Հա

Քաղաքական

11/01/2021 - 13:00

Մտնում ենք պատմութեան նոր փուլ. Դէպի «Չորրորդ Հանրապետութիւն»

Հայոց պետականութիւնը վերականգնելու հնարաւորութիւնը վերջին մի քանի հարիւրամեակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը: Այն բխում էր ոչ միայն սեփական մշակոյթը, ինքնութիւնն ու պատմութիւնը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտութիւնից, այլ նաեւ սեփական ճակատագրի տէրը դառնալու ձգտումից: Հէնց դա է եղել մեր նախնիների առաքելութիւնը, որոնք գործնականում կատարեցին անհնարինը՝ պետականութիւն չունենալու պայմաններում պահպանեցին հայկականութիւնը եւ զարգացրին հայկական քաղաքակրթութիւնը՝ անցնելով պատմութեան բոլոր դաժան ու արիւնոտ փորձութիւնների միջով:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ

Հայաստանի Հանրապետութեան նախագահ

 

Բովանդակային պետութըան կառուցման անխուսափելիութեան մասին

Հայոց պետականութիւնը վերականգնելու հնարաւորութիւնը վերջին մի քանի հարիւրամեակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը: Այն բխում էր ոչ միայն սեփական մշակոյթը, ինքնութիւնն ու պատմութիւնը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտութիւնից, այլ նաեւ սեփական ճակատագրի տէրը դառնալու ձգտումից: Հէնց դա է եղել մեր նախնիների առաքելութիւնը, որոնք գործնականում կատարեցին անհնարինը՝ պետականութիւն չունենալու պայմաններում պահպանեցին հայկականութիւնը եւ զարգացրին հայկական քաղաքակրթութիւնը՝ անցնելով պատմութեան բոլոր դաժան ու արիւնոտ փորձութիւնների միջով:

Մեր նախնիները մեզ թողել են վիթխարի ժառանգութիւն, յոյս ունենալով, որ մենք այդ ժառանգութիւնը կը կարողանանք փոխանցել հետագայ սերունդներին բացարձակապէս այլ որակական տեսքով:

Միջազգային յարաբերութիւնների պատմութիւնը վկայում է, որ փոքր երկրները յաճախ դառնում են մեծ տէրութիւնների շահերի զոհը, ինչպէս եղաւ հայերիս հետ Օսմանեան կայսրութեան օրօք: Այն ազգերը, որոնք կարողացան ժամանակին սթափ վերլուծել իրենց անյաջողութիւնների ու տառապանքների պատճառները եւ աշխատել սեփական սխալներն ուղղելու վրայ, մշակել յստակ տեսլական եւ զարգացման ծրագրեր, կարողացան ստեղծել համակարգային բարձր որակի պետութիւններ՝ ունակ ոչ միայն բաւարարելու իրենց քաղաքացիների ներքին կարիքները եւ նրանց պաշտպանելու արտաքին սպառնալիքներից, այլեւ պայմաններ ապահովել, որոնք թոյլ են տալիս մրցակցել ռեգիոնալ եւ նոյնիսկ մեծ տէրութիւնների հետ, համադրել նրանց հետ սեփական շահերը կամ առանձին դէպքում դառնալ իրական եւ կարեւոր դաշնակից:

Այդպիսի օրինակներ կան եւ այդ օրինակները լոկ հաստատում են, որ ճիշտ կառուցւած քաղաքականութեան, դիւանագիտութեան եւ կառավարման դէպքում նոյնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ յաջողութիւնների:

Այսօր մենք վերապրում ենք մեր պատմութեան հերթական համազգային հոգեբանական վհատութեան պահը, եւ բացարձակապէս մեզնից է կախւած՝ թէ կարո՞ղ ենք այն յաղթահարել, եւ ի՞նչ հիմունքներով ենք կառուցելու մեր ապագան:

Առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամեակների ընթացքում կուտակւած եւ չլուծւած խոր արմատական խնդիրների հետեւանքն են: Կարծես վերից վար մեզնից իւրաքանչիւրի մօտ ցանկութիւն չկայ ինքնուրոյն բովանդակային պատասխանատւութիւն ստանձնել սեփական ճակատագրի համար: Խօսքը ոչ թէ ինքնաքննադատութեան բացակայութեան մասին է, այլ դրա ձեւական բնոյթի: Մենք առաջւայ պէս փնտրում ենք յենման մասնաւոր կէտեր, «փրկիչներ»՝ ի դէմս առանձին անհատների կամ երկրների, որոնք ունակ են մեզ տանել ճիշտ ճանապարհով, որն էլ վերջում յանգեցնելու է բարեկեցութեան եւ ապահովութեան: Ջղաձգական փնտրտուքների յետեւից ընկած՝ մենք բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնւում է ուղիղ մեր աչքերի առջեւ եւ կոչւում է անկախ Հայաստանի Հանրապետութիւն:

Մեր հազարամեայ երազանքն իրականացել էր՝ վերջապէս մենք ունեցանք մեր տունը, դրօշը, զինանշանն ու օրհներգը: Վերջապէս մենք կարող ենք հայ լինել միջազգային համայնքի կողմից ճանաչւած հայկական պետութիւնում: Առաջին անգամ հարիւրամեակների ընթացքում հայերն իրենց տարածքները չկորցրեցին, այլ 1990-ականներին յետ բերեցին պատմական տարածքներ՝ իր ռեսուրսներով մեզ բազմապատիկ գերազանցող հակառակորդի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքում: Մեզ դա յաջողւեց անել, որովհետեւ մեր շարժիչ ուժը երազանքներն էին ու ազգային գաղափարներին նւիրումը: Դրանք յագեցած էին խելայեղ էներգետիկայով, եւ իւրաքանչիւր հայկական մասնիկ աշխարհի ցանկացած կէտում առաւելագոյնս էր լիցքաւորւած համազգային նպատակին հասնելու համար:

Հետագայ իրադարձութիւնները ցոյց տւեցին, թէ իրականում ինչքան ենք թերագնահատել պատմութեան այդ նւէրը: Փոխանակ փոքր երկրների եւ ժողովուրդների յաջողւած օրինակների հիմքի վրայ պետական եւ ազգային շինարարութեան բովանդակալից ծրագրեր կազմելու, մենք զբաղւեցինք առաւելապէս իմիտացիոն գործունէութեամբ: Չգցւեց ներքին իմունիտետի՝ պետական կառավարման արդիւնաւէտ համակարգի հիմքը՝ հիմնւած իշխանութեան գործադիր, օրէնսդիր եւ դատական ճիւղերի միջեւ պատասխանատւութեան իրական բաժանման վրայ: Հէնց այդպիսի՛ մոդելն է ձեւաւորում հասարակութիւնը եւ դաստիարակում քաղաքացուն, որը ցանկացած կառավարութեան հիմնական արժէքն է: Այդպիսի՛ քաղաքացին կարող է գիտակցել ընտրելու եւ ընտրւելու հնարաւորութեան նշանակութիւնը։ Եւ ամենագլխաւորը՝ այդպիսի քաղաքացին պատասխանատւութիւն է կրելու իր, շրջապատի եւ երկրի առջեւ կանգնած ընտրութեան համար: Այսպիսի համակարգի բացակայութիւնը բարդ եւ աշխարհագրական սահմանափակ պայմանների մէջ գտնւող երկրների համար անթոյլատրելի ճոխութիւն է:

Անցած տարիների ընթացքում մենք չենք կատարել համահայկական գոյքագրում, որպէսզի հասկանանք, թէ ո՞րն է, օրինակ, տնտեսութեան, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդիւնաբերական համալիրի, գիտութեան, կրթութեան եւ առողջապահութեան երկարատեւ զարգացման մոդելների մշակման համար իրական ռեսուրսային հիմքը: Այդ պատճառով էլ մեզ մօտ ի յայտ չեկան արտաքին եւ պաշտպանական քաղաքականութեան, ժողովրդագրական, տեղեկատւական եւ սննդի անվտանգութեան վերաբերեալ կենսական անհրաժեշտութեան ռազմավարական գործուն հայեցակարգեր: Անկախութիւն ստանալուց յետոյ մենք այն չլցրեցինք կոնկրետ բովանդակութեամբ:

Օրինակների յետեւից հեռու գնալու անհրաժեշտութիւն չկայ: 1994 թ. մենք ազատագրեցինք Արցախը, եւ ընդհուպ մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը մեզ մօտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերեալ յստակ տեսլական: Գոյութիւն ունէր սոսկ դիւանագիտական ճանապարհով նոր պատերազմ թոյլ չտալու տակտիկա, որն ի սկզբանէ դատապարտւած էր: Մեր հակառակորդը քսան տարի շարունակ պնդում էր, որ թոյլ չի տալու Կովկասում երկրորդ հայկական պետութեան ստեղծում, ձեռք էր բերում ժամանակակից զէնքեր, զբաղւում ակտիւ միջազգային լոբբինգով, իր ազդեցութեան ցանցերն էր ստեղծում ամբողջ աշխարհով յանուն մէկ նպատակի: Յանուն ինչի՞: Հարցը հռետորական է, որովհետեւ պատասխանը պարզից էլ պարզ է:

Մենք տանուլ տւեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելութիւնը համարեցինք աւարտւած: Մենք բաւարար ուշադրութիւն չդարձրեցինք Արցախի զարգացման եւ ամրապնդման իրական գրաւականներին՝ բնակչութեան աճին (Արցախի բնակչութիւնն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), եւ ռազմական արւեստի կատարելագործմանը, սպառազինութեան նորացմանը, յագեցւածութեանը եւ այլն: Մենք թուլացանք եւ շարունակեցինք ապրել, կարծես այլեւս որեւէ մեծ մարտահրաւէր կամ սպառնալիք չկար: Իհարկէ, Արցախեան պատերազմում յաղթանակը դարձաւ մեր ինքնութեան անկապտելի բաղադրիչը, եւ ակնյայտ է, որ այսօրւայ ամենաահաւոր հետեւանքը հէնց ինքնաընկալնման ճգնաժամն է: Հայն արթնանում էր, ապրում, աշխատում եւ պառկում քնելու այն գիտակցութեամբ, որ ինքը մաս է կազմում յաղթանակած ազգի: Այժմ, պատասխան գտնելու փնտրտուքների մէջ ընկած, նա հարցնում է՝ հիմա ո՞վ եմ ես:

Մենք տանուլ տւեցինք տեղեկատւական պատերազմում՝ թէ արտաքին, թէ ներքին դաշտում: Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը՝ իրականութեան իմիտացիան, սողոսկել էր ամենուրէք՝ դառնալով ազգային անվտանգութեան սպառնալիք: Երեւակայական այդ աշխարհում մենք իբր թէ ունէինք կազմակերպւած պետութիւն, առաջանցիկ տնտեսութիւն եւ գիտութիւն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակութիւն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք յաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ եւ դրանով իսկ արդէն ստորագրել պարտութեան թղթի տակ:

Այս ամենը թօթափելու համար մեզ հսկայական ջանք է պէտք, դառն իրականութեան աչքերին նայելու կամք եւ քաջութիւն:

Մենք յայտնւել ենք բարդ իրավիճակում, սակայն ոչ մի դէպքում չի կարելի թոյլ տալ, որ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը իրենց համարեն պարտւած:

Քաղաքականութեան մէջ գործում է բոլոր ժամանակների համար ոսկէ կանոն՝ երբեք մի՛ ասա երբեք: Այո, մենք այսօր տանուլ ենք տւել ռազմի դաշտում եւ արտաքին ճակատում, որի համար ներկայ կառավարութիւնը պէտք է պատասխանատւութիւն կրի: Սակայն մեզ սպասում են այլ մարտահրաւէրներ ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ միջազգային ասպարէզում: Որպէսզի պահպանենք մեր պետականութիւնը եւ այն դնենք սկզբունքօրէն նոր մակարդակի վրայ, պէտք է մի կողմ դնենք զգացմունքները եւ սկսենք բարդ, տհաճ, սակայն անհրաժեշտ աշխատանքն առաջին հերթին ինքներս մեզ վրայ:

Այսօր մենք (եւ առաջին հերթին սեփական քաղաքացիների եւ համաշխարհային հայութեան առջեւ պատասխանատւութիւն ստանձնած կառավարութիւնը) պէտք է ընդունենք քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական խոր ճգնաժամի գոյութիւնը: Քաղաքացիները լիակատար բարոյական իրաւունք ունեն իրենց կողմից ընտրւած Ազգային ժողովի պատգամաւորներից, կառավարութիւնից եւ վարչապետից ժամանակային ու բովանդակութեան առումով կոնկրետ պատասխաններ պահանջել ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերեալ:

Իր դերը եւ պատասխանատւութիւնն ունի նաեւ Հանրապետութեան նախագահը:

Հասարակութեան պառակտումը կարող է յանգեցնել աղէտալի հետեւանքների, ուստի երկրին եւ ժողովրդին անհրաժեշտ է բուժում: Միակ տրամաբանական եւ քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկէտներում արտահերթ ընտրութիւններն են՝ Ընտրական օրէնսգրքի եւ Սահմանադրութեան անհրաժեշտ փոփոխութիւններով, որոնք թոյլ կը տան պետական շինարարութեան իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանութեան օրինական, հաւասարակշռւած եւ անաչառ ճիւղերից մէկի՝ Նախագահի ինստիտուտի օգնութեամբ պէտք է ձեւաւորւի Ազգային համաձայնութեան կառավարութիւն: Այդ կառավարութեան գլխաւոր առաքելութիւնը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մէջ:

Առաջինը, պատերազմի անմիջական հետեւանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների եւ տեղահանւած անձանց վերադարձ, վիրաւորների պատշաճ բուժում եւ խնամք, աւերւած տների եւ բնակարանների նորոգում եւ նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թւում՝ տնազուրկների համար:

Երկրորդը, պետութիւնը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտէզի նախապատրաստում եւ կիրառում:

Երրորդը, խելամիտ ժամկէտներում գալիք ընտրութիւնների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիւ-իրաւական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրէնսգրքի, կուսակցութիւնների մասին օրէնքի եւ, անշուշտ, Սահմանադրութեան բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարութիւնը պէտք է կազմւած լինի պրոֆեսիոնալներից եւ փորձագէտներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում:

Կրկնում եմ՝ պէտք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պէտք է կառավարեն ինստիտուտները, իշխանութեան ճիւղերի միջեւ պէտք է գործի հակակշիռների եւ զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառութեան, պէտք է անառարկելիօրէն յարգեն օրէնքը եւ հետեւեն դրան: Հակառակ դէպքում մենք յայտնւելու ենք պերմանենտ ճգնաժամերի մէջ:

Մեծատառով Օրէնքը եւ դրան հետեւելը ցանկացած առողջ հասարակութեան եւ ամուր պետութեան հիմքն է, զարգացման եւ յարատեւման երաշխիքը: Հէնց այդ հիմքի վրայ պէտք է կառուցւի մեր քաղաքական մշակոյթը։ Կայուն եւ ամուր պետականութեան կառուցման այլ բանաձեւ գոյութիւն չունի:

Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապէս խորհրդանշական կամ ձեւական բնոյթ ունի, սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դէպքում: Որպէս պետութեան գլուխ եւ Սահմանադրութեան հետեւող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխօսութեան միջոցով կը ձեւաւորւեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը եւ մեխանիզմները: Հարց է առաջանում՝ իսկ իդեալակա՞ն է արդեօք մեր Սահմանադրութիւնը: Պատասխանը մէկն է՝ ո՛չ, ինչպէս ցանկացած երկրի սահմանադրութիւն: Աշխարհում ամենուրէք վէճեր ու քննարկումներ են ծաւալւում իրենց երկրների հիմնական օրէնքների փոփոխման շուրջ: Որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ ես իմ կարծիքն ունեմ մեր Սահմանադրութեան թերութիւնների մասին, սակայն որպէս Հանրապետութեան նախագահ՝ ես պարտաւոր եմ հետեւել օրէնքի տառին: Մենք կարող ենք տրւել զգացմունքներին, սակայն բոլոր քաղաքական պահանջները պէտք է իրականացւեն օրէնքի սահմաններում:

Հայաստանի «Երրորդ Հանրապետութիւնը» այլեւս անցեալ է, մենք առերեսւում ենք նոր իրականութեան հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշւենկատ եւ նպատակասլաց: Այն ազգային անհոգութիւնը, անկազմակերպւածութիւնը, անկարգապահութիւնը եւ անհետեւողականութիւնը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները եւ մօտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամեակներին, պէտք է նետել պատմութեան արխիւ:

Ցաւօք, մինչեւ այսօր Հայաստանում եւ Հայկական աշխարհում չկայ տեղի ունեցած դրամատիկ իրադարձութիւնների իրական չափերի եւ դրանց պատճառների ու հետեւանքների ամբողջական ընկալում: Մենք պէտք ունենք հասկանալու, որ մեզ համար սկսւում է պատմութեան նոր էջ իր մարտահրաւէրներով, եւ այս անգամ՝ չսխալւելու, գրագէտ եւ պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով:

Ինչպէս էլ կոչենք այդ նոր էջը՝ «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետութիւն» կամ այլ կերպ, միեւնոյնն է, իրականութիւնն այն է, որ մտնում ենք պատմութեան նոր փուլ:

Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից յետոյ մենք պէտք է ձեռնարկենք նոր պետութեան կառուցումը, որը պայմանականօրէն այս յօդւածում անւանում ենք «Չորրորդ Հանրապետութիւն»:

2018 թ. իշխանափոխութիւնը կարող էր մեր պատմութեան նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառութեան եւ աջակցութեան բաւարար հիմքեր, սակայն այն դարձաւ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախօսութիւն:

Վերջին պատերազմում պարտութիւնը հէնց այդ համակարգի պարտութիւնն էր, ոչ թէ զինւորի, ժողովրդի եւ ազգի:

«Չորրորդ Հանրապետութիւնը» պէտք է դառնայ մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային եւ բովանդակային հիմքը: Շեշտը դրւելու է պետութեան որակի վրայ, որը պահանջում է ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխյարաբերութիւնների համակարգի արմատական վերանայում: Աշխարհաքաղաքական ընկալումները, քաղաքականութիւնը, տնտեսութիւնը, անվտանգութիւնը, ռազմաարդիւնաբերական համալիրը, բժշկութիւնը, գիտութիւնն ու կրթութիւնը ստեղծում են մարդիկ, եւ այսօր մենք լաւագոյն մասնագէտների սուր կարիք ենք զգում:

Երեւելի հայերի պակաս չկայ եւ չի եղել երբեք, պարզապէս անհրաժեշտ է դադարենք ընդամենը նրանց գոյութեամբ հպարտանալ, այլ նրանց դարձնենք մեր պետական իրականութեան մասնիկ: Դրա համար բաւական է վերացնել Հայաստանի եւ հայկական համայնքների միջեւ արհեստականօրէն ստեղծւած բեռլինեան պատերը (որոնք առկայ են Սահմանադրութեան մէջ եւ օրէնքներում): Մեր Սփիւռքի հետ շփման մեծ փորձ ունենալով՝ կարող եմ վստահօրէն ասել այդ վիթխարի ներուժի առկայութեան մասին: Կրկնեմ, որ այդ ներուժը յայտնաբերելու եւ արդիւնաւէտ օգտագործելու համար պէտք է պետական համակարգային մօտեցում եւ ճիշտ կառավարում:

Սպասւում է բարդ աշխատանք, բայց ես չեմ կասկածում վերջնական յաջողութեանը: Գլխաւորը, որ իւրաքանչիւրը հաւատայ դրան եւ իր կարողութիւնների ու հնարաւորութիւնների չափ մասնակցի այդ օրը մօտեցնելու գործին:

Մենք երկար խորհելու ժամանակ եւ հնարաւորութիւն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ եւ արդիւնաւէտ գործողութիւնների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրաւէրներին դիմագրաւելու պատրաստ արդիւնաւէտ, կարգապահ եւ կազմակերպւած, նոր տեխնոլոգիաների եւ մտածողութեան վրայ հիմնւած ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Իսկ դրան հասնելու ճանապարհների մասին կը խօսենք հետագայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։