Հա

Քաղաքական

04/02/2021 - 12:20

«Սերգօ ջան-ի ու պօղոսի ապագան եւ Արցախի ուրացումը». «Անկեղծ ասած»՝ Գեղամ Մանուկեանի հետ

23 տարի առաջ, գրեթէ այս ժամերին, երեկոյեան էր, Հայաստանում գործող հանրային հեռուստատեսութեան եթերում գործող նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն էր: Միայնակ, իր աշխատասեղանի առջեւ, դիմացը ելոյթի տեքստը: Բովանդակութիւնը յայտնի չէր, բայց հասկանալի էր: Արդէն տեւական ժամանակ Արցախեան հարցում փուլային տարբերակով զիջումների գնալու, Արցախն Ադրբեջանի կազմի մէջ թողնելու բանակցային լուծման տարբերակը հանրային ու ներիշխանական բողոքի ալիք էր բարձրացրել: Առնւազն քաղաքական յետնաբեմում յայտնի էր, որ դրւած էր նրա հրաժարականի հարցը:

23 տարի առաջ, գրեթէ այս ժամերին, երեկոյեան էր, Հայաստանում գործող հանրային հեռուստատեսութեան եթերում գործող նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն էր: Միայնակ, իր աշխատասեղանի առջեւ, դիմացը ելոյթի տեքստը: Բովանդակութիւնը յայտնի չէր, բայց հասկանալի էր: Արդէն տեւական ժամանակ Արցախեան հարցում փուլային տարբերակով զիջումների գնալու, Արցախն Ադրբեջանի կազմի մէջ թողնելու բանակցային լուծման տարբերակը հանրային ու ներիշխանական բողոքի ալիք էր բարձրացրել: Առնւազն քաղաքական յետնաբեմում յայտնի էր, որ դրւած էր նրա հրաժարականի հարցը: Այդ մասին էլ նա յայտարարեց՝ շեշտելով, «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապէս Հայաստանում խաղաղութեան եւ արժանապատիւ հաշտութեան կուսակցութիւնը պարտութիւն է կրել: Բարդոյթների մէջ չպէտք է ընկնել. Խաղաղութեան կուսակցութիւնը պարտութիւն է կրել մեզնից շատ աւելի զարգացած հասարակութիւններում, ինչպէս, օրինակ, Իսրայէլում: Բայց ե՛ւ Իսրայէլում, ե՛ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամէնը ժամանակաւոր»:

Իմիջիայլոց յաւելեմ, որ Իսրայէլը շարունակում է յամառել ու զիջումների չի գնում, մեզ մօտ տէրպետրոսեանական զիջման տարբերակը հիմա արդէն կեանք է ստանում, սակայն՝ արիւնոտ պատերազմից յետոյ: Տէր-Պետրոսեանի հրաժարականով Հայաստանում իշխանութիւնը հրաժարւեց, յանուն երեւութական ապագայի, անորոշ անվտանգութեան Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, անորոշ կարգավիճակով յանձնել ազատագրւած տարածքները:

Տէր-Պետրոսեանի առաջ քաշած բանաձեւումը, որ Հայաստանը չի կարող երկար իր ուսերին կրել արցախեան չլուծւած հիմնախնդիրն արդէն մի քանի ամիս քննարկման էր նետւած հանրային լայն շրջանակներում: Դրա բանաձեւվւած տարբերակը հրապարակւեց 1997 թւականի նոյեմբերի 1-ին «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն» վերնագրով: Բայց դրանից մի քանի օր առաջ արդէն Հայաստանի այդ ժամանակւայ նախագահը հասարակ մահկանացուներին այլ կերպ հանրամատչելի սպառնացել էր:

1997-ի սեպտեմբերի 26-ին՝ եզակի ասուլիսներից մէկի ժամանակ, Տէր-Պետրոսեանը կոչ արեց զիջումների գնալ Ղարաբաղի հարցում եւ համաձայնել համանախագահների առաջարկած փուլային կարգաւորման ծրագրին, որի արդիւնքում, ի վերջոյ, Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում: Նրա փաստարկները յանգում էին նրան, որ Հայաստանն այլ ելք ուղղակի չունի, որ քանի դեռ հակամարտութեան հարցը լուծւած չէ, հնարաւոր չէ յաջողութեան հասնել տնտեսական զարգացման մէջ, ու երկիրն ապագայ չունի: Ասածի հանրագումարը դարձաւ թեւաւոր խօսք՝ «Սերգօ ջան, լաւ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծւել»:

Սերգոն լրագրող Սերգօ Երիցեանն էր, բայց այն առաւել դարձաւ ընդհանրական անուն, ինչպէս այսօր Պօղոսը, որը հրապարակ նետեց այսօրւայ իշխանական պատգամաւորը: Այս թեզը, որ Արցախն է խոչընդոտում Հայաստանի զարգացմանը, տնտեսական, սոցիալական առաջընթացին, կապին արտաքին աշխարհի հետ, հերքւեց հէնց դրան յաջորդած տարիներին, երբ զարգանում էր տնտեսութիւնը, իսկ Արցախն աշխարհը դարձել էր համայն հայութեան գուրգուրանքի առարկայ: 98-ին Տէր-Պետրոսեանի հեռացումով այս թեզը դարձաւ լուսանցքային, բացառւեց դրա պետական, պաշտօնական քաղաքականութիւն լինելը: Այն, սակայն, չվերացաւ հայ հանրութիւնից, այդ մասին միշտ էլ եղել են առանձին քննարկումներ, բայց փոքր խմբերի, խմբակների կողմից, տարբեր միջազգային կազմակերպութիւնների հովանաւորութեամբ ձեւաւորւած հայ-ադրբեջանական, հայ-թուրքական երկխօսութիւնների շրջանակներում: Անգամ եղել են դէպքեր, որ խորհրդարանական ընտրութիւններին են այս թեզի կողմնակիցները, Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ, «Խաղաղութիւն» կարգախօսով մասնակցել ընտրապայքարին ու հաւաքել նւազագոյն քւէներ: Թւում էր՝ Հայաստանի ապագան, տնտեսական զարգացումը, սոցիալական վիճակի հակադրումը Արցախին, Արցախեան հարցի հանգուցալուծմանը այլեւս չի կարող տեղ ունենալ Հայաստանի քաղաքական որեւէ ղեկավարութեան մտապատկերում: Քանզի ցանկացած դէպքում, երբ հակադրութեան մէջ են դրւում ազգային, ռազմավարական հարցն ու տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրները լուծելու խոստումները, ինքնին արհեստական է, բայց յանգեցնում է զիջողականութեան, առնւազն հակառակորդի, բանակցողների մօտ արդէն դիրքերը յանձնւածի դերով ես հանդէս գալիս: Երկրի, ժողովրդի մի ողջ երեք տասնամեակի պայքարն ու տնտեսական աճի տոկոսներն անհամեմատելի են: Մի կողմում զոհաբերութիւնն է, պայքարն է, պետական, ազգային արժանապատւութիւնը, աշխարհի քարտէզին ծանրակշիռ տեղ ունենալը, ապահովութիւնը, անվտանգութիւնը, միւսում՝ հարցերը հեշտ լուծելու՝ նոյնիսկ ոչ յստակ երազանքները, զիջողութիւնը՝ ինչ-որ բան փախցնելու ակնկալիքով:

Այս երկընտրանքը միշտ էլ մերժւեց մեր հանրութեան կողմից: Բայց մատների արանքով նայելն էր, ինքնահանգստացումն էր, հանրային կարծիքի զանգւածային շահագործումն էր, տեւական ժամանակ միջազգային տարբեր նախաձեռնութիւնների, հասարակական կազմակերպութիւնների գործունէութեան հետեւանքն էր թերեւս, որ մի օր պէտք է արձանագրենք՝ 2020 թւականին հայրենազրկումից յետոյ, Արցախի, մեր Հայրենիքի եօթանասուն տոկոսի կորստից յետոյ իշխանական, մերձիշխանական մեծ մասի մօտ այլեւս չկայ Արցախի մասին մտահոգութիւն, որը թերեւս երբեք էլ չի եղել: Այլեւս բոլորը միաբերան սկսել են խօսել ճանապարհների, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկաթուղային կապի, ապրանքաշրջանառութեան, ինչ-որ մտացածին տնտեսական վերելքների մասին: Երբ սահմանին լարւած է, երբ անորոշ է Արցախի ապագան, կարգավիճակը, անվտանգային խնդիրները, երբ ազգային անվտանգութեան ոլորտում համատարած ամենաթողութիւն է, երբ նոյնիսկ զօրակոչն է անորոշ, երբ թշնամին շարունակում է իր ընթացքը, իշխանութիւնն, այլեւս Արցախից ձեռքերը լւացած, ոսկէ կով է խոստանում հասարակութեանը, թէ հիմա արդէն տնտեսական վերելք կունենաք, պատգամաւորներն, իրար հերթ չտալով, խօսում են կոմունիկացիաների բացւելու մասին, երբ այլեւս իշխանութեան համար Արցախ աշխարհը՝ իր հաւաքականութեամբ, գոյութիւն չունի: Ու եզրակացնում ես՝ «Սերգօ ջան, լաւ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծւել» բանաձեւումը չէր մեռել, անհետացել: Այն թաքուն, ծածուկ փայփայել էին, գուրգուրել, անցնող տարիներին արդէն դաւադիր կերպով, իշխանութիւն զաւթելով դարձրել քաղաքականութիւն: Քանզի իրենք էլ համոզւած են եղել, որ, Արցախից ձերբազատւելով, 29 հազարանոց Խորհրդային Հայաստանի երբեմնի տարածքում կուչ գալով, կարող են երկիր զարգացնել կամ պահել:

Ձերբազատւել են Արցախի հարցից ու հիմա այլեւս աթոռներից կառչած, թէկուզ դաւաճանի պիտակով, փորձում են իշխել: Պատգամաէորները թուրքի ու ադրբեջանցու հետ ապագայից խօսելու, ապագան նախագծելու կոչեր են անում, նախարարը խօսում է Ադրբեջանի միլիոնանոց շուկաների մասին: Անգամ այս հարցում ազնիւ չեն, փորձում են երկարաձգել իրենց իշխանութիւնը: Սին խոստումներով, սակայն, երկար չեն կարող կերակրել, քանի որ Ղարաբաղի հարցի՝ իրենց պատկերացրած այս լուծումից յետոյ, նախկին սերգոն, ներկայիս պօղոսը ոչ թէ լաւ չեն ապրելու, այլ շատ աւելի վատ են ապրելու, քանի որ չունեն անվտանգութիւն, չունեն արժանապատւութիւն, չունեն այն երկիրը, որն աշխարհի քարտէզի վրայ տեղ ունէր, յաղթող էր, յարգանք ունի, գործընկեր է, քանզի այս պարտութեամբ մեր երկիրն ու ժողովուրդը զրկւեցին մեծ գանձից՝ հայրենիքի կարեւորագոյն մի հատւածից, պատմութիւնից, արժանապատւութիւնից, հպարտութիւնից, անվտանգութիւնից, ապահով սահմաններից: Թէկուզ կուզէք տնտեսական առումով էլ ասեմ՝ պարենային, էներգետիկ, գիւղատնտեսական ապահովութիւնից: Սերգօ-պօղոսների՝ հիմա իրենց զաւակներին Արցախ ծառայութեան չուղարկելը շահարկելով՝ իշխանական հանգստացումը վաղը պայթելու է, երբ զաւակները կրկին լինեն մարտական յենակէտում, թշնամու դէմ դիմաց, այս անգամ՝ Մեղրիում, Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում:

Անցեալն ու պայքարն ուրացող ներկայ իշխանութիւնները դա չեն հասկանայ, չեն գիտակցի, քանզի մեծացան ու հասակ առան Սերգօ ջանին ուղղւած կոչի ազդեցութեան տակ ու բերեցին աղէտ երկրին ու ժողովրդին: Եւ անկեղծ ասած՝ հիմա երկընտրանքն է բոլորի համար՝ մի ափսէ ապուրով կուշտ ապրող ստրո՞ւկ, թէ՞ արժանապատւութեամբ, հպարտութեամբ, ապուրն էլ պայքարով ձեռք բերելով արժանապատիւ ու ազատ մարդը: Անգամ ստրուկների մէջ կը լինեն ապստամբողներ, միշտ են եղել:

 

Yerkirmedia.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։