Հա

Քաղաքական

25/01/2021 - 13:15

«Նախիջեւանեան ուղին չպէտք է միտւած լինի նրան, որ Սիւնիքը կոմունիկացիաների առումով ստանայ լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից». Վարդան Ոսկանեան

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադարձաւ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը միտւած հեռանկարներին եւ այդ համատեքստում երկկողմ քաղաքական յարաբերութիւններին, նշեց, որ յունւարի 1-ից այլեւս թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելւել է եւ փորձ է կատարւում դրանց բացը լրացնել իրանական ապրանքներով։

«alikonline.ir» - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը գտնւում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, այցի օրերին՝ յունւարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարները։

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադարձաւ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը միտւած հեռանկարներին եւ այդ համատեքստում երկկողմ քաղաքական յարաբերութիւններին, նշեց, որ յունւարի 1-ից այլեւս թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելւել է եւ փորձ է կատարւում դրանց բացը լրացնել իրանական ապրանքներով։

«Իրականում, որքանով կարելի է ենթադրել, այդ այցը միտւած է Իրանի հետ ստեղծելու տնտեսական համագործակցութեան որոշակի տիրոյթ այն ոլորտում, որտեղ մեր երկրում հիմնականում գերակայում էին թուրքական ապրանքները։ Չգիտեմ, որքանով կը յաջողւի այդ այցը, սակայն դատելով ներկայ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնից, հիմնական խնդիրը կարծես թէ ոչ թէ հարցերի լուծումն է, այլ հարցերի լուծման պատրանք ստեղծելը»,- նշեց Վարդան Ոսկանեանը։

Նրա խօսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատելու տնտեսական լայն դաշտ ունի, եւ դա չի սահմանափակւում միայն առեւտրային յարաբերութիւններով կամ թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հանգամանքով։

«Խօսքը վերաբերում է աւելի հեռագնայ ծրագրերին։ Ես շատ կը ցանկանայի, որ խօսւէր Մեղրու ազատ տնտեսական գօտու մասին, դրա մասին բացարձակ լռութիւն է հայկական կողմում։ Այն չափազանց կարեւոր է, հաշւի առնելով ոչ միայն տնտեսական կողմը, այլեւ դրա նշանակութիւնը քաղաքական իմաստով, հաշւի առնելով նաեւ Սիւնիքի շուրջ ընթացող վերջին զարգացումները։

Ուստի, եթէ խօսքը վերաբերում է հայ-իրանական տնտեսական յարաբերութիւններին, ապա այստեղ կան առաջնահերթութիւններ, որոնցից մէկը պէտք է լինի հաղորդակցութեան ուղիների զարգացումը Սիւնիքի տարածաշրջանում։ Խօսքը վերաբերում է Հիւսիս-Հարաւ մայրուղու շինարարութեանը։ Առաջնահերթութիւններից յաջորդը վերաբերում է էներգետիկ ոլորտին, այդ ոլորտում պէտք է կրկին զարգացնենք յարաբերութիւնները, այդ առաջնահերթութիւնների թւում է նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գօտին։ Հիմա որքանով են այս առաջնահերթութիւնները գիտակցւում եւ տեղ գտնում այսօր իրենց իշխանութիւն համարողների օրակարգում՝ դժւար է ասել»,- շեշտեց Վարդան Ոսկանեանը։

Հարցին՝ յունւարի 11-ին արդէն ստորագրւել է եռակողմ փաստաթուղթ ճանապարհների ապաշրջափակման մասին, հիմա իրատեսակա՞ն է, որ Հայաստանը կարող է կեանքի կոչել հայ-իրանական երկաթգծի վերաբերեալ ծրագիրը, յոյսը չդնելով Նախիջեւանի երկաթգծի վրայ, Վարդան Ոսկանեանը պատասխանեց, որ դրա մասին վերջին երեք տարիների ընթացքում որեւէ անգամ իշխանութիւնների կողմից խօսք չի հնչել։

«Սա դուրս է մնացել մեր քարոզչական օրակարգից, եւ կարծում եմ՝ այս պայմաներում, այս իշխանութիւնների օրօք նման հեռագնայ ծրագրերի մասին խօսելը տեղին չի լինի, որովհետեւ, ըստ էութեան, նրանք ապրում են այսօրեական ռեժիմով, որը ցաւալի է, բայց փաստ է։ Հետեւաբար՝ կարծում եմ՝ այս ծրագիրն օրակարգից դուրս է եկել։ Ինչ վերաբերում է հաղորդակցութեան ուղիների բացմանը, ապա այստեղ կան Իրանի հետ չափազանց կարեւոր անելիքներ։ Իրանական կողմի հետ պէտք է յստակօրէն սահմանենք կարեւոր օրակարգ, դա Սիւնիքի տարածաշրջանի արդիականութեան պահպանումն է հայ-իրանական տնտեսական, քաղաքական բոլոր տիպի յարաբերութիւններում։ Նախիջեւանեան ուղին չպէտք է միտւած լինի նրան, որ Սիւնիքը կոմունիկացիաների առումով ստանայ լուսանցքային կարգավիճակ, ինչը չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից։ Ուստի երկկողմ օրակարգի շրջանակներում այս խնդիրը պէտք է յստակօրէն արծարծւի։ Ինչ վերաբերում է իշխանութիւնների կողմից այդ խնդիրների լուծման ունակութիւններին կամ օրակարգը պահելուն, ապա անկեղծ չեմ հաւատում, որ դա նրանք կանեն, բնական է, որ այս բոլոր օրակարգերը պէտք է թարմացւեն»,- եզրափակեց Վարդան Ոսկանեանը։

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։