Հա

Քաղաքական

30/01/2021 - 11:00

«Հանրապետութեան հիմնադիր Արամն ու երկիրը պարտութեան մատնած հակաԱրամը». «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկեանի հետ

Խօսքս ուզում եմ այսօր վերնագրել՝ Արամն ու հակաԱրամը: Ահա թէ ինչու: Այսօր փոքրաթիւ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին Առաջին Հանրապետութեան հիմնադիր, մեր պետականութեան 600-ամեայ դադարից յետոյ վերականգման ճարտարապետներից մէկի՝ Արամ Մանուկեանի յուշարձանին: Այնպէս չէ, որ երկրում եղած մթնոլորտի պատճառով է, որ շատերը չեկան Արամին այցի: Այդպէս է եղել արդէն երկար տարիներին: Արամին յիշում են, խոնարհւում են դաշնակցականներն ու այն մարդիկ, որոնք գնահատում են նրա գործը, վաստակը, պայքարը: 

Խօսքս ուզում եմ այսօր վերնագրել՝ Արամն ու հակաԱրամը: Ահա թէ ինչու: Այսօր փոքրաթիւ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին Առաջին Հանրապետութեան հիմնադիր, մեր պետականութեան 600-ամեայ դադարից յետոյ վերականգման ճարտարապետներից մէկի՝ Արամ Մանուկեանի յուշարձանին: Այնպէս չէ, որ երկրում եղած մթնոլորտի պատճառով է, որ շատերը չեկան Արամին այցի: Այդպէս է եղել արդէն երկար տարիներին: Արամին յիշում են, խոնարհւում են դաշնակցականներն ու այն մարդիկ, որոնք գնահատում են նրա գործը, վաստակը, պայքարը: 

Խորհրդային տարիներին գաղտագողի, կագեբեական լրտեսների աչքից հեռու Երեւանի քաղաքային գերեզմանոցում նրա շիրիմին այցի էին գնում մի բուռ հայրենասէրներ, մտաւորականներ, համալսարանականներ: Յետոյ արդէն անգամ Հայաստանի անկախացումից յետոյ, հակառակ իր վաստակին, գործին, Արամին փորձեցին թողնել ստւերում: Ենթադրելի էր, որ Արամին նոյնացնում էին Դաշնակցութեան հետ, ու խուսափում էին նրան ներկայացնել պետականութեան վերակերտչի կերպարով: Որքան էլ ասւում էր, որ Արամը համազգային դէմք է, գործիչ է, նեղ կուսակցական դիտակէտով չպէտք է նրան ընդունել: Բայց բոլոր ժամանակներում իշխանաւորների վախը եղել է: Անգամ երկար ջանքերից յետոյ, երբ արդէն հնարաւոր եղաւ Երեւանի կենտրոնում, Հանրապետութեան հրապարակում վեր հառնեցնել Արամ Մանուկեանի յուշարձանը, դա չեղաւ պետական միջոցներով: Դաշնակցութեան նախաձեռնութեամբ, բարերաների մասնակցութեամբ գործը գլուխ էր գալիս արդէն 2018 թւականին: Անգամ այդ պայմաններում խոչնդոտներն անսպառ էին: Արամի յուշարձանն արդէն 2018-ի ապրիլին պատրաստ էր, պատրասւում էին մայիսի 28-ին, Առաջին Հանրապետութեան կերտման օրը կազմակերպել բացումը: Սակայն այս անգամ խոչնդոտը նոր իշխանութիւնների կողմից էր: Երկրի բարձրագոյն իշխանութեան մակարդակում հազար ու մի պատճառաբանութիւններով ձգձգւում էր Արամի արձանի բացումը: Մինչեւ, որ առանց պետական որեւէ արտօնութեան որոշւեց յուլիսի 17-ին, 2018-ին Արամ Մանուկեանին իր պատւաւոր տեղը յատկացնել Երեւանում: Արամի համազգային տարողութիւնն անգամ այդտեղ էր արտայայտւել: Իր շուքի տակ հաւաքել էր բոլորին՝ նախագահ, Վեհափառ, վարչապետ: Նիկոլին սիրողին ու չսիրողին, անգամ Արամ Մանուկեանի յուշարձանի նախագծի դէմ ամիսներ առաջ Երեւանի աւագանում դէմ արտայայտւողներին:

Արամն էր, որ 1918-ին միաւորեց հայութեանը, Արամն արդէն հարիւր տարի անց՝ 2018-ին կրկին միաւորող դեր ունեցաւ: Թւում էր լաւ մեկնարկ, լաւ սկիզբ, լաւ խորհուրդ, որ կարող էր նաեւ բովանդակութիւն ստանալ: Այդ օրը խօսք ասեց նաեւ Նիկոլ Փաշինեանը: Այդ խօսքն այսօր արդէն կարող եմ կոչել Արամն ու հակաԱրամը: Այդ օրը ճնշող մեծամասնութեան մօտ խօսքի բովանդակութեանը կասկածողներ գրեթէ չկային, մեծ մասի համար դա հոգու խորքից բխող խօսք էր, որ արտասանեց Փաշինեանը: Բայց կրկնեմ, ճնշող մեծամասնութեան համար միայն: Կար մի փոքրամասնութիւն, որը թերահաւատ էր նիկոլական խօսքին, որը հիմա երեւի ափսոսում է, որ իր այդ թերահաւատութիւնը տեղին էր, վախերը՝ արդարացւած: Թանկ գին էր վճարւելիքը: Գովեստի արժանացաւ Փաշինեանի խօսքը, որն արձանագրեց՝ «ի դէմս նրա (Արամ Մանուկեանի), գործ ունենք մեր պատմութեան մեծագոյն առաքեալի հետ, որովհետեւ նրա կեանքը եւ գործունէութիւնը նման է ոչ թէ մի մարդու կեանքի եւ գործունէութեան, ով ծնւեց, ապրեց եւ մահացաւ, այլ ծնւեց իրականացնելու համար մի մեծ առաքելութիւն եւ ի վերջոյ իրագործեց այդ առաքելութիւնը»:

Հանրապետութեան հիմնադրի առաքելութիւնների մասին խօսելուց յետոյ յուլիսի 17-ին, 2018-ին, Արամի յուշարձանի մօտ նա սկսեց ներկայացնել առաքելութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան պետական այրերը, հանրային այրերը, բոլորը, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների առաքելութիւնն է «լինել արժանի Արամ Մանուկեանին, լինել արժանի նրա առաքելութեանը եւ ապրել այնպէս, որպէսզի ունենանք իրաւունք ամէն անգամ Արամ Մանուկեանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մէջ եւ ասել՝ մենք տէր ենք Ձեր առաքելութեանը Տիար Արամ Մանուկեան եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր յաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս յաղթանակած է յաւիտեան»: Ահա թէ ինչու այսօր խօսքս վերանգրած եմ ներկայացնում՝ Արամն ու հակաԱրամը: Ինչպիսինն էր Արամը, որին 2018-ին խոստացաւ նմանւել Փաշինեանն ու իր իշխանութիւնը, բայց գործեց ամբողջովին հակառակ, դառնալով՝ հակաԱրամ:

Ինչո՞ւ այս ջրբաժանը գծեցի. քանի որ Արամ Մանուկեանը չեղած պետականութեան պայմաններում հայութեանն առաջնորդեց Յաղթանակի՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում, իսկ Փաշինեանի կառավարումը, իր տամադրութեան տակ ունենալով, թէկուզ թերութիւններով, բայց կայացած պետական եւ անվտանգային լիարժէք համակարգ, զինւած ուժեր, յանգեցրեց 44-օրեայ պատերազմից յետոյ կապիտուլեացիայի, այն էլ գաղտագողի, վախւորած ու ամէն օր նոր զիջումներով ընթացքի:

Արամ Մանուկեանը չբողոքեց ամէն քայլափոխի, թէ երեւանցին վախենում է մեկնել ռազմաճակատ, փախուստ է տալիս, զէնք չի վերցնում, որն այդպէս էր իրականում, այլ ուղղակի երկաթեայ բռունցքով սաստեց այդ ամենը, ու դարձաւ համաժողովրդական պայքարի մղիչ ոււժը:

Փաշինեանը 44 օրւայ ընթացքում աւելի շատ ֆէյսբուքեան ստատուսներով ինչ-որ խորհրդաւոր դաւաճանութիւնների ու դաւաճանների, անհասցէ մեղադրանքների մասին գրեց, քան կառավարման գործով զբաղւեց:

Արամ Մանուկեանը Սարդարապատում յաղթելուց յետոյ միայն Երեւանում ընդունեց թուրք զօրահրամանատար Վեհիբ Փաշային, որին յաղթել էր նաեւ Վանի պաշտպանութեամբ, ու թուրք զինւորականն ակնածանքով եկաւ Արամ Մանուկեանի մօտ: Իսկ Նիկոլ Փաշինեանը, որ ամէն քայլափոխի անցնող տարիներին խօսում էր Ալիեւի կիրթ լինելու ու Արցախեան հարցը խաղաղ լուծելու պատրաստակմաութեան մասին, արժանացաւ Ալիեւի ծաղրանքին, «նէ օլդու փաշինեան» հայութեան համար կարծես անէծք դարձած թեւաւոր խօսքին, ու չպատասխանեց անգամ, դեռ ճաշի էլ նստեց հետը:

Արամ Մանուկեանը նեղ տեղում՝ ուղղակի աւազի վրայ, իր զինակիցներով հիմնեց պետութիւն, պետական համակարգ, որբերի ու գաղթականների երկրում սոցիալական կառոյցներ, կրթութիւն, բանակ, իսկ Փաշինեանն այս երեք տարւայ ընթացքում ուղղակի ամլութեան մատնեց կառավարման աշխատող համակարգը՝ դարձնելով այն չգործող, անկարող մի կառոյց:

Արամ Մանուկեանը թէեւ համարւում էր Հանրապետութեան անվերապահ առաջնորդ, բայց հրաժարւեց կառավարութիւնը ղեկավարել, հրաժարւեց վարչապետութիւնից ու ստանձնեց միայն ներքին գործերի նախարարութիւնը, որի պարտականութիւնների մէջ էր գաղթականութեանը, փախստականներին օգնութեան հասնելը, երկիրը ոտքի կանգնեցնելը: Իսկ Փաշինեանը Սարգսեանին հեռացնելուց յետոյ հանդէս եկաւ մէկ վերջնագրով՝ կամ ինքը լինում է վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենում:

Արամ Մանուկեանը աշխատանքում ոչ թէ մեղաւորներ փնտրեց, ռուսահայ, տաճկահայ, ցարական ու օսմանական տարբերակումները դրեց Արարատի փէշերի տակ հաւաքւած հայութեանը, այլ եղաւ գործի առաջամարտիկը, այդ աշխատանքում էլ վարակւեց գաղթականներից ու հոգին աւանդեց:

Փաշինեանն անգամ հայաստանեան եղանակային անբարենպաստ պայմանների համար սկսեց մեղադրել նախկիններին, շրջապատին ու դոփեց տեղում:

Արամն ապրեց ժուժկալ կեանքով, չունենալով անգամ մէկ տուն, մի քանի ձեռք հագուստ: Իսկ հիմա ողջ երկիրը փաստերով խօսում է Փաշինեանների ցոփ կեանքի մասին: Վերջապէս Արամը գործեց Շուշիում, այնքան սիրւեց, որ մինչեւ հիմա վէճ կայ Արամը շուշեցի է, թէ՞ կապանցի: Իսկ Փաշինեանի օրօք Շուշին յանձնւեց թուրքին:

Այսպիսինն են Արամն ու հակաԱրամ Փաշինեանը: Ու անկեղծ ասած՝ ինչու այսօր այս երկընտրանքը դրեցի. քանի որ 2018 թւականի յուլիսի 17-ին Արամ Մանուկեանի արձանի մօտ թէեւ Նիկոլ Փաշինեանը խոստացաւ այնպէս գործել, որպէսզի ամէն անգամ նրա արձանի մօտով անցնելիս ունենայ իրաւունք «ուղիղ նայել նրա աչքերի մէջ եւ ասել՝ մենք տէր ենք Ձեր առաքելութեանը Տիար Արամ Մանուկեան եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր յաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս յաղթանակած է յաւիտեան»:

Շուրջ երեք տարւայ ընթացքում երբեք, երբեք Արամ Մանուկեանի յուշարձանի մօտ պետական յիշատակման միջոցառում չի կազմակերպւել, ծաղիկ չի խոնրահւել, յիշատակի հաւաք կառավարական մակարդակով չի եղել ու Նիկոլ Փաշինեանն էլ չի կատարել իր խոստումը՝ գէթ մէկ անգամ ուղիղ նայի Արամի աչքերի մէջ ու յաշւետու լինի: Ինչո՞ւ: Քանզի ինքը նոր Արամը չէր, այլ՝ հակաԱրամը:

 

Yerkirmedia.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։