Print this page
14/01/2021 - 11:30

«Փաշինեանը պատրաստւում է տնտեսական գործարք ունենալ մի կողմի հետ, որը պատանդ է պահում իր ընտանիքի անդամներին». Վարդան Ոսկանեան

«Հայրենիք» կուսակցութեան անդամ, իրանագէտ Վարդան Ոսկանեանի կարծիքով՝ մոսկովեան եռակողմ յայտարարութեան ստորագրութիւնն արդէն իսկ խնդրայարոյց է՝ պատանդառուի հետ ապաշրջափակման փաթեթաւորմամբ է ներկայացւում միջանցքի գաղափարը:

«alikonline.ir» - «Հայրենիք» կուսակցութեան անդամ, իրանագէտ Վարդան Ոսկանեանի կարծիքով՝ մոսկովեան եռակողմ յայտարարութեան ստորագրութիւնն արդէն իսկ խնդրայարոյց է՝ պատանդառուի հետ ապաշրջափակման փաթեթաւորմամբ է ներկայացւում միջանցքի գաղափարը:

«Թուրք-ադրբեջանական կողմի համար ամենակարեւորը ցամաքային կապի ապահովման խնդիրն է, այդ ծրագիրն ունի մօտ 100-ամեայ պատմութիւն, այն կեանքի է կոչւում պանթիւրքական ծրագրերի շրջանակում, որի համաձայն՝ Թուրքիան պէտք է յայտնւի Մերձկասպեան տարածաշրջանում, այնուհետ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ կան թիւրքալեզու պետութիւններ: Հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակում գեղեցիկ փաթեթաւորմամբ կեանքի է կոչւում մի ծրագիր, որը թուրքական եւ ադրբեջանական կողմը դեռեւս վերջերս կոչում էր «Թուրանական միջանցք»:

Այլ հարց է՝ Հայաստանի շահերը որտեղ են այստեղ արտացոլւած: Առաջին հայեացքից կարող է թւալ, թէ Նախիջեւանի երկաթուղու միջոցով դէպի Իրան հաղորդակցութիւնը բխում է մեր շահերից, տնտեսական առումով դա կարող է եւ շահաւէտ լինել, բայց այստեղ կայ քաղաքական բաղադրիչ, որի համաձայն, եթէ սկսի աշխատել այս գիծը, ապա Սիւնիքը, ըստ էութեան, կը վերածւի լուսանցքային մարգինալ մի տարածքի, որը չի բխում ո՛չ Հայաստանի կենսական շահերից, ո՛չ Իրանի կենսական շահերից: Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է նաեւ այլընտրանք՝ ադրբեջանաթուրքական միասնական տարածքին»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Վարդան Ոսկանեանի խօսքով՝ գերիների խնդրի չլուծման հիմնական պատճառն իշխանութեան ապաշնորհութիւնն է.

«Նոյնիսկ պարզ տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում, թէ ինչպէս հէնց նոյն այդ խայտառակ նոյեմբերի 9-ի յայտարարութեան կէտերը հերթականութեամբ իրականացւեցին ըստ ժամանակացոյցի, իսկ այս շատ կարեւոր մարդասիրական, նաեւ՝ ռազմաքաղաքական նշանակութիւն ունեցող խնդիրը ոչ միայն չունէր արձանագրւած ժամանակացոյց, այլ ընդհանրապէս շրջանցւեց, եւ գործողութիւնները տեղափոխւեցին յաջորդ կէտի շրջանակներ:

Սա խօսում է մի բանի մասին՝ կամ չի եղել լուրջ ցանկութիւն՝ այդ խնդրով զբաղւելու կամ այդ խնդրին անդրադառնալու, կամ մենք գործ ունենք ապաշնորհ մօտեցման հետ, կամ մենք գործ ունենք, ընդհանրապէս, սեփական հասարակութեան հանդէպ նման բացասական վերաբերմունքի հետ: Եթէ դառնանք հէնց նոյն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գաղափարախօսութեանը»՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», ըստ էութեան, այս յայտարարութիւնը վերաբերում է նրան, որ ինքը պատրաստւում է տնտեսական գործարք ունենալ մի կողմի հետ, որը պատանդ է պահում նրա ընտանիքի անդամներին: Արդեօք դա տեղաւորւո՞ւմ է պարզ բարոյականութեան շրջանակներում. Այս հռետորական հարցը բաց եմ թողնում»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

Յարակից լուրեր