Մեր պետութեան կրած պարտութիւնից եւ ազգային նւաստացումից յետոյ «հաճելի» եւ «ոգեւորիչ» բաներ խօսելը նշանակում է՝ դասեր չքաղել կատարւածից եւ գնալ հետագայ պարտութիւնների ճանապարհով:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀՄԵԱՆ
Մեր պետութեան կրած պարտութիւնից եւ ազգային նւաստացումից յետոյ «հաճելի» եւ «ոգեւորիչ» բաներ խօսելը նշանակում է՝ դասեր չքաղել կատարւածից եւ գնալ հետագայ պարտութիւնների ճանապարհով:
Նախեւառաջ, պէտք է ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել, պարտութիւն էր եւ նւաստացում, ինչը մեր այսօրւայ իշխանութիւնը չի ընդունում, որովհետեւ, եթէ ընդունի, հարց կը ծագի՝ բա այդ դէպքում ինչո՞ւ էք դեռեւս նստած ձեր աթոռներին:
Իսկ երկրորդ քայլը պէտք է լինի՝ ընդունել դառը ճշմարտութիւնները՝ ճշմարտութիւններ, որոնք, մասնաւորապէս, ինձ համար տհաճ է արտաբերել:
Մինչեւ 2020 թւականը, մինչեւ կորոնավիրուսը եւ պատերազմը, շատերն աշխարհում (այդ թւում՝ ես) համոզւած էինք, որ ժողովրդավարութիւնը, ազատական արժէքները դաւանող երկրները բոլոր պարագաներում առաւելութիւններ ունեն բռնապետական, մարդու իրաւունքները ճնշող պետութիւնների հանդէպ: Մեր այդ համոզմունքը հիմնւած է այն «կանխաւարկածի» վրայ, որ մարդը, անհատը՝ իր ներաշխարհով, իր արժէքային համակարգով, իր հմտութիւններով բոլոր հարցերում ամենակարեւոր գործօնն է: Բայց այսօր իմ հաւատն առնւազն սասանւել է, եւ պատճառը տեխնոլոգիաների զարգացումն է:
Բերեմ մի պարզ օրինակ. տաքսու վարորդն, անշուշտ, ունի իր ներաշխարհը, բայց ձեզ՝ որպէս ուղեւորի, չի հետաքրքրում, թէ ինչ ծխախոտ է նա ծխում, ինչ երաժշտութիւն է լսում եւ ինչ քաղաքական հայեացքներ ունի՝ ձեզ պէտք է, որ նա արագ եւ անվտանգ հասցնի ձեզ տնից աշխատավայր: Եւ եթէ համակարգչով ղեկավարւող մեքենան առանց վարորդի ձեզ տեղ հասցնի աւելի անվտանգ, աւելի արագ եւ աւելի էժան, դուք, բնականաբար, կը գերադասէք այդ տիպի փոխադրումը:
Եթէ արդիւնաւէտութեան առումով ներաշխարհը, հայեացքները, ազատ կամքը՝ այն ամէնը, ինչին մենք՝ ազատականներս, հաւատում ենք, պակաս կարեւոր են, քան տեխնոլոգիաները, ուրեմն եկէք եւս մէկ անգամ մտածենք, թէ ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում:
Հիմա այդ դատողութիւնները տեղափոխենք ռազմական ոլորտի վրայ. մի՞թէ նոյն օրինաչափութիւնը չի գործում: Գուցէ հէնց այդ օրինաչափութեան պատճառով ոտից գլուխ կոռումպացւած բռնապետ Էրդողանը իր համար բարենպաստ արդիւնքների է հասնում տարածաշրջանում (նաեւ Արցախում), եւ այսպէս կոչւած «քաղաքակիրթ աշխարհը», որը ղեկավարւում է ազատական գաղափարներով, դրան ոչինչ չի կարող հակադրել:
Նիկոլ Փաշինեանը, գալով իշխանութեան, համոզւած էր, որ եթէ պատերազմ սկսւի, ապա մարդկանց, անհատների, ժողովրդի «դուխի» միջոցով հնարաւոր է յաղթել եւ նոր տարածքներ գրաւել՝ չնայած մասնագէտները, այդ թւում ԶՈՒ շտաբի պետը, նրան զգուշացնում էին, որ դա այդպէս չէ: Այդ համոզմունքով պայմանաւորւած նա, ըստ էութեան, տապալեց բանակցութիւնները եւ անմիտ, խելայեղ յայտարարութիւններ էր անում: Աւելին՝ անգամ պատերազմի ընթացքում նրան թւում էր, թէ ինչ-որ հրաշքով, «թասիբի եռալու» շնորհիւ հնարաւոր է «բեկում մտցնել» եւ յաղթել:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս՝ վերջին պատերազմը առաւելապէս տեխնոլոգիական էր, եւ աշխարհի հետ «դուխով խօսելու» համար պէտք է ունենալ տեխնոլոգիաներ, որոնք եռակի, քառակի կը գերազանցեն Թուրքիայի ունեցած տեխնոլոգիաները (եթէ բոլոր մնացած քաղաքական գործօնները հաշւի չառնենք): Իսկ ամենակարեւորը՝ պէտք է հաշւի առնել, որ յաջորդ պատերազմը (որն, իմ կարծիքով, անխուսափելի է) կը լինի աւելի տեխնոլոգիական: Դրան պատրաստւելու համար մեզ պէտք են սթափ՝ իրենց քթից եւ «մեսիական» ամբիցիաներից այն կողմ տեսնող լիդերներ:
«Առաւօտ»