Հա

Քաղաքական

06/02/2021 - 13:20

Պատասխանատւութիւն կրելու էք, թող ոչ մէկը չկասկածի

Փետրւարի 4-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական նիստին Հաշւեքննիչ պալատի նախագահի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ ելոյթ է ունեցել «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը.

Փետրւարի 4-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական նիստին Հաշւեքննիչ պալատի նախագահի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ ելոյթ է ունեցել «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը.

«Ես յոյս ունէի, որ այս աղէտալի պատերազմից յետոյ մարդկանց մտածելակերպում ինչ-որ փոփոխութիւն կը կատարւի, ցաւօք, ես դա չեմ տեսնում: Տարբեր հարցերի քննարկումների ժամանակ պատգամաւոր ընկերներն ասում են, որ դրանք փոքր հարցեր են, փոքր հարց չի լինում, այն էլ Ազգային Ժողովում քննարկւող, սահմանադրական մարմին հանդիսացող Հաշւեքննիչ պալատի դէպքում:

Իշխանութեան գալով պարոն Յարութիւնեանի կողմից նկատում ենք պետական ինստիտուտների կազմաքանդման գործընթաց: Դա վերաբերում է եւ դատախազութիւնը, եւ Հաշւեքննիչ պալատին, եւ մնացած մարմիններին, որը դժբախտաբար շարունակւում է: Նախկինում ես աշխատել եմ որպէս Վերահսկիչ պալատի նախագահ եւ 100 միլիոնաւոր դրամներ վերադարձւել են պետական բիւջէ: Ճիշտ է, շոուներ չեն կազմակերպւել, բայց փաստն ակնյայտ է:

Հաշւեքննիչ պալատն անկախ մարմին էր, կազմւած տարբեր խմբակցութիւնների կողմից առաջադրւած թեկնածուներից: Հիմա արդէն Հաշւեքննիչ պալատի 5 անդամներից 4-րդ անդամն է առաջարկւում, 3-ը «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւնն է առաջադրում: Խնդիրը մէկն է՝ գործընթաց է սկսւել՝ օրէնքով սահմանւած անկախ մարմինը եւս վերածել կառավարութեան կցորդի: Ուժերի այս յարաբերակցութեան դէպքում ԱԺ-ն կը զրկւի կողմնակի կարծիք ունենալու իրաւունքից:

Իշխանութիւնների ապաշնորհ, ապիկար քաղաքականութեան արդիւնքում ունեցանք 1000-աւոր զոհեր, 10-յակ հազարաւոր վիրաւորներ, հայրենիքի կորուստ, 35000 տեղահանւած, գերիներ: Բայց մտածելակերպում ոչ մի բան չի փոխւել: Ամբիոնից յայտարարւում է՝ մենք մեծամասնութիւն ենք, կրում ենք պատասխանաւութիւն: Իհարկէ, կրելու էք պատասխանատւութիւն, թող ոչ մէկը չկասկածի: Բայց այլ ելոյթների ժամանակ ասում են՝ մենք բոլորս ենք դաւաճան, մենք բոլորս ենք մեղաւոր: Ամէն մի արտայայտութիւն իր հետեւանքն է ունենում:

Հաշւեքննիչ պալատը, դատախազութիւնը անկախ մարմիններ են եւ գործառութային իմաստով կոչւած են նաեւ վերահսկելու կարգը, կանոնը, օրինականութիւնը: Նոյնը նաեւ դատախազութեան պարագայում: 6 ամիս առաջ մենք գլխաւոր դատախազ ենք ընտրել, ես այս ամբիոնից յայտարարել եմ, որ այդ մարդն ի վիճակի է աշխատելու, եթէ արտաքին ազդեցութիւն չլինի: Դժբախտաբար, եղաւ այդ ազդեցութիւնը: Պատերազից յետոյ փոքր դատախազութիւնում 5 գեներալի կոչում է շնորհել նախագահը, որոնցից 4-ը այսօր համակարգում չեն: Այս է վերաբերմունքը:

Պարոն Թովմասեան, որպէս հանրապետութեան երկրորդ պաշտօնեայ, տեղեա՞կ էք, թէ որտեղ է նստում Հաշւեքննիչ պալատը, ո՞նց է պետնախարարի բանաւոր յանձնարարութեամբ այդ պալատը կառավարութեան շէնքի երկու կաբինետում տեղակայւել: Իսկ իրենց բալանսում գտնւող պալատի շէնքը տրւած մասնաւոր ընկերութեան: Այս է պետական վերաբերունքը Հաշւեքննիչ պալատի նկատմամբ, որովհետեւ այս պալատը կոչւած է հսկողութիւն իրականացնելու կառավարութեան գործունէութեան վրայ: Հիմա կառավարութեան անդամներին, ֆինանսների նախկին նախարարին տանում էք պալատ, որ ի՞նչ: Եթէ փորացաւ, թաքցնելու բան չունէք, այս վերաբերմունքը չպիտի լինի:

2020 թ. Հաշւեքննիչ պալատի կողմից բացայայտւել է մօտ 200 մլն դրամի գործ՝ իւրացման կամ փողերի լւացման յատկանիշներով, գործը մի տարուց աւելի է գտնւում է դատախազութիւնում: Կան այդպիսի 100-աւոր միլիոնների գորրծեր: Սա է պատճառը:

Դիմում եմ գործընկերներիս՝ ամենայն լրջութեամբ վերաբերւել քւէարկութեանը: Ամէն քւէարկութիւն պատասխանատւութիւն է, Ձեր վրայ մի վերցրէք ուրիշների արածի պատասխանատւութիւնը: Սահմանադրական մարմնի նախագահի թեկնածութիւն է ներկայացւում օրէնքի բացայայտ կոպիտ խախտումներով»:

 

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։