Հա

Քաղաքական

24/01/2021 - 12:55

«Փաշինեանը բլեֆի միջոցով փորձում է ցոյց տալ, թէ չի վախենում ու վերահսկում է իրավիճակը». «Փաստ»

Քաղաքագէտի դիտարկմամբ, ագրեսիւ խօսոյթով Ն. Փաշինեանը պարզապէս փորձում է վախեցնել իր թիմակիցներին, ցոյց տալ, թէ վերահսկում է իրավիճակը, որ իրենից չփախչեն. «Բայց սա էլ է լիմիտներ ունեցող գործելաոճ, եւ ակնյայտ է, որ Փաշինեանը դրա վրայ եւս չի կարող յենւել: Ընդհանուր առմամբ, երկիրը բաւականին լուրջ քաղաքական ճգնաժամի մէջ է, եւ այդ ճգնաժամը իր հետքը թողնում է թէ՛ իշխանութեան, թէ՛ ընդդիմութեան վրայ: Կայ փոփոխութեան պահանջ, կայ փնտրտուք:

«alikonline.ir» - Այս պահի դրութեամբ քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ներքաղաքական դաշտում մի քանի հանգամանք է ֆիքսում: «Նախեւառաջ, պէտք է ֆիքսենք, որ իշխանութեան հրաժարականի պահանջն իր մէջ օր օրի աւելի մեծ զանգւածներ է ներառում, բայց այդ զանգւածները, Նիկոլի հրաժարականը պահանջելով հանդերձ, չեն կարողանում գտնել այն առաջնորդին, որը կարող է լաւագոյնս ներկայացնել հանրութեան լայն շերտերի շահն իշխանական միջանցքներում ու աշխատասենեակներում: Եւ, ըստ էութեան, տեսնում ենք, որ մերժելով մէկին՝ բաւականին լուրջ է փոխարինողի խնդիրը: Բոլորը գալիս, ասում են՝ միանշանակ է, Նիկոլը դաւաճան է, նա ծախել է Արցախը, մեր ազգային շահը, արժանապատւութիւնը եւ պէտք է հեռանայ:

Միւս կողմից՝ փոխարինողի հարցն է մնում: Կարծում եմ՝ սա միակ պատճառն է, ըստ որի՝ մինչեւ այս պահը Ն. Փաշինեանը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտօնը»,- «Փաստ»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտը: Նա չի կիսում այն պնդումը, թէ իշխանութիւններն այս պայմաններում իրենց հանգիստ են զգում. «Երբ Ն. Փաշինեանը զրահաբաճկոնով գալիս է Ազգային ժողով, եւ նրա տեղից տեղ շարժւելը հնարաւոր դարձնելու համար մեծ թւով ոստիկանական ուժեր են կուտակւում, ակնյայտ է դառնում, որ իշխանութեան մէջ շատ լուրջ վախեր կան: Ցաւօք, այդ վախը քաղաքական ուժերից չէ, ոչ էլ յատկապէս խորհրդարանական ուժերից: Իրենք լաւ են հասկանում, որ այս իրավիճակում դաւաճանութիւն իրականացնող կամ դրան նպաստած անձինք չեն կարող իրենց հանգիստ զգալ:

Իրենք գիտեն, որ արդէն ժամանակաւոր են, եւ, ըստ էութեան, հիմա Նիկոլ Փաշինեանին ու իր ամբողջ իշխանական թիմին մի բան է հետաքրքրում. ինչպէ՞ս ապահովագրւել հետագայ պատժից: Ընդ որում, բոլոր տիպի պատիժներից են փորձում ապահովագրւել, այդ թւում՝ քրէական հետապնդումից: Այս հարցն է իշխանութիւններին ամենաշատը յուզում, որի մէջ են տեղաւորւում անգամ Ն. Փաշինեանի լաչառ ու ագրեսիւ գնահատականները: Փաշինեանը բլեֆի միջոցով փորձում է ցոյց տալ, որ չի վախենում ու վերահսկում է իրավիճակը: Բայց սա արւում է զուտ մէկ նպատակով՝ որ քաղաքական թիմը չլքի իրեն, յանկարծ չգնայ այլ ուժերի հետ ինչ-որ բաներ պայմանաւորւի, ինչն արդէն տեղի է ունենում»:

Քաղաքագէտի դիտարկմամբ, ագրեսիւ խօսոյթով Ն. Փաշինեանը պարզապէս փորձում է վախեցնել իր թիմակիցներին, ցոյց տալ, թէ վերահսկում է իրավիճակը, որ իրենից չփախչեն. «Բայց սա էլ է լիմիտներ ունեցող գործելաոճ, եւ ակնյայտ է, որ Փաշինեանը դրա վրայ եւս չի կարող յենւել: Ընդհանուր առմամբ, երկիրը բաւականին լուրջ քաղաքական ճգնաժամի մէջ է, եւ այդ ճգնաժամը իր հետքը թողնում է թէ՛ իշխանութեան, թէ՛ ընդդիմութեան վրայ: Կայ փոփոխութեան պահանջ, կայ փնտրտուք: Այնուամենայնիւ, կարծում եմ, որ առաջին իսկ յարմար պահին, ինչն ամէն վայրկեանի կարող է ի յայտ գալ, Հայաստանում ժամերի ընթացքում ամէն ինչ փոխւելու է, որովհետեւ փաստացի իշխանութիւն գոյութիւն չունի: Իշխանութիւնը երկրի ներսում չի վերահսկում իրավիճակը: Էլ չեմ խօսում հասարակական տրամադրութիւնների մասին: Ինչպէս տեսնում ենք, օրինակ՝ Սիւնիքի մարզն իր կեանքով է ապրում: Նոյնը նաեւ կարելի է շատ այլ ոլորտների մասին ասել»:

Իսկ թէ որքանո՞վ է վտանգաւոր ժամանակ կորցնելու շռայլութիւնը, քաղաքագէտը նկատում է. «Վտանգները չափազանց շատ են, եւ ես լիովին կիսում եմ այն մտահոգութիւնը, որ ժամանակ չունենք: Մենք, այո, իսկապէս ժամանակ չունենք: Ու, ցաւօք, այդ ժամանակ չունենալը երկրի կործանմանն ու պետականութեան վերացմանն է բերում: Մենք բազում ոլորտներում արդէն տեսել ենք այն օրինակները, երբ պետութիւնը չի արձագանքում, չի կարողանում կատարել իր գործառոյթները: Խօսքը նաեւ քաղաքացիների անվտանգութեանն առնչւող գործառույթների մասին է: Ցաւօք, չունենք այդ ժամանակը, բայց իրողութիւնն այնպիսին է, որ, ամէն դէպքում, հասարակութիւնը նոյնիսկ այս հարցում լիարժէք կողմնորոշւած չէ, չի գիտակցում սպառնալիքի մասշտաբները: Յաճախ անգամ հանրութիւնն ինքն է փախչում այդ սպառնալիքներից կամ դրանց արձագանքելու անհրաժեշտութիւնից:

Սա էլ իր պատճառներն ունի: Անցած տարիների ընթացքում, ցաւօք, մենք բաւականին լուրջ կորուստներ ենք ունեցել նաեւ արժէքային ու հոգեբանական տեսանկիւնից: Այդ ամենը, փաստացի, իր անդրադարձն է ունենում նման զարգացումների վրայ»: Անդրադառնալով ընդդիմութեան դերին ու վերջին երկու ամիսների մարտավարութեանը՝ Հ. Մելիք-Շահնազարեանը շեշտեց. «Ընդդիմութեան գործողութիւններում կտրուկ քայլերի դիմելու վճռականութիւնն է պակասում: Ընդդիմութիւնն այսօր պարտաւոր է աւելի խոր հասկանալ հանրային դժգոհութիւնների պատճառները, ինչպէս նաեւ հանրային պահանջը եւ աշխատի այդ պահանջը բաւարարելու եւ դժգոհութիւնները վերացնելու ուղղութեամբ: Այսօր իրողութիւնների ճիշտ գնահատման խնդիր եւ, ըստ այդմ, քաղաքականութիւն կառուցելու անհրաժեշտութիւն կայ:

Ինչքան էլ ցաւալի լինի, ընդդիմութիւնը արդէն պէտք է հասկանայ, որ հանրութեանը ոտքի հանելու համար միայն Արցախի խնդիրը բաւարար չէ: Ցաւօք, Արցախի հետ կապւած այդ պաշտպանական ռեակցիան տարիներ շարունակ ոչնչացւել է հանրութեան շրջանում: Կարելի է ասել՝ արդիւնքի են հասել: Որքան էլ այն հանրութեան մեծ հատւածներին անհանգստացնի, միեւնոյն է, դա հանրութեան բացարձակ մեծամասնութիւնը չէ»:

 

Աննա Բադալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։