Հա

Քաղաքական

08/02/2021 - 08:20

«Կապիտուլեացիայից 3 ամիս անց, երբ թւում էր՝ յանձնելու էլ ոչինչ չկայ, թշնամին շարունակում է զաւթել Սիւնիքի բարձունքները, սիւնեցին միայնակ է ադրբեջանցի զինւորականների ու նրանց GPS-ի դէմ». Միքայէլ Մինասեան

Հայաստանում մի ուրւական է շրջում՝ անտարբերութեան ուրւականը: Եւ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մէջ տապակւողի» հոգեբանութեամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժւածքը շարունակում է հայրենիք նւիրել թուրքին:

«alikonline.ir» - Հայաստանում մի ուրւական է շրջում՝ անտարբերութեան ուրւականը: Եւ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մէջ տապակւողի» հոգեբանութեամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժւածքը շարունակում է հայրենիք նւիրել թուրքին:

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Կապիտուլեացիայից երեք ամիս անց, երբ թւում էր, թէ յանձնելու էլ ոչինչ չկայ, թշնամին շարունակում է անարգել զաւթել Սիւնիքի բարձունքները, իսկ սիւնեցին կրկին միայնակ է ադրբեջանցի զինւորականների ու նրանց GPS-ի դէմ:

Երէկ հերթը Ներքին Խնձորեսկինն էր, բա վա՞ղը:

Իսկ Արցախի մասին խօսելն անգամ աւելորդ է. այն դէ ֆակտօ չկայ: Երբեմնի ազատ Արցախն այլեւս ռուս եւ թուրք զինծառայողների վերահսկողութեան գօտի է: Մնացածը լիրիկա է:

Առաջարկում եմ ազնիւ պատասխանել հարցին՝ գիտէ՞ք որեւէ այլ երկիր, որի կապիտուլեանտ վարչապետը 5000 զոհից, հազարաւոր վիրաւորներից ու գերիներից, ստից ու դաւաճանութիւնից ամիսներ անց դեռ փորձում է կենդանութեան նշաններ ցոյց տալ՝ այդ ճանապարհին «խոշոր ձեռքբերում» ներկայացնելով պետական պարտքի հերթական շեշտակի աւելացումը կամ փողոցային շոուներ է բեմադրում նախ՝ ինքն իրեն, ապա տգէտների իր խմբակին համոզելու, թէ «ժողովրդական աջակցութիւն ունի»:

Գիտէ՞ք կապիտուլեացիայի ենթարկւած որեւէ այլ երկրի պաշտպանութեան նախարարի, որը կոծկում է թշնամու ոտնձգութիւնները՝ յայտարարելով, թէ «սահմանային միջադէպեր չկան» այն դէպքում, երբ թշնամու՝ Կապան մտնելը ռուս սահմանապահներն են կասեցրել, կամ փախնում է գերիների մասին հարցից՝ փոխանակ առիթն օգտագործի խնդրի վրայ ուշադրութիւն հրաւիրելու համար:

Գիտէ՞ք որեւէ այլ երկրի օլիգարխի կամ իրենց քաղաքական գործիչ յորջորջողների, որոնք երկու կոպեկի համար արժանապտւութեան վերջին փշրանքները ոտնատակ տալով՝ աջակցում են հայրենիք յանձնած դաւաճանին, յոյսով, որ վաղը մի երկու մանդատ են փախցնելու:

Մենք հասել ենք մի հանգրւանի, երբ Աբաջեանի կեղծ պապին բեմ բարձրացնելով իշխանութիւն զաւթած սրբապիղծ վիժւածքները վիրտուալ ֆէյքերի դէմ պայքար են սկսում, իսկ «օդում կախւած լուրերով» մարդկանց պախարակող, քաղաքական հակառակորդի մասին սեփական թերթում աւելի քան 40 տարւայ վաղեմութեան զզւելի կոմպրոմատ հրապարակող շանտաժիստը մամուլի որակից կամ լրագրողների վարքից է դժգոհում:

Սա տեղի է ունենում այսօր՝ ի հեճուկս երկիրը կլանած աղէտի ու ողբերգութեան:

Իսկ զուգահեռ իրականութիւնում անհետ կորած տղաների ծնողները, ստից ու անտարբերութիւնից յուսահատւած, հրամանատար են ծեծում, ՊՆ-ի պատերի տակ անտէրութեան մատնւած լուրի են սպասում, իսկ որբացած երեխաները հայրերի լուսանկարները գրկած են քնում: Եւ այս աղէտը վերջ չունի: Չի ունենալու, քանի դեռ երկիրը թուրքի հարճերի ձեռքում է:

Ճակատագրի հեգնանքով ժողովրդին անտէրութեան մատնածն ու թշնամու հետ դէմ առ դէմ թողածը «ժողովրդի իշխանութիւն» կոչւածն է, ոչ թէ «ատելի նախկինները», որոնք նախընտրում էին ոչ թէ մոլորեցնել, այլ առաջնորդնել, ոչ թէ պոպուլիստական խոստումներ տալ, այլ անվտանգ կեանք ապահովել:

Իսկ գիտէ՞ք ինչ կանէր նորմալ իշխանութիւնը. նախ՝ թոյլ չէր տայ աղէտն այս մասշտաբների հասներ, ապա ամէն սանտիմետր հողի ու ամէն մի կեանքի համար կռիւ կը տար, միջազգային կազմակերպութիւնների դռները կը կոտրէր, օտարերկրեայ դիւանագէտներին ու դաշնակիցներին հանգիստ չէր տայ:

Իսկ ի՞նչ են անում սրանք. լկտիաբար յայտարարում են, թէ պէտք է մոռանալ՝ ում հողն է, ով է սկսել պատերազմը, որովհետեւ սրանց համար Հայաստանի թշնամին ու պրոբլեմը թուրքը չէ, ընդդիմութիւնն է: Սրանք պատրաստ են յանուն սեփական աթոռի զիջել ամէն ինչ, որովհետեւ չունեն ո՛չ անցեալ, ո՛չ արժանապատւութիւն, իսկ աթոռը կորցնելուց յետոյ չեն ունենալու նաեւ ապագայ:

Ընդդիմութիւնն էլ իր հերթին ստագնացիայի մէջ է՝ մի կողմից ժողովրդի այս աստիճան անտարբերութիւնից, միւս կողմից՝ իշխանութիւն կոչւածի լկտիութիւնից ու դաւաճանութիւնից: Եւ եթէ համահայկական այս շոկը ժամանակին յաղթահարւէր, հիմա Սիւնիքը վտանգւած, իսկ թշնամին Կապանի գլխին չէր լինի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։