«Հրապարակ»-ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի յօդւածը․
«alikonline.ir» - «Հրապարակ»-ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի յօդւածը․
«Իմ խորին համոզմամբ՝ բոլոր այն անհատները եւ քաղաքական միաւորները, որոնք պատրաստւում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման յայտ ներկայացնել, պարտաւոր են հանրութեանը յստակ ներկայացնել առնւազն հետեւեալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.
ա) Տեղի ունեցած աղէտի ծաւալները:
բ) Առաջիկայ ռիսկերի եւ վտանգների էութիւնն ու հնարաւոր հետեւանքները:
գ) Ինչպէս խուսափել առկայ մարտահրաւէրներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերականգնումը:
Հիմա, առաւել քան երբեւէ, հասարակութեան առաջ պէտք է լինել բաց եւ հէնց այդպէս հասարակութեանը մասնակից դարձնել բարդ եւ վճռորոշ քննարկումներին: Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշեալ հարցերին:
Հայաստանի վաղը որոշւում է այսօր
Անկախութիւն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպւած ենք ամէն ինչ սկսել գրեթէ զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդիւնաւէտ համագործակցութեան բանաձեւեր գտնել մեր հիմնական եւ բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի եւ գործընկերային յարաբերութիւններ ստեղծել հարեւանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել եւ այլն: Միայն այսքանը բաւարար է՝ գիտակցելու համար ազգային ճգնաժամի խորութիւնը:
Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտեսութեան անկում, ֆինանսական շուկայի անկայունութիւն, սոցիալական լարւածութեան աճ եւ բազում այլ խնդիրներ: Սա մեր իրականութիւնն է՝ նկարագրւած հնարաւորինս մեղմ: Մի իրականութիւն, որի ամենավտանգաւոր սպառնալիքը, ըստ իս, պարտւածի հոգեբանութեան ծուղակն է, որի մէջ կարող ենք յայտնւել ազգովի: Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որեւէ այլ կարեւոր կենսական խնդիր: Պատմութեան ընթացքում բոլոր պետութիւններն ունեցել են թէ՛ տապալումներ, թէ՛ պարտութիւններ: Շատերը կանգնած են եղել ընդհանրապէս լինել-չլինելու խնդրի առջեւ: Եւ բոլոր այն պետութիւնները, այն ժողովուրդները, որոնք իրենց մէջ ուժ են գտել «յաղթելու» սեփական պարտութիւնը, որոնք արել են անհրաժեշտ հետեւութիւններ, անպայման գտել են վերելքի ուղիները եւ այդկերպ յաջողել:
Յետպատերազմեան հանրային դիսկուրսում առկայ էր ժամանակակից Հայաստանում հնչած կարեւոր գաղափարներից մէկը՝ «հայ զինւորը չի պարտւել, հայ սպան չի պարտւել, հայ ժողովուրդը չի պարտւել»: Եւ դա իսկապէս այդպէս է: Արդեօք հնարաւոր չէ՞ այս մօտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միաւորող՝ անկախ քաղաքական եւ այլ հայեացքներից: Ինչո՞ւ մենք սա չենք անում: Այն հերոսութիւնները, որ ցուցաբերել են հայկական զինւած ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, եւ հակառակորդը դա շատ լաւ գիտի՝ մեզնից էլ լաւ: Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական եւ քանակական առաւելութիւն, թշնամին մեզ վրայ յարձակւել է միջազգային տեռորիստական խմբաւորումների եւ թուրքական զինւած ուժերի հետ համատեղ եւ սրանով մէկտեղ կրել է զգալի մարդկային ու նիւթական կորուստներ: Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել բարձր տեխնոլոգիական իր առաւելութիւնը, պարտութիւն է կրել:
Աններելի են իշխանութեան ներկայացուցիչների հրապարակային յայտարարութիւնները՝ մեր անզօրութեան եւ պարտութեան դատապարտւած լինելու մասին: Ո՞ւմ օգտին են նրանք խաղում: Դրա փոխարէն անհրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հազարաւոր ահաբեկիչների ներգրաւման հարցը: Ադրբեջանն ամէն օր մեզ սպառնում է ե՛ւ միջազգային արբիտրաժներով, ե՛ւ դատերով, ու եթէ այդ սպառնալիքներին չլինի համարժէք հակադարձում, ապա վաղը Հայաստանը կը յայտնւի էլ աւելի բարդ իրավիճակում: Մենք, ունենալով Մինսկի խմբի համանախագահների եւ մի շարք այլ երկրների հրապարակային փաստումը, որ մեր դէմ կռւելու նպատակով Ադրբեջանը հազարաւոր վարձկան ահաբեկիչների է բերել տարածաշրջան, չենք կարողանում դրան տալ քաղաքական եւ իրաւական զարգացում: Աշխատո՞ւմ ենք Սիրիայի իշխանութիւնների, արաբական աշխարհի, մեզ բարեկամ այլ երկրների հետ: Աշխատո՞ւմ ենք միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների, հակաահաբեկչական կենտրոնների, սփիւռքի լոբբիստական կառոյցների հետ: Նման յստակ խնդիր ձեւակերպե՞լ ենք, դիւանագիտական խողովակներով աշխատո՞ւմ ենք: Անվերջ կարելի է թւարկել աշխատանքի ճակատները: Սա Ադրբեջանի վրայ ճնշման՝ այս պահին մեր եզակի ուժեղ յաղթաթղթերից մէկն է:
Աշխարհին ուղղւած մեր ուղերձները
Յետպատերազմեան Հայաստանից եւ Արցախից պէտք է ուղերձներ յղւեն հայութեանը եւ ողջ աշխարհին: Այդ գործն անթոյլատրելիօրէն ուշանում է: Հայաստանն իր քայլերով պարտաւոր է աշխարհին յստակ ցոյց տալ, որ.
ա) Մենք չենք ընկալում մեզ պարտւած:
բ) Մենք կենսունակ պետութիւն ենք եւ վստահ վերականգնւելու ենք՝ որպէս տարածաշրջանի լիարժէք դերակատար:
գ) Ունենք համահայկականութեան նոր գաղափարներ եւ հեռուն գնացող ազգային նպատակներ:
Արցախից նոյնպէս պէտք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփիւռքին եւ միջազգային հանրութեանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թւայ: Պէտք է հնչեն Արցախի կենսունակութեան վերաբերեալ յստակ ձեւակերպումներ եւ միջազգային քաղաքականութեան ակտիւ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պէտք է դառնայ հայկական երկրորդ պետութեան օրակարգը, որպէսզի հնարաւոր լինի աշխատել եւ այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ: Իսկ այն, որ դա պէտք է արւի, կասկածից վեր է:
Հայաստանում եւ Արցախում պէտք է լինի խաղաղութեան եւ վերելքի յստակ որոշում, որի առանցքում մեր մարտունակութեան եւ անվտանգային համակարգի էական ուժեղացումն է: Հայի արժանապատւութեան եւ ինքնավստահութեան վերականգնումը պէտք է սկսւի այդ որոշումից: Պետութեան մէջ որակական փոփոխութիւնները եւ իրավիճակը փոխելու վճռականութիւնը միայն կարող է դառնալ ազդակ աշխարհասփիւռ հայութեանը՝ մէջքն ուղղելու, միաւորւելու, նոր նպատակներ ձեւակերպելու եւ աւելի վճռականօրէն, միասնական աշխատելու ազդակ: Իսկ այդ փոփոխութիւնների սկզբնակէտը, անկասկած, Նիկոլ Փաշինեանի եւ այս ապաշնորհ իշխանութիւնների հեռացումն է»,- գրում է թերթը: