Հա

Քաղաքական

16/01/2021 - 12:50

Ադրբեջանին յանձնւած «Սիդնէյ»-ն ու սփիւռքահայերի յոյսերը

Սփիւռքահայերի կէս միլիոն դոլարի հանգանակութեամբ Քարվաճառում հիմնւած «Սիդնէյ» թաղամասը չհասցրեց բնակելի դառնալ: Կարմիր քարով կառուցւած 15 միանման առանձնատներից 12-ը գրեթէ պատրաստ էր բնակութեան, երբ սկսւեց պատերազմը, որի աւարտից յետոյ «Սիդնէյ» նորակառոյց թաղամասը Քարվաճառի միւս բնակավայրերի հետ յանձնւեց Ադրբեջանին: Թաղամասի կառուցման համար սփիւռքահայերի հանգանակած կէս միլիոն դոլարին գումարւել էր նաեւ Արցախի կառավարութեան մօտ երեք հարիւր հազար դոլար ներդրումը՝ ենթակառուցւածքների ապահովման համար:

«alikonline.ir» - Սփիւռքահայերի կէս միլիոն դոլարի հանգանակութեամբ Քարվաճառում հիմնւած «Սիդնէյ» թաղամասը չհասցրեց բնակելի դառնալ: Կարմիր քարով կառուցւած 15 միանման առանձնատներից 12-ը գրեթէ պատրաստ էր բնակութեան, երբ սկսւեց պատերազմը, որի աւարտից յետոյ «Սիդնէյ» նորակառոյց թաղամասը Քարվաճառի միւս բնակավայրերի հետ յանձնւեց Ադրբեջանին: Թաղամասի կառուցման համար սփիւռքահայերի հանգանակած կէս միլիոն դոլարին գումարւել էր նաեւ Արցախի կառավարութեան մօտ երեք հարիւր հազար դոլար ներդրումը՝ ենթակառուցւածքների ապահովման համար:

«Սիդնէյ»-ը սփիւռքահայերի «ԱՐԻ» (Artsakh Roots Investment) ներդրումային հիմնադրամի հերթական ծրագիրն էր Արցախում: Հիմնադրամն իր գործունէութիւնը սկսել էր 2009-ից՝ լիբանանահայ մի քանի ներդրողներով, տարիների ընթացքում նրանց թիւը հասել էր մօտ երկու հարիւրի: Ազատագրւած տարածքների զարգացման այս ծրագրով հետաքրքրւած էին բազմաթիւ հայեր աշխարհի տարբեր երկրներից: «Սիդնէյ» թաղամասը կառուցւել էր հիմնականում լիբանանահայերի եւ աւստրալահայերի ներդրումներով, որոնք էլ Աւստրալիայի ամենախոշոր քաղաքի անունով «Սիդնէյ» էին կոչել Քարվաճառի այս նոր բնակավայրը: Մինչ այդ՝ 2014-ին, Գորիս-Բերձոր ճանապարհին գտնւող Աղաւնոյ գիւղում կրկին «ԱՐԻ»-ի ներդրումներով կառուցւել էր եւրոպական ոճի առանձնատներով «Արիաւան» թաղամասը, որը 2016-ից բնակեցւած է:

Սփիւռքահայերի օժանդակութիւնը Քաշաթաղի եւ Շահումեանի վերաբնակեցւած գիւղական համայնքներին շարունակւում էր մինչեւ 2020 թւականի սեպտեմբերի 27-ը:

44 օր տեւած պատերազմն ու հետպատերազմական իրադարձությունները ծանր հարված էին նաեւ Արցախի այդ տարածքներում միլիոնավոր դոլարների ներդրում կատարած եւ վերաբնակեցված գյուղերի հայկականացմանը հավատացած սփյուռքահայերի համար:

«Մենք հաւատում էինք այդ գաղափարին: Այո՛, գիտէինք, որ վտանգւած շրջաններ են, բայց շարունակում էինք ներդրումները՝ բնակավայրերն ամրացնելու համար, որովհետեւ չէինք պատկերացնում Արցախի գոյութիւնն առանց այս երկու շրջանների, որոնք Մայր Հայաստանն ու Արցախը կապող դարպասներն էին: Այն, ինչ պատահեց, իսկապէս շատ ծանր է. անհեռատես պայմանագիր ստորագրւեց»,- «Ալիք մեդիա»-ին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ, լիբանանահայ գործիչ Բենիամին Պչաքճեանը:

Նա «ԱՐԻ»-ի հիմնման առաջին օրւանից հիմնադրամի միւս ներկայացուցիչների հետ բազմաթիւ անգամներ եղել է Արցախում, մօտիկից հետեւել սփիւռքահայերի ներդրումային ծրագրերին:

«ԱՐԻ»-ն իր գործունէութիւնը դեռեւս 2009-ին վերաբնակեցւած տարածքներում սկսել էր հողագործութեան եւ անասնապահութեան ոլորտներում խոշոր ներդրումներով: Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններում մշտական գրանցում ունեցող ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց ու անհատ ձեռնարկատէրերին նպաստաւոր պայմաններով վարկեր էին տրամադրել, որոնց տոկոսադրոյքը մասնակիօրէն սուբսիդաւորել էր Արցախի կառավարութիւնը:

«Եթէ այդ շրջաններում բնակիչների թիւն աւելացել է, եթե մշակւած հողատարածքները բազմապատկւել են, ապա դա եղել է «ԱՐԻ»-ի ծրագրերի շնորհիւ»,- ասում է Բենիամին Պչաքճեանը՝ նշելով, որ տարեցտարի աւելի շատ սփիւռքահայեր են ներգրաււել այս ծրագրերում: Սփիւռքահայերը ոչ միայն ներդրումներ են կատարել, այլեւ ընդառաջելով Արցախի կառավարութեան առաջարկին՝ ցանկութիւն էին յայտնել բնակւելու այդ տարածքներում. «15 լիբանանահայ եւ սիրիահայ ընտանիք բնակութեան յայտ էր ներկայացրել, որոնք պիտի բաժանւէին Քարվաճառի, Աղաւնոյի եւ Շուշիի միջեւ, սակայն մինչեւ պատերազմը միայն երկու ընտանիք էր հասցրել տեղաւորւել. մէկը՝ Շուշիում, միւսը՝ Արիաւանում: Սրանով նաեւ մասնագէտների հարցն էինք փորձում լուծել. շրջանը կարիք ունէր բժիշկների, ուսուցիչների եւ այլ մասնագէտների»,- ասում է մեր զրուցակիցը:

Նա, ինչպէս «ԱՐԻ»-ի մյուս շահառուները, այժմ մտահոգւած է Աղաւնոյի ճակատագրով, մշտական կապի մէջ է գիւղի բնակիչների հետ: «Երաշխաւորւած չէ, որ Քաշաթաղի այդ հատւածները կը մնան հայերին, որովհետեւ, դժբախտաբար, պաշտպանւած չէ հայկական բանակով: Ռուսական խաղաղապահ ուժերը, ճիշտ է, բնակչութեան անվտանգութեան երաշխաւորն են, բայց ադրբեջանցի զինւորների ելումուտն այնտեղ մտահոգիչ է, Արցախի կառավարութիւնը երաշխիք չի տալիս: Չնայած բազում դժւարութիւններին՝ բնակիչները յամառօրէն կառչած են: Մենք էլ այստեղից բազմիցս դիմել ենք պետական մարմիններին՝ յիշեցնելով, որ այդ մարդիկ երաշխիքների, պետութեան հետ կապի կարիք ունեն, բայց մեր դիմումներն անարձագանք են մնացել»,- ասում է Պչաքճեանը: Նա ցաւում է, որ Արցախի կառավարութիւնը, որի հետ «ԱՐԻ» հիմնադրամը տասը տարուց աւելի սերտ համագործակցել է, անպատասխան է թողել նաեւ հիմնադրամի հարցերը՝ «Ի՞նչ է լինելու Աղաւնոյի ճակատագիրը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու գիւղը»:

«ԱՐԻ» հիմնադրամը, սակայն, մտադիր չէ դադարեցնել գործունէութիւնը: Հիմնադրամի ներկայացուցիչը յայտնեց, որ պատերազմի ժամանակ հիմնադրամը հանգանակութիւն է արել եւ երեք հարիւր յիսուն հազար դոլար փոխանցել Արցախի կառավարութեանը: Այսօր էլ պատրաստ են օժանդակելու Աղաւնոյին նորոգումների եւ բնակիչների վերադարձի հարցում, բայց գիւղի կարգավիճակի անորոշութիւնը յետ է պահում նրանց:

«Խօսակցութիւններ կան, որ Ադրբեջանն ուզում է նոր ճանապարհ բացել դէպի Ստեփանակերտ, հայ բնակչութեանը հանել այդ բնակավայրերից: Արցախի կողմից, ինչքան գիտեմ, դեռ ոչ մի բանակցութիւն չկայ: Մենք այսուհետեւ որեւէ ներդրում կամ օժանդակութիւն կատարելուց առաջ պէտք է հաշւի առնենք բոլոր դժւարութիւնները եւ վտանգները»,- ասում է նա:

Մեր տեղեկութիւններով Նոր տարուց առաջ Աղաւնոն լքել է Բէյրութի նաւահանգստի աղէտից յետոյ այնտեղ հաստատւած Յարութ Գենեջեանի ընտանիքը: «Այո՛, այդ ընտանիքը գնաց առանց տեղեկացնելու, իսկ մի սփիւռքահայ ընտանիք էլ, որ պատերազմից առաջ այստեղ էր ու գնացել էր, հիմա վերադարձել է, ընտանիքի հայրը գիւղի դպրոցում է աշխատում: Այժմ գիւղում սփիւռահայ երկու ընտանիք ենք: Միւսների հետ ապրում ենք, տէր ենք կանգնում հողին, մնալու ենք մինչեւ վերջ»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Աղաւնոյի գիւղապետ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չաւուշեանը, որը նոյնպէս սփիւռքահայ է: «Ես ոչ մէկին ո՛չ ասում եմ՝ գնա՛յ, ո՛չ ասում եմ՝ մնա՛յ: Այն ընտանիքները, որոնք չեն ապրի այստեղ, նրանց տունը կը վերցնենք: Տունն՝ ապրողին, հողը՝ մշակողին»,- ասում է ՀՅԴ անդամ, սիրիա-լիբանանյան ծագումով Չաւուշեանը՝ յիշելով իր արեւմտահայ նախնիների խօսքը:

Տեղեկացանք նաեւ, որ այսօր Աղաւնոյում բացւել է պատերազմից վնասւած եւ նորոգւած դպրոցը, 16 աշակերտ է գնացել դպրոց: «Ամէն օր մէկն աւելանում է, պատերազմից առաջ մօտ 50 աշակերտ ունէինք»,- յայտնեց գիւղապետը:

 

Անուշ Թրւանց

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։