Հա

Քաղաքական

18/01/2021 - 09:51

Ադրբեջանի նախագահը խօսում է ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով

Ադրբեջանի նախագահը [եւ իշխանութեան միւս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչութեան մասին խօսում են էթնիկ զտումների ու ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահը [եւ իշխանութեան միւս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչութեան մասին խօսում են էթնիկ զտումների ու ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով:

Նրանք բացայայտ վիրաւորում են հայ ժողովրդի արժանապատւութիւնը, հրահրում են թշնամանք եւ դա անում են աշխարհում իւրաքանչիւր հայի, Հայաստանում ապրող իւրաքանչիւր մարդու անձնական արժանապատւութիւնը նւաստացնելու նպատակով: Գրում է Yerkir.am-ը:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խօսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելութեան ու թշնամանքի քաղաքականութեան մասին է: Այն կրում է  ինստիտուցիոնալ բնոյթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դէպքերում՝ նաեւ կրօնական պատկանելիութիւնը:

Միշտ պէտք է հաշւի առնել նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատութիւնները Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան, Բաքւում հայերի զանգւածային ջարդերի հետ՝ օրինակ 2020 թ. դեկտեմբերի 10-ի ելոյթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թւում՝ Կովկասեան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինւորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհւածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագութիւններ կատարելիս ադրբեջանական զինւած ուժերի ծառայողներն օգտագործում են հէնց այն նոյն բառերն ու արտայայտութիւնները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Աւելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտայայտութիւնները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանութիւնները ոգեշնչող կարգախօսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինւորները քշում են նրանց ինչպէս շներին», «Հայաստանն արժէք չունեցող երկիր է... այն ադրբեջանական հինաւուրց հողերի վրայ ստեղծւած արհեստական պետութիւն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» եւ այլն):

Այսինքն՝ ակնյայտ է, թէ որոնք են պատերազմական այդ յանցագործութիւնների իրական պատճառները:

Աւելին, այդ ադրբեջանական զինւորականները հպարտանում են վայրագութիւններով՝ ակնյայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսւելու են ու արժանանալու են գովասանքի: 

Ստորեւ հրապարակում եմ մի քանի ապացոյց, իսկ մնացած մասն արտացոլւած է Հայաստանի ու Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանների 2020 թ. համատեղ արտահերթ զեկոյցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։