Print this page
07/02/2021 - 13:10

«Փաշինեանը հասկանում է, որ իր ու վարչախմբի վարկանիշն օրէցօր նւազում է, իսկ «Հայրենիքի փրկութեան շարժումը» հզօրանալու է, գալու է օրւայ կառավարութեան եւ վարչապետի հեռանալու օրը». Արմենուհի Կիւրեղեան

Ընդդիմութեան ծրագրերի, արտահրեթ ընտրութիւններին մասնակցել-չմասնակցելու եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ:

«alikonline.ir» - Ընդդիմութեան ծրագրերի, արտահրեթ ընտրութիւններին մասնակցել-չմասնակցելու եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ:

 

- Տիկի՛ն Կիւրեղեան, ի՞նչ է կատարւում ընդդիմադիր ուժերի մօտ՝ կապւած առաջիկայ արտահերթ ընտրութիւնների հետ, ի՞նչ որոշում կայ: Արդեօ՞ք ուժի մէջ է այն յայտարարութիւնը, թէ չեն մասնակցելու Փաշինեանի կազմակերպած ընտրութիւններին:

- Այսօր մեր երկիրն ունի մի կառավարութիւն, որն անկարող եղաւ դիւանագիտական ճանապարհով կանխելու  2020-ի 44-օրեայ պատերազմը, չօգտագործեց արդէն սկսւած պատերազմը աւելի շուտ դադարեցնելու հնարաւորութիւնները, որի հետեւանքով ունեցանք հազարաւոր զոհեր, հազարաւոր վիրաւորներ, անհետ կորածներ, գերիներ, հայրենական տարածքների ահռելի կորուստներ, որը պատերազմի դադարից երկու ամսից էլ աւել ժամանակից  յետոյ  առանց գերիների, անհետ կորածների վերադարձի հարցերը քննարկման սեղանին դնելու՝ շարունակում է նոր համաձայնագիր ստորագրել։ Կապիտուլեացիոն պայմանագիրը ստորագրելուց յետոյ երկրում տիրող հանդուրժողականութեան մթնոլորտն օրէցօր խորանում է։

Երկրում առկայ սոցիալ-տնտեսական, պարենային, էներգետիկ անվտանգային մարտահրաւէրների օրէցօր խորացումը դիմակայելու ՀՀ կառավարութեան  անկարողութիւնը ակնյայտ է, աքսիոմատիկ ճշմարտութիւն։ Եւ այս ամէնը «Հայրենիքի փրկութեան շարժման» շուրջ է համախմբել երկրի համար մտահոգ, հայրենիք սիրող, պետութիւն ու պետականութիւն կարեւորող բոլոր մտահոգ մարդկանց։ Դաւաճան վարչակազմի հրաժարականն են պահանջում կաթողիկոսները, ԳԱԱ-ն, դասախօսներ, մշակոյթի գործիչներ, քաղաքական կուսակցութիւններ, հասարակական կազմակերպութիւններ, բժիշկներ, մտաւորականներ, անհատներ։ Նրանք բոլորը համախմբւել են մէկ նպատակի շուրջ՝ փրկել մեր երկիրը, հայրենիքը կործանումից, կանգնեցնել պետականութեան կործանումը, կայունացնել վիճակն ու սկսել զբաղւել մեր գերիների վերադարձով, անհետ կորածների որոնման աշխատանքներով, վերականգնել մեր բանակը, քայքայւած տնտեսութիւնը, ճիշտ յարաբարութիւններ կառուցել մեր ռազմաքաղաքական գործընկեր երկրների հետ, վերականգնել երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը:

Այս նպատակին հասնելու համար պէտք է լուծել մի քանի կարեւոր խնդիրներ՝ ազատւել գործող դաւաճան, թրքամէտ, երկիրը թշնամուն վաճառած վարչախմբից իրենց ղեկավար վարչապետի հետ, կանգնեցնել գահավիժումը, կայունացնել երկրում վիճակը, նախապատրաստել երկիրը արտահերթ ընտրութիւնների, ձեւաւորել նոր որակի իշխանութիւն, որը կը կարողանայ եւ կուզենայ զբաղւել երկիրը փրկելու ծանր, բայց ոչ անհնար գործընթացով։

Փաշինեանը դաւաճան է, բայց ոչ դեբիլ եւ շատ լաւ հասկանում է, որ իր ու վարչախմբի վարկանիշը օրէցօր նւազում է, իսկ «Հայրենիքի փրկութեան շարժումը» հզօրանալու է, որ այս վիճակը երկար չի կարող տեւել եւ գալու է օրւայ կառավարութեան եւ վարչապետի հեռանալու օրը, իսկ նոր որակի իշխանութիւն ձեւաւորելու պահանջը յանգեցնելու է արտահերթ ընտրութիւնների, որոնց արդիւնքում իր ղեկավարած ուժը խայտառակ պարտութիւն է կրելու։ Ուստի եւ շրջանառութեան մէջ է դրել իր ղեկավարութեան օրօք արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին դիսկուրսը։ Դրանով նա յոյս ունի հանրութեան մէջ դժգոհութեան դրսեւորումը թուլացնել, նրանց մէջ փոփոխութիւնների յոյսը կապել անմիջապէս ընտրութիւնների հետ, յետին պլան մղել իր հեռացման պահանջի առաջնահերթութիւնը։

Նա փորձում է թուլացնել վարչապետի աթոռից իր հրաժարականի, հեռացման պահանջը, իսկ դրանից յետոյ կարող է նոյնիսկ ընտրութիւններ չյայտարարել, իսկ եթէ ամէն դէպքում հասկանայ, որ շարժումն իր ուզած չափով չի թուլացել, ապա հանրութեան առաջ «կը վնգստայ» հետեւեալ կոչով՝ «Ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, ես ձեր ընտրեալն եմ, եւ ինձ մերժելով՝ ընդդիմադիրները ձեզ են մերժում, ձեր ընտրութիւնն են կասկածի տակ դնում։ Ես ձեր օգնութեան կարիքն ունեմ։ Եկէք ու փրկէք ինձ, եկէք ու նորից ընտրէք ինձ»։ Այսինքն՝ նա հանրային քննարկումները վարչապետի հրաժարականի անխուսափելիութեան դիսկուրսից տեղափոխում է դէպի արտահերթ ընտրութիւններ Նիկոլով, թէ առանց Նիկոլի դիսկուրսի։ Եւ պէտք չէ, որ մենք կուլ տանք այդ խայծը։

Ընդդիմադիր ուժերը բազմիցս յայտարարել են, որ երկրում իրավիճակի փրկութեան ելքը արտահերթ ընտրութիւններն են, բայց որին հասնելու համար նախ պէտք է լուծել առաջնային խնդիրը՝ ազատւել գործող վարչապետից, նրա դաւաճան թիմից։ Ընդդիմադիր շարժումը իր նպատակին հասնելու համար սահմանած խնդիրների լուծման յստակ առաջնահերթութիւն է սահմանել եւ գնում է այդ օրակարգով՝ հրաժարական, վիճակի կայունացում ժամանակաւոր կառավարութեամբ, եւ ապա արտահերթ ընտրութիւններ։

 

- Ընդդիմադիր 6 լիդերների հանդիպում տեղի ունեցաւ, որոնց թւում էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ու ՀՀ 2-րդ նախագահը ի վերջոյ, ինչի՞ շուրջ էր հանդիպումը, որեւէ կոնկրետ բան քննարկւե՞լ է, համաձայնութիւն կայացւե՞լ է: Ի՞նչ կարող էք ասել այդ հանդիպման մասին:

- Ձեր նշած հանդիպումը ընդդիմադիր ուժերի լիդերների հերթական հանդիպում էր, որտեղ քննարկւած հարցերի մասին հէնց իրենք իրենց տարբեր հարցազրոյցներով յայտնում են։ Մի բան ակնյայտ է, որ «Հայրենիքի փրկութեան շարժման» նպատակը չի փոխւել, այդ նպատակին հասնելու համար լուծւելիք խնդիրներն ու դրանց առաջնահերթութիւնները չեն փոխւել։ Այդ հանդիպումներում քննարկւում է շարժումը հզօրացնելու, ողջ հանրապետութեան մէջ տարածելու, նորանոր խմբեր ներգրաւելու, վարչակազմի հեռացման օրը մօտեցնելու մարտավարութիւնը։ Քննարկւում են ամենօրեայ ու աւելի հզօր անհնազանդութեան ակցիաներով շարժման առաջնային՝ վարչակազմի հեռացման, խնդիրը լուծելու առաւել արդիւնաւէտ տարբերակներ։

 

- Տպաւորութիւն է՝ ընդդիմութեան օրակարգում մնացել է միայն Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հարցը, Արցախի տարածքների կորուստը, Սիւնիքի անձեռնմխելիութեան հարցերն այլեւս օրակարգում չեն, չի՞ ստացւում՝ միայն պաշտօնի գալու հարցն է մնացել ընդդիմութեան օրակարգում:

- Գիտէք, նման հարցադրումը կարծես արատաւոր շրջանի մէջ է գցում հանրութեան մէջ «Հայրենիքի փրկութեան շարժման» վերաբերեալ պատկերացումները։ Արցախի յանձնելը, Սիւնիքի անձեռնմխելիութեան հարցեր, եւ ոչ միայն, բոլոր նման հարցերը տեղաւորւում են «հայրենիքի փրկութեան» համատեքստում, այդ հարցերը եղել են ու կան ընդդիմութեան օրակարգում։ Այսօր, ցաւօք սրտի, այդ հարցերի լուծման բոլոր լիազօրութիւնները օրւայ ապիկար իշխանութիւնների ձեռքին են, իսկ նրանք չեն ուզում, չեն փորձում նոյնիսկ լուծել այդ հարցերը։

Նորից եմ կրկնում՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» օրակարգում մէկ գլխաւոր նպատակ կայ՝ հայրենիքի փրկութեան հարց, իսկ այդ նպատակին հասնելու համար ձեւակերպւած օրակարգը սահմանել է լուծւող խնդիրների առաջնահերթութիւններ՝ վարչապետի հրաժարական, վարչակազմի հեռացում, ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորում, որը կը կանգնեցնի մեր պետականութեան կորստի գահաւվիժող ընթացքը, կը կայունացնի երկրում իրավիճակը, կը վերականգնի երկրի բարոյահոգեբանական վիճակն ու կը կազմակերպի արտահերթ ընտրութիւններ, ինչի արդիւնքում կը ձեւաւորւի նոր որակի իշխանութեան։ Ձեր նշած հարցերը ի նպաստ Հայաստանի կարող են լուծել միայն նոր որակի, պրոֆեսիոնալ, ազգային իշխանութիւնը։

 

- Տիկին Կիւրեղեան, ի՞նչ էք կարծում, իմքայլական պատգամաւորների կողմից Շուշին Շուշա ասելը քաղաքական գի՞ծ է, միամտութի՞ւն , թէ՞ պատահականութիւն:

- Ես  դեռ 2018-ից իմ բոլոր ելոյթներում եւ հարցազրոյցներում բարձրաձայնել եմ, որ իմքայլականների այս խումբը եկել է երկրի կործանման ծրագրով։  «Միակուսակցական որոշումների հնարաւորութիւնն արդեօ՞ք չի տանի այնպիսի օրէնսդրական փոփոխութիւնների ամրագրման, ինչպիսիք են.

Արցախի ազատագրւած տարածքների յետ յանձնում գրաւեալ տարածքների անւան տակ, ինչպէս նշում էր հեռացող դեսպանը, ռուսական զօրամասերի՝ Հայաստանի տարածքից հանելու պահանջ, ինչպէս եղաւ Վրաստանում, մերժել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու, բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում»,- սրանք իմ խօսքերն են դեռեւս 2018 թ.-ին։

Օրւայ իշխանութիւնների քայլերում ես ոչ մի անկարողութիւն, միամտութիւն կամ պատահականութիւն չեմ տեսնում։ Նրանք յստակ գործում են իրենց քաղաքական ծրագրով, որի վերջնական նպատակը Հայաստան երկրի կործանումն է։

Նրանք օր առաջ պէտք է հեռանան ու պատժւեն հայրենիքի դաւաճանութեան համար նախատեսւած ամենադաժան միջոցներով։

Յարակից լուրեր