Հա

Քաղաքական

30/01/2021 - 12:25

Նիկոլ Փաշինեանը կարող է պայթեցնել ականը

Ամէն օր մամուլում տեղեկութիւններ են հրապարակւում այն մասին, որ իշխանութիւնը ամենատարբեր կոմպրոմատների, շանտաժի միջոցով փորձում է իր թիմակիցներին՝ իշխող «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորներին, վերահսկելի պահել, կանխել նրանց հեռացումը։ Այսինքն՝ իշխանութիւնը, Նիկոլ Փաշինեանը կորցրել է հեղինակութիւնը անգամ սեփական թիմակիցների շրջանում եւ ստիպւած է դիմել ծայրայեղ մեթոդների։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Ամէն օր մամուլում տեղեկութիւններ են հրապարակւում այն մասին, որ իշխանութիւնը ամենատարբեր կոմպրոմատների, շանտաժի միջոցով փորձում է իր թիմակիցներին՝ իշխող «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորներին, վերահսկելի պահել, կանխել նրանց հեռացումը։ Այսինքն՝ իշխանութիւնը, Նիկոլ Փաշինեանը կորցրել է հեղինակութիւնը անգամ սեփական թիմակիցների շրջանում եւ ստիպւած է դիմել ծայրայեղ մեթոդների։

Իսկ իշխանութիւնն առանց հեղինակութեան՝ վերածւում է ընդամենը պարտադրանքի ֆորմալ լծակների համակարգի։ Առանց հեղինակութեան իշխանութիւնը դադարում է լինել մարդկային ու չի ծառայում մարդուն։ Առանց հեղինակութեան իշխանութեան համար մարդը նպատակից վեր է ածւում միջոցի։ Հէնց դա է հիմա տեղի ունենում Հայաստանում։

Կառավարման, հոգեբանութեան մէջ, բացի իշխանութեան հեղինակութիւնից, առանձնացւում է նաեւ հեղինակութեան իշխանութիւն կատեգորիան։ Դա ոչ ֆորմալ իշխանութեան տեսակ է, որը կրում են հանրութեան մէջ հեղինակութիւն ունեցող խաւերն ու անհատները։ Դա պայմանականօրէն էլիտայի կամ ընտրախաւի իշխանութիւնն է, որն առաւելապէս խօսքով կարող է ազդեցութիւնն ունենալ հանրային կեանքի վրայ։ Նիկոլ Փաշինեանն անցած շուրջ երեք տարիների ընթացքում հետեւողականօրէն ու մեթոդաբար կազմաքանդել է առանց այդ էլ հեղհեղուկ վիճակում գտնւող էլիտաները, նրա բոլոր քայլերն ուղղւած են եղել երկրում բոլոր հեղինակութիւնների վերացմանն այնպէս, որ միակ հեղինակութիւնը մնայ ինքը։

Պատերազմը, սակայն, հողին է հաւասարեցրել իր հեղինակութիւնը, ինչի արդիւնքում այսօր Հայաստանն ապրում է տոտալ ճգնաժամ՝ իշխանութեան հեղինակութեան եւ հեղինակութեան իշխանութեան ճգնաժամ։

Իշխանութիւնը դադարել է ներկայացնել հանրային տրամադրութիւնները, նոյն իշխանութեան իրականացրած քայլերի պատճառով քաղաքական դաշտն ամայացել է այնպէս, որ չկան այդ տրամադրութիւնները ներկայացնող ուժեր ու անհատներ։ Բայց դրանից հանրային տրամադրութիւնները չեն վերանում կամ վերափոխւում, մթնոլորտը լցւած է բողոքով, դժգոհութեամբ, որը քաղաքական ձեւակերպում չստանալու դէպքում կարող է ամենատարբեր, այդ թւում՝ վտանգաւոր ու անցանկալի դրսեւորումներ ստանալ։ Հայաստանը ներկայումս թեւակոխել է լատենտ գործընթացների փուլ, որոնցում քաղաքականութեան դիսֆունկցիայի պատճառով աւելի ու աւելի յաճախ են հնչում բռնութեան, հաշւեյարդարի կոչեր։

Հեղինակութեան ճգնաժամի ու հեղինակութիւնների բացակայութեան պատճառով դրանք կարող են դառնալ պետութեան տակ դրւած ականներ, որոնք կը պայթեն առաջին իսկ կայծի դէպքում։ Նիկոլ Փաշինեանին թւում է, թէ կեղծ օրակարգեր առաջ բերելով ու կեղծ գործընթացներ յարուցելով, այդ թւում՝ արտահերթ ընտրութիւններով, կարող է պարպել այդ դժգոհութիւնը, մինչդեռ առանց խնդիրների խորքային  պատճառների վերացման, կեղծիքն ինքը կարող է դառնալ պայթիւնի համար անհրաժեշտ այդ աննշան կայծը։

Հայաստանն ապրում է իշխանութեան ու հեղինակութեան զուգահեռ ճգնաժամի պայմաններում՝ գործնականում առանց իշխանութեան ու առանց հեղինակութիւնների։ Դա, իր հերթին, կարող է ստեղծել նոր, աւելի խորը ճգնաժամ, որն արդէն հնարաւոր չի լինի յաղթահարել ոչ իշխանութեան, ոչ էլ հեղինակութիւնների միջոցով։

 

168.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։