Հա

Քաղաքական

12/01/2021 - 12:30

Ինչո՞ւ քննարկման առարկայ չէին դառնում Ռուսաստանի հնչեցրած առաջարկութիւնները․ անգամ ԱԱԾ-ն չի հասկացել Փաշինեանի մոտիւացիաները

Երէկ հեռուստաընկերութիւններից մէկի եթերում ականատես եղանք բացառիկ կարեւոր եւ հետաքրքիր մի հարցազրոյցի։ ԱԱԾ տնօրէնի նախկին ժամանակաւոր պաշօնակատար գնդապետ Միքայէլ Համբարձումեանը հանդէս եկաւ ընդգծւած հաւասարակշիռ, միեւնոյն ժամանակ՝ կարեւորագոյն բացայայտումներով։

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

 

Երէկ հեռուստաընկերութիւններից մէկի եթերում ականատես եղանք բացառիկ կարեւոր եւ հետաքրքիր մի հարցազրոյցի։ ԱԱԾ տնօրէնի նախկին ժամանակաւոր պաշօնակատար գնդապետ Միքայէլ Համբարձումեանը հանդէս եկաւ ընդգծւած հաւասարակշիռ, միեւնոյն ժամանակ՝ կարեւորագոյն բացայայտումներով։

Ձեւակերպւեցին հարցեր, որոնք վերջին երկու ամսւայ ընթացքում մտել են մեր տները, դարձել մեր առօրեայի բաղկացուցիչ։ Երէկ դրանք ստացան այնպիսի ձեւակերպումներ, որոնցից այլեւս խուսափել հնարաւոր չի լինելու։

1. «Ես չէի կարողանում հասկանալ, թէ ինչու պատերազմի ընթացքը չի կասեցւում, չի կանգնեցւում պատերազմը»։

ԱԱԾ-ը տնօրէնի նախկին ժ/պ-ի պաշտօնավարման դադարեցումը պայմանաւորւած է յատկապէս այս կարեւոր հարցադրման հետ։

Հարցազրոյցից պարզ դարձաւ, որ ԱԱԾ-ն, Պաշտպանութեան նախարարութիւնը ամենօրեայ ռեժիմով վարչապետին զեկուցել են մեր կորուստների, մեր խնդիրների եւ հեռանկարի մասին։ ԱԱԾ տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարին մտահոգող հարցը եղել է, թէ ինչու պատերազմի դադարեցման հետ կապւած վարչապետը որոշում չի կայացնում. «Ինչու պատերազմի ընթացքը չի կասեցւում, ոչ թէ զինադադար յայտարարւում, որովհետեւ դա տեսնում էինք ֆիզիկապէս չի լինում, չի պահպանւում, այլ զուտ պատերազմի ընթացքը չի կասեցւում, եւ չի սկսւում բանակցային պրոցես։

Այդ պայմաններում ի՞նչ նպատակ էր հետապնդում մեր իշխանութիւնը պատերազմի ընթացքը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում։ Վերջն ուր ենք հասնելու, Ստեփանակերտն ենք կորցնելու, թէ արդէն Հիւսիսային շրջաններն ենք կորցնելու, նոր գանք, հասնենք այն կէտին, որ պէտք է պատերազմական գործողութիւնները կասեցւեն կամ աւարտւեն»։

Վարչապետը իրավիճակի վերաբերեալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել, ինչպէս պարզւում է Միքայէլ Համբարձումեանի խօսքերից նա ամենօրեայ ռեժիմով, ամենժամեայ ռեժիմով վարչապետին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, զեկուցել է մեր կորուստների մասին եւ տիրող տրամադրութիւնների մասին։ Ընդ որում զեկուցել է նաեւ գրաւոր փաստաթղթերով՝ թէ ինչ իրավիճակ է տիրում եւ ինչ հեռանկար կարող է լինել։

2. ՀՀ Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանը յայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը` անվտանգութեան խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծւած իրադրութեան վերաբերեալ զինջած ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրւայ ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ ԱԱԾ տնօրէնի նախկին պաշտօնակատարի հարցազրոյցից պարզ դարձաւ, որ հոկտեմբերի 18-19-ին ԱԽ նիստում Գլխաւոր շտաբի պետը կրկին մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը եւ այն, որ մենք ուղղակի գնում ենք դէպի պարտութեան։ Եղել է առաջարկութիւն դադարեցնելու ռազմական, պատերազմական գործողութիւնները։ Նոյն կարծիքին է եղել նաեւ Դաւիթ Տօնոյեանը։ «Բաւականին մանրամասն քննարկում տեղի ունեցաւ, բայց այնուամենայնիւ դրանից յետոյ նման որոշում չկայացւեց»։

3. ԱԱԾ տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարը, ով համարւում է երկրի առանցքային պաշտօնեաներից մէկը, պատերազմի ժամանակ տեղեակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Այդ մասին իմացել է խայտառակ պարտութիւնից յետոյ միայն, Ռուսաստանի նախագահի խօսքերից, այլ աղբիւրներից եկած ինֆորմացիայից։ «Պարզւեց, որ դեռեւս 2020թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի ղեկավարութեան կողմից եղել են կոնկրետ առաջարկութիւններ, կէտային առաջարկութիւններ, թէ ինչ պէտք է անել։ Այսինքն՝ ըստ էութեան, կեանքի էր կոչւելու Լաւրովի պլանը։ Առաջարկութիւնների մէջ պէտք է կարեւորել այն հանգամանքը, որ առաջարկւում էր ռուսական խաղաղապահ զօրքեր մտցնել Արցախի տարածք եւ բնականաբար դա կը լինէր անվտանգութեան այն երաշխիքը, որ կապահովէր Արցախի բնակչութեան անվտանգութիւնը, ինչպէս նաեւ մենք չէինք կորցնի Շուշին եւ Հադրութը։ Ինչո՞ւ քննարկման առարկայ չէին դառնում Ռուսաստանի կողմից հնչեցւած առաջարկութիւնները։ Չէր քննարկւում ոչ հանրութեան հետ, ոչ ԱԽ նիստերի ժամանակ։ Նոյեմբերի 7-ի դրութեամբ ես չեմ իմացել այդ առաջարկի մասին»:

4. Հարցազրոյցում երկրի պետական համակարգի կարեւորագոյն կառոյցի նախկին ղեկավարը հաստատեց, որ գեներալների ներուժը պատերազմի ժամանակ ճիշտ չի օգտագործւել։ «Գեներալների դերակատարութիւնը շատ աւելի մեծ կարող էր լինել՝ մարդիկ ունէին փորձ, մարդիկ անցել էին պատերազմական թոհուբոհի միջով։ Որոշակի հրապարակումներ եղան, որտեղ շրջանառւում էր վարկած, թէ իբր Արցախում կային ուժեր, որոնք խուճապային տրամադրութիւններ են ստեղծում։ Քննութեան շրջանակներում վարկած էր առաջ քաշւել այդ պրոցեսների հետ Արցախի նախկին հրամանատարական կազմի առնչութեան մասին։ Քննութեան տւեալները վկայեցին հակառակը՝ նախկին հրամանատարներն ու գեներալները, այդ թջում Սամուէլ Կարապետեանը, Վիտալի Բալասանեանը, Լեւոն Մնացականեանը, Արթուր Աղաբէկեանը, Արշաւիր Ղարամեանը ամէն ինչ անում էին երկրի պատերազամական վիճակում իրենց ներուժը ներդնելու, կազմակերպելու, արդիւնաւէտութիւնը բարձրացնելու համար, յատկապէս ուզում եմ շեշտել Վիտալի Բալասանեանի մասին, որի կատարած աշխատանքը շատ տեսանելի էր։ Բաւականին հեղինակութիւն ունէր զինւորականների շրջանում, տեսլական ունէր, պատկերացում ունէր ինչ պէտք է անել»։

5. Պատերազմի ժամանակ կազմակերպական լուրջ խնդիրների մասին տարբեր հրապարակումներ են եղել։ Միքայէլ Յարութիւնեանի հարցազրոյցում դա հաստատւեց պաշտօնական մակարդակով. «Եթէ կազմակերպչական խնդիրներ չլինէին մենք այս արդիւնքը չէինք արձանագրի։ Ես խնդիր էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապւած, խնդիր էի տեսնում մեր կամաւորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապւած, այնտեղ ընդունելու եւ տեղաբաշխելու հետ կապւած, խնդիր էի տեսնում կասկաների, զրահաբաճկոնների քանակութեան հետ կապւած, խնդիրները շատ էին եւ խնդիրների չլուծումը բերեց այն իրավիճակին, որ մենք այսօր ունենք»։

6. Նա կարեւորեց հայապահպանութեան իմաստով Դաշնակցութեան անգնահետելի դերը եւ պատերազմի առաջին իսկ օրից նրանց կազմակերպւած մասնակցութիւնը։

7. Երկրի ազգային անվտանգութեան ապահովման թիւ մէկ մարմնի նախկին ղեկավարը մտահոգութիւն է յհայտնում շրջանառւող 5 միլիարդի գործարքի մասին տեղեկութիւնների վերաբերեալ։ Նա գտնում է, որ դա լրջագոյն հարց է, որը պէտք է խորը քննութեան առարկայ դառնայ։ «Մենք գործ ունենք մի տւեալի հետ, որ ասւում է, որ տեւական ժամանակ կապ է եղել վարչապետի եւ ադրբեջանական կողմի միջեւ։ Կապի արդիւնքում քննարկւել է գումարով՝ միլիարդաւոր դոլարների դիմաց հարցի լուծմանը հասնելու տարբերակը։ Քննարկումների արդիւնքը, քննարկումների ընթացքը յայտնի չէ։ Ոչ մէկ չգիտի ինչ է տեղի ունեցել։ Այնուհետեւ մենք ունենք հետեւանքը, իսկ հետեւանքն այսօրւայ իրավիճակն է՝ պարտութիւն, հողերի կորուստ, այսօր արդէն Հայաստանի սահմանների հետ կապւած լուրջ խնդիրներ։ Մենք պէտք է գտնենք պատճառահետեւանքային կապը։ Շատ մանրամասնւած, շատ դետալացւած պարզաբանումներ պէտք է տայ եւ վարչապետը, եւ այն պաշտօնատար անձինք, ովքեր առնչւել են այդ պրոցեսի հետ։ Եթէ բացատրութիւններ չտրւեն ու համոզիչ բացատրութիւններ չտրւեն, կասկածներ կը լինեն։ Սրա հետ կապւած պէտք է տարւի քննութիւն, եւ դա չպէտք է քողարկւի նախաքննական գաղտնիքի քողով, այլ դա պէտք է արւի մաքսիմում հնարաւոր հանրային եղանակով»։

Ամփոփում

Միքայէլ Համբարձումեանը, ԱԱԾ տնօրէնի ԺՊ է եղել դեռեւս սեպտեմբերի 30-ից, այսինքն պատերազմի հէնց սկզբից, ինչի մասին ի դէպ, հանրութիւնը չգիտէր։ Եւ նրա բարձրացրած հարցերը հետեւաբար ունեն բացառիկ նշանակութիւն։ Ստացւում է մի հրեշաւոր պատկեր՝

Ա. Բոլոր կարեւորագոյն որոշումները Փաշինեանը կայացրել է կամ միայնակ կամ խորհրդակցելով այն մարդկանց հետ, ովքեր չունեն նման լիազօրութիւններ։

Բ. Չի կանգնեցրել պատերազմը, երբ բոլոր ուժայինները պնդել են դրա վրայ։

Գ. Տեղեակ չի պահել պետութեան առանցքային պաշտօնեաներին, որ հոկտեմբերի 19-ին մերժել է ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Դ. Հետեւաբար՝ Փաշինեանը կրում է ուղիղ պատասխանատւութիւն մեր մեծաթիւ մարդկային եւ տարածքային կորուստների համար։

Ե. Նոյնիսկ երկրի ամենատեղեկացւած մարդկանցից մէկի համար պարզ չէ՝ սա արւել է դաւաճանութեան, թէ՞ անգրագիտութեան պատճառով։ Եւ այդ հարցը պէտք է ստանայ իր պատասխանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։