Հա

Քաղաքական

04/02/2021 - 11:55

«Այս իշխանութիւնն Արցախի մասին որեւէ խօսք այլեւս չի ասում, նրանց համար Արցախի էջը փակւած է, եթէ դրա հետ համակերպւենք, Հայաստանի կորուստը հեռու չէ». Տարօն Տօնոյեան

Սա ոչ թէ ռազմական, այլ քաղաքական պարտութիւն էր, պատերազմում ոչ թէ բանակն է պարտւում, այլ պետութիւնը, իսկ մեր զօրքի մարտական ոգին բարձր է եղել, առաջին տասն օրում մենք չնչին տարածք էինք զիջել, մեր տղաներն ու հրամանատարներն անձնուրաց կանգնել են, եւ եթէ աւելի մեծ կազմակերպւածութիւն եւ ուղղորդւած ուժեր լինէին, պատերազմի ելքն այլ կը լինէր: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ռազմական բժիշկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարօն Տօնոյեանը: 

«alikonline.ir» - Սա ոչ թէ ռազմական, այլ քաղաքական պարտութիւն էր, պատերազմում ոչ թէ բանակն է պարտւում, այլ պետութիւնը, իսկ մեր զօրքի մարտական ոգին բարձր է եղել, առաջին տասն օրում մենք չնչին տարածք էինք զիջել, մեր տղաներն ու հրամանատարներն անձնուրաց կանգնել են, եւ եթէ աւելի մեծ կազմակերպւածութիւն եւ ուղղորդւած ուժեր լինէին, պատերազմի ելքն այլ կը լինէր: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ռազմական բժիշկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարօն Տօնոյեանը: Գրում է Tert.am-ը:

«Բնականաբար, իշխանութիւնը պէտք է համոզի չտեղեկացւած մարդկանց, որ պատերազմն ու նման ելքն անխուսափելի էին: Դա արւում է իրենց մեղքը քողարկելու եւ այն բանակի ուսերին դնելու համար: Մենք հասել ենք խայտառակ ու անթոյլատրելի իրավիճակի, քաոս է եւ անարխիա: Մենք մօտեցել ենք Առաջին հանրապետութեան օրօք բոլշեւիկեան քարոզչութեանը, հիմա դա իմքայլականներն են անում: Ի սկզբանէ ամէն ինչ ծրագրւած էր, Հայաստանը տանում են դէպի Թուրքիա՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցութիւնը Կովկասում թուլացնելու համար, դա այս իշխանութեան նւիրական երազանքն է»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Տօնոյեանի՝ Ադրբեջանն ամէն քայլափոխի մեզ նւաստացնելով՝ իր հեռահար նպատակներն ի ցոյց է դնում, չի էլ թաքցնում դրանք. «Թուրքիան եւ Ադրբեջանն ուզում են ունենալ այնքան թոյլ Հայաստան, որն իրենց գրպանում կը լինի, իրենց կրնկի տակ: Սա մեր քաղաքական վերնախաւի ծրագիրն է՝ ժառանգել են «Մեր պաշտպանւածութիւնը մեր անպաշտպանւածութեան մէջ է» թեզը: Սպայակոյտն ու գեներալիտետը մարտնչել են հերոսաբար, հայկական բանակն սկզբնապէս արժանի հակահարւած է տւել, յետոյ թշնամին կարողացաւ վերակազմակերպել իր ուժերը, մենք՝ ոչ, քանի որ մեր վարչապետը բազմաթիւ անթոյլատրելի սխալներ էր թոյլ տւել պատերազմից առաջ եւ դրա ընթացքում»:

Դաշնակցական գործչի կարծիքով՝ մեր զոհերի ստւար մասն անկազմակերպւածութեան հետեւանք էր, կամաւորականների ընդգրկումը տեղի էր ունենում առանց նախապատրաստման եւ տեղանքին ծանօթանալու. «Պարտւելն էլ է տղամարդու համար, եթէ նա յոյս ունի, որ մի օր ոտքի է կանգնելու եւ վրէժխնդիր է լինելու: Այս իշխանութիւնները դրա յոյսը չեն տալիս: Պաշտպանութեան բանակի կազմալուծումը կը լինի հայկական բանակի վերջը եւ մեր պետականութեան վերջնական կորուստը: Արցախում գտնւողները տեսնում էին, որ Ջրականը չկայ, բայց ասւում էր՝ իբր մարտերն այնտեղ են ընթանում: Սա ոչ թէ ոգեւորեց, այլ ճակատում աւելի մեծացրեց անւստահութիւնը ղեկավարութեան հանդէպ»:

ՀՅԴ ԳՄ անդամի պնդմամբ՝ հադրութցիներն այնքան վստահ են եղել պաշտօնական լրատւութեան վրայ, որ կարծել են, թէ մի քանի ժամից վերադառնալու են, իրենց ունեցւածքը թողել են քաղաքում: «Հադրութցիներին, շուշեցիներին ոգեւորող, լոյս վառող չկայ: Այս իշխանութիւնն Արցախի մասին որեւէ խօսք այլեւս չի ասում, նրանց համար Արցախի էջը փակւած է, եթէ դրա հետ համակերպւենք, Հայաստանի կորուստը հեռու չէ: Ի հեճուկս այս իշխանութիւնների՝ Արցախը պէտք է ունենայ իր Պաշտպանութեան բանակը, Արցախի իշխանութիւնն էլ պէտք է ոչ թէ այսօրւայ պէս կախեալ լինի, այլ իր ինքնուրոյնութիւնն ունենայ»,- ամփոփել է Տարօն Տօնոյեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։