Հա

Քաղաքական

26/01/2021 - 13:00

«Նիկոլ Փաշինեանն իր փրկութեան համար առեւտրի առարկայ է դարձնում Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն ընդհանրապէս». Կարէն Բեքարեան

Այս իշխանութիւնը գնում է խախտելու մեր գոյութեան ամենակարեւոր բանաձեւը՝ Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ կերպ չի կարող եւ չպէտք է կառուցի իր արտաքին քաղաքականութիւնը՝ ուժային կենտրոնների շահերի բախման հաշւին: 

«alikonline.ir» - Այս իշխանութիւնը գնում է խախտելու մեր գոյութեան ամենակարեւոր բանաձեւը՝ Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ կերպ չի կարող եւ չպէտք է կառուցի իր արտաքին քաղաքականութիւնը՝ ուժային կենտրոնների շահերի բախման հաշւին: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարէն Բեքարեանը: Գրում է Tert.am-ը:

«Հակառուսականութիւն սերմանող ալիքի ներքոյ, յիշեցնեմ վարչապետի յօդւածը (Փաշինեանը տողատակերում մեղադրում էր ՌԴ-ին, որ իբրեւ ռուսական առաջարկները ենթադրում էին միակողմանի զիջումներ հայկական կողմերից - Tert.am), ոչնչում որեւէ օպերատիւութեամբ երբեւէ աչքի չընկած Անվտանգութեան խորհրդի քարտուղարն այսօր շտապեց պաշտօնավարման հետ կապւած շնորհաւորել ԱՄՆ նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդականին՝ շնորհակալութիւն յայտնելով ԱՄՆ-ին Ղարաբաղեան կարգաւորման գործընթացի տարաբնոյթ փուլերում, ներառեալ կարգավիճակի հետ կապւած հարցերում, իր ներգրաււածութեան համար: Որտե՞ղ էք տեսել դա, Թրամփի յայտարարութեան մէ՞ջ», - նշել է նա:

Կարէն Բեքարեանի խօսքով՝ պատերազմի նախաշեմին եւ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի պահւածքը եւ հետեւաբար ԱՄՆ-ի հետ աշխատանքը հասկանալու համար բաւական է յիշել ռազմական գործողութիւնների ամենաակտիւ փուլում, երբ հրետակոծւում էին անգամ խաղաղ բնակավայրերը, Թրամփի արած յայտարարութիւնն այն մասին, որ ամերիկեան նախաձեռնութիւնը յաջողել է, եւ ստացւել է կրակը դադարեցնել:

«Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ կարգի աշխատանք չկար, եւ հիմա փորձ է արւում Բայդէնի պաշտօնավարումից յետոյ իրականացնել ինչ-որ գործողութիւններ, որոնք պարզ տրամաբանութեամբ ընկալելը փորք-ինչ դժւար է», - նշել է նա:

Այդ համատեքստում երկրորդ բաւականին հետաքրքիր էլեմենտը, վերլուծաբանի դիտարկմամբ, ի դէմս Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում նոր դեսպանի սպասւող նշանակումն է:

«Մարդ, որը դիւանագիտութեան հետ չունի որեւէ առնչութիւն, փաստօրէն նշանակւելու է, գոնէ ինքն անձամբ դա չհերքեց, աշխարհի գերտէրութիւններից մէկում, Մինսկի խմբի համանախագահ երկրում, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ երկրում Հայաստանի դեսպան»,- նշել է նա՝ յաւելելով, որ Մակունցն ունի ընդամենը մէկ կարեւոր արժանիք՝ շատ մտերիմ է վարչապետի պաշտօնը զբաղեցնողին:

«Դա նորմա՞լ է դիւանագիտական յարաբերութիւնների, դիւանագիտական աշխատանքի, արտաքին քաղաքականութեան իրականացման տեսանկիւնից: Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ ոչ»,- նշել է Կարէն Բեքարեանը:

Վերլուծաբանի խօսքով՝ հերթական անգամ ինչ-որ բան է եփւում Հայաստանի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի թիկունքում:

«ԱՄՆ-ի ակտիւանալը կամ նրան դրդելն ակտիւացման, ինչը տեղի է ունենում այս օրերին, զուգահեռաբար հակառուսականութեան ինչ-ինչ էլեմենտներ մտցնելով, յուշում է, թէ ինչ է փորձում անել այս իշխանութիւնը եւ վարչապետի պաշտօնը զբաղեցնողը»,- ընդգծել է նա:

Կարէն Բեքարեանը եւս մէկ անգամ ընդգծել է, որ մեր արտաքին քաղաքականութիւնը պէտք է կառուցւի միայն ու միայն շահերի հատման ծիրում, քանի որ Հայաստանի համար դժւար կը լինի շարունակել իր ընթացքն օրինակ ռուս-ամերիկեան շահերի բախումով առաջացած փլատակների տակից:

«Այսօր բոլորիս աչքի առաջ խախտւում է այս ոսկէ բանաձեւը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ վարչապետի պաշտօնը զբաղեցնողն իր փրկութեան համար առեւտրի առարկայ է դարձնում Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնն ընդհանրապէս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։