Հա

Քաղաքական

07/02/2021 - 08:15

Քոչարեանը՝ ՌԴ-ի հետ յարաբերութիւնների, Փաշինեանի եւ պարտութեան մասին․ Sputnik Արմենիայի բացառիկ հարցազրոյցը

Անյապաղ փոփոխութիւններ են անհրաժեշտ ազգն ու պետականութիւնը պահպանելու համար։ Այդպէս է կարծում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը եւ ընդգծում` հէնց այդ պատճառով է վերադարձել մեծ քաղաքականութիւն։ Նա բացառիկ հարցազրոյց է տւել Sputnik Արմենիային (զրոյցը՝ Արմէն Գասպարեանի)։

«alikonline.ir»- Անյապաղ փոփոխութիւններ են անհրաժեշտ ազգն ու պետականութիւնը պահպանելու համար։ Այդպէս է կարծում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը եւ ընդգծում` հէնց այդ պատճառով է վերադարձել մեծ քաղաքականութիւն։ Նա բացառիկ հարցազրոյց է տւել Sputnik Արմենիային (զրոյցը՝ Արմէն Գասպարեանի)։

 

Պարո՛ն Քոչարեան, Ղարաբաղի խնդիրները սկսւել են Խորհրդային Միութեան փլուզմանը զուգահեռ։ Ըստ Ձեզ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենախոշոր աշխարհաքաղաքական աղէ՞տն է։

- Ռուսաստանի նախագահը շատ լաւ էր արտայայտւել այդ թեմայով. ոմանք սիրտ չունեն, ոմանք՝ բանականութիւն։ Բայց արդէն շատ ժամանակ է անցել։ Հիմա աւելի լաւ է խօսել ոչ թէ Խորհրդային Միութեան վերականգնման, այլ լիարժէք ժամանակակից ինտեգրացիայի մասին։ Այդ համատեքստում աշխարհը բազմաթիւ օրինակներ է տալիս։

Եւրասիական Միութեան ինտեգրացիան շատ աւելի խորն է, հետաքրքիր եւ ընդարձակ, քան ինտեգրացիան ԱՊՀ-ի շրջանակներում, որը շատ ու շատ պայմանական է։ Գլոբալ գործընթացները փոխարինւում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եւ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պէտք է շատ լրջօրէն մտածի Ռուսաստանի հետ առաւել խորը փոխգործակցութեան մասին, շատ աւելի խորը, քան հիմա է անում։

 

Դուք պատրաստաւո՞ւմ էք վերադառնալ մեծ քաղաքականութիւն։

- Ես վերադարձել եմ մեծ քաղաքականութիւն։ Ես որոշ ժամանակ բացակայել եմ այնտեղից, բայց վերջին երկու-երեք տարին կրկին այստեղ եմ։ Մենք հիմա կանխատեսելի, հասկանալի եւ ուժեղ անհատների մեծ պահանջարկ ենք զգում։ Դա զգացւում է նաեւ սոցիալական ցանցերում։ Այդ աստիճանը դժւար է չափել, բայց ես հասկանում եմ, որ եթէ ընտրութիւններ լինեն, ապա դրանք, ամենայն հաւանականութեամբ, երկբւեռ կը դառնան։

 

- Գործող իշխանութիւնն ընդդէմ արմատական ընդդիմութեա՞ն։

- Կարծում եմ՝ ոչ պարզապէս արմատական ընդդիմութիւն։ Դա ընտրութիւն կը լինի իշխանութեան եւ նրա հակոտնեաների միջեւ։ Մարդիկ ճաշակել են պոպուլզմի պտուղները, ճաշակել են գունաւոր յեղափոխութիւնների եւ անփորձ մարդկանց աշխատանքի արդիւնքները։ ճոճանակը շարժւել է հակառակ ուղղութեամբ, եւ հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կայ՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտութիւնը` նայելով իրենց ընդդիմախօսների աչքերին։ Եւ Հայաստանում այդպիսի թիմ կայ։

 

Բայց Հայաստանը հիմա խորհրդարանական հանրապետութիւն է։ Նախագահի պաշտօնն արդէն այն չէ, ինչ ձեր ժամանակ էր։ Պէ՞տք է սպասել Ձեր վերադարձին վարչապետութեան տեսանկիւնից։

- Ես նախընտրում եմ նախագահական Հանրապետութիւնը-կիսանախագահական Հանրապետութիւնը, ինչպիսին ունէինք առաջ։ Չեմ կարծում, որ անցումը խորհրդարանական Հանրապետութեան` ժամանակին ճիշտ որոշում է եղել։

Կարծում եմ` պատերազմը նոյնպէս ցոյց տւեց, որ այնուամենայնիւ կառավարման կիսանախագահական համակարգն աւելի լաւ է հաւասարակշռում քաղաքական ուժերի շահերը։ Այսօր խորհրդարանական մեծամասնութեան իշխանութիւնը որեւէ բանով սահմանափակւած չէ։ Հայաստանի ոչ մի նախագահ այնպիսի իշխանութիւն չի ունեցել, ինչպիսին այսօր ունի վարչապետը։

Եթէ նրա կոալիցիան այդպիսի մեծամասնութիւն չունենար խորհրդարանում, բոլորովին այլ իրավիճակ կը լինէր։ Անհրաժեշտութիւն կը լինէր համաձայնեցնել միւս կուսակցութիւնների հետ։ Բայց վարչապետը բացարձակ իշխանութիւն ստացաւ։ Նախագահը երկար ժամանակ չէր կարողանում գոնէ բարձրաձայնել խնդիրները, ուշադրութիւն հրաւիրել դրանց վրայ։ Միայն վերջերս նախագահի ինստիտուտը սկսեց կեանքի ինչ-որ նշաններ ցուցաբերել։

 

Եթէ ենթադրենք, որ 2020 թ․-ի աշնանը դուք լինէիք Հայաստանի ղեկավարը, դուք Ղարաբաղի հարցում կը կրկնէիք նոյն քայլերը, որոնք արել էք 1990-ականների՞ն, թէ՞ նոր վեկտոր կընտրէիք։

- Այսինքն, եթէ պատերա՞զմ սկսւէր։

 

Այո։

- Դէ, նախեւառաջ ես վստահ եմ, որ պատերազմ չէր սկսւի։ Այսպիսի պատերազմը սկսւում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ յաղթանակի հաւանականութիւնը մեծ է։ Սա այն դէպքը չէ, երբ սահմանամերձ լարւածութիւնը վերաճում է պատերազմի։ Սա ծրագրւած տեղեկատւական յարձակում էր, մարտական գործողութիւնների մեկնարկ, եւ ակնյայտ է, որ այդ ամէնը բաւական երկար ժամանակ էր նախապատրաստւել։ Այսինքն` ես պարզապէս վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Իսկ եթէ լինէր, ապա կը լինէր տոտալ մոբիլիզացիա եւ ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամին ուղղակի կը կանգնեցւէր։ Անկասկած։

 

- Ձեր կարծիքով ի՞նչը որոշեց պատերազմի ելքը։

- Մի ամբողջ շարք սխալ որոշումները։ Դրանք պէտք է բաժանել երկու փուլի․ բոլոր սխալները, որոնք արւել են պատերազմից առաջ եւ այն, ինչ արւել է պատերազմի ընթացքում։ Լիակատար ձախողումներ են եղել դիւանագիտական պայքարում. բանակցութիւնները փակուղի էին մտել, դիւանագիտութեան համար տեղ չկար։ Բայց դա փողոցից մարդկանց իշխանութեան գալու օրինաչափ հետեւանքն է՝ քաղաքական փորձ, աշխարհաքաղաքական իրողութիւնների մասին պատկերացում չունեցող մարդկանց։ Մարդկանց, որոնք ապրում են այսօրւայ օրով, որոնց գլխաւոր հոգսը Facebook-ում լայքերի քանակն է։

Նրանց համար վիրտուալ իրականութիւնն ու սոցիալական ցանցերն են հայրենիքը։ Դա նրանց բնակութեան միջավայրն է եւ շատ պայմանական կապ ունի երկրի հետ, որն ունի սահմաններ, եւ որոնք պէտք է պաշտպանել։ Դրա համար հարկաւոր է հասկանալ եւ ամրացնել անվտանգութեան ոլորտը, դիւանագիտական ջանքեր են անհրաժեշտ ինչ-որ սպառնալիքներ չէզոքացնելու, դրանք զգալու համար։ Բայց մարդիկ միանգամայն այլ բանով էին զբաղւած։ Նրանք վիրտուալ իրականութեան մէջ էին ապրում, եւ այսօր ժողովուրդը սարսափելի բարձր գին է վճարում նման ընտրութեան համար։

Այս ամէնը կարելի է որակել որպէս հետեւողական գործողութիւններ, որոնք յանգեցրին նախածրագրւած պարտութեան։ Եւ այդպէս է մտածում Հայաստանի բնակչութեան զգալի մասը։

 

Եւս մի պահ կար, որը ոչ ոք չհասկացաւ։ Ղարաբաղի տարածքում վերջին ռազմական արշաւները ցոյց էին տալիս եթէ ոչ առաւելութիւն, ապա առնւազն հաւասարութիւն տեղեկատւական դաշտում։ Ինչո՞ւ էին այս անգամ մարդիկ ապատեղեկացւած։

- 44 օր մարդկանց խաբել են, թէ մենք յաղթում ենք։ Մինչեւ վերջին օրը գիտակցութիւն չկար, որ մենք պարտւում ենք, որ մենք բազմաթիւ զոհեր ունենք, սպանւածներ, վիրաւորներ, որ մենք Հայրենիք ենք կորցնում։ Եթէ մարդիկ իմանային այդ մասին, դա նրանց կը մոբիլիզացներ։ Իսկ ի՞նչ է մոբիլիզացիան։ Դա առաջին հերթին բոլոր ռեսուրսների կենտրոնացումն է։ Բայց անգամ մարդկանց մոբիլիզացիայի պլանը կիսով չափ կատարւեց՝ այն ծրագրով, որը Հայաստանում կար դեռ նախորդ իշխանութիւնների ժամանակից․ օր առաջին, օր երկրորդ, օր երրորդ։ Քանի մարդ, որ զինւորական ստորաբաժանումներով պէտք է գնայ համալրման, ինչ է հարկաւոր մարդկային կորուստների փոխհատուցման եւ նիւթական կորուստների փոխհատուցման համար։

Բայց բացարձակապէս ամէն ինչ ձախողեցին։ Փայլուն կերպով էր իրականացւում միայն տեղեկատւութիւնը բնակչութիւնից թաքցնելը։ Իսկ մենք 30 տարւայ ընթացքում տեղում կանգնած չէինք, ամրապնդել էինք առաջնագիծը եւ բանակը մշտապէս համալրւում էր մարտական տեխնիկայով։

 

Սակայն նոր իշխանութիւնները կրճատեցին ռազմական բիւջէն․․․

- Նոր իշխանութիւններն առհասարակ փոխեցին մօտեցումը ռազմական շինարարութիւնը։ Այսինքն, ինչո՞ւմն է խնդիրը։ Նոր իշխանութիւնն ինչ-որ պաթոլոգիական վախ ունի բանակից։ Նրանք իրենք բանակում չեն ծառայել եւ բանակին մեծ անվստահութեամբ էին վերաբերւում։

Ես այդ բանակը ստեղծողներից էկն եմ։ Յեղափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնների առաջնային խնդիրն էր նսեմացնել բանակի դերը հանրութեան մէջ, իսկ պատերազմող երկրում այն միշտ պէտք է այլ մակարդակի վրայ լինի։ Գեներալիտետի եւ պատերազմի հերոսների վարկաբեկման արշաւ սկսւեց։ Սկսեցին ազատւել մարտական սպաներից, որոնք առաջին եւ երկրորդ պատերազմների փորձն ունէին։ Նրանց փոխարէն բերեցին իշխանութեանը հաւատարիմ մարդկանց։ Անվտանգութեան առաջնահերթութիւնը փոխարինեցին հաւատարմութեան առաջնահերթութեամբ։ Հէնց դա էր տեղի ունենում բառացիօրէն 2018 թւականից։

Բայց ի՞նչ սպասել, եթէ խորհրդարանական մեծամասնութեան անդամները համաձայնում են այն մտքի հետ, որ իրենք վարչապետի ուսապարկերն են։ Եւ դա բառացիօրէն իշխող կուսակցութեան մամուլի քարտուղարի արտայայտութիւնն է՝ որ վարչապետի ուսապարկը ընտրւելու նոյն շանսերը կունենար, ինչ եւ իշխող կուսակցութեան բոլոր անդամները։ Ուստի տեղի ունեցածն իշխող խմբակցութեան սխալն է, սակայն գերիշխող դերը խաղում է վարչապետը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։