Հա

Քաղաքական

07/02/2021 - 09:45

«Աբսուրդը հասել է նրան, որ այս իշխանութիւնը տնտեսական զարգացումը կապում է Ադրբեջանի հետ առեւտրային յարաբերութիւնների զարգացմամբ». Արթուր Խաչատրեան

Ինչից այս Կառավարութիւնը ենթադրեց, որ մինչեւ այս տարւայ վերջ ինքը շարունակելու է գոյատեւել եւ շարունակելու է իր ազգակործան ուղին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը, անդրադառնալով դիտարկմանը, որ երէկ ֆինանսների նախարարն ասել է, որ մինչեւ տարեվերջ կառավարութեան պարտքը կը մօտենայ 8.5 մլրդի, իսկ պետական պարտքը, որն այս դէպքում մօտաւորապէս 400-500 մլն-ի միջակայքում է, Կենտրոնական բանկի պարտքը կը մօտեցնի 8.9 մլրդ դոլարի:

«alikonline.ir» - Ինչից այս Կառավարութիւնը ենթադրեց, որ մինչեւ այս տարւայ վերջ ինքը շարունակելու է գոյատեւել եւ շարունակելու է իր ազգակործան ուղին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը, անդրադառնալով դիտարկմանը, որ երէկ ֆինանսների նախարարն ասել է, որ մինչեւ տարեվերջ կառավարութեան պարտքը կը մօտենայ 8.5 մլրդի, իսկ պետական պարտքը, որն այս դէպքում մօտաւորապէս 400-500 մլն-ի միջակայքում է, Կենտրոնական բանկի պարտքը կը մօտեցնի 8.9 մլրդ դոլարի:

Նրա խօսքով՝ այս Կառավարութիւնը, Նիկոլ Փաշինեանի ղեկավարութեամբ կորցրեց այդքան տարածքներ, տւեց հազարաւոր զոհեր: «Ակնյայտ է, որ զոհերի թիւն աւելի քան 5000 է, այլապէս իրենք գաղտնի չէին պահի այդ թիւը, չէին համարի պետական գաղտնիք, ինչը դարձեալ աբսուրդի թատրոնից է: Ես յոյս ունեմ, որ այս Կառավարութիւնը շատ աւելի շուտ դուրս կը նետւի, իսկ պատասխանատուները կը յայտնւեն ճաղերի հետեւում: Նրանք, ովքեր պատասխանատու են ձախողումների համար, պէտք է պատասխան տան»,- ասաց նախկին նախարարը:

Նրա խօսքով՝ ակնյայտ է, որ ՀՀ իշխանութիւնները ձախողել են տնտեսական քաղաքականութիւնը, կանգնած են տնտեսական եւ պարզ՝ աշխատավարձ տալու խնդրի առջեւ եւ դրա համար ստիպւած են պարտք վերցնել:

«Յիշեցնեմ, որ յունւարի 27-ի պարտքի մասին չէին էլ ուզում խօսել, իհարկէ դա գաղտնի պահել չէր լինում, բայց չէին շեփորահարում, ինչպէս դա արեցին 2019 թւականի սեպտեմբերին: Պարտքը, որն իրենք ներգրաւել են աւելի բարձր տոկոսադրոյքով է, քան նախորդ ինստրումենտները, եւ եթէ համեմատենք այս եւրոբոնդերի թողարկումը պարտքային այլ գործիքների, օրինակ՝ միջազգային այլ կազմակերպութիւնների պարտքերի հետ, ապա կը տեսնենք, որ չափազանց թանկ են: Այսինքն՝ մի քիչ աւելի թանկ են, քան 2019 թւականին, բայց աւելի թանկ են, քան այն միջազգային վարկերը, որոնք ՀՀ նախորդ կառավարութիւնները ներգրաււում էին»,- ասաց Արթուր Խաչատրեանը:

Նրա խօսքով՝ այն պարտքերը, որը ներգրաւում էր նախորդ իշխանութիւնը, դրանք նպատակային պարտքեր էին, որոնք գնում էին հիմնական միջոցների ստեղծմանը, իսկ այս պարտքը, որ ներգրաւում է, ընթացիկ ծախսերին է ուղղւած:

«750 մլն դոլարի պարտքը ներգրաւել է 144A տիպի պարտատոմսերով, որոնք հասանելի են միայն ինստիտուցիոնալ ներդրողներին եւ որոնց նկատմամբ ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների յանձնաժողովի վերահսկողութիւնն աւելի թոյլ է: Այս տիպի պարտատոմսերի քննադատները նշում են դրանց թափանցիկութեան պակասը եւ մտահոգ են, որ նման թղթերն ազատօրէն շրջանառւում են Միացեալ Նահանգներում»,- ասաց Արթուր Խաչատրեանը:

Նրա խօսքով՝ նախկին կառավարութիւնները, ներառեալ նրանք, որին մաս է կազմել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազեանը՝ նախարարի կամ գլխաւոր գանձապետի կարգավիճակով, շեմ էին սահմանում 60 տոկոսը, իսկ այժմ այդ շեմը բարձրացրել են մինչև ՀՆԱ-ի 70 տոկոսը:

«Շատ հետաքրքիր է, թէ ինչը դրդեց պարոն Ջանջուղազեանին 10 տոկոսով արտաքին պարտքի շեմը բարձրացնել եւ դա ներկայացնել որպէս նորմալ երեւոյթ: Բիւջէի օրէնքով խօսում են 500 միլիոն դոլար բարձրացնելու մասին, բայց 750 մլն դոլար արդէն բարձրացրել են, մեր արտաքին պարտքը հասցնելով մօտ 8 մլրդ դոլարի, իսկ մինչեւ տարեվերջ ուզում են հասցնել 9 մլրդ դոլարի: Այսինքն՝ վարկը վերցնում են, որպէսզի կարողանան պահել իրենց Կառավարութիւնը, կարողանայ թոշակ եւ աշխատավարձ տալ»,- ասաց Արթուր Խաչատրեանը:

Դիտարկմանը, թէ ինչպէս պիտի սպասարկեն կուտակւող արտաքին պարտքը, նախկին պաշտօնեան նկատեց, թէ այդ ի՞նչ ստեղծեցին գրեթէ 3 տարւայ ընթացքում, որ մի բան էլ վերադարձնեն:

«Փաշինեանը գնաց եւ կտրեց Մերձաւանի գործարանի ժապաւենը, որը պէտք է արտադրեր կենցաղային տեխնիկայ, չկայ այդ գործարանը, Փաշինեանը գնաց եւ կտրեց Վանաձորում գործարանի ժապաւենը, որտեղ պէտք է գազաբալոնային սարքաւորումներ արտադրէր, չկայ այդ գործարանը: Ի՞նչ են ստեղծել, որ կարողանան այդ պարտքը վերադարձնեն, որեւէ բան չեն արել, ունենք կատարեալ ձախողւած տնտեսական քաղաքականութիւն: Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ տնտեսական զարգացումը կապում են Ադրբեջանի հետ առևտրային յարաբերութիւնների զարգացմամբ»,- ասաց Արթուր Խաչատրեանը:

Նշենք, որ 2018 թւականի դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտօնակատարի մամուլի ծառայութիւնից յայտնել էին, որ Նիկոլ Փաշինեանն այցելել էր Արմաւիրի մարզի Մերձաւան համայնք, եւ ներկայ գտնւել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրութեան գործարանի բացմանը, բայց այդպիսի գործարան առ այսօր չի գործում։

Արթուր Խաչատրեանի խօսքով՝ այս իշխանութիւնը փորձեց 2019 թւականը ցոյց տալ տնտեսական աճի տարի, բայց աճը վերագրեցին առեւտրին եւ ծառայութիւններին:

«ՀԴՄ-ներով փորձեցին տնտեսական աճ ցոյց տալ: Տնտեսական յեղափոխութիւն էին խոստանում, սակայն չկայ որեւէ յեղափոխութիւն: Իրենք ասում են՝ բա այն ժամանակ էլ էր նոյնը, նշանակում է, որ ընդունում են, որ որեւէ յաջողութեան չեն հասել, որովհետեւ իրենք եկան փոփոխութիւն անելու խոստումով, հիմա ասում են վիճակը վատ է, բայց այն ժամանակ էլ էր այդպէս, եթէ այն ժամանակ եւ հիմա նոյնն է, նշանակում է իրենք ձախողել են: Իրենք յաջողել են մի բանում հայրենիքը կորցնել եւ զոհեր տալ տալու մէջ, նաեւ հանրութեանն իրար հետ թշնամացնելու մէջ»,- ասաց Խաչատրեանը:

Դիտարկմանը, ինչ կարող է տեղի ունենալ, երբ պարտքը շարունակում է աճել, իսկ մարում տեղի չի ունենում, Խաչատրեանը պատասխանեց, լինում է այն, ինչ սովորական մարդու հետ:

«Եթէ չես կարողանում սպասարկել քո պարտքը, դու ընկնում ես պարտատէրերի ձեռքը, եւ սկսում են քո գոյքը վաճառել: Ես չգիտեմ, մենք 9 մլրդի ինչ գոյք ունենք: Դրա փոխարէն կը լինեն քաղաքական պահանջներ: Գոյքը կը վաճառւի, իսկ ինչն էլ չի բաւարարի պարտքը տալու համար կը վճարւի քաղաքական ինքնիշխանութեան կորստով: Դառնում ես բանանային պետութիւն եւ պարտատէրերի գործիք: Իսկ եթէ քո պարտքի մեծ մասը յայտնւի թշնամական երկրի ձեռքում՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, հնարաւոր է, որ լինի քաղաքական ճնշում, չեմ բացառում: Դրան էլ, որ գումարենք Ադրբեջանի 50 մլրդ-ի խնդիրը, երբ իրենց քաղաքացիներն ասում են, որ Հայաստանն իրենց այդքան վնաս է հասցրել, ապա մենք կանգնած ենք ինքնիշխանութեան կորստի առջեւ: Քարտէզի վրայ գուցէ Հայաստան բառը դեռ մնայ, բայց անկախ պետութիւն այլեւս չենք լինի»,-ասաց Արթուր Խաչատրեանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։