Հա

Քաղաքական

14/01/2021 - 11:20

Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանում զինւորականները չհեռացրին Փաշինեանին իշխանութիւնից. ի՞նչ է յուշում աշխարհի փորձը

Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտւած ղեկավարին իշխանութեան թողնելը ոչ պակաս խայտառակութիւն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտւելը:

Փորձենք վերլուծել այս հարցը՝ հաշւի առնելով նաեւ համաշխարհային փորձը:

ԵՐՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ

Քաղաքական մեկնաբան

 

Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտւած ղեկավարին իշխանութեան թողնելը ոչ պակաս խայտառակութիւն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտւելը:

Փորձենք վերլուծել այս հարցը՝ հաշւի առնելով նաեւ համաշխարհային փորձը:

 

Ինչո՞ւ եւ ինչպէս են իրականացւում ռազմական յեղաշրջումները այլ երկրներում

Ռազմական յեղաշրջումները բնորոշ են զարգացման անցումային փուլում գտնւող շատ երկրներին:

Երկարատեւ տնտեսական, քաղաքական ճգնաժամը, այն յաղթահարելու քաղաքացիական կառավարութեան անկարողութիւնը, երկրի մասնատման վտանգը եւ խրոնիկական քաղաքական անկայունութիւնը բանակի միջամտութեան հիմնական աղբիւրներն են: Այս ճանապարհով են անցել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ նոյնիսկ որոշ եւրոպական երկրներ:

Թայւանը եւ Հարաւային Կորէան, Սինգապուրը եւ Ֆիլիպինները, Թայլանդը եւ Կամբոջան, Ինդոնեզիան եւ Պակիստանը, Բիրման ու Բանգլադեշը, Իրաքը եւ Սիրիան, Ալժիրը, Եգիպտոսը եւ Լիբիան, Նիգերիան, Սոմալին, Եթովպիան, Գանան, Զաիրը, Սենեգալը, Չադը, Տանզանիան, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Պերուն, Ուրուգւայը, Պարագւայը, Հայիթին, Դոմինիկեան Հանրապետութիւնը, Նիկարագուան, Հոնդուրասը, Գւատեմալան, Կուբան եւ այլն:

Այս ճանապարհը չի շրջանցել նոյնիսկ Եւրոպան: Յունաստանը, Թուրքիան, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը եւ նոյնիսկ Ֆրանսիան 20-րդ դարի յիսունականների վերջին:

Միայն երկրորդ աշխարհամարտից յետոյ տեղի է ունեցել աւելի քան 500 խռովութիւն եւ յեղաշրջում:

Ռազմական յեղաշրջումները խոր հետք են թողել այդ երկրների ու ժողովուրդների կեանքում՝ թէ՛ դրական, եւ թէ՛ բացասական իմաստով:

 

Ե՞րբ են կատարւում ռազմական յեղաշրջումները

Բանակը շատ յաճախ կատարում է պետական յեղաշրջում այն պահին, երբ պետութեան ղեկավարը բացակայում է երկրից:

Յեղաշրջումները լինում են երկու ձեւ: Առաջինը՝ այսպէս կոչւած «միասնական հրամանով», երբ քաղաքացիական իշխանութեան դէմ դուրս է գալիս ողջ բանակը՝ իր հրամանատարութեան գլխաւորութեամբ:

Երկրորդ ձեւն այն է, երբ յեղաշրջման է մասնակցում բանակի մի մասը կամ բանակի սպաները, սակայն ոչ հրամկազմը:

Առաջին ձեւը կեանքի է կոչւել աւելի զարգացած երկրներում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, Յունաստանում, Թուրքիայում, Չիլիում եւ այլն:

Երկրորդը կիրառւել է աւելի յետամնաց երկրներում՝ Իրաքում, Ալժիրում, Աֆրիկեան երկրների մեծ մասում եւ այլն:

 

Դրակա՞ն, թէ՞ բացասական դեր են կատարում այդ յեղաշրջումները

Համաշխարհային պրակտիկան ցոյց է տւել, որ եղել են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցութիւններ:

Օրինակ, Ուրուգւայի, Արգենտինայի զինւորականները յետ գցեցին իրենց երկրների զարգացումը, իսկ ահա Չիլին կարողացաւ դուրս գալ ճգնաժամից հէնց գեներալ Պինոչետի յեղաշրջման արդիւնքում:

Նոյնը Եւրոպայում էր․ գեներալ Սալազարը դրական անցումային դեր կատարեց Պորտուգալիայի համար, իսկ ահա Յունաստանի «սեւ գնդապետները» միշտ վատ են յիշւելու, քանզի նրանց ժամանակ Կիպրոսն օկուպացւեց Թուրքիայի կողմից:

Նոյն Թուրքիայում չորս անգամ բանակը վերցրել է իր ձեռքը իշխանութիւնը եւ դրական լիցք է տւել երկրի զարգացման համար:

Լեհաստանում, գեներալ Եարուզելսկին վերցնելով իշխանութիւնը, փաստացի փրկեց երկիրը խորհրդային ռազմական ներխուժումից:

Խիստ աղէտալի էին ռազմական յեղաշրջման հետեւանքները Զաիրում, Բիրմայում, Կենտրոնական Աֆրիկեան Հանրապետութիւնում: Իսկ երբեմնի ծաղկող Ուրուգւայը ռազմական յեղաշրջումից յետոյ յայտնւեց խոր ճգնաժամի մէջ:

 

Որո՞նք են ռազմական յեղաշրջումների լեգիտիմ հիմնաւորումները

Ռազմական յեղաշրջումները կատարւում են երեք գործօնների արդիւնքում.

Առաջին

Երբ իշխանութիւնը կորցնում է իր հանրային լեգիտիմութիւնը՝ անարդար ընտրութեան արդիւնքում:

Երկրորդ

Երբ իշխանութեան են գալիս ուժեր, ովքեր սկսում են խախտել երկրի սահմանադրական եւ գաղափարական կարգերը: Օրինակ, Թուրքիայում եւ Եգիպտոսում, երբ օրինական կարգով իշխանութեան եկան իսլամիստները, որոնք, սակայն, փորձում էին փոփոխել երկրի աշխարհիկ կարգը:

Երրորդ

Երբ իշխանութիւնը անկարող է դառնում պահպանել երկրի տարածքային ամբողջականութիւնը: Օրինակ, ԽՍՀՄ-ի վերջին տարւայ ընթացքում, երբ ԳԿՉՊ-ն փորձեց իշխանութիւնից հեռացնել Գորբաչովին:

Յեղաշրջումները կատարում են սովորաբար քաղաքականացւած բանակները, որոնք ի վիճակի են ոչ միայն կիրառել բռնի գործողութիւններ, այլեւ լուծել ոչ ռազմական, քաղաքական բնոյթի խնդիրներ:

Ռազմական յեղաշրջումներ կատարւեցին նաեւ մեր տարածաշրջանի երկրներում:

Օրինակ, Վրաստանում Գամսախուրդիան իշխանութիւնից հեռացւեց Թենգիզ Կիտովանիի եւ Ջաբա Իոսելիանիի զինւած խմբաւորումների ճնշման արդիւնքում, երբ պարզ դարձաւ, որ Գամսախուրդիան, փաստացի կորցնելով Հարաւայի Օսիան, չկարողացաւ պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը:

Նոյնը կատարւեց Ադրբեջանում Էլչիբէյի հետ: Պատերազմում պարտութիւն կրելուց յետոյ ադրբեջանի զինւորականները՝ Սուրէթ Հուսէյնովի գլխաւորութեամբ, սկսեցին Էլչիբէյի իշխանութեան հեռացման գործնթացը: Պատճառը նոյնն էր: Էլչիբէյը պարտւել էր պատերազմում եւ ուրեմն նա պէտք է հեռանար իշխանութիւնից:

 

Ի՞նչ յեղաշրջման փորձեր են կատարւել Հայաստանում եւ ինչո՞ւ

Թէեւ դասական իմաստով ռազմական յեղաշրջում Հայաստանում չի կատարւել, այնուամենայնիւ, դրա «թաւշեայ» տարբերակները մեր երկրի քաղաքական կեանքում արձանագրւել են:

1996-ին երկրապահը թոյլ չտւեց, որ ընտրութիւններում փաստացի պարտւած Տէր-Պետրոսեանը հեռացւի իշխանութիւնից:

1998-ին, երբ Տէր-Պետրոսեանը ներկայացրեց Ղարաբաղեան խնդրի կարգաւորման իր տարբերակը, երկրում առաջացաւ նոր իրավիճակ, որտեղ երկրի ուժային կառոյցները փաստացի մերժեցին Տէր-Պետրոսեանի այդ տարբերակը: Արդիւնքում առաջացաւ քաղաքական ճգնաժամ, որից յետոյ նոյն երկրապահի ճնշմամբ Տէր-Պետրոսեանը ստիպւած եղաւ հեռանալ իշխանութիւնից: Կարելի է ասել, որ այդ ժամանակ երկրում իրականացաւ «թաւշեայ» բնոյթի յեղաշրջում, որն աջակցութիւն ստացաւ հանրութեան ճնշող մեծամասնութեան կողմից:

Հայաստանում քաղաքականացված բանակի դերը կատարում էր երկրապահը:

Նոյն երկրապահն էր սպառնում արդէն յեղաշրջում կատարել 1999-ին՝ հոկտեմբերի 27-ից յետոյ:

Վերջապէս, 2008-ին նոյն երկրապահը կրկին սպառնում էր պետական յեղաշրջում կատարել այն ժամանակւայ իշխանութեան դէմ:

Հետաքրքիր է, որ 2018-ից յետոյ Փաշինեանի իշխանութիւնը դատավարական գործողութիւններ սկսեց թէ՛ Մանուէլ Գրիգորեանի դէմ, ով սպառնում էր 2008-ին զինւած յեղաշրջում իրականացնել, թէ՛ այն գործիչների դէմ, ովքեր կանխեցին 2008-ի զինւած յեղաշրջման փորձը:

Պարզ էր, որ փաշինեանական ֆեմիդան փորձում էր պատժել միաժամանակ ե՛ւ այն մարդկանց, ովքեր կանխեցին զինւած յեղաշրջումը, ե՛ւ այն Մանուէլ Գրիգորեանին, ով ինչ-ինչ պատճառներով չկարողացաւ կամ չցանկացաւ իրականացնել այդ յեղաշրջումը 2008-ին: Իհարկէ, Գրիգորեանին մեղադրում էին այլ յօդւածներով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ նրան պատժում էին հէնց 2008-ի համար:

Հետաքրքիր է, որ 2018-ից յետոյ Փաշինեանն ամէն ինչ արեց, որ Երկրապահի գործօնը վերջնականապէս չէզոքացւի: Քանզի յիշում էր նրա դերը թէ՛ 1996-ին, թէ՛ 1998-ին, եւ թէ՛ 2008-ին:

Հաւանաբար, կանխազգալով ղարաբաղեան խնդրի հանգուցալուծման այս տարբերակը, նա էն գլխից որոշեց փաստացի վերացնել երկրապահին՝ որպէս ինստիտուտ: Եւ արդիւնքում ղարաբաղեան երկրորդ պատերազմի խայտառակ պարտութիւնից յետոյ Հայաստանում չգտնւեց քաղաքականացւած որեւէ ուժային կառոյց, ով հաշիւ կը պահանջէր Փաշինեանից:

Իսկ հետագայ գործընթացները ցոյց տւեցին, որ Հայաստանում ուսադիր կրող դաս, ովքեր երդում էին տւել Հայաստանի Հանրապետութեանը, փաստացի այլեւս գոյութիւն չունի: Հայաստանն այլեւս դադարել է կատարել Արցախի անվտանգութեան երաշխաւորի առաքելութիւնը, կասկածի տակ է դրւել երկրի տարածքային ամբողջականութիւնը, եւ այս ամենը զուգորդւում է ուժային կառոյցների քար լռութեամբ:

Լռութիւն, որն էլ աւելի շատ բանի մասին է յուշում եւ որի արդիւնքում երկրից կանխատեսւելու է մարդկանց մեծ չափերի արտահոսք: Քանզի մարդիկ հասկացել են, որ այլեւս չունեն անվտանգութեան երաշխիքներ՝ ի դէմս ուժային կառոյցների, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ է դրւել Հայաստանի պետականութիւնը:

Եւ այս ամենի հետեւանքները դեռ երկար իրենց զգացնել կը տան, նոյնիսկ անխուսափելի իշխանափոխութիւնից յետոյ»:

 

Politeconomy.org

Յարակից լուրեր

  • Իրանի ազդեցութիւնը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պէտք է անի Հայաստանը
    Իրանի ազդեցութիւնը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պէտք է անի Հայաստանը

    Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս կը զարգանան հայ-իրանական յարաբերութիւնները նորընտիր նախագահ Էբրահիմ Ռէյիսիի պաշտօնավարման ընթացքում։

  • Արտաքին քաղաքականութիւնը՝ անվտանգութեան գործօն
    Արտաքին քաղաքականութիւնը՝ անվտանգութեան գործօն

    Հայաստանի Հանրապետութիւնում իշխող ապիկար վարչախումբը շարունակում է կազմաքանդել հայկական պետականութեան անվտանգային համակարգը:

  • Նիկոլ Փաշինեանը նշանակւել է վարչապետ
    Նիկոլ Փաշինեանը նշանակւել է վարչապետ

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ:

  • Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին
    Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին

    Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան բանբեր Նետ Փրայս 28 յուլիսին Հայաստան-Ազրպէյճան սահմանին վրայ ազրպէյճանական կողմին շղթայազերծած յարձակումին պատճառով ժամեր առաջ արձանագրուած բախումներու հարցով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը. «Միացեալ Նահանգներ կը դատապարտեն Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով բռնութեան վերջին մագլցումը: Մենք Հայաստանին եւ Ազրպէյճանին կոչ կ՛ուղղենք կատարելու զինադադարի վերաբերեալ իրենց պարտաւորութիւնները` անյապաղ քայլեր ձեռնարկելով կացութեան լարուածութեան մեղմացման համար:

  • «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով
    «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով

    «ՀՀ-ում կարեւոր պաշտօններում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակին եւ այն լուծելու ուղղութեամբ արւող առաջարկներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։