Հա

Քաղաքական

25/01/2021 - 11:25

Ինչու սկսւեց եւ շարունակւեց պատերազմը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում ներկայացրած յօդւածում փորձել է մատնացոյց անել այն հիմնական խնդիրները, որոնք յանգեցրին 44-օրեայ պատերազմին եւ հայկական ղեկավարութեան կապիտուլեացիային։ Յօդւածում փորձ է արւում ներկայացնել վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձութիւնների ամբողջական վերլուծութիւնը։

«alikonline.ir» - ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում ներկայացրած յօդւածում փորձել է մատնացոյց անել այն հիմնական խնդիրները, որոնք յանգեցրին 44-օրեայ պատերազմին եւ հայկական ղեկավարութեան կապիտուլեացիային։ Յօդւածում փորձ է արւում ներկայացնել վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձութիւնների ամբողջական վերլուծութիւնը։

Համառօտագրում ներկայացւած են հիմնական սխալները, եզրայանգումները։

 

Համառօտագիր

Սխալ 1. Այն բանից յետոյ, երբ Արեւմտեան աշխարհը հրաժարւեց «անվճար» ֆինանսաւորել յետյեղափոխական Հայաստանը, Փաշինեանն ու իր թիմը պատրաստ էին Արցախի խնդրի «խաղաղ եւ արագ կարգաւորմանը»՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման եւ ներդրումների դիմաց։ Այդ պատճառով յայտնւում է ոչ հրապարակային «հողեր փողի դիմաց» բանաձեւը, եւ դա Փաշինեանի առաջին ու հիմնական սխալն էր։ Նրա համար մէկ այլ դրդապատճառ դարձաւ, պայմանականօրէն ասած, Քոչարեանի գործի՝ իր համար անցանկալի զարգացումը, ինչը Փաշինեանին վերջնականապէս դրդեց Արցախի հարցում «խաղաղ եւ արագ լուծմանը»։

Սխալ 2. Տարօրինակ է, որ Փաշինեանը եւ իր թիմը թաքցնում էին ողջ բանակցային գործընթացը, եւ հասարակական կարծիքը չէին նախապատրաստում խաղաղ համաձայնագրերին։ Համաձայնէք, որ նրա համար դա շատ աւելի հեշտ կը լինէր, քան՝ սադրել պատերազմ՝ հանրութեանը գցելով մոլորութեան մէջ, ստեղծել յաղթանակի էյֆորիա եւ, ըստ էութեան, գործը ցինիկաբար տանել կապիտուլեացիայի: Հէնց այստեղ է տեղի ունենում Փաշինեանի երկրորդ սխալը՝ ամբողջ բանակցային գործընթացը գաղտնի պահել, հասարակական կարծիքը չնախապատրաստել «արագ եւ շահաւէտ խաղաղութեան», ու դրա փոխարէն շարունակել զարգացնել «նախկինների» եւ «մարտի 1-ի» թեման։

Սխալ 3. Փաշինեանի ժամանակաշրջանի՝ Արցախեան խնդրի կարգաւորման կարեւոր առանձնայատկութիւններից էր այն, որ զուգահեռ ընթանում էր մի քանի գործընթաց։ Առաջինը՝ հրապարակային-պաշտօնական ձեւով, ԱԳՆ-ների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակում, միւսը՝ գաղտնի-ոչ պաշտօնական՝ յատուկ ծառայութիւնների ղեկավարների, ինչպէս նաեւ՝ Փաշինեանի թիմի արեւմտամէտ հատւածի եւ այլ լիազօրւած անձանց մակարդակում, ինչի մասին արդէն բոլորին յայտնի է։ Հէնց այստեղ էլ արձանագրւում է Փաշինեանի երրորդ սխալը՝ նա չկարողացաւ ճիշտ կողմնորոշւել իր ծրագիրն իրագործելու համար հիմնական գործընկեր ընտրելու հարցում եւ փորձում էր նստել երկու աթոռի միաժամանակ։ Բացի այդ, նա սկսեց վերացնել անմիջական հարեւանների հետ յարաբերութիւնների ձեւաւորւած աւանդոյթները՝ տարածաշրջանում անցողիկ խոստումների եւ սպասելիքների դիմաց։

Սխալ 4. Լաւրովեան պլանի համաձայն՝ հակամարտող երկու կողմերը պիտի գնային փոխիջումների, բայց ժամանակի ընթացքում Ալիեւի ախորժակը կտրուկ մեծացաւ։ Ստեղծւեց մի իրավիճակ, երբ «ով վճարում էր, նա էլ պատւիրում էր երաժշտութիւնը»։ Փաշինեանի հետ գաղտնի, ոչ պաշտօնական բանակցութիւններում Ալիեւը չէր կարող բաց թողնել եւ ոչ մի շանս՝ նոր զիջումներ կամ նոր տարածքներ «պոկելու» համար՝ բացի Լաւրովեան պլանով նախատեսւածից։ Հէնց սրա արդիւնքում ադրբեջանական կողմը յատուկ ձեւով դրեց Շուշիի հարցը, այսինքն՝ Շուշին դարձնել ամբողջովին ադրբեջանական եւ յանձնել ադրբեջանական կողմի վերահսկողութեանը։ Թերեւս խաղաղ տարբերակով Շուշիի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու միակ տարբերակը Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որոշ մասերից հրաժարւելն էր՝ այդպիսով Ադրբեջանի համար բերդաքաղաքը հասանելի դարձնելով։ Նմանատիպ զիջումը կարող էր Փաշինեանի համար ընդունելի լինել, սակայն նա հասկանում էր, որ Շուշիի պատճառով «արագ եւ խաղաղ կարգաւորման» ամբողջ փազլը հնարաւոր է չստացւել: Որոշակի փուլում բանակցութիւնները յայտնւեցին փակուղում:

Շուշին դառնում էր հիմնական խոչընդոտը, եւ դրա մասին էին խօսում հակառակորդին հունից հանելուն միտւած քաղաքականութիւնը, սկզբում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», այնուհետեւ, Արցախի նախագահի երդմնակալութեան արարողութիւնը Շուշիում, Փաշինեանի պարը նոյն տեղում, Արցախի խորհրդարանի՝ Շուշի տեղափոխման ծրագրերը, ՊՆ նախարարի «նոր պատերազմ, նոր տարածքներ» յայտնի բանաձեւը եւ վերջապէս «յուլիսեան յաղթանակները» Տաւուշում։ Ելնում եմ նրանից, որ Նիկոլն ու իր նախարարները, երբ սադրում էին Ադրբեջանին, գիտէին ՀՀ զինւած ուժերի իրական հնարաւորութիւնների, երկարատեւ պատերազմ վարելու ռեսուրսների բացակայութեան, Թուրքիայի եւ Անկարայի ծրագրերի մասին։ Գլոբալ առումով՝ Փաշինեանը սխալւեց չորրորդ անգամ՝ վստահ լինելով, որ արեւմուտքը չի թողնի բռնապետ Ալիեւին՝ պատերազմ սկսել Փաշինեանի դեմոկրատական Հայաստանի հետ։

Բայց այս ամենը կարող է խօսել նաեւ այն մասին, որ կողմերը չեն բացառել նաեւ ռազմական գործողութիւնների ընթացքում Շուշիի յանձնումով ճանապարհ հարթել դէպի «արագ խաղաղ լուծման» ծրագրի իրականացմանը:

Սխալ 5. Հանրութեան ուշադրութիւնն եմ ուզում հրաւիրել մի առանձնայատկութեան վրայ՝ ընդունւող փաստաթղթերի ֆորմատը։ Ստորագրւում է արդէն երկրորդ փաստաթուղթը, որը չի ենթադրում ներպետական գործընթացներ, բայց պարտադիր է դառնում իրագործման համար։ Եթէ Լաւրովեան պլանը պիտի կրէր «կոնֆլիկտի կարգաւորման հիմնական սկզբունքների եւ պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անւանումն ու պիտի գրւած լինէր ամբողջ մանրամասնութեամբ՝ շատ էջերի վրայ, ապա հիմա այդ անհրաժեշտութիւնը չկայ, եւ Լաւրովեան պլանն իր ամենաադրբեջանամէտ տարբերակով տեղաւորւեց պարզ Յայտարարութեան մի քանի էջի վրայ։ Պէտք չէ այն վաւերացնել խորհրդարանում, պէտք չէ դիմել Սահմանադրական դատարան, բայց պէտք է անպայմանօրէն իրականացնել քեզ վրայ վերցրած պարտաւորութիւնները։ Ըստ էութեան՝ ողջ հայութեան օրակարգային հարցը լուծւեց մէկ մարդու՝ Նիկոլ Փաշինեանի կողմից, առանց փաստացի ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ Ազգային ժողովի, ինչպէս նաեւ՝ Արցախի խորհրդարանի մասնակցութեան։ Եւ սա դաձաւ Փաշինեանի ճակատագրական սխալը։ Փաստացի՝ պատերազմը չբերեց խաղաղութեան համաձայնագրերի ստորագրման։ Պարզւեց՝ Արցախեան խնդրի կարգաւորման համար չկայ ո´չ Նախագահի, ո´չ Ազգային ժողովի, ո´չ էլ՝ Կառավարութեան կամ ՍԴ-ի անհրաժեշտութիւն։ Ըստ էութեան՝ նոյեմբերի իննին Հայաստանում անհետացաւ իրաւական պետութիւնը, եւ ամենը, որ տեղի է ունենում դրանից յետոյ մեր երկրում, որեւէ բացատրութեան չենթարկւող քաղաքական գործընթաց է։ 

Սխալ 6. Մեծ հաշւով՝ վերջին անգամ Փաշինեանին սխալւել դեռ թոյլ չեն տալիս համատեղ յայտարարութիւնը ստորագրած իր գործընկերները։ Յետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշւում են Հայաստանից դուրս՝ դեռ սահմանափակ թւով խաղացողների (Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի) կողմից։ Որոշումները փաստացիօրէն կայացւում են Փաշինեանի փոխարէն։ Փաշինեանն իրենց դեռ անհրաժեշտ է կոնֆլիկտի «արագ խաղաղ լուծման» ծրագիրը մինչեւ վերջ հասցնելու համար։ Սակայն այդ սխալը կարող է տեղի ունենալ, երբ շատ շուտով սահմանափակ թւով խաղացողների շարքում ակտիւօրէն տեղ զբաղեցնել ձգտի ԱՄՆ նոր վարչակազմը։

Ստացւում է՝ 5000 զոհի, 10000 վիրաւորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի եւ Հադրութի կորստի եւ Հայաստանի վտանգւած սահմանների գնով Փաշինեանը մեզ համար բացում է երկաթգիծ դէպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթէ ուշադիր նայում ենք քարտէզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Իսկ մենք մնում ենք՝ հարիւրաւոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկէտ խաղաղութեան, Արցախի եւ Հայաստանի անվտանգութեան իրական երաշխիքների, Արցախի եւ իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգով եւ Հայաստանի պետականութեան կորստի՝ հնարաւոր մեծ ռիսկերի առաջ։

Յօդւածն ամբողջութեամբ կարող էք կարդալ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։