Հա

Քաղաքական

13/01/2021 - 12:25

«Փաշինեանը Հայաստանում ռուսական կապիտալին հակադրելու է թուրքական կապիտալը». Անդրանիկ Թեւանեան

Յունւարի 11-ին Մոսկւայում շուրջ չորս ժամ տեւած Փաշինեան-Պուտին-Ալիեւ բանակցութիւնների աւարտից յետոյ Ադրբեջանն արձանագրեց հերթական ձեռքբերումը՝ Թուրքիայի հետ ցամաքային ճանապարհի ծրագիրը դետալացւեց ու յստակեցւեց, կը ստեղծւի աշխատանքային խումբ, որն էլ կը զբաղւի ճանապարհների ապաշրջափակման աշխատանքների կազմակերպմամբ, իսկ Մոսկւա մեկնած Նիկոլ Փաշինեանը Հայաստան վերադարձաւ ձեռնունայն. նա համաձայնեց ճանապարհների ապաշրջափակմանն ու ստորագրեց հերթական յայտարարութիւնը՝ առանց կարողանալու լուծել գէթ մէկ գերու վերադարձի խնդիր։

«alikonline.ir» - Յունւարի 11-ին Մոսկւայում շուրջ չորս ժամ տեւած Փաշինեան-Պուտին-Ալիեւ բանակցութիւնների աւարտից յետոյ Ադրբեջանն արձանագրեց հերթական ձեռքբերումը՝ Թուրքիայի հետ ցամաքային ճանապարհի ծրագիրը դետալացւեց ու յստակեցւեց, կը ստեղծւի աշխատանքային խումբ, որն էլ կը զբաղւի ճանապարհների ապաշրջափակման աշխատանքների կազմակերպմամբ, իսկ Մոսկւա մեկնած Նիկոլ Փաշինեանը Հայաստան վերադարձաւ ձեռնունայն. նա համաձայնեց ճանապարհների ապաշրջափակմանն ու ստորագրեց հերթական յայտարարութիւնը՝ առանց կարողանալու լուծել գէթ մէկ գերու վերադարձի խնդիր։

168 TV-ի «Ռէւիւ» հաղորդաշարի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի տնօրէն Անդրանիկ Թեւանեանն անդրադառնալով մոսկովեան եռակողմ հանդիպմանը՝ նշեց, որ սա ոչ թէ եռակողմ, այլ ռուս-ադրբեջանական հանդիպում էր՝ այդ երկու երկրների համար ձեռնտու օրակարգով։

«Նոյեմբերի 9-ից յետոյ Նիկոլ Փաշինեանի՝ ամէն օրւայ պաշտօնավարումը մեզ բերում է հերթական նոյեմբերի 9-երի։ Մենք Մոսկւայում կայացած հանդիպումից չէինք էլ կարող որեւէ դրական բան արձանագրել, որովհետեւ մեր երկրի շահն այնտեղ ներկայացնող չկար։ Հայաստանն ունի խնդիրներ, բայց քանի որ սուբիեկտայնութիւն չունի եւ ներկայացւած է պարտութեան խորհրդանիշի դէմքով, չի՛ կարող իր շահը ներկայացնել։ Մեր շահը պահպանւում է այնքանով, որքանով համընկնում է Ռուսաստանի հետ, իսկ դրանից զատ պէտք է կռիւ տալ Հայաստանի շահի համար Ադրբեջանի հետ, ինչն այս իշխանութիւնն անել ուղղակի չի կարող»,- ասաց Թեւանեանը՝ շեշտելով, որ, թէեւ Փաշինեանն Ալիեւին առաջարկել էր գերիների հետ կապւած առեւտուր՝ ճանապարհների բացման դիմաց, առանց գերիներին յետ ստանալու է համաձայնել Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին։

«Ալիեւը գերիներով գերի է վերցրել Փաշինեանին։ Բացի այդ, եթէ գերիներին վերադարձնեն, չկայ երաշխիք, որ նոր գերիներ չեն վերցնելու. չէ՞ որ մենք գործնականում կորցրել ենք բանակը, եւ գործնականում անտէրութիւն է տիրում երկրում, հետեւապէս, բացի գերիների խնդրից, այդ հանդիպման օրակարգում պէտք է լիներ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպէս նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին վերադարձ»,- ասաց Անդրանիկ Թեւանեանը՝ շեշտելով, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գնում է կոշտ բանակցութիւնների, երբ իր շահի խնդիրը կայ, եւ ընդունում է արբիտրի դեր, երբ արդէն պէտք է բանակցեն Հայաստանն ու Ադրբեջանը, հակառակ դէպքում, եթէ փորձի այդ պարագայում եւս կոշտ միջամտել, այն ժամանակ էլ Ադրբեջանը կպահանջի, որպէսզի միջամտի նաեւ Թուրքիան։

Ըստ Թեւանեանի՝ Հայաստանն այս եռակողմ հանդիպումից որեւէ բան չի շահել, թէեւ իշխանութիւնը փորձում է Սիւնիքի մարզով Ադրբեջանին եւ Թուրքիային ցամաքային ճանապարհ տալը համարել տնտեսական նոր հնարաւորութիւնների լաւ հեռանկար։

«Փաշինեանը Հայաստանում ռուսական կապիտալին հակադրելու է թուրքական կապիտալը, նա քայլեր է ձեռնարկում, որ թուրքական կապիտալն ամրանայ, Մոնումենտի առանձնատներն էլ գնեն թուրքերը։ Այս ամենը նա անում է յանուն իշխանութեան պահպանման։ Մաքուր թուրքական կապիտալը Հայաստանում կենսական նշանակութիւն ունի Փաշինեանի համար, այնպէս որ, այդ կապիտալը կը դառնայ ռուսականին հակակշռող, եւ դա կը քարոզւի՝ որպէս տնտեսութիւնն աշխուժացնելու տարբերակ։ Սամուէլ Ալեքսանեանի, Խաչատուր Սուքիասեանի կապիտալը թուրքական կապիտալի հետ կինտեգրւի, իսկ Փաշինեանը դրան դէմ չէ։ Բայց այդտեղ թուրքական կապիտալն իրեն պահելու է նւաճողական դիրքերից։ Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարին, որն ասում է, որ կան միլիարդաւոր դոլարների ներդրումային ծրագրեր, ապա պէտք է ասեմ՝ ստում է, դա ամբողջութեամբ սուտ է, աւելին, այս կառավարութեան պայմաններում մեզ սպասւում է տնտեսական կոլապս. փոխարժէքի հետ տեսնում ենք, թէ օր-օրի ինչ է կատարւում, եւ մի քանի ամիս անց տեսնելու ենք, թէ ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ թոշակ եւ աշխատավարձ բաժանելու համար։ Ինչ է՝ ստացւում է՝ Հայաստանի երկնիշ տնտեսական աճին խանգարում էին այն 5000 զոհն ու Արցախի յանձնո՞ւմը։ Ստացւում է՝ Արցախը պէտք է տային, որ ներդրումները գա՞ն, որ լաւ ապրէի՞նք. նման քարոզը սրիկայութեան գագաթնակէտն է, ու տեսէք, որ սա են մեզ կերակրում»,- ասաց Թեւանեանը։

 

Աղաւնի Սուքիասեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։