Հա

Քաղաքական

21/01/2021 - 19:00

«Ինչ է սպասւում «Նիկոլի թւի» Հայաստանին». Անդրանիկ Թեւանեան

Քաղաքագէտ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինեանի վարքագծի ու յայտարարութիւնների պահով ամէն ինչ վաղուց էր պարզ։ Իր երէկւայ խօսքն ԱԺ-ում ամբողջութեամբ տեղաւորւում էր «Թաւշեայ յեղափոխութիւնն աւելի մեծ արժէք է, քան Արցախեան ազատամարտը» տխրահռչակ ու թուրքամէտ կարգախօսի մէջ։ Նոր բան չկար։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինեանի վարքագծի ու յայտարարութիւնների պահով ամէն ինչ վաղուց էր պարզ։ Իր երէկւայ խօսքն ԱԺ-ում ամբողջութեամբ տեղաւորւում էր «Թաւշեայ յեղափոխութիւնն աւելի մեծ արժէք է, քան Արցախեան ազատամարտը» տխրահռչակ ու թուրքամէտ կարգախօսի մէջ։ Նոր բան չկար։

Հարցերի հարցն այլ հարթութեան մէջ է։

Հայաստանում քաղաքական զարգացումների 3 տարբերակ կայ՝

- հայկական,

- ռուսական,

- թուրքական։

Սկսեմ վերջից։

Թուրքական ծրագրերի համաձայն՝ կա՛մ Նիկոլ Փաշինեանը մնում է վարչապետ ու աւարտին հասցնում Հայաստանի կապիտուլեացիան, կա՛մ նրա ղեկավարութեամբ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ՝ հետագայ բոլոր տիպի ենթասցենարներով կրկին յանգեցնելով Հայաստանի վերջնական կապիտուլեացիային։

Նիկոլը դեռ վարչապետ է ու առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։ Այսինքն՝ Հայաստանում այս պահի դրութեամբ թուրքական սցենարն է աշխատում։

Քաղաքական զարգացումների ռուսական տարբերակի դէպքում Նիկոլ Փաշինեանին ու միայն իր ընտանիքին տրւում են անձնական անվտանգութեան պուտինեան երաշխիքներ, նա հեռանում է աթոռից (չի բացառւում՝ նաեւ Հայաստանից)՝ «Իմ քայլի», ԲՀԿ-ի ու միգուցէ նաեւ ԼՀԿ-ի պատգամաւորների միջոցով վարչապետի պաշտօնը յանձնելով Կրեմլի համար ցանկալի թեկնածուի։

Ռուսականը դրականօրէն տարբերւում է թուրքական սցենարից, բայց այս դէպքում Հայաստանն իր կարգավիճակով գրեթէ չի տարբերւելու Արցախի կարգավիճակից։ Բայց դրա համար չպէտք է ռուսներին մեղադրենք։ Քանզի եթէ փոփոխութիւնները ներսից չեն արւում (ներսի տարբերակին, ի դէպ, Կրեմլը երկու ձեռքով կողմ է), ապա ռուսները, իրենց շահերից ելնելով, ստիպւած են լինելու միջամտել, որպէսզի Հայաստանը չանցնի թուրքերին, այլ մնայ իրենց ազդեցութեան տակ, որպէսզի Գիւմրիի ռազմաբազան չտեղահանւի ու Հարաւային Կովկասը ձեռքներից չգնայ։

Ռուսական ուղղակի միջամտութիւնը մեր ներքաղաքական կեանքին կնմանվի Արցախում իրենց միջամտութեանը․ հէնց տեսան, որ Նիկոլը դէմ չէ Ստեփանակերտը թուրքերին յանձնելուն, անմիջապէս միջամտեցին, որպէսզի իրենց շահերը պաշտպանեն։ Շահեր, որոնք համընկան մեր շահերի հետ։ Բայց արձանագրենք, որ Արցախը դէ ֆակտօ արդէն ռուսական տարածք է դարձել։ Ու եթէ նկատել էք, Նիկոլն Արցախի անունը չի տալիս, իսկ եթէ տալիս է, ապա ստիպւած ու զզւանքով։ Իրեն մնար, ամբողջը կը յանձնէր, կը պրծնէր։

Դրակա՞ն է արդեօք ռուս խաղաղապահների մուտքն Արցախ։ Միանշանակ՝ այո՛, որովհետեւ միւս տարբերակն ադրբեջանական դրօշի ծածանումն էր Ստեփանակերտում։

ՀՀ-ն շարունակո՞ւմ է լինել Արցախի անվտանգութեան երաշխաւոր։ Ո՛չ։ Արցախն արդէն ռուս-ադրբեջանական վէճի առարկայ է, այլ ոչ թէ հայ-ադրբեջանական։ Սա՛ է խնդիրը։

Նոյեմբերի 9-ին արձանագրւածը մեզ համար չարեաց փոքրագոյն տարբերակն է այն բանի համեմատ, որ կարող էր լինել Նիկոլի «Յաղթելու ենք» կարգախօսի ներքոյ, այն է՝ Արցախի ամբողջական հայաթափում եւ յանձնում։ Հիմա գոնէ մի բան մնացել է, բայց միեւնոյն է նոյեմբերի 9-ի Արցախը, մեղմ ասած, տարբերւում է 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ եղած Արցախից։ Այն ժամանակ պետականութիւն կար Արցախում։ Հիմա չկայ։

Վերադառնանք ներքաղաքականին։

Քաղաքական փոփոխութիւնների ամենացանկալի տարբերակը, բնականաբար, հայկականն է։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինեանին պէտք է հեռացնել ներսի ուժերով։ Առայժմ դա չի յաջողւում (պատճառներն այլ խօսակցութեան թեմա են)։

Յատուկ ընդգծեմ, որ հայկական տարբերակի կեանքի կոչման պատուհանը փակւելու վրայ է։ Ժամանակը սուղ է։ Եթէ այդ ժամանակը չօգտագործւի, ապա յետոյ բոլորն են պատասխանատու ու մեղաւոր լինելու դրա համար, ոչ միայն Նիկոլը։ Նիկոլին ի՞նչ․ նա չի էլ թաքցնում, որ իր համար զրօ ողբերգութիւն է տեղի ունեցել եւ իրեն միայն իր կաշին ու փողերը փրկելն է հետաքրքրում։

Պէտք է ամէն ինչ անել հայաստանեան տարբերակով Նիկոլին հեռացնելու համար։ Միայն այդ դէպքում է հնարաւոր՝

- Հայաստանի սուբիեկտայնութեան մակարդակի վերականգնում,

- հայ-ռուսական յարաբերութիւնների նոր, արդիւնաւէտ ու բարձր որակի ապահովում,

- բարեկամ երկրների հետ յարաբերութիւնները զարգացնելու կարողութեան ձեռք բերում,

- աշխարհում արժանապատիւ ձեւով ներկայանալու քարտ-բլանշի ստացում,

- անվտանգութեան համակարգի ու բանակի վերականգնում,

- թուրքի «ջիփիէս»-ով չյանձնւող եւ զարգացող երկրի կառուցում։

Ընտրութիւնն առայժմ հայ ժողովրդի ձեռքում է։ Յետոյ ստիպւած ենք լինելու նայել ռուսի ու թուրքի կողմը՝ մեղադրելով սրան կամ նրան, թէ բա մեզ ծախեցին։ Ոչ մի ազգի ու պետութեան հնարաւոր չէ ծախել, եթէ տւեալ ազգն ու պետութիւնն ինքն իրենից չի հրաժարւում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։