Հա

Քաղաքական

25/01/2021 - 13:05

Վարդան Բալեան. «Հիմա սկսւել է յաջորդ արարը՝ Փաշինեանի անցումային իշխանապետութեան ճակատագիրը վճռւած է»

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Նոյեմբերի 9-ին կապիտուլեացիա ստորագրած վարչապետը Ապրիլեան պատերազմից ամիսներ անց, 2016 թւականի յուլիսին, մեկնաբանելով Լեւոն Տէր-Պետրոսեանի՝ իր խօսքերով «ամօթալի յայտարարութիւնը» ՊՊԾ գնդի շուրջ ծաւալւող դէպքերի հետ կապւած եւ նրան մեղադրելով Սերժ Սարգսեանի հետ Լաւրովի «խայտառակ պլանն» իրագործելու գործարքի մէջ, յայտարարել էր, որ Արցախի հարցի փաթեթային լուծման համար անհրաժեշտութիւն է Սերժ Սարգսեանի հեռացումն իշխանութիւնից։

Այս ուղերձը, բնականաբար, չէր կարող աննկատ մնալ նրանց կողմից, ովքեր շահագրգիռ էին Լաւրորվեան պլանը իրականացնելու հարցում։ Պլանի անունը, ի դէպ, յուշում է, որ նման շահագրգռութիւն ունէր նաեւ եւ գուցէ առաջին հերթին Ռուսաստանը։

Այն, որ Հայաստանում իշխանութեան գալն անհնար կը լինէր առանց միջազգային ուժային կենտրոնների եւ առաջին հերթին Ռուսաստանի աջակցութեան կամ առնւազն թողտւութեան, չարժէ վիճարկել։ Հետեւաբար, փաստ է, որ Սերժ Սարգսեանի իշխանութիւնից հեռանալը, Փաշինեանով փոխարինումը կանխորոշւած եւ համաձայնեցւած էր Արցախեան խնդրի փաթեթային լուծումը Լաւրովեան պլանի հիմքով իրականացնելու նպատակով։

Այս տեսակէտի ընդդիմախօսները գուցէ փորձեն հակադարձել՝ վկայակոչելով նոյն յայտարարութեան մէջ Փաշինեանի պնդումը, թէ իրենք թոյլ չեն տալու կապիտուլեացիա եւ Լաւրովի պլանի իրականացումը կամ որեւէ այլ փոխզիջում, քանի դեռ չկան փոխզիջման համար անհրաժեշտ միջավայր եւ նպաստաւոր պայմաններ։ Այդուհանդերձ, փաստ է, որ թոյլ տւեցին, իսկ փոխզիջման համար նպաստաւոր պայմաններ ու միջավայր ձեւաւորւեց, ըստ որում, ակնյայտօրէն իրենց անմիջական մասնակցութեամբ եւ ջանքերով։

Արտաքին խաղացողները Արցախի հարցում կոնսենսուսի պայմաններում ունէին, իհարկէ, այլ, յաճախ հակադիր նպատակներ, բայց դրանց իրականացումը եւս ենթադրում էր Փաշինեանի նման մէկի գլխաւորութեամբ Հայաստանում անցումային իշխանութեան ձեւաւորումը։

Իհարկէ, Նիկոլ Վովայիչին բաց տեքստով գուցէ չեն ասել, որ ինքն անցումային կառավարիչ է լինելու ընդամենը՝ կոչւած իրականացնելու Արցախի հարցի փաթեթային լուծման մէջ նրան վերապահւած դերը, բայց առանց նրա համաձայնութեան վարչապետի աթոռը ամբիցիոզ խմբագրի համար կը շարունակէր մնալ անհաս երազանք մինչեւ հիմա, եթէ այդպէս չլինէր։

Ու հիմա սկսւել է յաջորդ արարը՝ Փաշինեանի անցումային իշխանապետութեան ճակատագիրը վճռւած է, նրան փոխարինողի թեկնածութեան շուրջ համաձայնութիւնը արդէն բանակցւում է եւ ի վերջոյ կը համաձայնեցւի։

Ցաւօք, մեր անկախ պետութեան գոյութեան այս ամբողջ ընթացքում մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը որոշւել է միշտ դրսում։ Այդպէս եղել է դարեր շարունակ, ու ամէն անգամ մենք եղել ենք կորցնողի դերում։ Մեր պատմութեան առանձին դրւագներում միայն, երբ այդ որոշումները կայացրել ենք մենք, մեր ներսում, ունեցել ենք վերելքներ, հերոսական փառքի ու վերածննդի բռնկումներ։ Բռնկումներ, որովհետեւ այդ թռիչքները կարճատեւ են եղել միշտ։ Վերջին օրինակը Արցախեան շարժման առաջին տարիներն էին, անկախութեան վերականգնումը, Արցախեան պատերազմում յաղթանակը։

Մի՞թէ դժւար է ընկալել այս ամենը, մի՞թէ դժւար է գիտակցել սեփական պատասխանատւութիւնը եւ կայացնել որոշումներ մեր ներսում ու ինքուրոյն որոշել մեր ազգի ու պետութեան ճակատագիրը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։