Հա

Քաղաքական

20/01/2021 - 12:56

Վերջին անգամ Շուշիում՝ մահւան հետ դէմ յանդիման, կամ ինչպէս ընկաւ թշնամու ինքնաթիռը

«Armeniansputnik.am»-ի սիւնակագիր Նայիրի Յոխիկեանը ադրբեջանցիների սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ եղել է Արցախի տարբեր բնակավայրերում, թշնամու հրետակոծութեան տակ փորձել իր ուժերի ներածին չափով օգնել բանակին ու արցախցիներին։ Ներկայացնում ենք նրա հերթական պատմութիւնը։

«alikonline.ir» - «Armeniansputnik.am»-ի սիւնակագիր Նայիրի Յոխիկեանը ադրբեջանցիների սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ եղել է Արցախի տարբեր բնակավայրերում, թշնամու հրետակոծութեան տակ փորձել իր ուժերի ներածին չափով օգնել բանակին ու արցախցիներին։ Ներկայացնում ենք նրա հերթական պատմութիւնը։

Շուշիի յատուկ պահեստն առանձին բարձունքի վրայ էր։ Ամէն օր այնտեղ էին գալիս աշխարհի տարբեր երկրների հայերի ուղարկած բեռները՝ սննդամթերքից ու հագուստից մինչեւ հումանիտար տարբեր իրեր։ Ամենից շատ հասնում էին ՌԴ Սիզրան քաղաքից եկող բեռնատարները, բայց քիչ չէին նաեւ այլ երկրներից ու քաղաքներից եկող ապրանքները, իսկ ՀՀ-ի ամենատարբեր ընկերութիւններ ուղարկում էին ամէն ինչ։

Մինչ մի խումբը դատարկում էր ապրանքը, միւս խմբերն իրար յետեւից փոքր բեռնատարների մէջ բարձում էին անհրաժեշտ ամէն բան՝ առաջնագիծ հասցնելու համար։ Դա անընդհատ աշխատող օղակ էր, որն այդ օրերին երբեւէ կանգ չառաւ սփիւռքի հայերի ու ՀՀ-ի գործարարների, շարքային քաղաքացիների շնորհիւ։

Մենք ստացել էինք «Դելտա» անւանումը արագ տեղաշարժւելու եւ ջոկատի բոլոր անդամներով մէկ մարդու պէս համակարգւած գործողութիւններ անելու համար։ Մեր ջոկատի 11 անդամներից որեւէ մեկը վայրկեան անգամ չէր մտածում գլխին թափւող արկերի, օրուգիշեր հնչող օդային տագնապի, գիշերւայ ցրտի ու խիստ վտանգաւոր առաջադրանքների մասին։ Մենք հասկանում էինք, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ առաջնագծում կռւող մեր հայրենակիցներն աւելի ծանր վիճակում են։ Մեր պարտքն էր ամուր պահել նրանց թիկունքը։

Այդ օրը մենք Շուշիում հանգիստ աւարտեցինք առաջադրանքի կատարումը։ Չկար մեքենայ, որը կը կարողանար մեր ջոկատը տեղափոխել այլ վայր, իսկ ժամանակ կար։ Որոշեցինք քայլել։ Ջոկատի 3 անդամների՝ Խորէնի, Դաւիթի ու Հայկարամի հետ ուղղութիւն վերցրինք դէպի Շուշի։ Թշնամու հրետանին աշխատում էր հէնց Շուշիի ուղղութեամբ։ Բայց մենք որոշեցինք ամէն դէպքում քայլել դէպի Սուրբ Ղազանչեցոց, լինել գեղեցիկ քաղաքի փողոցներում։

Յանկարծ ուժեղ պայթիւն լսւեց։ Հասկացանք, որ հերթական արկը մեզնից շատ հեռու չի ընկել։ Շուշին անընդհատ հրետակոծութեան էր ենթարկւում։ Առաջին պատահած մեքենան նստեցինք եւ շարժւեցինք դէպի Ստեփանակերտ։ Քաղաքից դուրս տանող ոլորաններում տեսանք հեռւից մեր ուղղութեամբ եկող թշնամու ինքնաթիռը։ Թիրախում մենք չէինք․ դժւար թէ մէկ մեքենայի վրայ թշնամին այդքան մեծ ռեսուրս ծախսէր։ Նրանց թիրախում Շուշիի պահեստն էր։

Արցախցի վարորդն արագացրեց մեքենայի ընթացքը։ Ոլորաններն իջնող մեքենան ամէն վայրկեան կարող էր գլորւել ձորը, բայց ընտրութիւն չկար։ Մենք ականատես էինք լինում իսկական օդային մարտի։ Թշնամու ինքնաթիռը ռմբակոծում էր Շուշին, ներքեւից էլ հակաօդային տարբեր զէնքերով կրակում էին մերոնք։ Ռումբերն ընկնում էին մեզնից բառացիօրէն տասնեակ մետրեր հեռու, եւ ամէն անգամ ռումբի պայթիւնից մեքենան ուժեղ ցնցւում էր, մի կողմ հրւում։ Մեզ փրկում էր այն, որ ճանապարհը հարթ տարածքում չէր, եւ ընկնող արկերի բեկորները չէին տարածւում դէպի մեր կողմը։

Նկատեցի, որ վարորդն ընթացքի ժամանակ հանել է հեռախօսը եւ նկարում է։ Մի ձեռքում ղեկը, միւսում՝ հեռախօսը, նաեւ հասցնում էր հայհոյել թշնամուն։ Հարւածների տակ մեծ արագութեամբ ընթանում էինք ու ծիծաղում՝ երեւի:

Ոլորաններից մէկում` հէնց ճանապարհի վրայ, ընկաւ թշնամու արկը։ Եթէ 10 վայրկեան առաջ գնացած լինէինք, այդ հատւածում մեր մեքենան էր լինելու։ Այդ մեքենան հաց էր հասցնում զօրքին։ Մի մասը տարել էր Շուշի, շտապում էր մէկ այլ վայր՝ դէպի Ճարտար։

Շարունակում էինք արկերի ու ռումբերի տարափի տակ սլանալ դէպի Ստեփանակերտ։ Յանկարծ մեր ջոկատի Խորէնը նկատեց․ «Տղերքը խփեցին․․․»։ Իրօք, թշնամու ինքնաթիռը, որ հասցրել էր այդ ընթացքում 2-3 պտոյտ կատարել Շուշիի վերեւում, Շոշ գիւղի մօտակայքում ընկաւ։

Դա նաեւ մեր վերջին այցն էր Շուշի։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։