Հա

Քաղաքական

21/01/2021 - 11:30

«Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմութիւն եւ պէտք է անյապաղ դադարեցւի կամ վերանայւի»․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմութիւն եւ պէտք է անյապաղ դադարեցւի կամ վերանայւի:

«alikonline.ir» - ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմութիւն եւ պէտք է անյապաղ դադարեցւի կամ վերանայւի։ Յայտարարութիւնում ասւում է.

«Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անւանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցւում է իրաւունքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների կոպիտ խախտումներով:

Հետեւաբար, այն չունի լեգիտիմութիւն եւ պէտք է անյապաղ դադարեցւի կամ վերանայւի:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի այս հետեւութիւնը հիմնւած է հետեւեալ առանցքային գործօնների վրայ.

1) Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչութեանն ուղղւած պատերազմի բացայայտ սպառնալիքների ներքոյ,

2) Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչութեան մասին խօսում է էթնիկ զտումների ու ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքների լեզւով, նոյնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից յետոյ Բաքւում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելոյթները լի են եղել համեմատութիւններով Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան, Բաքւում հայերի զանգւածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թւում՝ Կովկասեան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատութիւններով, Հայաստանն արժէք չունեցող արհեստական պետութիւն յայտարարելը, իսկ հայերին հրապարակայնօրէն շներ անւանելը եւ այլն),

3) Ադրբեջանի նախագահը եւ նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացայայտ վիրաւորում են հայ ժողովրդի արժանապատւութիւնը, հրահրում են էթնիկ պատկանելիութեան հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող իւրաքանչիւր մարդու անձնական արժանապատւութիւնը նւաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը եւ մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը եւ այլն),

4) սահմանների որոշման գործընթացում կիրառւում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մօտեցումներ, այդ թւում՝ GPS կամ Google մասնաւոր կազմակերպութեան քարտէզի յաւելւածի օգտագործմամբ:

Ի սպառ բացակայում են մասնագիտական մօտեցումները, չեն տարւում յանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացւում նախնական գոյքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրաւական հիմքեր,

5) տեղի ունեցածի արդիւնքում կոպտօրէն խախտւել են Հայաստանի Սիւնիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրաւունքները, այդ թւում՝ զրկւել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրաւունքները [նաեւ սեփականութեան իրաւունքը] պետական գրանցման են ենթարկւել Խորհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:

Լրջօրէն վտանգւել են մարդկանց կեանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիութեան ու Հայաստանի Սահմանադրութեամբ երաշխաւորւած այլ իրաւունքներ: Խաթարւել է խաղաղ, բռնութիւնից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լաւագոյն շահը,

6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարեւանութեամբ կամ հէնց բնակավայրերի մէջ [օրինակ՝ Սիւնիքի մարզի Գորիս եւ Կապան խոշորացւած համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հէնց մայթերի բաժանումով անմիջապէս բնակավայրի մէջ] տեղակայւել են ադրբեջանական զինւորականներ, այսինքն՝ զինւած մարդիկ:

Այդ նոյն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կեանքն ու անվտանգութիւնն ապահովելու համար արդարացիօրէն տեղակայւել են նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձեալ առկայ են զինւած մարդիկ:

Այս ամենի արդիւնքում առաջացած իրավիճակը հայաստանեան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կեանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը եւ լրջօրէն վտանգել է մարդկանց անվտանգութիւնը.

7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկւել են արօտավայրերից ու գիւղատնտեսական նշանակութեան այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունէին կենսական նշանակութիւն, տարիներ շարունակ եղել են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբիւրը:

Դրանից բացի, մարդիկ ոչ իրաւաչափ արարքների արդիւնքում զրկւել են ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորւած տնտեսական, ներառեալ ձեռնարկատիրական գործունէութեամբ զբաղւելու իրաւունքից, այդ թւում՝ Հայաստանի պետական իրաւասու մարմինների ակտերով յատկացւած կամ իրենց սեփականութեան իրաւունքով պատկանող գոյքից.

8) վտանգւել է Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանների անվտանգութիւնը.

9) 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ կամ որեւէ այլ փաստաթղթով ամրագրւած չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացոյց:

Դրա հետեւանքով սահմանների որոշման գործընթացի անթոյլատրելի արագութիւնն ու յատկապէս սահմանային բնակիչներին անմիջականօրէն առնչւող՝ իրենց կենսական իրաւունքների (կեանքի, սեփականութեան եւ այլ իրաւունքներ) ու այդ իրաւունքների պաշտպանութեան հնարաւորութիւնների վերաբերեալ պատշաճ տեղեկութիւնների բացակայոթիւնը յանգեցրել է անորոշութեան ու որեւէ հիմնաւորում չունեցող անկախատեսելի իրավիճակների:

Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրաւունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչութեանն ուղղւած պատերազմի ու ցեղասպանութեան բացայայտ սպառանալիքների ներքոյ, հետեւաբար՝ հակասում է իրաւունքի գերակայութեան հիմքերին ու չունի որեւէ լեգիտիմութիւն:

Ընդ որում, խօսքը գնում է ինչպէս սահմանային բնակավայրերի բնակիչների իրաւունքների անմիջական, այնպէս էլ անուղղակի ազդեցութեամբ Հայաստանի ողջ բնակչութեան իրաւունքների խախտումների կամ դրանց լրջագոյն վտանգման մասին:

Նկարագրւած մօտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցութեանը, այլ նաեւ պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատեացութեան ու թշնամանքի, դրա վտանգաւոր դրսեւորումների համար:

Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչւում է մարդուն, պէտք է լինի իրաւունքի գերակայութիւնը ու, հետեւաբար, մարդու՝ միջազգայնօրէն ճանաչւած [մեր երկրի ներսում` նաեւ Սահմանադրութեամբ երաշխաւորւած] իրաւունքները: Սա ժողովրդավարութեան հիմնարար սկզբունք է:

Ակնյայտ է, որ ստեղծւած պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրւածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրաւունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջութեամբ հակասում է հէնց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծւել է ժամանակակից միջազգային իրաւունքը՝ մարդու իրաւունքների ու խաղաղութեան երաշխաւորման նպատակով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։