Հա

Քաղաքական

12/01/2021 - 15:00

Սան-Ստեֆանոյից մինչ այսօր, կամ պատմութեան դասերը

Արեւմտեան պետութիւնները, յանկարծ դարձան «մեծ հայասէրներ» եւ կոնգրեսում առաջարկեցին հայկական ինքնավարութեան ծրագիր։ Ինչեւէ, արդիւնքում Բեռլինի դաշնադրութիւնում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդւածի փոխարէն մտցւել է նոր յօդւած՝ 61-րդը, որտեղ ասւած էր հետեւեալը. «Բարձր Դուռը յանձն է առնում հայաբնակ վայրերում անյապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

1878 թ․ ռուս-թուրքական պատերազմի աւարտից յետոյ, Կոստանդինուպոլսի արւարձան Սան-Ստեֆանոյում փետրւարի 19-ին կնքւած պայմանագրով Թուրքիան պարտաւորւում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինւում էր տարածքային զիջումներով. եւրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856 թ․ Փարիզի պայմանագրով իրենից անջատւած Հարաւային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը եւ մինչեւ Սողանլուղ ընկած տարածքը։

Նոր պատմութեան շրջանում առաջին անգամ Հայաստան անւանումը եւ հայերը յիշատակւում էին միջազգային դաշնագրում։ Պայմանագրի 16-րդ յօդւածում ասւում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զօրքերի դուրսբերումը նրանց կողմից գրաււած Հայաստանի` Թուրքիային վերադարձւելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդութիւնների, որոնք երկու պետութիւնների բարի յարաբերութիւնների վրայ կունենան վնասակար ազդեցութիւն, Բարձր դուռը պարտաւորւում է անյապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից յարուցւող բարելաւումներ եւ բարենորոգութիւններ, եւ զերծ պահել հայերի անվտանգութիւնը քրդերից եւ չերքեզներից»։

Սակայն, արեւմտեան կայսրութիւնները, յանձին Մեծ Բրիտանիայի եւ Աւստրօ-Հունգարիայի, չհաշտւեցին Ռուսաստանի ունեցած յաջողութիւնների հետ եւ հրաւիրեցին, նոյն 1878 թ․յունիսի 1-ին բեռլինեան կոնգրեսը, որին բացի վերոնշեալ երկրներից, մասնակցում էին նաեւ Ռուսաստանը, Օսմանեան կայսրութիւնը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան։

Կոնգրեսն աւարտւել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմութեան մէջ մտել է Բեռլինի դաշնադրութիւն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդիւնքներից մէկն այն էր, որ Արեւմտեան Հայաստանի Հարցը միջազգային դիւանագիտութեան մէջ մտաւ որպէս «Հայկական Հարց»։

Արեւմտեան պետութիւնները, յանկարծ դարձան «մեծ հայասէրներ» եւ կոնգրեսում առաջարկեցին հայկական ինքնավարութեան ծրագիր։ Ինչեւէ, արդիւնքում Բեռլինի դաշնադրութիւնում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդւածի փոխարէն մտցւել է նոր յօդւած՝ 61-րդը, որտեղ ասւած էր հետեւեալը. «Բարձր Դուռը յանձն է առնում հայաբնակ վայրերում անյապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկւած միջոցառումների մասին նա պարտաւոր է պարբերաբար հաղորդել պետութիւններին, որոնք պէտք է հսկեն դրանց գործադրութիւնը»։ Սակայն այդ յօդւածի իրագործման հսկողութիւնը դրւում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետութիւնների վրայ, ինչը վերջիններիս հնարաւորութիւն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտաւորեցնում էր Ռուսաստանին իր զօրքերն անյապաղ դուրս բերել գրաււած տարածքներից եւ ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ յօդւածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինւում էր «Հայկական մարզեր» եւ «Հայաբնակ վայրեր» բառակապակցութիւններով։ Այսինքն՝ օսմանեան կողմն ազատւում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձեւակերպումից։ Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը յանձնւում էին Օսմանեան կայսրութեանը։

Այսպիսով, արեւմտեան երկրների գործունէութիւնն ուղղւած չէր հայերիեւպաշտպանութեանը, եւ ոչ էլ հակաթուրքական էր, այլ ընդամենը հակառուսական, որն էլ ձեռնտու էր պարտւած Թուրքիային։

Այդպիսով, ձեռնունայն վերադառնալով Բեռլինի կոնգրեսից եւ հասկանալով եւրոպական խոշոր տէրութիւնների երկդիմի քաղաքականութիւնը, համընդհանուր հիասթափութեան մթնոլորտում, Մկրտիչ Խրիմեանը դառնացած արձանագրեց, որ անտեղի, իզուր էին հայերի յոյսն ու հաւատը՝ թէ եւրոպական քաղաքակիրթ տէրութիւնները թոյլ չեն տայ հերթական անգամ ոտնահարելու արդարութիւնը, որ քաղաքակրթութիւնն ու մարդասիրութիւնը աւելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիւանագէտների հոգեկան ամլութիւնը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա, «այնտեղ ապուրը» երկաթէ շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր:

Ամէն դէպքում, հայ առաջադէմ գործիչներն արդէն յոյսը դնում էին եւ որպէս հովանաւորներ ընդունում էին արեւմտեան երկրներին։ Սրան հետեւեցին, արդէն 1896-98 թթ․ համիդեան ջարդերը, որոնց ոչ մի կերպ չարձագանքեցին արեւմտեան «հայասէր» երկրները։

Ինչու՞յիշեցի եւ վիքիպեդիայից լայնածաւալ մէջբերումներ արեցի այս պատմական դէպքերից։

Չէ՞ք նկատում, որ պատմութիւնը կարող է կրկնւել։

Ս․ թ․ սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական սանձազերծւած ագրեսիան Արցախի դէմ, արեւմտեան ոչ մի պետութեան կողմից լուրջ քննադատութեան չարժանացաւ։ Աւելին, արեւմտեան շատ հեղինակաւոր կառոյցներ, օրինակ ԵՄ արտաքին յարաբերութիւնների հանձնաժողովը, քաղաքական գործիչներ եւ լրատւամիջոցներ, չէին թաքցնում իրենց համակրանքն ու աջակցութիւնը Ադրբեջանին։Որքան էլ քննադատենք Ռուսաստանին, ամէն դէպքում, պատերազմն աւարտւեց հէնց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիւ։ Այժմ չեմ ցանկանում անդրադառնալ, մեր, ներեցէք՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից 2.5 տարի վարած ապիկար քաղաքականութեանը, որն էլ բերեց պատերազմի, ռազմական գործողութիւնների նոյնպէս ապիկար «կառավարմանը» եւ որպէս արդիւնք՝ նւաստացուցիչ կապիտուլիացիայի։ Եւ եթէ, Ռուսաստանի միջնորդութեամբ պատերազմը չդադարեցւէր, կը կորցնէինք ողջ Արցախն ու «դժգոյն» Ստեփանակերտը նոյնպէս, ստանալով նոր ցեղասպանութիւն։

Եւ յանկարծ, ինչպէս Սան-Ստեփանոյից յետոյ, արեւմտեան պետութիւններն աշխուժացան, յանկարծ յիշեցին Արցախի կարգավիճակի մասին, այն դէպքում, երբ արցախեան ողջ հակամարտութեան ընթացքում այդ բոլոր երկրները բացայայտ պաշտպանել են Ադրբեջանի այսպէս կոչւած, տարածքային ամողջականութիւնը։ Եւ հերթական անգամ ոգեւորւեցին Հայաստանի «առաջադէմ, արեւմտամէտ, հակառուս» գործիչները։ Սոյն գործիչները ոգեւորւած յղումներ են անում եւ տարածում Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի «խիստ մտահոգ» յայտարարութիւնները, այլ եւրոպական երկրների պառլամենտների «հայամէտ» բանաձեւերը, դիմումներ գրում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին։ Շարունակւում է «Սեւրի» բարդոյթը։ Ի դէպ, նոյն Սեւրի դաշնագրով Կիլիկիան անցնում էր Ֆրանսիային։ Իսկ թէ ինչ ինչպիսին եղաւ Կիլիկիայի հայերի ճակատագիրը, կարծում եմ յայտնի է բոլորին։ Լաւ, միթէ՞ այդքան միամիտ էք, մնացել եք 19-րդ դարի մտածողութեան մէջ, թէ՞ ․․․ ձեզ համար ամենակարեւոր հարցը Հայաստանը ռուսական ազդեցութիւնից հեռացնելն է, ցանկացած, այդ թւում Արցախի, Սիւնիքի կորուստների գնով։ Գուցէ, իսկապէս դուք անհամբեր սպասում էիք Արցախի վերջնական կորստին, հայազրկմանը, որ կատարւէր ձեր երազանքը։ Արդեօ՞ք այդ էր ակնարկում ձեր պաշտելի վարչապետը, երբ պատերազմը սկսւելու օրն ասաց․ «Եկէք պայմանաւորւենք, որ մեզ պարտւած չենք ճանաչելու» եւ հէնց պատերազմի թէժ օրերին իրեն քաղաքագէտ կոչող մէկն արդէն հաճոյքով գուժում էր մօտալուտ պարտութիւնն ու վարկաբեկում արցախցիներին։ Գուցէ, Ռուսաստանը խառնե՞ց ձեր խաղաքարտերը՝ սպառնալով Ադրբեջանին եւ դադարեցնելով պատերազմը։ Թէ՞, չէք գիտակցում, այն պարզ հարցը, որ արեւմուտքին ոչ թէ Արցախի կարգավիճակը կամ հայերի ճակատագիրն է հետաքրքրում, այլ ինչպէս 19-րդ դարում, իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք հիմնականում ուղղւած են Ռուսաստանի, այո՝ Ռուսաստանի, այլ ոչ Թուրքիայի դէմ։ Եւ այդ շահերն իրականացնելու համար, այո՝ կը սիրաշահեն հայերին, բայց ռուսական ուժերին հեռացնելուց յետոյ, մատը մատին չեն տայ հայ ժողովրդին սպառնացող հերթական ցեղասպանութիւնը կանխելու համար։ Այդ յետոյ՝ հումանիտար օգնութիւն կը տրամադրեն փախստականներին, մանկատների որբերին եւ նորից կը հռչակւեն «մեծ հայասէրներ»։

Ինքս էլ ոչ միամիտ եմ, ոչ ռուսամէտ եւ շատ լաւ հասկանում եմ, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցրեց իր շահերից ելնելով, տարածաշրջանն իր ազդեցութեան տակ պահելու նպատակով։ Պուտին-Փաշինեան գաղտնազերւած հեռախօսազրոյցներն արձանագրում են այն փաստը, որ Ռուսաստանին բնաւ ձեռնտու չէր պատերազմը։ Այն կարող էր ունենալ ճակատագրական հետեւանքներ Ռուսաստանի համար, Արցախը Ադրբեջանի կողմից վերջնականապէս գրաւելուց յետոյ, Ռուսաստանը դուրս կը մղւէր տարածաշրջանից, այն յանձնելով Թուրքիային, այո՝ Թուրքիային, այլ ոչ արեւմուտքին։ Եւ վերջին պահին Ռուսաստանը փրկեց իր դէմը։ Բայց սա այն դէպքն է, որ մեր եւ Ռուսաստանի շահերը համընկան։ Եւ ամենակարեւորը, Ադրբեջանի նախագահը, հաստատ չլինելով ռուսամէտ գործիչ, թիկունքին ունենալով Թուրքիայի նման հզօր դաշնակից, նաեւ լինելով արեւմտեան շատ երկրների «սիրելին» եւ էներգակիրներ մատակարարող, չփչացրեց եւ չի փչացնում յարաբերութիւնները Ռուսաստանի հետ եւ պատկերացնում եմ, թէ ինչպէս է հրճւում հայաստանեան «առաջադեմների» յայտարարութիւններով։ Լաւ, գոնէ հիմա, չէ՞ք գիտակցում, որ առաջիկայում եւ Արցախի եւ Սիւնիքի, այն է, նաեւ Հայաստանի հետագայ ճակատագրերը որոշող հիմնական խաղացողը լինելու է Ռուսաստանը։ Եւ ինչ կը լինի, եթէ մենք շարունակենք այդ հակառուսական քաղաքականութիւնը։ Ասեմ, կը լինի այն, որ այդ հակառուսական քաղաքականութեան արդիւնքում կունենանք նոր տարածքների կորուստներ, որ յետոյ նորից ու նորից մեղադրենք Ռուսաստանին հայկական հողերը յանձնելու մէջ։ Ինչպէս իմ վաղեմի ծանօթներից մէկը մի անգամ անկեղծացաւ, մէջբերում եմ բառացի․ «Այո, մենք պէտք է հայհոյենք ռուսներին, բայց նրանք պարտաւոր են մեզ պաշտպանել»։

Ասածիցս բնաւ չի բխում, ընկնել միւս ծայրայեղութեան մէջ , դառնալ ռուսահպատակ եւ վատթարացնել յարաբերութիւնները արեւմուտքի հետ։ Չնայած այն այժմ շատ աւելի բարդ է եւ պահանջում է շատ աւելի մեծ զգօնութիւն եւ փորձառութիւն, քան մինչ կապիտուլեացիան էր։ Եւ իհարկէ, պէտք է մեր դիւանագիտութիւնը լուրջ կերպով աշխատի արեւմուտքի հետ։ Եւ ինչպէս նշել եմ, արեւմտեան երկրները եթէ տեսնեն, որ մեր դիւանագիտութիւնը ելնում է միայն ու միայն մեր երկրի շահերից, հաւատացէք, որ ոչ թէ «կը սիրեն» եւ կարհամարհեն, այլ արդէն իսկապէս կը յարգեն մեր ժողովրդին։ Գիտեմ որ շատ «հերոս հայրենասէրներ» ինձ կը մեղադրեն ռուսամոլ լինելու մէջ։ Սրանք այն գործիչներն են, որ կամ ԽՍՀՄ տարիներին եղել են անկեղծ անկախական-հակառուսներ եւ այդ կաղապարից չեն կարողանում դուրս գալ եւ չեն տեսնում նոր իրավիճակը, կամ միայն անձնական շահերով առաջնորդւող՝ նոյն ԽՍՀՄ տարիների կոմսոմոլ-կոմունիստներն են, կամ օտարերկրեայ քաղաքացիներ, կամ հէնց իրենք բանակից թռածներ, կամ իրենց սիրասուն զաւակներին բանակից փախցրածներ, եւ վերջապէս բոլոր վերը թւարկած գործիչների քարոզչութեան զոհեր։

Յ․Գ․ Ինչպէս միշտ, պատրաստ եմ այս հարցերի շուրջ հրապարակային բանավէճի ցանկացած «առաջադէմ» գործչի հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։