Հա

Քաղաքական

31/01/2021 - 11:40

«Մենք կոտրւելու իրաւունք չունենք». Ն. Յոխիկեանը՝ մեդիափորձագէտներին, վերլուծաբաններին եւ կարծիքի ձեւաւորման մասնագէտներին

Պատերազմից յետոյ հոգենաբական տրաւմայից խուսափել են երկու տեսակի հայեր՝ հայրենիքի, զինւորի, պետականութեան նկատմամբ որեւէ սէր չունեցողները եւ պատերազմի սցենարին ծանօթ մարդիկ։

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«Պատերազմից յետոյ հոգենաբական տրաւմայից խուսափել են երկու տեսակի հայեր՝ հայրենիքի, զինւորի, պետականութեան նկատմամբ որեւէ սէր չունեցողները եւ պատերազմի սցենարին ծանօթ մարդիկ։ 

Հայ ժողովրդի միւս բոլոր մակարդակներում շոկային վիճակ է։ Եթէ Արցախի, ՀՀ-ի կամ Սփիւռքի հայերը ընդհանուր առմամբ ծանր են տանում հայրենիքի մի հատւածի կորուստը, մեծ թւով հայրենակիցների զոհւելը եւ «յաղթելու ենք» անւան տակ խաբւելը, ապա փորձագիտական եւ լրագրողական հանրութիւնների վիճակը շատ աւելի ծանր է։ 

Նախապատերազմեան, պատերազմական եւ յետպատերազմեան փուլերում մենք պետութեան կառավարման խոհանոցում տեսնում էինք, թէ ինչ է կատարւում։ Մեզանից ոմանք հաւատացին իշխանութեան հաւաստիացումներին, ոմանք կռիւ տւեցին յանուն մասնագիտական ազնւութեան, ոմանք էլ չհաշտւեցին սցենարների հետ ու պայքարեցին մինչեւ վերջ։ 

Պատերազմի այս փուլի աւարտից անցել է մօտ 3 ամիս։ Տեսնում եմ, որ վերլուծաբանները եւ փորձագէտները հիմնականում դեռեւս չեն կարողանում ուշքի գալ։ Շատերը կորցրել են իրողութիւնների սթափ գնահատումը եւ ադեկւատութիւնը, ոմանք անցել են հայհոյանքով հռետորաբանութեանը, այնինչ մեր պետութեան կառավարման մեքենան շարունակում է մեծ թափով գլորւել դէպի անդունդը։ 

Մենք պարտաւոր ենք թափ տալ մեզ, ոտքի կանգնել եւ կատարել մեր մասնագիտական պարտքը՝ յանուն հայրենիքի, յանուն պետականութեան։ Մենք պարտաւոր ենք իրողութիւնները գնահատել անկողմնակալ, սթափ եւ օպերատիւ։ Պարտաւոր ենք անել ամէն հնարաւոր ու նոյնիսկ անհնարը՝ յանուն մեր ժողովրդի եւ պետականութեան։ 

Իշխանութիւնները ժամանակաւոր են։ Նրանք կարող են լինել յաջողակ, ձախողւած կամ 30 արծաթով ծախւած։ Միեւնոյն է, ժամանակաւոր են։ Չկայ մի իշխանութիւն, որը յաւերժ կառավարի։ Լաւ կառավարիչներին ժողովուրդը յիշում է օրհնանքով, վատերին՝ անեծքով։ Չկայ աւելի արդար դատաւոր, քան ազգի միտքն ու հոգին։ 

Ժամանակաւոր կառավարիչների պատճառով մենք իրաւունք չունենք անտէր թողնելու մեր պետութեան անիւը։ Եթէ անգամ ղեկը անկառավարելի է, միեւնոյն է՝ անիւներին մենք կարող ենք ճիշտ ուղղութիւն տալ եւ հասցնել անվտանգ կանգառ, որից յետոյ էլի մենք ենք աշխատելու անիւների հետ՝ արդէն դէպի բարձունք։ Ոչինչ, որ ղեկի համար պայքարը կը շարունակւի նաեւ այդ ժամանակ։

Մեդիափորձագէտներին, վերլուծաբաններին, կարծիքի ձեւաւորման մասնագէտներին կրկին ու կրկին խնդրում եմ՝ մենք կոտրւելու իրաւունք չունենք։ Պէտք է օր առաջ դուրս գալ աղէտալի շոկային վիճակից ու սթրեսից՝ յանուն հայոց պետականութեան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։