Հա

Քաղաքական

07/02/2021 - 13:20

«Ներքին Խնձորեսկի վերջին դէպքերը ցոյց տւեցին` տարածքները յանձնում են աչքաչափով». Բալասանեան

ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն խնդրին, որ չնայած եռակողմ պայմանաւորւածութիւններին, Հայաստանը շարունակում է նահանջել` Ադրբեջանին թողնելով դիրքային առաւելութիւններ։

«alikonline.ir» - ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն խնդրին, որ չնայած եռակողմ պայմանաւորւածութիւններին, Հայաստանը շարունակում է նահանջել` Ադրբեջանին թողնելով դիրքային առաւելութիւններ։

Գրիգոր Բալասանեանի դիտարկմամբ` նոյեմբերի 9-ի յայտարարութեանը յաջորդած երեք ամիսների ընթացքում գրեթէ ամենօրեայ ռեժիմով ականատես ենք լինում, թէ ինչպէս է Հայաստանը զիջում դիրքերը, եւ յատկապէս ցաւալի է այն հանգամանքը, որ դիրքերը զիջւում են միակողմանի։ Ըստ նրա` այստեղ կայ մեծ ծաւալի աշխատանք, սակայն ՀՀ իշխանութիւնները մինչ օրս դա չեն իրականացրել։

«Նախ ինչո՞ւ սահմանազատման վերաբերեալ դեռ չի ստեղծւել միջկառավարական յանձնաժողով, որի ստեղծումը պարտադիր է նման դէպքերում։ Այդ յանձնաժողովից բացի, նախ պէտք է պայմանաւորւել, թէ ո՞ր թւականի քարտէզներով ենք իրականացնելու սահմանազատումը, որովհետեւ մինչ օրս դեռ պարզ չէ, թէ օրինակ Սիւնիքի սահմանային հատւածում ո՞ր ժամանակաշրջանի քարտէզներն են օգտագործւում»,- նշեց փորձագէտը։

Բալասանեանի կարծիքով` ադրբեջանական տարածքներում գտնւող հայկական անկլաւների մասին մինչ օրս որեւէ խօսք չկայ։ Խնդիրն առնչւում է նախեւառաջ Ճամբարակի տարածաշրջանի հիւսիսում գտնւող տարածքներին, Արծւաշէնին ու յարակից գիւղերին, որոնք ժամանակին եղել են հայաբնակ անկլաւներ, այդ մասին ոչինչ չի ասւում։ Փորձագէտի համար անհասկանալի է այն, թէ ինչու ՀՀ իշխանութիւնները մինչ օրս չեն հրապարակում այն տարածքների ցանկը, որոնք պէտք է վերադարձւեն կամ փոխանակւեն եռակողմ յայտարարութեան արդիւնքում։

«Այնպիսի տպաւորութիւն է, որ ՀՀ իշխանութիւնների կողմից ուղղակի ՏԻՄ-երին ու զինւորականութեանն անուղղակիօրէն տրւած է հրահանգ յանձնել այնքան տարածք, որքան ցանկանում են ադրբեջանցիները։ Ներքին Խնձորեսկի հետ կապւած վերջին դէպքերը ցոյց տւեցին, որ տարածքները յանձնում են աչքաչափով, իսկ մեր կամաւորականներն ու զինւորականները աչքաչափով յետ են քաշւում, ինչն անթոյլատրելի է, անընդունելի, հետեւաբար նման պայմաններով սահմանազատում իրականացնելը յղի է շատ լուրջ հետեւանքներով»,- նշեց փորձագէտը։

Բալասանեանը չբացառեց նոր պատերազմի սկսումը, որովհետեւ ախորժակն ուտելիս է բացւում, եւ Ադրբեջանը մեզ ամէն օր տարածքներ յանձնելու յայտ է ներկայացնում։ Տիգրանաշէնին, Վարդենիսի տարածաշրջանի գիւղերին աւելացել են Տաւուշի մարզի սահմանամերձ որոշ տարածքները, ինչի մասին տեղի ազգաբնակչութիւնն ահազանգում է մի քանի ամիս, սակայն մեր իշխանութիւնների կողմից մինչ օրս պարզաբանումներ տրւած չեն։

Բալասանեանի դիտարկմամբ` եթէ Ադրբեջանն իրեն համարում է առաջին հանրապետութեան իրաւայաջորդը, ապա մենք ինչու ենք հարեւան երկրի հետ յարաբերւում խորհրդային շրջանի քարտէզներով։ Ըստ նրա` մեր իշխանութիւնները պէտք է այս հարցն անպայման բարձրաձայնեն նաեւ ռուսների մօտ, եւ շատ զարմանալի է, որ խնդիրը չի քննարկւել փոխվարչապետների եռակողմ հանդիպման ժամանակ։

Յիշեցնենք, որ փետրւարի 4-ին Սիւնիքի մարզի Ներքին Խնձորեսկ գիւղի սահմանին մարտական հերթապահութիւն իրականացնող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները յետ են քաշւել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից` դրանք զիջելով ադրբեջանցիներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։