Հա

Քաղաքական

06/02/2021 - 12:45

«Բանակի իշխանական թշնամիները». «Անկեղծ ասած»` Գեղամ Մանուկեանի հետ

Մեղաւորներ փնտրելու ու սլաքներն ուղղելու փաշինեանական հետեւողական քաղաքականութեան թիրախում տեւական ժամանակ Հայաստանի զինւած ուժերի յայտնւելուն զուգահեռ, հիմա արդէն Բանակի դէմ ճակատը ընդլայնւել է՝ խորհրդարանական իմ քայլական խմբակցութիւնից մինչեւ իշխանական մեդիառեսուրսներ:

Մեղաւորներ փնտրելու ու սլաքներն ուղղելու փաշինեանական հետեւողական քաղաքականութեան թիրախում տեւական ժամանակ Հայաստանի զինւած ուժերի յայտնւելուն զուգահեռ, հիմա արդէն Բանակի դէմ ճակատը ընդլայնւել է՝ խորհրդարանական իմ քայլական խմբակցութիւնից մինչեւ իշխանական մեդիառեսուրսներ: Իրականում զինւած ուժերը միշտ էլ եղել են ներկայ իշխանութեան թիրախում, դեռ տարիներ առաջ բազում նախաձեռնութիւններով, բանակում ցանկացած զանցանքը համահայկական հարց դարձնելու մոլուցքով, պարտադիր զօրակոչի դէմ համակարգւած պայքարով, բանակի ու հասարակութեան կապն առաւել ամրապնդող, հետագայում համաժողովրդական բանակ ունենալու նպատակակետով մշակւած «Ազգ-բանակ» հայեցակարգի դէմ խոշոր ֆինանսական աջակցութեամբ լայնածաւալ արշաւ վարելը, այն հեղինակազրկելը, ի վերջոյ, իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ իսպառ մոռացութեան տալը, դպրոցներում նախնական զինւորական պատրաստւածութեան առարկայի ջնջելու փորձերը: Դրան արդէն յաջորդեց երկուսուկէս տարիների պետական քարոզչութիւն դարձած արշաւը, քրէական գործերի յարուցումը, Զինւած ուժերում բարձրագոյն սպայական կազմի հեղինակազրկումը, ուրացումը, դատական քաշքշուկների մէջ մտցնելը, տարւող պետական քարոզչութեան մէջ հերոսի, զինւորական հերոսի կերպարի իսպառ անտեսումը:

Մէկ պարզ օրինակ միայն՝ իշխանութեան գալուց յետոյ անկախութեան տօներին նւիրւած նոր նախաձեռնութեան՝ մեր ժամանակների հերոսը կոչումին մի քանի տասնեակ արժանացածների մէջ երբեք չի եղել զինւորականը: Բար կամ փոքրիկ սրճարան աշխատացնողը, պանիր պատրաստողը հերոս էր, բայց երբեք այլեւս զինւորականը: Կը հակաճառեն՝ բա 2020-ի յուլիսին, երբ տաւուշեան մարտից յետոյ այդքան շքեղ պարգեւատրեցին զինւորականներին, մարտական խաչեր, փայլուն հանդերձանք, Սարդարապատ, ջերմ խօսքեր: Բայց այդ օրերին արդէն բոլոր գիտակիցների համար պարզ էր՝ Սարդարապատում տեղի ունեցած տօնակատարութիւնը բանակի համար չէր արւում, Զինւած ուժերին ոգեւորելու ու փառաբանելու համար չէր արւում: Այդ ամէնը տեղի ունեցաւ լոկ Փաշինեանի փառասիրութեանը յագուրդ տալու համար: Ամէն ինչ գծւած ու մշակւած էր, կարւած էր նրա հագով: Օրն այնպէս ընտրւեց, որ Հայաստանի նախագահը մէկ օր առաջ մեկնէր արձակուրդ եւ Հայաստանում չլինէր, քանզի տրամաբանական չէր լինի, երբ Ազգային հերոսի, պարգեւատրումներ հրամանագրերը նա է ստորագրում, իսկ պարգեւները յանձնում է Նիկոլ Փաշինեանը: Նրան պէտք եղաւ Տաւուշի դէպքը, իրեն իբրեւ զօրահրամանատար ներկայացնելու, դրա համար էլ խելագարութեան հասնող այդքան շատ մարտական խաչեր բաժանելը, իր պաշտօնեաների շուրթերով, ֆէյքային բանակով ամենուր տարփողելը, թէ ռազմական գործողութիւնները համակարգել է հէնց վարչապետը: Դա նաեւ Փաշինեանի վրէժն էր բանակից, անցնող 28 տարիներին գործած, կազմաւորւած, ամրացած, պատերազմներով ու բազում ռազամական, դիւերսիոն միջադէպերով անցած Զինւած ուժերից ու հերոսական հրամանատարներից:

Թերեւս պատահական չէր, կարծես մէկ կէտից ուղղորդւած, յուլիսին Տաւուշում եղած զինւած գործողութիւնը սկսեցին լրատւամիջոցներով, պաշտօնական ելոյթներով անխտիր անւանել յուլիսեան մարտեր, անգամ՝ պատերազմ, փորձելով ստւերել Ապրիլեանը: Նոյնը շարունակւեց արդէն պատերազմի ընթացքում, հակառակ պաթոսային յաղթելու ենք քարոզչութեան, անդադար տարւեց դաւաճանութեան գիծը, բայց սլաքը միշտ ուղղելով հէնց զինւած ուժերի ներկայ ու յատկապէս նախկին բարձրագոյն հրամանատարական կազմին: Քարոզչութիւնը ակնառու էր, քաոսային պաշտպանութիւնն էր դառնում հերոսականութեան խորհրդանիշ: Յետոյ արդէն զինադադարից յետոյ իշխանական քարոզչամեքենայով, արբանեակներով, ֆէյքային հսկայական բանակով, իշխանական շրջանակներով նոյն քարոզչական գիծն էր, որ տարւում էր ու շարունակւում է տարւել՝ մեղաւորների փնտրտուք, բայց՝ զինւած ուժերում: Այս հարցը դեռ տեւական մասնագիտական քննարկման ու ուսումնասիրութեան կարօտ է: Բայց միտումնաւոր, ծրագրւած, հետեւողական սլաքներն ուղղւում են հէնց զինւած ուժերին: Գերիների՞ն էք ուզում՝ գնացէք պաշտպանութեան նախարարութիւն, ձեր զաւակների աճիւններն էք փնտրո՞ւմ՝ պաշտպանութեան նախարարութիւն ու բանակ, զոհ էք ունեցել՝ մեղաւոր են միմիայն հրամանատարները, վախենո՞ւմ էք ձեր զաւակների ապագայի համար՝ շրջափակէք Վազգէն Սարգսեան ակադեմիան, բոլորի պատասխանատուն հէնց բանակն է, զինւած ուժերը, պաշտպանութեան նախարարութիւնը: Եւ երբ տեսան, որ զինւորականութիւնը լռում է, չի հակադարձում, չի պաշտպանում մեր հասարակութեան կողմից նախկին տարիներին արւած բոլոր սոցհարցումներով ամենաբարձր վստահութիւնն ունեցած Զինւած ուժերի, բանակի, անցեալի պատիւը, յիշատակը, երբ որեւէ մէկը չի խփում ձեռքը սեղանին, պատին դէմ չի տալիս վարչապետի աթոռը զբաղեցրած Փաշինեանին, որ ուղղակի փակի իր պատգամաւորների, իր կուսակցութեան խօսնակի կարծիքով Նիկոլի ուսապարկերի բերանը, որ ուղղակի արգելի իր պետական կառոյցներին, ֆէյքերի ֆաբրիկաներին հակաբանակային կեղտոտ քարոզչութիւնը, չարեցին զինւորականներն այդ քայլը, սրանք առաւել են ոգեւորւել:

Հայաստանի խորհրդարանի պատերից ներս, ամբիոններից են սկսել հակաբանակային արշաւը. մէկը՝ թէ անցնող երեսուն տարում բանակ չենք ունեցել, միւսը, որի ազգանունը ոչինչ չի ասի հանրութեանը, որը նոր է կարծեմ ստացել Նիկոլի ուսապարկի փաստաթուղթը, ճամարտակում է, թէ «իշխանութիւնը վերջին 2.5 տարում բանակում այնպիսի ռեֆորմներ է արել, ինչի արդիւնքում Զինւած ուժերի վիճակը շատ աւելի է լաւացել: Նախկինների ժամանակ զինւորը չէր զգում, որ պետութիւնն իր կողքին է: Նախկինները զինւորներին դրդում էին, որ ամէն ինչ անեն մօտիկ տեղ ծառայելու կամ չծառայելու համար, իսկ մենք բացառեցինք դա»: Հասկանո՞ւմ էք, ասում է «Իմ քայլի» պատգամաւորը, որը համաձայն իր պաշտօնական կենսագրութեան, բնականաբար չի ծառայել Զինւած ուժերում, ինչպէս իր խմբակցութեան տղաներից շատ շատերը: Այս յայտարարութիւններին հանրային լուրջ բողոք է լծւում, շատերն ունեն հարցադրում, իսկ իրենց, իրենց զոհւած զինակիցների, նախկին հերոսների արժանապատւութեան պաշտպանութեան համար ինչո՞ւ չի խօսում զինւորականութիւնը, դէ պաշտպանութեան նախարարի մասին չեն էլ ասում, նա այսօր ուղղակի փախաւ լրագրողներից, որ պատգամաւորի յայտարարութիւնը, թէ 30 տարի բանակ չենք ունեցել, չմեկնաբանի:

Բարձրաստիճան զինւորականութիւնն իր համար գտել է մէկ արդարացում՝ դէ օրէնքի, երդման մարդ են, կարգուկանոն, վերից վար կառավարման համակարգ, ապաքաղաքական կառոյց, օրէնք ու սահմանադրութիւն: Նրանք երդւել են ծառայել Հայաստանի Հանրապետութեանը: Բայց Հայաստանի Հանրապետութեա՞նն են ծառայում, երբ չեն հակադրաձում մի պատգամաւորի, որը կասկածի տակ է դնում մեր Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւոր Զինւած ուժերի գոյութիւնը, Հայաստանի Հանրապետութեա՞նն են ծառայում, երբ լռում են, երբ բանակից թռած ինչ-որ մի երիտասարդ պատգամաւոր իրեն թոյլ է տալիս արժեզրկել Զինւած ուժերի անցեալն ու ելակը զինւորական ճաշարանում համարում մեծագոյն ռեֆորմ, Հանրապետութեա՞նն են ծառայում, երբ թոյլ տւեցին, որ մի պատգամաւոր Ապրիլեանի քննիչ յանձնաժողովի սուրն առած երկու տարի սեւացնի բոլոր հրամանատարներին, արւածը, 2016-ին զինւորականութեան հերոսութիւնը, Հանրապետութեա՞նն են ծառայում, երբ ֆիդայական, կուսակցական, գիւղապետական ու մարզպետական ջոկատներ կազմելու չմտածւած կոչերով Նիկոլ Փաշինեանն էր առաջնագիծը խարխլում, Հայրենիքի՞ն են ծառայում, երբ իշխանական քարոզչամեքենան է օրնիբուն թաղում բանակը, սեւացնում ամէն ինչ:

Ծառայում են Հայաստանի Հանրապետութեանը ասելով, իսկ լռելով, ամէն մի պատահական գործչի հարւածները լուռ ընդունելով չե՞ն գիտակցում, որ ամէն օր նրանց երիտասարդ տարիների վիրաւորումով, անդամահատումով, զոհւած ընկերոջ արնաշաղախ մարմինը գրկած մարտը շարունակելով ձեռք բերւած վաստակը, պարգեւը, ուսադիրը, ամիսներ շարունակ ընտանիքի երես չտեսած, տարիներ շարունակ սեփական բնակարան չունենալով այս բնակավայրից այն բնակավայր իր նւիրեալ ընտանիքիներին փոխադրելով Զինւած ուժերի կայացմանը անձնւիրաբար ծառայելու գնով բիւրեղացած ուսադիրներն են այս երես առածները արժեզրկում, հեղինակազրկում, թուլացնում մեր երկրի անվտանգութիւնը:

Շաբաթներ առաջ, մի առիթով հաղորդմանս ընթացքում ասել էի՝ բառացիօրէն՝ յունւարի 28-ին, երբ Հայոց Զինւած ուժերի կազմաւորման 29-ամեակն է, ի՞նչ է ասւելու հրապարակային: Ի՞նչ ուղերձ է յղւելու Բանակից հայութեանը: Ապագայի համար, անվտանգութեան, ապահովութեան մասին: Լռութեամբ մէկ պաշտօնական ուղերձով բաւարարւեցին միայն: Փոխարէնը, ինչ նորելուկ պաշտօնեայ կար իրեն իրաւունք տւեց ուղերձով հանդէս գալ: Ու անկեղծ ասած՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետութեանը» սպայական կանչը նշանակում է անվտանգութեանը, տարածքային ամբողջականութեանը ծառայել, ամուր պահել Զինւած ուժերի մարտունակութիւնը, բարոյական ոգին, ու ոչ թէ ինչ-որ պատգամաւորների ծառայել, թէկուզ Ազգային Ժողովն են, բանաւոր պայմանաւորւածութիւններով հայրենիքի սահմանները նեղացնող ճակատը ամէն օր յետ քաշող վարչապետի աթոռը զբաղեցնողին ծառայելը: Ընտրութիւն կայ. իրապէս ծառայել Հայաստանի Հանրապետութեանը, կամ լռութեամբ դիտորդ դառնալ Հանրապետութեան կործանմանը՝ նաեւ բանակի դէմ կազմակերպւած այս արշաւի արդիւնքում:

 

Yerkirmedia.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։