Հա

Քաղաքական

08/02/2021 - 13:00

«Պատմական Արցախի մի մասը զաւթելուց յետոյ Թուրքիան իրականացնելու է իր քաղաքականութեան յաջորդ փուլը՝ կրթական ագրեսիան». Թուրքագէտ

ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ Շուշիում «Գորշ գայլերի» հնարաւոր գործունէութիւնը, յատկապէս կրթական բաղադրիչը՝ թուրքական ագրեսիւ քաղաքականութեան կամ ագրեսիայի քաղաքականութեան մի կարեւոր մասն է։ Տարբեր դէպքերում ու իրավիճակներում դա յստակ արտացոլւել է։

«alikonline.ir» - ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ Շուշիում «Գորշ գայլերի» հնարաւոր գործունէութիւնը, յատկապէս կրթական բաղադրիչը՝ թուրքական ագրեսիւ քաղաքականութեան կամ ագրեսիայի քաղաքականութեան մի կարեւոր մասն է։ Տարբեր դէպքերում ու իրավիճակներում դա յստակ արտացոլւել է։

«Եթէ աւելի յստակ, ապա թուրքական ագրեսիան, բացի ռազմականից, ունի նաեւ կրթական, քարոզչական բաղադրիչներ, եւ ռազմական ագրեսիա իրականացնելուց յետոյ, այսինքն՝ ինչ-որ տարածք գրաւելուց յետոյ, Թուրքիան անմիջապէս սկսում է աշխատել կրթական, քարոզչական ագրեսիայի վրայ։ Նման նախադէպ կայ Սիրիայում, երբ օկուպացնելով Սիրիայի որոշակի տարածքներ՝ Թուրքիան այնտեղ անմիջապէս ձեռնամուխ եղաւ կրթական օջախների ստեղծման, թուրքական կրթական միջավայրի տարածման, «Գորշ գայլերի», տարբեր ծայրայեղական այլ կրօնական քարոզով զբաղւող կրթական կենտրոնների ստեղծման։

Նոյնը մենք տեսնում ենք Արցախի պարագայում, եւ շատ սպասելի էր, որ Արցախում նոյնպէս Թուրքիան ագրեսիա իրականացնելուց յետոյ, այսինքն՝ պատմական Արցախի մի մասը թուրք-ադրբեջանական ագրեսորների կողմից զաւթելուց յետոյ, այնտեղ իրականացնելու է այդ քաղաքականութեան յաջորդ փուլը՝ կրթական ագրեսիան։ Այն, ինչ նախատեսւում է Շուշիում՝ «Գորշ գայլերի» դպրոց եւ այլն, դա այդ քաղաքականութեան յստակ սպասելի եւ կարեւոր բաղադրիչներից է»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Ռուբէն Մելքոնեանը։

Ըստ թուրքագէտի՝ Թուրքիայի այդ քաղաքականութիւնը նպատակ ունի նաեւ մեծացնել Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում, ազդել դեմոգրաֆիկ պատկերի վրայ, եւ այդ ամենի համար ընտրւած է Շուշին՝ որպէ խորհրդանշական վայր։

«Չպէտք է մոռանալ, որ թուրքական պետութիւնների խորհուրդն առաջարկել է 2022 թւականին Շուշին հռչակել թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այսինքն՝ Շուշին դառնալու է կամ դարձել է արդէն այդ ագրեսիայի խորհրդանիշ՝ դրանից բխող բոլոր այլ հետեւանքներով։ Այնպէս որ՝ այո, սա յստակ քայլ է թուրքական ազդեցութիւնը, ներկայութիւնն այդ տարածաշրջանում ամրապնդելու, ընդ որում՝ ամրապնդելու ոչ թէ՝ խաղաղասիրական մղումներով, այլ՝ ընդգծւած ծայրայեղական, տւեալ պարագայում՝ «Գորշ գայլերի» աջ ծայրայեղական ազգայնամոլական կառոյցի միջոցով»,- եզրափակեց Ռուբէն Մելքոնեանը։

Յիշեցնենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան՝ «Գորշ գայլերի» քաղաքական թեւի առաջնորդ Դեւլեթ Բահչելին յայտարարել էր, որ Շուշիում ազգայնական ոգով կրթութիւն տւող դպրոց կը կառուցւի։ Ինչպէս յայտնել էր Hurriyet-ը, «Ազգայնական ոգով կրթութիւն տւող» դպրոցի հիմնաքարը կը դրւի 2021-ի յունւարի 30-ին։ Ըստ Բահչելիի՝ Շուշիում նման դպրոց կառուցելու իր առաջարկը հաւանութեան է արժանացել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների կողմից։

 

Զւարթ Խաչատրեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։