Հա

Քաղաքական

23/01/2021 - 15:30

«Սիւնիքի մարզը որքանով կենսական նշանակութիւն ունի Հայաստանի համար, նոյնքանով էլ՝ Իրանի համար». Իրանագէտը՝ Իրանի ԱԳՆ-ի տարածաշրջանային այցի մասին

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս այցին՝ նշեց, որ այն նախեւառաջ միտւած է Արցախեան պատերազմի աւարտից յետոյ իրավիճակին ծանօթանալուն, հասկանալու, թէ ինչպիսի յաւակնութիւններ ունեն կողմերը, ինչպիսի ծրագրեր են տեսնում տարածաշրջանային համատեքստում.

«alikonline.ir» - Օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատւական գործակալութիւնը յայտնել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆը պատրաստւում է արտասահմանեան մեծ շրջագայութիւն կատարել:

«Ես պլանաւորում եմ մեկնել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար չեմ յայտարարում, բայց կարծում եմ, որ որոշւել են դէպի Ադրբեջանի Հանրապետութիւն, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան ուղեւորութիւնների ամսաթւերը»,- Իրանի արտգործնախարարի խօսքերն էր մէջբերել լրատւականը:

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս այցին՝ նշեց, որ այն նախեւառաջ միտւած է Արցախեան պատերազմի աւարտից յետոյ իրավիճակին ծանօթանալուն, հասկանալու, թէ ինչպիսի յաւակնութիւններ ունեն կողմերը, ինչպիսի ծրագրեր են տեսնում տարածաշրջանային համատեքստում.

«Առաջին ոլորտը, բնականաբար, վերաբերելու է անվտանգութեանը. իրանցիներն առաջնահերթութիւն են համարում անվտանգային ոլորտը՝ հաշւի առնելով տարածաշրջանում ստեղծւած նոր իրավիճակը: Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է Մերձարաքսեան գօտում ահաբեկիչների խնդրին (գիտէք՝ Արցախի օկուպացւած այդ տարածքներում ադրբեջանական կողմը ոչ հերքում, ոչ հաստատում է ահաբեկիչների առկայութիւնը): Կարծում եմ՝ սա լինելու է առաջնային տարածաշրջանային այցի համատեքստում, նաեւ ռուսական կողմի հետ քննարկումներում»:

Հայաստան այցի պարագայում, ըստ իրանագէտի, այցի օրակարգը վերաբերելու է Հայաստան-Իրան երկկողմ քաղաքական, տնտեսական յարաբերութիւններին: Իսկ թէ որքանով այդ այցն արդիւնաւէտ կը լինի, ըստ նրա, կախւած է կողմերի ցանկութիւնից եւ վճռականութիւնից. «Որոշակի ուղղութիւններ են փոխւել, եւ իրանցիները նախ կը ցանկանային ծանօթանալ այդ իրողութիւններին, ապա՝ Հայաստանի հետ որոշակի գործընթացներ ծաւալել՝ յատկապէս Հայաստան-Իրան սահմանի առումով: Խօսքը վերաբերում է թէ՛ քաղաքական տիրոյթին, թէ՛ անվտանգային տիրոյթին, թէ՛ նաեւ տնտեսական յարաբերութիւններին, որովհետեւ Սիւնիքի մարզը, որքանով որ կենսական նշանակութիւն ունի Հայաստանի համար, նոյնքանով էլ՝ Իրանի համար, քանի որ այդտեղով է անցնում Հայաստան-Իրան սահմանը, իսկ այդ սահմանն այժմ շատ աւելի կարեւոր է, քան նախկինում էր»:

Խօսելով տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրի եւ այդ հարցում իրանական կողմի վերաբերմունքի մասին՝ Վարդան Ոսկանեանը նշեց, որ «ապաշրջափակումն» այցի քննարկման յաջորդ թեման է լինելու, եւ, որ իրանցիներն անհանգստացած են միջանցքի գոյութեամբ.

«Նրանք կողմ են ապաշրջափակմանը, բայց դէմ են որեւէ միջանցքի գոյութեանը՝ յատկապէս, որ այդ «միջանցքը» կարող է լինել Իրանի սահմանի անմիջական մօտակայքում, Հայաստանի տարածքով:

Իրանի հիւսիսային հատւածը պանթիւրքական յաւակնութիւնների տիրոյթում է: Այդ յաւակնութիւնները նաեւ բարձրաձայնւեցին Բաքւի տխրահռչակ զօրահանդէսի ընթացքում Էրդողանի կողմից, ինչին հետեւեց իրանական կոշտ արձագանքը: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, իրանցիները զգալի անհանգստութիւններ ունեն՝ կապւած տարբեր խնդիրների հետ:

Իսկ ապաշրջափակման համատեքստում տնտեսական ու քաղաքական իմաստներով Իրանն ունի թէ՛ շահութաբեր կողմեր, թէ՛ հնարաւոր կորուստներ՝ հաշւի առնելով հանգամանքը, որ Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային կապն այս պահին էլ իրականացւում է Իրանի տարածքում, իսկ եթէ սկսի գործել այդ ապաշրջափակման ծրագիրը, իրանցիները կը կորցնեն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական ազդեցութեան այդ լծակը:

Ցաւօք սրտի, որեւէ մէկը չի կարող ասել՝ արդեօ՞ք ներկայ իշխանութիւնների կառավարման պայմաններում այդ լծակը մենք ձեռք կը բերենք, թէ՞ ձեռք չենք բերի, կարծում եմ՝ երկրորդն աւելի հաւանական է»:

Մեր զրուցակիցն ընդհանուր առմամբ դրական է գնահատում այցի հանգամանքը նաեւ Հայաստան՝ յիշեցնելով. «Որոշ ժամանակ առաջ տեղեկութիւն տարածւեց, որ Զարիֆն այցելելու է միայն Բաքու եւ Մոսկւա: Յետոյ, իհարկէ, այդ այցը չեղարկւեց, իսկ այժմ փաստացիօրէն տեղի է ունենում տարածաշրջանային այց, նաեւ՝ Ռուսաստան այց»:

Հարցին՝ արդեօ՞ք հայկական կողմն ինչ-ինչ աշխատանքներ է տարել, որ Զարիֆի այցի աշխարհագրութիւնը փոխւել է, նա պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այդքան լաւատես չեմ, որ մեր կողմից են այդ աշխատանքները տարւել: Կարծում եմ՝ իրանական կողմում, անկախ ներկայիս իշխանութիւններից, գնահատում են Հայաստանը՝ որպէս պետականութիւն, եւ հայերիս. խնդիրը չի վերաբերում իշխանութիւնների աշխատանքին»:

 

Զարուհի Դիլանեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։