ դէպքում կը լինի պետութեան փտում, ինչի արդիւնքում ընդդիմութեան մէջ ի յայտ կը գան մարդիկ, որոնք կը պահանջեն սոցիալական ուղղւածութեան աւելի ռադիկալ գործողութիւններ, որպէսզի հրապարակում հաւաքւեն աւելի լայն զանգւածներ։ Ըստ նրա` գործընթացը կարող է տեւել ամիսներ, բայց իշխանափոխութիւնն անխուսափելի է, որովհետեւ ձախողւած ղեկավարը չի կարող արդիւնաւէտ կառավարել, նրան լուրջ չեն վերաբերւի ո՛չ Հայաստանում, ո՛չ արտասահմանում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։