Print this page
20/01/2021 - 11:19

«Իրանը շահագրգիռ է, որ հայկական բանակը հնարաւորին արագ վերականգնւի». Վարդան Ոսկանեան

Իրանական կողմը շահագրգիռ է, որ հայկական բանակը հնարաւորին արագ վերականգնւի՝ ըստ Yerkir.am-ի յայտարարել է ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցութեան խորհրդի անդամ Վարդան Ոսկանեանը։

«alikonline.ir» - Իրանական կողմը շահագրգիռ է, որ հայկական բանակը հնարաւորին արագ վերականգնւի՝ ըստ Yerkir.am-ի յայտարարել է ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցութեան խորհրդի անդամ Վարդան Ոսկանեանը։

«Որովհետեւ մեր բանակը թէ՛ արցախեան գօտում, թէ՛ ՀՀ սահմանների երկայնքով ապահովելով մեր անվտանգութիւնը, զգալի աւանդ էր բերում Իրանի հիւսիսային նահանգների անվտանգութեան ապահովմանը՝ կրճատելով Ադրբեջան-Իրան սահմանը եւ զսպելով այն ռեսուրսների զգալի հատւածը, որոնք պէտք է ուղղւէին Իրանի դէմ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից, բայց ուղղւում էին մեր դէմ»,- պարզաբանեց Վարդան Ոսկանեանը։

Հետեւաբար, նրա համոզմամբ, իրանցիների համար շատ կարեւոր է հայկական բանակի վերածնունդն ու վերազինումը եւ իրանցիներն այս խնդրին մօտենում են լրջօրէն։

Վարդան Ոսկանեանի գնահատմամբ՝ Իրանի ներքին քաղաքական դաշտում Արցախի հիմնախնդիրը է՛լ աւելի է կարեւորւում։

«Եթէ Իրանին յուզող տարածաշրջանային հիմնահարցերի շարքում արցախեան հիմնահարցը մինչեւ պատերազմը առաջնային դիրքերում չէր՝ աւելի առաջնային էին համարւում Սիրիայում, Իրաքում գործընթացները, ապա, եթէ չասենք դա դարձել է առաջնային, գոնէ դրա նշանակութիւնը շատ աւելի է արժեւորւում այժմ Իրանի ներքաղաքական դիսկուրսում։ Մի քանի ասպեկտով․ նախ՝ Ադրբեջանի կողմից իրանաարցախեան սահմանի ժամանակաւոր բռնազաւթման պատճառով այդ գօտում ահաբեկիչների յայտնւելը»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

Իրանագէտը նշեց, որ տարածաշրջանում, դէ ֆակտօ, նոր իրավիճակ է ստեղծւել, եւ այլեւս հնարաւոր չէ խօսել Թուրքիա-Ադրբեջան առանձին երկու պետութիւնների մասին, այլ գործ ունենք միասնական՝ թուրք-ադրբեջանական, տարածքի հետ։

«Սա ենթադրում է, որ Իրանի համար նախկինում դէպի հիւսիս ելքի այլընտրանքը երեքից կրճատւել է երկուսի․ եթէ նախկինում դիտարկւում էր Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա՝ երեք այլընտրանքային ուղիներ, ապա այժմ կայ երկու ուղի՝ ադրբեջանաթուրքական միասնական ուղի եւ հայկական ուղի»,- ասաց նա։

Այս առումով, Սիւնիքի տարածաշրջանը կրկին կարեւորւում է Իրանի հետ արտաքին յարաբերութիւնների համատեքստում․ իրանցիները հիմա աւելի են կարեւորում Հայաստան-Իրան սահմանը Մեղրիի հատւածում՝ Սիւնիքի մարզում, ուստի այս համատեքստում էլ չափազանց կարեւոր զարգացումներ կան՝ նկատեց իրանագէտը։

Նա, սակայն, ընդգծեց, որ միամտութիւն կը լինէր կարծել, որ իրանցիները չեն աշխատում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։

«Բնականաբար, աշխատում են տարածաշրջանում իրենց բոլոր հարեւանների հետ, որոշ դէպքերում չգրւած ժամանակաւոր դաշինքներ են կնքում, բայց հիմնական խնդիրները չեն վերանում, այլ սառեցւում են»,- նշեց իրանագէտը։

Վարդան Ոսկանեանի գնահատմամբ՝ Իրանի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից մէկը ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների նորմալացումն է լինելու, քանի որ Իրանը գտնւում է ԱՄՆ-ի չափազանց լուրջ պատժամիջոցների ազդեցութեան տակ, ինչից տուժում են ոչ միայն տնտեսական, այլեւ արտաքին քաղաքական յարաբերութիւնները։

Նա համոզւած է, որ եթէ Բայդէնը այս օրերին առանց որեւէ լուրջ խոչընդոտի ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտօնը, իրանցիները ակնկալիք են ունենալու ստանալ ԱՄՆ վերադարձը միջուկային համաձայնութեան շրջանակներ։

«Իրան-Թուրքիա յարաբերութիւնները որոշակիօրէն սերտացել են նաեւ այն պատճառով, որ Իրանը գտնւում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Միւս կողմից, Թրամփի վերջին ժամանակների քաղաքականութիւնը նաեւ սպառնալիքի մեթոդաբանութեան կիրառման վրայ էր հիմնւած, ինչի հետեւանքով Պարսից ծոցում յայտնւեց ԱՄՆ-ի նոր աւիակիրը, Իրանն էլ ողջ անցեալ տարւայ ընթացքում կիրառեց ռազմական մանեւրների, զօրավարժութիւնների ռազմավարութիւն․ գրեթէ անդադար Իրանը անցկացրեց զօրավարժութիւններ, որը թէ՛ ուժի ցուցադրութիւն էր, թէ՛ իրանական զէնք-զինամթերքի արդիական տեսակների փորձարկում՝ խօսքը նաեւ ԱԹՍ-ների մասին է»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

Յարակից լուրեր