Հա

Քաղաքական

31/01/2021 - 11:50

Հայ-իրանական յարաբերութիւնների մարտահրաւէրները եւ հնարաւորութիւնները

Հայերը եւ իրանցիները՝ որպէս վաղեմի հարեւաններ, ունեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնների ու շփումների բազմահազարամեայ պատմութիւն, իսկ Հայաստան-Իրան սահմանը որեւէ երկու երկրի միջեւ երբեւէ գոյութիւն ունեցած հնագոյն սահմաններից է։ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ ցամաքային սահման ունեցող հարեւաններից Հայաստանի Հանրապետութիւնը միակ քրիստոնէական երկիրն է, ինչը բազմիցս յատուկ կերպով ընդգծւել է նաեւ բարձրաստիճան իրանցի քաղաքական գործիչների պաշտօնական յայտարարութիւններում։

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ

Իրանագէտ

 

Հայերը եւ իրանցիները՝ որպէս վաղեմի հարեւաններ, ունեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնների ու շփումների բազմահազարամեայ պատմութիւն, իսկ Հայաստան-Իրան սահմանը որեւէ երկու երկրի միջեւ երբեւէ գոյութիւն ունեցած հնագոյն սահմաններից է։ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ ցամաքային սահման ունեցող հարեւաններից Հայաստանի Հանրապետութիւնը միակ քրիստոնէական երկիրն է, ինչը բազմիցս յատուկ կերպով ընդգծւել է նաեւ բարձրաստիճան իրանցի քաղաքական գործիչների պաշտօնական յայտարարութիւններում։

1991 թ․ դեկտեմբերի 25-ից՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական ճանաչումից եւ 1992 թ․ փետրւարի 9-ից՝ երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ ստորագրւել է աւելի քան 80 երկկողմանի փաստաթուղթ, իսկ հայ-իրանական քաղաքական յարաբերութիւնները մշտապէս վերընթաց զարգացում են ապրել՝ հիմնւելով բոլոր ուղղութիւններով ակտիւ երկխօսութեան եւ սերտ համագործակցութեան վրայ։

Իրաւաբանօրէն չձեւակերպւած, բայց շատ հարցերում փաստացի դաշինքի ձգտող շիայական իսլամի պատւար պետութեան եւ աշխարհում քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունած առաջին երկրի միջեւ յարաբերութիւնները կարող են որոշակիօրէն տարօրինակ կամ առեղծւածային թւալ, եթէ հաշւի չառնւեն երկու կողմերի ներքին, տնտեսական եւ աշխարհաքաղաքական իւրայատուկ շահերը։

Հայաստանի համար այսպիսի յարաբերութիւնները մեծապէս կարեւոր են յատկապէս 2020 թ․ աշնանն Արցախում տեղի ունեցած պատերազմից յետոյ, հաշւի առնելով սեփական անվտանգութեան բարդ համակարգի վերականգնման անհրաժեշտութիւնը, որը ենթադրում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից թշնամական գործողութիւնների (այդ թւում նաեւ փափուկ ուժի կիրառմամբ) յաղթահարման արդիւնաւէտ մեխանիզմների ստեղծումը, ինչպէս նաեւ Ռուսաստանի հետ ռազմավարական կապերին ի դէմս Իրանի կարեւոր լրացում ապահովելը։

Տնտեսական տիրոյթում Իրանի հետ համագործակցութիւնը, ճանապարհ հարթելով դէպի հարաւային ջրեր, Երեւանը դարձնում է կարեւոր առանցքի խաղացող, որը Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի շնորհիւ կարող է բացել ռազմավարօրէն կարեւոր ամենակարճ երթուղին՝ Եւրոպայից դէպի ասիական շուկաներ (եւ հակառակ ուղղութեամբ) դուրս գալու համար։

Թեհրանի տեսանկիւնից Երեւանի հետ յարաբերութիւնները բաւականին արդիւնաւէտ են թէ՛ միջազգային մեկուսացումը յաղթահարելու, թէ՛ իսլամական պետականութեան կերտման իրանական մոդելի դիւականացման քաղաքականութիւնը չէզոքացնելու համար՝ ի ցոյց դնելով Իրանի բարիդրացիական համագործակցութիւնը քրիստոնէական հնագոյն երկրի հետ։ Բացի դրանից, տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդումն Իրանի շահերից է բխում, հաշւի առնելով Թեհրանի եւ Անկարայի միջեւ երբեմն սուր բնոյթ կրող տարածաշրջանային մրցակցութիւնը, ինչպէս նաեւ Ադրբեջանի Հանրապետութեան հետ հակամարտային չլուծւած կնճռոտ հարցերի գոյութիւնը, յատկապէս, այսպէս կոչւած, Հարաւային Ադրբեջանի նկատմամբ ադրբեջանական իրրեդենտիզմը, որին սատարում է նաեւ պանթուրանականութեան քաղաքականութեան մէջ խորացող էրդողանեան թուրքական վերնախաւը։

Ի հեճուկս այն հանգամանքի, որ թէ՛ տարածաշրջանային եւ թէ՛ միջազգային ասպարէզում համագործակցութեան համարեայ բոլոր ոլորտներում Հայաստանն ու Իրանը փորձում են ոչ միայն հաշւի առնել փոխադարձ շահերը եւ չմասնակցել կողմերից որեւէ մէկի դէմ ուղղւած գործողութիւններին, այլեւ յարատեւօրէն ջանում են հնարաւորինս ամրապնդել եւ ընդլայնել երկկողմանի յարաբերութիւնները բոլոր հնարաւոր տիրոյթներում, Հարաւային Կովկասում ստեղծւած նոր աշխարհաքաղաքական պայմաններում առկայ են օբիեկտիւ եւ սուբիեկտիւ բնոյթի մի շարք հնարաւոր վտանգներ ու սպառնալիքներ, որոնք անտեսւելու կամ ոչ ճիշտ կառավարւելու դէպքում կարող են բացասաբար ազդել երկու երկրների միջեւ ընդհանուր առմամբ բարեկամական-գործընկերային յարաբերութիւնների օրակարգի վրայ։

Հնարաւոր մարտահրաւէրները եւ ռիսկերը, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ապակայունացնող ազդեցութիւն գործել թէ՛ ողջ տարածաշրջանի կացութեան, թէ՛, մասնաւորապէս, Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների վրայ, ձեւաւորւում են ոչ միայն Հարաւային Կովկասում գոյութիւն ունեցող որոշ առարկայական գործօնների, օրինակ՝ խորը պատմական արմատներ ունեցող դեռեւս չլուծւած էթնոքաղաքական հակամարտութիւնն Իրանի սահմաններին կից, այլեւ երրորդ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային խաղացողների՝ տեղի գործընթացներին սուբիեկտիւ միջամտութեան միջոցով, օրինակ՝ Սիրիայից ահաբեկիչների՝ որպէս Թուրքիայի արբանեակների ներգրաւումն Իրանին սահմանակից մերձարաքսեան հատւածում ընթացած ռազմական գործողութիւններում, Իրանի հիւսիս-արեւմտեան նահանգների թուրքախօս իրանցիներին հակահայկական գործունէութեան դրդելու՝ Ադրբեջանի քաղաքական շրջանակների ջանքերը, արեւմտեան երկրների կողմից Իրանի դէմ պատժամիջոցների կիրառումն ու հաւանական պատերազմի սանձազերծումը, Ադրբեջանում Թուրքիայի եւ Իսրայէլի զգալի ներկայութիւնը, Իսրայէլում Հայաստանի դեսպանատան բացումը եւ այլն։ Հայ-իրանական յարաբերութիւնների վրայ անմիջական ուղիղ ազդեցութեան ներուժ ունեցող հիմնական հնարաւոր ռիսկերից կարելի է առանձնացնել հետեւեալը․

• Չնայած վերջին պատերազմին՝ դեռեւս չլուծւած Արցախի, յատկապէս՝ նրա կարգավիճակի խնդիրը, որն ունի Իրանի սահմանների անմիջական մերձաւորութեամբ զինւած հակամարտութեան հերթական նոր թէժ փուլին անցնելու մեծ ներուժ, ինչպէս նաեւ Բաքւի եւ Անկարայի ջանքերով դրանում համապատասխանաբար թուրքախօս իրանցիների եւ մերձաւորարեւելեան ահաբեկիչների ներգրաւման վտանգ,

• Երեւանի վրայ Մոսկւայի մեծապէս աճած ազդեցութիւնը, որը Հայաստանում Ռուսաստանի զգալի քաղաքական եւ ռազմական ներկայութեամբ հանդերձ իրական ռիսկ է ստեղծում, որ Թեհրանի հետ յետագայ յարաբերութիւնները կառուցելիս Երեւանն աւելի շատ է Մոսկւային յետադարձ հայեացք նետելու՝ խօսավարման համար ունենալով փաստացի շատ նեղ միջանցք,

• Հայաստանի քաղաքական համակարգի բարձրագոյն եւ մասամբ վճռորոշ օղակներում 2018 թւականից ի վեր ամերիկամէտ եւ արեւմտամէտ անձանց ներկայութիւնը, որն իրանցի գործընկերների մօտ լուրջ անվստահութիւն է հարուցում,

• Իրանի ներկայիս կառավարութեան բարձրաստիճան պաշտօններ զբաղեցնող «իրապաշտները», որոնց Ադրբեջանում քաղաքական եւ տնտեսական հեռանկարներն աւելի գրաւիչ են թւում․ նրանց կարծիքով՝ Թեհրանի եւ Բաքւի միջեւ տնտեսական համագործակցութիւնը կարող է հարթել երկու երկրների միջեւ առկայ լուրջ քաղաքական խնդիրները,

• Ամերիկեան պատժամիջոցների յարատեւման եւ խստացման հաւանականութիւնը, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից հնարաւոր ռազմական սպառնալիքը, որը ոչ միայն կտրուկ կը սահմանափակի հայ-իրանական համագործակցութեան հնարաւորութիւնները, այլեւ կարող է յանգեցնել Հայաստանի հարաւային սահմանի լուրջ վտանգնմանը՝ արտաքին աշխարհ դուրս գալու համար Հայաստանին թողնելով ընդամենը մէկ՝ Վրաստանով անցնող ճանապարհը,

• Հայաստանի Սիւնիքի մարզով՝ հայ-իրանական սահմանի անմիջական մերձաւորութեամբ Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային «միջանցքի» ստեղծման ծրագիրը եւ Երեւանի ու Թեհրանի միջեւ ուղիղ եւ անմիջական տրանսպորտային հաղորդակցութեան համար հնարաւոր ռիսկերի ի յայտ գալը՝ Իրանից Հայաստան Նախիջեւանով ճանապարհի բացման հնարաւորութեամբ հանդերձ,

• Հայաստան-Իրան միջպետական մայրուղու Սիւնիքի մարզի Գորիս-Կապան հատւածում ադրբեջանական զինւած ուժերի տեղակայումից յետոյ ստեղծւած սպառնալիքներն այս կարեւորագոյն հաղորդակցային ուղու անարգել գործունէութեան համար,

• Երկու երկրներում էլ որոշակի լոբբիստական շրջանակների առկայութիւնը, որոնք տարբեր՝ տեղեկատւական, խորհրդարանական եւ հասարակական շրջանակների մակարդակներում առաջ են մղում Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների խորացմամբ չշահագրգռւած երրորդ ուժերի շահերը։

Հայ-իրանական փոխյարաբերութիւնների հիմնական եւ երկարաժամկէտ հնարաւորութեան տեսանկիւնից յատկապէս կարելի է քննարկել քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում եռակողմ՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը ներառող հարթակի ստեղծման հեռանկարը։ Երեւանի եւ Մոսկւայի միջեւ դաշնակցային յարաբերութիւններն առանց բացառութեան բոլոր ուղութիւններով երկու կողմերի համար էլ ունեն ահռելի ռազմավարական եւ տարածաշրջանային կարեւորութիւն։ Աշխարհաքաղաքական հարթութիւնում տւեալ դաշինքն ապահովում է Հայաստանի անվտանգութեան պահանջարկի զգալի բաժինը՝ յատկապէս ռազմական բաղադրիչի մասով, իսկ ռուսական կողմի համար պահպանում է ոչ միայն Հարաւային Կովկասում լայն ներկայութեան հնարաւորութիւնը, այլեւ կենսականօրէն ոչ պակաս կարեւոր մերձաւորարեւելեան տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելու կարողութիւնը։ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի, իսկ այժմ նաեւ Արցախում ռուս խաղաղապահների առկայութիւնը զսպում են ռազմական վտանգը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իսկ ռուս սահմանապահների ներկայութիւնը Մեղրիում՝ հայ-իրանական սահմանին վերջինիս որոշակիօրէն ռուս-իրանական սահմանային գօտու կարգավիճակ է շնորհում։

Հաշւի առնելով Ռուսաստանի հետ ունեցած բարդ պատմական յարաբերութիւնների փորձը՝ իրանական կողմը թէպետեւ ըմբռնումով է մօտենում Հայաստանում օբիեկտիւօրէն զգալի ռուսական ներկայութեանը եւ հաշւի է առնում տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած շահերը, այսուհանդերձ, որոշ դէպքերում նաեւ պատմական կարծրատիպրով պայմանաւորւած մտավախութիւններ ունի։ Այս առումով հէնց Հայաստանն ունի մեծ հնարաւորութիւն՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ փոխվստահութեան աւելի բարձր մակարդակի ապահովման համար յաջողակ միջնորդ կամ կամուրջ դառնալու՝ «մեղմելով» կողմերի բոլոր մտավախութիւնները Մոսկւա-Երեւան-Թեհրան փաստացի աշխարհաքաղաքական առանցքի ստեղծման միջոցով, որը փոխլրացման միջոցով կարող է ոչ միայն չէզոքացնել հիմնական ընդհանուր սպառնալիքները, այլ նաեւ դրական օրինակ ծառայել այլ շահագրգիռ կողմերի համար։

 

Theanalyticon.com

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։