Հա

Քաղաքական

04/02/2021 - 12:10

«Աննա Դանիբէկեանը բաց թողեց հնարաւորութիւնը՝ գիտակցաբար իր վրայ վերցնելով Փաշինեանի ծրագրերի անբաժանելի մասը լինելու պատասխանատւութիւնը». Էլինար Վարդանեան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանեանի յօդւածը։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանեանի յօդւածը։

Այն ամբողջութեամբ կարդացէք՝ ստորեւ։

Դատաւոր Աննա Դանիբէկեանը հրաժարւեց ինքնաբացարկ յայտնել։ Հերթական անգամ նա մերժեց բացարկի մասին պաշտպանական կողմի միջնորդութիւնը։ Կարելի՞ էր ակնկալել այլ որոշում, հաւանաբար՝ այո, հաշւի առնելով զարգացումները մեր երկրում եւ այն պատմական աղէտը, որի պայմաններում նա վարում է դատը։ Այո՝ եթէ տիկին Դանիբէկեանը չընդհատեր եւ մինչեւ վերջս լսէր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանի յայտարարութիւնը, որում մանրամասն ներկայացւում էր հնարաւոր դաւադրութեան ողջ սխեման, որը բերեց մեր երկիրը աղէտի։

Վստահ ենք, ինչպէս տասնեակ հազարաւոր մարդիկ, Ա. Դանիբէկեանը նոյնպէս երեկոյեան մամուլում կարդացել է իր իսկ կողմից ընդհատւած ելոյթը ու գոնէ մէկ բան պէտք է ինքն իր համար արձանագրէր՝ դատավարութիւնը սկսւել է մի ժամանակ՝ երբ Արցախը մերն էր, Շուշին՝ մերը, իսկ 15 հազար տղերքը ողջ ու առողջ էին, իսկ հիմա ընթանում է լրիւ այլ իրականութեան մէջ։

Երկու տարի շարունակ դժւար էր մարդկանց բացատրել, համոզել, թէ որոնք են այս քրէական գործի իրական նպատակները։ Եթէ երկու տարի առաջ քչերն էին ասում, թէ ինչ հրէշաւոր նպատակի համար էր այս քրէական գործը, ինչ ծրագրի բաղկացուցիչ մաս էր կազմում երկու տարի տեւող քննութիւնն ու դատավարութիւնը, Արցախն ազատագրած ղեկավարի եւ գեներալների նկատմամբ իրականցւող քրէական հետապնդումը, ապա հիմա իրականութիւնը դա փաստեց. իրականութիւնը իր ողջ ողբերգութեամբ։ Երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, թէ Ա. Դանիբէկեանը տեղեկացւած չէ սեպտեմբերի 27-ից յետոյ զարգացումներին։

Այս հանգամանքներում, թւում է, թէ մեղադրող դատախազները, գործը քննող դատաւորը պէտք է հրաժարւէին շարունակել ծառայել պետութիւնը փլուզման հասցրած իշխանութիւնների ծրագրերին, պէտք է ապացուցէին հանրութեանը, որ իրենք այդ ծրագրի մասը չեն։ Բայց դա չարւեց դատախազների կողմից, ովքեր նոյն ջանասիրութեամբ շարունակում են հերոսների մեղադրանքը պատւէրով պաշտպանել, չարւեց դատաւորի կողմից, ով նոյն անտարբերութեամբ ու սառնասրտութեամբ շարունակում է կատարել Փաշինեանի կամքը։

Տեղեակ է, արդեօք, տիկին Դանիբէկեանը, թէ ինչպէս է ձեւաւորւել յետյեղափոխական Հայաստանի օրակարգը, ծանօթ է, արդեօք, Աննա Դանիբէկեանը «Կարնեգի» հիմնադրամի 2019 թ. զեկոյցին, որտեղ տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի եւ տարածաշրջանային թեմայով դրոյթները ճանապարհային քարտէզ էին ՀՀ իշխանութիւնների համար՝ ինչպէս պետութիւնը հասցնել աղէտի եւ մեծ ողբերգութեան։ Որպէս ՀՀ քաղաքացի այս հարցը նրան չի մտահոգո՞ւմ։ Այնտեղ բառացի գրած էր՝ տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները /siloviki/ կամ անվտանգութեան հաստատութիւնները կարող են մօտ ապագայում հեռացւել կամ բախւել կոռուպցիոն մեղադրանքների հետ. տարածաշրջանում Փաշինեանի փոխարինումները կարող են արձանագրել ապագայ բանակցութիւններում առաւել ճկուն լինելու նրա մտադրութիւնները։ Ուժային ներկայացուցիչների մի կարեւոր մասին դատում է ինքը։

Հասկանո՞ւմ է, արդեօք, տիկին Դանիբէկեանը, որ նա շարունակում է գործել ոչ թէ պետութեան անունից, այլ մի իշխանութեան, որը դաւաճանել է մեր պետութեան շահերը ու որը շատ շուտով չի լինելու։

Վստահ եմ, որ պատերազմի ժամանակ, ինչպէս իւրաքանչիւր ՀՀ քաղաքացի, նա էլ մինչեւ վերջին պահը յոյսեր էր փայփայում, որ Սէյրան Օհանեանի շնորհիւ հնարաւոր կը լինի կանխել Շուշիի անկումը։ Ի՞նչ էր մտածում Աննա Դանիբէկեանը, երբ հէնց իր մեղադրեալին էին վերջին պահին դիմել Շուշին փրկելու համար՝ հպարտութիւ՞ն, ամօ՞թ, ափսոսա՞նք... Մի վայրկեան գոնէ մտածե՞լ է, որ իր մեղքն էլ կայ այդ հարցում։

Վստահ եմ, որ Աննա Դանիբէկեանն էլ շատերի նման խորը ափսոսանք էր ապրում, երբ երկրի համար օրհասական պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանի մօտ ախտորոշւեց կորոնավիրուս, եւ նա չկարողացաւ մեկնել Մոսկւա։ Չէ որ տիկին Աննան էլ հարիւր հազարաւոր մարդկանց նման մի պահի միայն այդ յոյսով էր ապրում։ Չխաբենք իրար՝ այդպէս է եղել։ Վստահ եմ, որ նա էլ ՀՀ մնացած քաղաքացիների նման բարկացել, վրդովւել, յուզւել է, երբ տեսել է, թէ ինչպէս հաշւի չեն նստում արհեստավարժ, փորձառու, պատերազմի թոհուբոհով անցած գեներալների եւ զինւորական գործիչների հետ, ինչպէս են հրաժարւում նրանց ծառայութիւններից, որովհետեւ այդպէս են ուզում դիլետանտ իշխանութիւնները։ Վստահ եմ, նա էլ շատերի նման կիսել է որդի կորցրած ընտանիքների ցաւն ու ողբերգութիւնը։

Եւ այս ամէնի հետ մէկտեղ, տիկին Դանիբէկեանն ունէր հնարաւորութիւն ապացուցելու, որ նա անմասն է Արցախը յանձնելու, Հայաստանը քանդելու ծրագրերից, որ նա նոյնպէս իշխանութիւնների դաւադիր ծրագրերի զոհն է։ Հէնց այդ առաջարկը, հէնց այդ հնարաւորութիւնն էր Արմէն Գէորգեանի ընդհատւած ելոյթի առանցքում։ Բայց դատաւոր Դանիբէկեանը հրաժարւեց այդ հնարաւորութիւնից, շարունակեց համաձայնել մնալ ծրագրի մասը, առանցքային օղակը։

Վաղը շատ բան է բացայայտւելու, լինելու են ցուցմունքներ, այսօրւայ պատւիրատուները դառնալու են մեղադրեալներ, ցուցմունքներ են տալու իրենց կողմից շահագործւող պաշտօնեաների դէմ։ Այսօր կար հնարաւորութիւնը նրանցից տարանջատւելու։ Աննա Դանիբէկեանը բաց թողեց այդ հնարաւորութիւնը՝ գիտակցաբար իր վրայ վերցնելով Փաշինեանի ծրագրերի անբաժանելի մասը լինելու պատասխանատւութիւնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։