Հա

Քաղաքական

02/02/2021 - 13:15

«Սիւնիքում միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինւորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրառումով ցուցանակ, սա հակասում է մարդու իրաւունքների միջազգային համակարգի հիմքերին». ՄԻՊ

Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է.

«alikonline.ir» - Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է.

«Ադրբեջանի իշխանութեան մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնօրէն ճանաչւած իրաւունքները ոտնահարող արարքները (հիմնաւորումներ կոնկրետ գործօններով):

Մասնաւորապէս, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գիւղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինւորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներէն ու անգլերէն գրառումով ցուցանակ, ինչպէս նաեւ ադրբեջանական դրօշներ:

Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը յատկապէս վերջին օրերին զայրոյթի ու անհանգստութեան ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպէս նաեւ Ճակատեն, Շիկահող, Սրաշէն, Ծաւ, Ներքին Հանդ, Շիշկերտ գիւղերի բնակիչներից՝ կապւած այդ ցուցանակի հետ: Նոյնը վերաբերում է նաեւ դրօշների տեղադրմանը ճանապարհի այդ հատւածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկութիւններ է ներկայացնել նաեւ Կապան համայնքի ղեկավարը:

Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին են, որ Ադրբեջանի իշխանութիւնների այս քայլերը դիտաւորութիւն ունեն կոպտօրէն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգութեան ու հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան եւ կենսական կարեւորութեան միւս իրաւունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախաւորում են խաղաղ բնակիչներին ու գրեթէ ամենօրեայ կրակոցների հետ միասին դա աւելի է մեծացնում լարւածութիւնը հայաստանեան այդ գիւղերում:

Այս ահազանգերից յետոյ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Սիւնիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներում անմիջապէս նախաձեռնւել է մանրամասն ուսումնասիրութիւն: Տեղում կատարւել են դիտարկումներ տեղում, ինչպէս նաեւ մի շարք քննարկումներ բնակիչների հետ:

Արդիւնքում՝ Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշւած ահազանգերը հաստատւել են:

Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանութեան մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնւազն հետեւեալ գործօնների տեսանկիւնից.

1) Ադրբեջանում շարունակւում է կազմակերպւած հայատեացութեան ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականութիւնը,

2) Ադրբեջանի իշխանութեան բարձրագոյն մարմինները հայ ժողովրդի մասին բացայայտօրէն խօսում են էթնիկ զտումների ու ցեղասպանութեան, ողջ հայ ժողովրդի արժանապատւութիւնը վիրաւորող լեզւով,

3) Ադրբեջանում հնչում են Հայաստանի դէմ նոր պատերազմի բացայայտ կոչեր, այդ թւում՝ երկրում հանրային ճանաչում ունեցող ու նոյնիսկ իրաւապաշտպան ներկայացող անձինք,

4) ուղեկցւում է Հայաստանի Կապան համայնքի նշւած գիւղերի անմիջական հարեւանութեամբ ադրբեջանական զինւորականները արդէն մէկ ամսից աւել է գրեթէ ամէն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թւում՝ լինելով հարբած վիճակում, ինչպէս դիտարկել են գիւղացիները,

5) Կապան քաղաքից Ճակատեն գիւղ տանող ճանապարհին առկայ են ադրբեջանական զինւորականներ՝ զինւած մարդիկ,

6) Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրւել են նման ցուցանակներ ու դրօշներ, յայտնւել են ադրբեջանական զինւորականներ, ընթանում է մարդու իրաւունքների կոպիտ խախտումներով ու վտանգներով, հակասում է մարդու իրաւունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրաւունքի գերակայութեանը, հետեւաբար՝ չունի իրաւական ուժ,

7) Ադրբեջանի զինւած ուժերը հայկական կողմի զինւորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ յատկապէս 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ կատարել են ու շարունակում են կատարել խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ յանցանքներ:

Ուստի, ակնյայտ է, որ Ադրբեջանի զինւորականների նշւած քայլերն արւել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրաւունքները ոտնահարող, նրանց բացայայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որեւէ կերպ նպաստել խաղաղութեանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարւածութիւն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնօրէն ճանաչւած եւ ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորւած իրաւունքներն ու շահերը:

Այս փաստերի վերաբերեալ հաղորդումներ ուղարկւելու են միջազգային կառոյցներին, այդ թւում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացոյցներով): Առանձին հաղորդումներ կուղարկւեն նաեւ միջկառավարական կազմակերպութիւնների յատուկ մեխանիզմներին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։