Հա

Քաղաքական

30/01/2021 - 15:20

«Չի կարելի անընդհատ փորձել մանիպուլեացիաներով, գաւառական շուստրիութեամբ մոլորեցնել ժողովրդին». Նաիրա Զոհրաբեանը` Շուշիի վերաբերեալ Փաշինեանի պարզաբանման մասին

Եթէ ես յարգանք ունենայի Նիկոլ Փաշինեանի հանդէպ, ես նրան բարեկամաբար որպէս նախկին գործընկեր խորհուրդ կը տայի ընդհանրապէս չփորձել սրբագրել իր մտքերը, քանի որ աւելի վատթարացնում է իր նախնական յայտնած միտքը: 

«alikonline.ir» - Եթէ ես յարգանք ունենայի Նիկոլ Փաշինեանի հանդէպ, ես նրան բարեկամաբար որպէս նախկին գործընկեր խորհուրդ կը տայի ընդհանրապէս չփորձել սրբագրել իր մտքերը, քանի որ աւելի վատթարացնում է իր նախնական յայտնած միտքը: Այս միասն Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի` Շուշիի վերաբերեալ յայտարարութեան պարզաբանմանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինեանն այսօր ֆէյսբուքեան ուղիղ եթերում նշեց, որ ԱԺ-ում իր ասածը Շուշիի կարգավիճակի,  ոչ թէ ծագումնաբանութեան մասին էր, եւ իրենք պատմական հարց չեն քննարկել, թէ Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին:

Նաիրա Զոհրաբեանը նկատեց, որ թէ՛ ՌԴ նախագահը, թէ՛ ՀՀ ԱԳ նախկին նախարարը, թէ՛ բոլոր նախկին ղեկավարները փաստել են, որ բանակցութեան որեւէ փուլում Շուշին Ադրբեջանին յանձնելու սցենար չի եղել: «Ինչ վերաբերում է իր այն պնդմանը, թէ Շուշին խորհրդային տարիներին 90 տոկոս բնակեցւած է եղել ադրբեջանցիներով, այստեղ մի փոքր ողբերգական շտկում կայ, քանի որ 20-ական թւականներին Շուշիում հերթական հայերի հանդէպ ջարդը եւ էթնիկ զտումներն են եղել, դրա համար է բնակչութեան բալանսը փոխւել է»,- ասաց նա եւ նշեց, որ Շուշին հազարամեակներով եղել է հայկական քաղաք, հայկական մշակութային կենտրոն եւ նման ձեւակերպումներն անարգանք են հայկականութեան հասցէին:

«Եթէ անգամ Շուշին մնար հայկական վերահսկողութեան ներքոյ եւ տեսականօրէն ընդունէինք, որ պայմանագրում ամրագրւէր, որ փախստականները վերադառնում են Շուշի, ապա ես ամենայն պատասխանատւութեամբ հայտարարում եմ, որ պատրաստ եմ Նիկոլ Փաշինեանի հետ ուղիղ բանավէճի մասնակցել, որ որեւէ ադրբեջանցի չէր վերադառնալու Շուշի, եթէ Շուշին մնար հայկական վերահսկողութեան ներքոյ, որովհետեւ նոյն տրամաբանութեամբ, եթէ հիմա Ալիեւը յայտարարի, որ Շուշին լքած հայերը կարող են վերադառնալ Շուշի եւ անգամ գրի ու ստորագրի, որ ապահովում է իրենց անվտանգութիւնը, ապա ես վստահեցնում եմ, որ որեւէ հայ Շուշի չի վերադառնալու, նոյն կերպ ադրբեջանցի չէր վերադառնայ»,- ասաց նա եւ նոյնիսկ օրինակ բերեց, որ եթէ անգամ Արցախի ղեկավարութիւնը յայտարարի, որ պատրաստ է ընդունել ադրբեջանցի փախստականներին, եւ նրանք կարող են վերադառնալ Ստեփանակերտ, անգամ ռուս խաղաղապահների ներկայութեան գործօնը հաշւի առնելով, մէկ ադրբեջանցի չի վերադառնալու Ստեփանակերտ:

«Չի կարելի անընդհատ փորձել մանիպուլեացիաներով, գաւառական շուստրիութեամբ մոլորեցնել ժողովրդին: Բաւական է, ինքը պէտք է կանգ առնի եւ հասկանայ, որ գնալու է, ինքը ամէն 24 օր զբաղւած է յաջորդ 24 օրը իր պաշտօնաւորումը երկարացնելով»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբեանը նշեց, որ եթէ հոկտեմբերի 19-ին մենք պատերազմը կանգնեցնէինք, ապա այդ ժամանակ պաշտօնական տւեալով 927 զոհ ունէինք, եւ Ադրբեջանը կարողացել էր գրաւել Արցախի Հարավային փոքր հատւածը: «Բայց Նիկոլ Փաշինեանը ոչ միայն չի կանգնեցրել պատերազմը, որի արդիւնքում մենք մի քանի անգամ աւելի քիչ զոհեր, գերիներ կունենայինք, եւ հսկայական տարածքներ կը մնային Արցախին, այլ նաեւ այդ մասին չի յայտնել Անվտանգութեան խորհրդի նիստում:

«Բայց եթէ անգամ տեսականօրէն ընդունէինք, որ Նիկոլ Փաշինեանը ճիշտ է, եւ ընդունենք, որ հէնց յաջորդ օրը բոլոր ադրբեջանցիները հաւաքելու էին իրենց ճամպրուկները, գալու էին Շուշի, անգամ այդ դէպքում պէտք էր կանգնեցնել պատերազմը, քանի որ կը կորցնէինք ընդամենը Արցախի հարաւից մի փոքր հատւած, եւ չէինք ունենայ հազարաւոր զոհեր: Միեւնոյն է վաղը միւս օրը անկախ դատարանը, անկախ քննիչ-յանձնաժողովները քննարկելու են Արցախի դաւաճանական յանձնումը, սա ընդամենը ժամանակի հարց է»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում պատասխանելով Նաիրա Զոհրաբեանին՝ Նիկոլ Փաշինեանը նշել էր, որ ընդհանրապէս չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտութիւնից առաջ ունեցել է 90 եւ աւելի տոկոս ադրբեջանական բնակչութիւն: «Այսինքն` դուք ուզում էք ասել, որ 90 եւ աւելի տոկոս բնակչութիւն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»,- ասել է Նիկոլ Փաշինեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։