Հա

Քաղաքական

06/02/2021 - 13:35

«Սիւնիքով Հայաստան-Իրան ուղղակի կապը պէտք է մնայ անխափան»․ Վարդան Ոսկանեան

Լեռնային Ղարաբաղի 44-օրեայ պատերազմի թէ՛ ընթացքում, թէ՛ դրան յաջորդած ժամանակահատւածում բաւականին ակտիւ է հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի 44-օրեայ պատերազմի թէ՛ ընթացքում, թէ՛ դրան յաջորդած ժամանակահատւածում բաւականին ակտիւ է հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։

Այս օրերին, երբ քննարկւում են տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման հեռանկարները, իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութիւնը փետրւարի 1-ին հրապարակեց քարտէզ, որը վերաբերում է իրանական «Հիւսիս-հարաւ» անունը կրող միջանցքին։

Համաձայն այս ծրագրի՝ միջանցքը Չինաստան Ժողովրդական Հանրապետութիւնը կապում է Հնդկաստանի Հանրապետութեանը, Պակիստանի Իսլամական Հանրապետութեանը եւ Իրանին։ Ակնկալւում է, որ Իրանը կաւարտի Գիլան նահանգի հիւսիսային Ռաշթ եւ Ասթարա քաղաքների միջեւ երկաթուղու 170 կիլոմետրը՝ Եւրոպայում Ռուսաստանի Դաշնութեան ու Ֆինլանդիայի Հանրապետութեան հետ կապ ապահովելու համար:

Ըստ իրանցի փորձագէտների՝ ներկայումս նաւերը Հնդկաստանից Սուեզի ջրանցքով ՌԴ են տեղափոխւում 40 օր, իսկ Հիւսիս-հարաւ միջանցքի դէպքում ճանապարհը կը կրճատի 14 օրւայ: Երկաթուղային միջանցքը պատրաստւում է միացնել Եւրոպայի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի եւ Կովկասի տարածաշրջանի երկրները Պարսից ծոցին ու Հնդկաստանին։

Բացի այդ, Ռուսաստանի, Ադրբեջանի Հանրապետութեան եւ Իրանի նախագահները 2020 թւականին այս միջանցքի կառուցումն աւարտելու մասին փոխըմբռնման յուշագիր են ստորագրել: Հիւսիս-հարաւ միջանցքը դիտարկւում է որպէս Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետութեան, Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի, Կենտրոնական Ասիայի եւ Եւրոպայի միջեւ ապրանքների տարանցման ճանապարհային, երկաթուղային ու նաւային ուղիների 7200 կիլոմետր երկարութեամբ ցանց:

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցութեան հանրային կապերի հարցերով կուսակցութեան խորհրդական Վարդան Ոսկանեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց, որ դա վաղուցւայ ծրագիր է, որում կայ նաեւ Իրանի հարաւ-արեւելեան Չաբահար նաւահանգստի դերը, որը Պակիստանի սահմանին մօտ հատւածում է։

 

Յունւարի 30-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնում խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպումից յետոյ՝ մամուլի ասուլիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջաւադ Զարիֆն ասել էր, որ «Նախիջեւանի շատ կենսական նշանակութիւն կունենայ խաղաղ Կովկասի ապագայի համար»։ Բացի այդ, նա այցելութիւն էր կատարել Նախիջեւանի Ջոլֆայի երկաթուղային կայարան։ Իրանի ԱԳ նախարարը յոյս էր յայտնել, որ «տարածաշրջանային համագործակցութիւնը հնարաւորութիւն կը տայ Իրանի եւ տարածաշրջանային այլ երկրների համագործակցել այնպիսի տարածքներում, ինչպիսիք են տարանցումը` տարածաշրջանում կայուն խաղաղութիւն հաստատելու համար»:

Ոսկանեանն ասաց, որ նախկինում Իրանը նախատեսում էր, որ միջանցքը պէտք է ունենայ երկու ճիւղաւորում՝ մէկը Ասթարոյով, Կասպից ծովի հարաւով միանայ Ադրբեջանին ու գնա դէպի Ռուսաստան, իսկ միւսը՝ իրանական կողմից միանայ ՀՀ սահմանին՝ Մեղրիի հատւածին, Հայաստան-Իրան երկաթուղին էլ կառուցւի, դրա միջոցով ելք ունենայ Սեւ ծով։

Քարտէզում նշւած է, որ, կարծես թէ, երթուղին Ղազախով անցնի, յետոյ՝ Թեհրանով ու մտնի Օմարի ծոց ու Հնդկաստանով հասնի Չինաստան։ 44-օրեայ պատերազմի օրերին Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին՝ որպէս յատուկ բանագնաց, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան ու Թուրքիա այցելութիւններին ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման իրանական ծրագիրը։ Սակայն, ի վերջոյ, հրադադար հաստաւեց ռուսական միջամտութեամբ, իսկ ԼՂ հակամարտութիւնը համապարփակ կարգաւորումը դեռ մնաց։

Իրանագէտը նշեց, որ բաւականին երկար քննարկւող միջանցքի այս ծրագիրը վերաբերւում է յատկապէս Չինաստանի կողմից առաջարկւած Նոր Մետաքսի ուղու խոշորածաւալ ծրագրին, Իրանի կենտրոնական դիրք ունենալուն, եւ իրանցիներն այդ ուղղութեամբ աշխատել են։ «Ըստ իրանական կողմի՝ երկաթուղային հաղորդակցութիւնն Իրանի տարածքով պէտք է ունենար 3 ճիւղաւորում՝ ուղիներ, որոնք մէկը միւսի հանդէպ պէտք է ունենային այլընտրանքային բնոյթ։ Առաջինն անցնելու էր «մայրցամաքային» Ադրբեջանի տարածքով, երկրորդը՝ Հայաստանով, երրորդը՝ Թուրքիայով։ Այժմ արդէն փաստացիօրէն կարելի է խօսել միասնականօրէն թուրք-ադրբեջանական տարածքի մասին, նոյնիսկ հիմա գաղափարախօսական մակարդակով է փորձ արւում արձանագրել։ Եթէ նախկինում շրջանառւում էր «Մէկ ժողովուրդ, Երկու պետութիւն» կարգախօսը, այժմ թուրք-ադրբեջանական ազգայնականների կողմից շրջանառւում է «Մէկ ժողովուրդ, մէկ պետութիւն» կարգախօսը, ինչի տակ նկատի ունեն թուրքերին եւ ադրբեջանցիներին, Թուրքիան եւ Ադրբեջանը»,- պարզաբանեց Վարդան Ոսկանեանը։

 

Յատկանշական է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բաւականին շահագրգռւած են Նախիջեւանով ու Մեղրիով անցնող երթուղով, որը նաեւ քաղաքական առումով է ձեռնտու երկու պետութիւններին՝ հաշւի առնելով Կենտրոնական Ասիայի թիւրքալեզու երկրների, ժողովուրդների բաղադրիչը։

ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչի խօսքերով՝ իրանական շահերի տեսանկիւնից գոյութիււն ունի երկու այլընտրանք՝ միասնական թուրք-ադրբեջանական ու հայկական, իսկ ինչ վերաբերւում է ապաշրջափակման վերաբերեալ իրանական մօտեցմանը, ապա իրանցիներն այդտեղ տեսնում են թէ՛ շահաւէտ կողմեր, թէ՛ որոշակի մարտահրաւէրներ եւ ռիսկեր։ «Մասնաւորապէս իրանական պաշտօնական դիրքորոշումներն արձանագրում են, որ ընդհանուր առմամբ Իրանը կողմ է հաղորդակցման ուղիների բացմանը, բայց դէմ է միջանցքի գոյութեանը, որի տակ հասկացւում է Նախիջեւանը, «մայրցամաքային» Ադրբեջանին կապող միջանցքը, անշուշտ այդ «միջանցք» բառից փորձ է արւում խուսափել, բայց եթէ իրաւակարգաւորումները լինեն այնպիսին, որ դա փաստացիօրէն ունենայ միջանցքի կարգավիճակ, ապա դա չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի շահերից»,- շեշտեց Ոսկանեանը։

Իսկ միւս կողմից, ըստ փորձագէտի, իրանցիները համարում են, որ դէպի Սեւ ծով ելքն ապահովելու համար իրանեան ու նախիջեւանեան Ջուլֆաներից սկսւող, այնուհետեւ Երասխով Հայաստան մտնող եւ դէպի Վրաստանի սեւծովեան նաւահանգիստներ գնացող երկաթուղային հաղորդակցութիւնը բխում է Իրանի տնտեսական շահերից։ «Միւս կողմից Հայաստանի եւ նաեւ Իրանի համար խնդիր է, որ եթէ ապաշրջափակում կոչւող ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով, որոնց վերաբերեալ շատ տեղեկատւութիւն չկայ, կեանքի կոչւի, ապա կարող է ստեղծել ռիսկային իրավիճակ Սիւնիքի մարգիլացման տեսանկիւնից, որովհետեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ անմիջական տրանսպորտային կապ ապահովող հատւածի լուսանցքային դառնալու վտանգ կայ։ Հետեւաբար հայ-իրանական երկկողմ օրակարգում շատ յստակ պէտք է արձանագրւի, որ ցանկացած նման ծրագրի կեանքի կոչման դէպքում Սիւնիքով Հայաստան-Իրան ուղղակի կապը պէտք է մնայ անխափան։ Նման կապը Սիւնիքի տարածաշրջանի համար ապահովում է զգալի տնտեսական օգուտներ։ Ենթակառուցւածքների օգտագործումը բերում է զուգահեռ տնտեսական օգուտների, որն ինչ-որ չափով ամուր է պահում Սիւնիքի բնակչութեանը։ Տարածք, որի նկատամբ թուրք-ադրբեջանական նկրտումներն ակնյայտ են»,- պարզաբանեց իրանագէտը։

 

Իրանական «ՄԵՀՐ» լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ այս տարւայ յունւարի 27-ին Հայաստանում Արտաքին գործերի նախարար Արա Այւազեանի հետ հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել էր, որ «Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն Իրանի Իսլամական Հանրապետութեան համար կարմիր գիծ է»։

Ըստ Ոսկանեանի՝ Զարիֆի այս յայտարարութիւնը նշանակում է, որ իրանցիներն իրենց ունեցած գործիքակազմի ողջ շրջանակներում դէմ են, եւ, կարծէք թէ, գործողութիւնների կը գնան, եթէ նման վտանգ առաջանայ․ «Այսինքն՝ եթէ Հայաստանի տարածքային ամբողջականութեանը վտանգ սպառնայ։ Բնական է, որ իրանական կողմը դա չի բարձրաձայնում, բայց, կարծում եմ, որ առաջին հերթին նկատի ունի հէնց Սիւնիքի մարզը, որը դիտարկում են ոչ միայն որպէս արդբեջանա-թուրքական միասնական հիւսիսային շրջափակման բեկում, այլ նաեւ պանթիւրքականութեան դէմ կարեւորագոյն պատվար։ Այսինքն՝ այս հատւածում ունենք Իրանին հետ համընկնող շահեր։ Եւ Հայաստանում իրենց իշխանութիւն համարողները եթէ դա գիտակցեն, ապա կարելի է Իրանի հետ լուրջ համագործակցութիւն ծաւալել»։

Հարցին՝ «Իրանի կողմից այս քարտէզով առաջ քաշած մտադրութիւնը որքանո՞վ ընդունելի կը լինի թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Թուրքիայի համար», իրանագէտը պատասխանեց․

«Հիւսիս-հարաւ միջանցքի բաղադրիչներից մէկը, որը պէտք է անցնի «Ադրբեջանի Հանրապետութիւն» կոչւողի տարածքով, ունի կարեւոր մի խոչընդոտ։ Թէեւ ադրբեջանական կողմը վերջին տարիների ընթացքում իր երկաթուղային ցանցը Կասպից ծովի առափնեայ շրջաններով թէեւ հասցրել է մինչեւ իրանական Ասթարա, կամուրջ է կառուցել գետի վրայ, բայց իրանական կողմից՝ Ռաշթից դէպի Ասթարա ընկած հատւածը, կառուցւած չէ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար յայտարարում է, որ ինքը 500 միլիոն դոլար յատկացրել է, կը յատկացնի այդ հատւածի շինարարութեանը, բայց, կարծես թէ, չի յատկացրել։ Համենայնդէպս, շինարարական աշխատանքներն այն տեմպերով, որ նախատեսւում են, չեն իրականացւում։ Ուստի այդտեղ կայ բաց, որն ադրբեջանական կողմի համար, կարծում եմ, բարդ կը լինի լրացնելը՝ հաշւի առնելով, որ ֆինանսական զգալի միջոցներ Բաքւի բռնապետը նախատեսում է յատկացնել այսպէս կոչւած վերակառուցման ծրագրերին Արցախից օկուպացւած տարածքներում։ Միւս կողմից՝ Ադրբեջանն ունի ֆինանսական յատկացումների խնդիր՝ հաշւի առնելով այն կորուստները, որոնք կրել է Արցախեան վերջին պատերազմի ընթացքում։ Այսինքն՝ աւելացնում է ռազմական բիւջէն՝ հիմնականում այդ կորուստները համալրելու նպատակով։ Իրանը շահագրգիռ է, որպէսզի իրենց պետութիւնը դառնայ տրանսպորտային հանգոյց չինական խոշորածաւալ ծրագրի շրջանակներում։ Իրանի թէ՛ տնտեսական, թէ՛ աշխարհաքաղաքական շահը պահանջում է ստանձնել այդ հանգոյցի դերակատարութիւնը»։

 

-Չին-պակիստանական մերձեցումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների այցելութիւնները Պակիստան, համատեղ յայտարարութիւն ստորագրեցին՝ կապւած Ղարաբաղի, Կիպրոսի, Արեւելեան Միջերկրական ծովի խնդիրների հետ։ Այս ամէնը, որ համադրենք, Իրանն ինչ-որ ռիսկեր տեսնո՞ւմ է այսպիսի մերձեցումներից։

Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան մերձեցման ծրագիրն ընթանում է էրդողանական վարչակազմի գաղափարախօսական 3 առանցքներից մէկի՝ համաիսլամականութեան, կամ աւելի ճիշտ կը լինի ասել՝ համասիւննիականութեան, պանիսլամիզմի ու պանսիւննիզմի քաղաքականութեան արդիւնքում։ Պակիստանը սիւննիական իսլամի կարեւոր կենտրոններից մէկն է։ Միւս կողմից էլ Իրանի համար Պակիստանի հետ յարաբերութիւնները նոյնպէս կարեւոր են, չնայած Իրանը շիական պետութիւն է եւ մի շարք հակասութիւններ կան Պակիստանի հետ։ Այսուհանդերձ, Իրանն իր բոլոր հարեւանների հետ, փորձում է պահպանել բարիդրացիական յարաբերութիւններ։ Եւ խոշոր հաշւով խոչընդոտներ չկան պակիստանա-իրանական յարաբերութիւններում, եթէ հաշւի չառնենք շիա-հազարացիների պարբերաբար իրականացւող կոտորածները, որոնք կարելի է նոյնիսկ ցեղասպանութիւն բնութագրել Պակիստանի ներսում։

Ինչ վերաբերում է հայ-պակիստանական յարաբերութիւններին, գիտէք, Պակիստանն այն պետութիւնն է, որը նոյնիսկ չի ճանաչում Հայաստանի Հանրապետութիւնը։ Բայց այստեղ կարելի է աշխատել, ընդ որում կարելի աշխատել երկու ուղղութեամբ՝ մտրակի ու քաղցրաբլիթի քաղաքականութեամբ։ Մենք գիտենք, որ Պակիստանն իր երկու հարեւանների՝ (յատկապէս) Հնդկաստանի եւ Աֆղանստանի հետ ունի խոշոր խնդիրներ։ Պակիստանի չէզոքացումը հակահայկական համատեքստում կարող է ընթանալ Աֆղանստանի եւ Հնդկաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ։ Երկրորդ հատւածը կարող է վերաբերել նույն շիաների կամ շիա-հազարացիների նկատմամբ ցեղասպանական գործողութիւնների համատեքստում։ Հայաստանը ներկայացւած է ցեղասպանութիւն ուսումնասիրող եւ դատապարտող զանազան միջազգային կառոյցներում եւ կարող է խոսափող հանդիսանալ նաեւ հազարացիների համար։ Կարող է նաեւ օգտագործել որպէս Պակիստանի վրայ ճնշման գործիքակազմի մի մաս։

Ինչ վերաբերում է քաղցրաբլիթին, ապա ակնյայտ է, որ Պակիստանի հետ՝ որպէս մուսուլմանական Հնդկաստանի կամ Հնդկաստանի մուսուլմանական հատւածի ժառանգորդ, կարող ենք կառուցել յարաբերութիւններ՝ հաշւի առնելով այն դերակատարութիւնը, որ ունեցել է հայութիւնը հէնց մուսուլմանական կառավարիչների օրօք։ Հայերը կարեւոր դերակատարութիւն են ունեցել թէ՛ տնտեսական հատւածում, թէ՛ ռազմական հատւածում՝ հակաբրիտանական պայքարի համատեքստում։ Կայ նաեւ եւս մէկ կարեւոր հանգամանք, որ մասին մեզանում գրեթէ չեն խօսում։ Գիտէք, Պակիստանից ժամանակին անջատւել, անկախացել է Բանգլադեշը՝ մուսուլմանական Հնդկաստանի հատւածներից մէկը։ Եւ Բանգալդեշը Պակիստանի հետ ունի, այսպէս ասեմ, ոչ նորմալ յարաբերութիւններ։ Միեւնոյն ժամանակ հաշւի առնելով Բանգլադեշում մամուլի այն հրապարակումները, որոնք լինում են պարբերաբար՝ Հայաստանի եւ հայերի հանդէպ վերաբերմունքը բաւականին դրական է։ Ուստի, կարծում եմ, պէտք է օգտագործել Բանգլադեշի հետ յարաբերութիւնների սերտացման հնարաւորութիւնը, որպէսզի Հայաստանը կարողանայ իր համար ստեղծել բարեկամական պետութիւնների դաշինք հարաւ-արեւմտեան Ասիայում, որը որոշակիօրէն կը կարողանայ հաւասարակշռել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։