Հա

Քաղաքական

21/01/2021 - 11:45

«Հայրենիքի փրկութեան շարժման» մասնակիցները շարունակում են պահանջել Փաշինեանի հրաժարականը՝ ի նշան պայքարի ու բողոքի՝ գիշերելով Հանրապետութեան հրապարակում

«Հայրենիքի փրկութեան շարժում»-ն այս օրերին շարունակում է անդադրում պայքարը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Շարժման մասնակիցները շարունակում են ամէն օր գիշերել հանրապետութեան հրապարակում՝ վրաններում՝ նշելով, որ իրենց պայքարը կանգ չի առնելու, քանի դեռ մեր հայրենիքը դէպի կործանում տանող իշխանութիւնը չի հեռացել։

Նիկոլ Փաշինեանն ի զօրու չէ որեւէ հարց լուծելու՝ իր ձախողւած ներքին ու արտաքին քաղաքականութեամբ, աւելին՝ նա հարցեր լուծելու ցանկութիւն էլ չունի

 

«Հայրենիքի փրկութեան շարժում»-ն այս օրերին շարունակում է անդադրում պայքարը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Շարժման մասնակիցները շարունակում են ամէն օր գիշերել հանրապետութեան հրապարակում՝ վրաններում՝ նշելով, որ իրենց պայքարը կանգ չի առնելու, քանի դեռ մեր հայրենիքը դէպի կործանում տանող իշխանութիւնը չի հեռացել։

ՀՅԴ անդամները այս պայքարի բովում իրենց մեծ ներդրումն ունեն․ ասում են՝ լիայոյս են, որ այս անգամ եւս իրենց պայքարը յաջողութեամբ կը պսակւի, այս իշխանութիւնը կը հեռանայ, եւ վերջապէս հնարաւորութիւն կը լինի ձեւաւորել նոր իշխանութիւն, որը կը կարողանայ մեր հայրենիքը դուրս բերել ստեղծւած ծանր ու դժւարին վիճակից, լուծել այն ցաւոտ խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առաջ։

«Հորիզոն»-ի թղթակիցը մի երեկոյ անցկացրել է «Հայրենիքի փրկութեան շարժման» մասնակիցների կողքին՝ մի քանի ժամ ապրելով նրանց առօրեայով, վարակւելով նրանց պայքարի շնչով։ Վրանում մնացող, գիշերն այնտեղ անցկացնող մարդիկ մի ընտանիքի պէս են՝ միմեանց նկատմամբ հոգատար, ջերմ․ թէյ են պատրաստում, փայտի վառարանի վրայ կարտոֆիլ եփում, միմեանց հիւրասիրում, հայրենասիրական երգեր երգում ու հաւատում, որ պայքարով ու տոկունութեամբ հնարաւոր է հայրենիքը փրկել, հանել այս վիճակից։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ատենապետ Տարօն Ղազարեանը, որը յաճախակի է լինում հրապարակում եւ գիշերն այնտեղ անցկացնում, ասում է՝ ինքն ու իր ընկերները պարբերաբար այցելում են շարժման միւս ներկայացուցիչներին, ծաւալում հետաքրքիր քննարկումներ՝ երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների վերաբերեալ։ Շարժման մասնակիցները նմանաբնոյթ քննարկումներ ունենում են նաեւ իրենց այցելող քաղաքացիների հետ։

«Եղանակային պայմանները փոքր-ինչ անբարենպաստ են, բայց դրանք մեզ համար էական դժւարութիւններ չեն ստեղծում եւ չեն կարող մեզ յետ պահել մեր պայքարից ու մեր բռնած ուղուց։ Մեր պայքարը մէկ հանգրւան ունի՝ դաւաճան Նիկոլ Փաշինեանի եւ իր քաղաքական թիմի հեռացումը։ Մեր պայքարը կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իշխում են մեր երկրում։ Բայց, այնուամենայնիւ, վստահութիւն ունեմ, որ այս իշխանութիւններին շատ ժամանակ չի մնացել պաշտօնավարելու, եւ շուտով մեր պայքարն իր յաջող հանգրւան կը հասնի»,- նշում է Տարօն Ղազարեանը։

Նա ընդգծում է՝ թէեւ իրաւական առումով Հայաստանում իշխանութիւններ կան, բայց փաստացի մեր երկիրը չի կառավարւում եւ, դրանից ելնելով, օր օրի մեր պետութեան ու հասարակութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներն աւելի վտանգաւոր են դառնում։

«Հասարակութեան այն շրջանակաները, որոնք անմասն են մնում Փաշինեանի հրաժարականի պահանջից, շուտով թէկուզ ինքնապաշտպանական բնազդներից ելնելով՝ իրենք իսկ ոտքի կը կանգնեն ու կը պահանջեն Փաշինեանի հրաժարականը, քանի որ անվտանգային մարտահրաւէրներին զուգահեռ՝ սոցիալական խնդիրներն են մեզ համար պատուհաս դառնում: Դիցուք՝ պատերազմից առաջ կամ յետոյ մեր պետական մարմինների աշխատանքը կարող ենք ուսումնասիրել ու հասկանալ, որ որեւէ մարմին յաւուր պատշաճի գործունէութիւն չի ծաւալել այդ ընթացքում եւ մեր պետական մարմինները գործում են իներցիայի ուժով, իսկ այսպիսի մարտահրաւէրների պարագայում չենք կարող առաջ ընթանալ այդ տարբերակով, հետեւաբար՝ օր օրի աւելի մեծ հրամայական է դառնում Նիկոլի հեռացումն իշխանութիւնից եւ օր օրի աւելի շատ մարդ է դա գիտակցում»,- նշում է Տարօն Ղազարեանը։

Դաշնակցական Ռուսլան Բարսեղեանը, որը մասնագիտութեամբ քաղաքագէտ է, նշում է՝ հետեւելով քաղաքական գործընթացներին՝ վստահաբար կարող է ասել՝ միջազգային հարթակներին մանրադիտակով նայելիս պարզ է դառնում՝ այն պետութիւնները, որոնք ՀՀ-ի հետ այս կամ այն կերպ կապւած են, հիմնականում բացասաբար են արտայայտւում Փաշինեանի ու նրա վարչակարգի վերաբերեալ։

«Ռուսաստանում տեղի ունեցած վերջին հանդիպումը վկայում է այն մասին, որ այն վերաբերմունքը, որը ցոյց տւեցին Նիկոլ Փաշինեանին, այն կարգավիճակը, որով նա գնաց այնտեղ, պարզապէս ահաւոր էր։ Նա Հայաստանում յայտարարել էր, որ գնալու է առաջին հերթին գերիների հարցը եւ ճանապարհային ապաշրջափակման հետ կապւած հարցերը լուծելու, սակայն պարզ դարձաւ, որ գերիների հարցը, որը մեր ժողովրդի համար այսօր չափազանց կարեւոր է, մնաց օրակարգից դուրս»,- նշում է Ռուսլան Բարսեղեանը նշելով՝ Նիկոլ Փաշինեանը պէտք է օր առաջ հրաժարւի այն աթոռից։

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսեանն էլ նշում է՝ իրենց պայքարի ոգին օգնում է հաւատալ, որ շուտով հնարաւոր կը լինի ազատուել դաւաճաններից։

«Պիտի դաւաճաններից ազատւենք, որ մեր երկիրն ուշքի բերենք։ Ապագային նայելով՝ տեսնում եմ ազատ, անկախ ու միացեալ Հայաստան։ Մենք դրան անպայման հասնելու ենք։ Մեր ընկերների զրոյցները, մեր տեսլականները կապւած են բանակի ու պետութեան հզօրացման հետ»,- նշում է Գագիկ Սարգսեանը։

Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինեանն ի զօրու չէ որեւէ հարց լուծելու՝ իր ձախողւած ներքին ու արտաքին քաղաքականութեամբ, աւելին՝ նա հարցեր լուծելու ցանկութիւն էլ չունի։

«Թէ նա ինչպիսի պատւէր է կատարում, ժամանակը ցոյց կը տայ։ Կը ճշգրտւի, թէ նա ում պատւէրը կատարեց՝ մեր երկիրն այս վիճակին հասցնելով։ Դատելով կատարւողից՝ կարող եմ ասել՝ եւ նա մենակ չէ։ Կարծում եմ՝ այս դաւաճանական ակտին գոնէ մի քանի հարիւր հոգի է մասնակցել։ Սա վաղուց նախապատրաստւած է եղել։ Շատ լաւ հասկանալով, որ մեր բանակն ամենակայացած ինստիտուտներից էր, առաջինը մեր բանակի վրայ յարձակւեցին, եւ այսօր էլ մեր բանակի վրայ յարձակում կայ․ փորձում են թուլացնել մեր բանակը, բայց դա նրանց չի յաջողւելու։ Մեր ժողովրդի ոգին տոկուն է»,- նշում է Գագիկ Սարգսեանը՝ ընդգծելով՝ թէեւ ժողովրդի որոշ զանգւածների շրջանում վհատութիւն ու յուսահատութիւնն է նկատւում, բայց հասարակութեան մեծ մասը տոկուն է, հետեւաբար՝ բոլորս մի բռունցք դառնալով՝ պիտի կարողանանք դուրս գալ ստեղծւած ծանրագոյն իրավիճակից։

Յասմիկ Բալէեան

«Հորիզոն» 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։