Հա

Քաղաքական

12/01/2021 - 13:15

Ինչքան է Նիկոլը պէտք Ռուսաստանին

Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Պատերազմի արդիւնքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայութիւնը Հարաւային Կովկասում։ Արցախում լայն ռազմական ներկայութիւնը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայութիւն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողութեան տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցութեան ուղիները։

«alikonline.ir» - Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Պատերազմի արդիւնքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայութիւնը Հարաւային Կովկասում։ Արցախում լայն ռազմական ներկայութիւնը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայութիւն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողութեան տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցութեան ուղիները։

Այսինքն, այժմ նա դարձել է ադրբեջանական քաղաքականութիւնը որոշող կարեւորագոյն գործօն, անգամ աւելի կարեւոր, քան Թուրքիան։

Հայաստանում եթէ նախկինում Ռուսաստանը անվտանգութեան հարցում կարեւորագոյն դաշնակիցն էր, ապա այժմ նա է դարձել անվտանգութիւն ապահովողը, անգամ`օպերատիւ-տակտիկական խնդիրները լուծողը։ Հայկական բանակի կաթւածահար վիճակի պատճառով ակամայ Ռուսաստանն է դարձել մեր սահմանների վերահսկողը։ Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողութիւնն, ըստ էութեան, նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի յանձնում Ռուսաստանին։ Ռուսաստանն է բանակցում գերիների հարցով, նա է լուծում բազմաթիւ հումանիտար խնդիրներ Արցախում եւ Հայաստանում։ Ռուսաստանն է դարձել Հայաստանի միակ արտաքին քաղաքական գործընկերը եւ, ըստ էութեան, մինչեւ իրավիճակի փոփոխութիւնը նա է ներկայացնելու Հայաստանին աշխարհում։

Եւ, ի վերջոյ, ըստ լուրերի Ռուսաստանը Հայաստանից պահանջում է 1 միլիարդ 150 միլիոն դոլար պատերազմի ընթացքում մատակարարած զէնքի համար, որը էֆեկտիւութեամբ չօգտագործւեց Նիկոլ Փաշինեանի եւ նրա գեներալների սխալների պատճառով։

Բնական է, որ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողութեան կտրուկ աճից եւ Հայաստանն ամբողջապէս իր վերակացութեան տակ առնելուց յետոյ էապէս աճում է Ռուսաստանի ազդեցութիւնը նաեւ Վրաստանի նկատմամբ։ Եւ այս ամենը Մոսկւան, իհարկէ, անում է ոչ թէ ինչ որ մէկի հանդէպ թշնամութեան պատճառով, այլ ելնելով իր ազգային շահերից, որոնց իրագործման համար նա տւեալ դէպքում օգտագործեց շատ յարմար, որոշ առումով նաեւ իր կողմից ստեղծւող իրավիճակները։

Հարաւային Կովկասում նման նշանակալի յաջողութիւնների Ռուսաստանը հասաւ մեծ մասամբ Նիկոլ Փաշինեանի տգէտ, ապաշնորհ եւ դաւաճանական ռեժիմի շնորհիւ։ Բնական է, որ Ռուսաստանի շահերից չէր բխում այս ապիկարների հեռացումը, որոնք արդէն ենթարկւում են Կրեմլի ամենաշարքային պաշտօնեաների ճկոյթի շարժումներին։

Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման շնորհիւ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թւում է, թէ այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկւայի շահերից։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինեանի կառավարման շարունակութիւնն իր մէջ պարունակում է նաեւ մեծ ծուղակներ ու վտանգներ հէնց Ռուսաստանի համար։ Նախեւառաջ, դա Հայաստանում հնարաւոր հակառուսական տրամադրութիւնների աճն է։ Ներկայ վարչակարգն ունի չափազանց ցածր վարկանիշ եւ երբ Հայաստանի քաղաքացիների համար ակնյայտ դառնայ, որ Նիկոլ Փաշինեանի դաւաճանական ռեժիմի սպոնսորներից մէկը Ռուսաստանն է, եւ որ ռուսական ազդեցութեան շարունակութեան դէպքում քաղաքացիներն արդէն ոչ թէ շահում են, այլ կորցնում, ապա հակառուսականութիւնն ակնյայտ միտում կարող է դառնալ։ Որքան էլ Նիկոլ Փաշինեանի կառավարման ընթացքում երկրով մէկ նետւել էին ֆէյք հակառուսականութեան սերմեր, դրանք կարող են իրական արմատներ ու պտուղներ տալ։

Մոսկւայի համար միւս վտանգը թուրք-ադրբեջանական տանդեմի հետագայ ազդեցութեան աճն է Հայաստանում։ Արդէն խօսւում է Հայաստանում թուրքական ներդրումների եւ տնտեսական ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինեանի թուլամորթ եւ կաշառակեր ռեժիմը ինչ-որ պահից այլեւս կարող է թոյլ տալ, որ դրանք իրականութիւն դառնան, եւ շատ արագ թուրքական կապիտալը կարող է մրցակցել ռուսականի հետ Հայաստանում։

Հայաստանի հետագայ թուլացումը կարող է յանգեցնել բնակչութեան մեծ արտահոսքի եւ տնտեսութեան այնպիսի կաթւածի, որ այն չկարողանայ անգամ սպասարկել Ռուսաստանին որպէս «կայազօրի անձնակազմ»։

Այս դէպքում Մոսկւան ստիպւած է լինելու ոչ միայն վայելել տարածաշրջանում ունեցած իր իրաւունքները, այլեւ պատասխանատւութիւն կրել կայազօրի գործունէութեան համար, իսկ դա նշանակում է նորանոր ու մեծ ծախսեր, անվտանգային եւ դիւանագիտական նորանոր ռեսուրսների գործարկում։

Ի վերջոյ, Ռուսաստանն այնուամենայնիւ հեռու է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հէնց ռեգիոնում են, Ռուսաստանն ունի բազմաթիւ առաջնահերթութիւններ, իսկ թուրքական տանդեմի համար թիւ մէկ խնդիրը Հայաստանն է։ Թուրքական տարրի ուժեղացումը, Հայաստանի թուլացումը կրիտիկական կեէտից ներքեւ, եւ ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրութեան շեղւելն ի շահ իր միւս խնդիրների, կարող է ապագայում յանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Ռուսաստանն այլեւ չկարողանայ վերադառնալ Հայաստան։

Այս բոլոր վտանգների վերացումը կախւած է այն հանգամանքից, թէ Ռուսաստանը երբ կորոշի դադարեցնել Նիկոլ Փաշինեանին սատարելը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։