Print this page
11/01/2021 - 12:30

«Արդեօ՞ք որեւէ գործարար կը համաձայնւի օգտւել Ադրբեջանի տարածքով դէպի ՌԴ բացւող ճանապարհային կոմունիկացիաներից, երբ ադրբեջանցիներով բնակեցւած Մառնէուլիում արդէն յարձակւում են հայ վարորդների վրայ». Գոհար Մելոյեան

Ն. Փաշինեանի յունւարի 11-ի մոսկովեան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական եւ անտէր կարգավիճակը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում «Հայերիս անբացատրելի հանդուրժողականութիւնը եւ փաշինեանական աջակցութիւնը թշնամուն» վերտառութեամբ գրառման մէջ նշել է սահմանադրագէտ Գոհար Մելոյեանը:

«alikonline.ir» - Ն. Փաշինեանի յունւարի 11-ի մոսկովեան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական եւ անտէր կարգավիճակը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում «Հայերիս անբացատրելի հանդուրժողականութիւնը եւ փաշինեանական աջակցութիւնը թշնամուն» վերտառութեամբ գրառման մէջ նշել է սահմանադրագէտ Գոհար Մելոյեանը:

«Հայկական կողմը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ յայտարարութեամբ սահմանւած ժամկէտներում յանձնեց ինչպէս այդ փաստաթղթով նախատեսւած տարածքները (Աղդամ, Լաչին, Քարվաճառ), այնպէս էլ՝ անգամ դրանում չնախատեսւած տարածքներ (Կապանի եւ Գորիսի բարձունքները, Կապան-Գորիս ճանապարհի մի մասը, Շուռնուխի մի հատւածը)։

Սակայն չկարողացաւ կեանքի կոչել այդ հակահայկական փաստաթղթի միակ հայամէտ կէտը, այն է՝ տարածքները յանձնելուն հետ միաժամանակ օպերատիւ կազմակերպել գերիների վերադարձը եւ անհետ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղւած գործողութիւնները։

Անընդունելի է նաեւ, որ վերջին օրերին տնտեսական ապաշրջափակման շուրջ բանակցութիւններ սկսելու նախապայման է դիտւում գերիներ հարցով էական առաջընթացը, այլ ոչ թէ բոլոր գերիների անխտիր եւ անյապաղ վերադարձը։

Արդեօ՞ք պատերազմի աւարտից երկու ամիս անց թշնամու կողմից դեռեւս պահւող հարիւրաւոր գերիներից օրինակ՝ շուրջ 50-ի վերադարձը կարող է համարւել էական առաջընթաց։ Այն դէպքում, երբ մեր եղբայրներն ու քոյրերը վաղուց պէտք է վերադարձած լինէին հայրենիք՝ ըստ վերոնշեալ յայտարարութեան։

Միաժամանակ, իրենց հարող արբանեակներով շրջանառում են թուրքերի հետ համագործակցութեան հետեւանքով սպասւող տնտեսական օգուտների մասին յօրինւածքները։

Արդեօ՞ք որեւէ գործարար կը համաձայնւի օգտւել Ադրբեջանի տարածքով դէպի Ռուսաստան, կամ Երեւանից Նախիջեւանի միջոցով դէպի Սիւնիք, կամ դէպի Իրան բացւող ճանապարհային կոմունիկացիոներից, այն դէպքում, երբ անգամ Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցւած Մառնէուլիում արդէն յարձակւում են հայ վարորդների վրայ, ինչի հետեւանքով խորհուրդ է տրւում Բագրատաշէնի փոխարէն օգտւել Բաւրայի մաքսակէտից։

Փոխարէնը, Մեղրու տարածքով Ադրբեջանին եւ Թուրքիային ճանապարհի տրամադրումը՝ հանդիսանում է պանթուրքիզմի դարաւոր երազանքներից մէկը, որն իրագործան շեմին է։

Յիրաւի ճիշտ է Սուրբ աթոռում մեր նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի այն միտքը, որ յունւարի 11-ի հանդիպումը բխում է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Նիկոլի, բայց ոչ որեւէ կերպ Հայաստանի եւ հայերիս շահերից»,- գրել է Մելոյեանը։

Յարակից լուրեր