Հա

Քաղաքական

08/02/2021 - 13:05

«Եթէ Փաշինեանն այդքան վստահ էր, որ ունի հանրային լայն աջակցութիւն, թող հրաժարական տար, եւ կը տեսնէինք՝ այդպէ՞ս է, թէ՞ ոչ. եթէ ուզում ենք՝ ՀՀ-ն ունենայ ապագայ, նա պէտք է հեռանայ». Ն. Զոհրաբեան

Ես այդպէս էլ մտածում էի, որ Նիկոլ Փաշինեանը չի գնայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների։ Նա կը գնար այդ քայլին, եթէ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքեանի հետ ձեռք բերէր յստակ պայմանաւորւածութիւն, որը կարտայայտւէր համատեղ յուշագրով, որ իր հրաժարականից յետոյ ո՛չ «Բարգաւաճ Հայաստան»-ը, ո՛չ «Լուսաւոր Հայաստան»-ը վարչապետի որեւէ թեկնածու չեն առաջադրի։ 

«alikonline.ir» - Ես այդպէս էլ մտածում էի, որ Նիկոլ Փաշինեանը չի գնայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների։ Նա կը գնար այդ քայլին, եթէ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքեանի հետ ձեռք բերէր յստակ պայմանաւորւածութիւն, որը կարտայայտւէր համատեղ յուշագրով, որ իր հրաժարականից յետոյ ո՛չ «Բարգաւաճ Հայաստան»-ը, ո՛չ «Լուսաւոր Հայաստան»-ը վարչապետի որեւէ թեկնածու չեն առաջադրի։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի յայտարարութեանը, թէ հասարակութեան լայն շերտերի շրջանում ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու պահանջ չկայ։

«Ես վստահ եմ եւ գիտեմ, որ իր այդ առաջարկը մերժւել է, որովհետեւ նախապայմաններով ընտրութիւնների չեն գնում։ Եթէ Նիկոլ Փաշինեանն այդքան վստահ է, որ ունի հանրային լայն աջակցութիւն, որովհետեւ ասում է՝ իր հրաժարականի հանրային պահանջ չկայ, ապա կարող էր հրաժարական տալ, եւ այդ դէպքում կը տեսնէինք՝ ինքն ունի՞ հանրային լայն աջակցութիւն, թէ՞ ոչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Բարգաւաճ Հայաստան»-ը որեւէ պարագայում, որեւէ ձեւաչափով «նիկոլական» իշխանութեան հետ որեւէ պայմանաւորւածութեան չի գնալու։

Ըստ Զոհրաբեանի՝ իշխանութիւնն այս փուլում չէր գնայ արտահերթ ընտրութիւնների մէկ այլ պատճառով եւս՝ էթիկապէս դժւար է պատկերացնել քարոզարշաւի անցկացում, երբ ամէն քաղաքում, համայնքում, փողոցում կան զոհւածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ։

«Ինչպէ՞ս կարող էին Նիկոլն ու իր թիմը մտնել որեւէ վայր ու խօսել թալանի, դղեակների, նախկինների ու «ախրանիկների» մասին։ Պատկերացնո՞ւմ էք՝ ինչպիսին կը լինի, օրինակ, իր որդուն կորցրած մոր արձագանքը, եթէ իշխանութիւններն սկսեն նորից խօսել իրենց նոյն ուղերձներով, որոնցով եկան իշխանութեան. զոհւածի մայրը Փաշինեանին ասելու է՝ «ինձ ո՛չ քո թալանի դէմ պայքարն է պէտք, որն այդպէս էլ չտեսայ, ո՛չ կոռուպցիայի դէմ պայքարը, ինձ վերադարձրու իմ որդուն»»,- ասաց Զոհրաբեանը` յաւելելով․ «Ես չեմ ողջունում բռնութիւնը, դրա կոչերը, բայց մենք տեսնում ենք, թէ ինչպէս են իմքայլականներին իրենց թաղամասերում վերաբերւում հէնց իրենց հայրենակիցները»։

Պատգամաւորի կարծիքով՝ եթէ ընդդիմութիւնը թոյլ տայ, փողոցային պայքար չլինի, եւ հասարակութիւնը ոտքի չկանգնի, Փաշինեանն անելու է ամէն ինչ՝ մինչեւ 2023-ը ինքնասպանւած խորհրդարանի կեանքը երկարաձգելու համար։

Ճշտող հարցին՝ ԲՀԿ-ն շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինեանի եւ նրա կառավարութեան հրաժարականն ու ժամանակաւոր կառավարութեան ձեւաւորում, պատգամաւորն արձագանքեց՝ միանշանակ այո։

«Մեր օրակարգում ոչինչ չի փոխւել, եթէ մենք ուզում ենք՝ Հայաստանն ունենայ զարգացում, ապագայ, ապա Փաշինեանը պէտք է հեռանայ։ Նրա՝ ամէն օր իշխանութեան մնալը վտանգում է Հայաստանի պետականութիւնը, անհնար է դարձնում ռազմագերիների վերադարձը, անհնար է դարձնում Արցախի կարգավիճակի հարցով որեւէ հնարաւոր երկխօսութիւն։ Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանայ, որ եթէ ուզում է ՝ մենք չկորցնենք մեր պետականութիւնը, երկիրը փորձի շտկել ողնաշարը, պէտք է հեռանայ։ Նա պէտք է հեռանար նոյեմբերի 10-ին, բայց ամէն անգամ իր իւրաքանչիւր յայտարարութիւնից յետոյ ես հասկանում եմ, որ ուղղակի անիմաստ է ապաւինել իր ողջամտութեանը»,- ասաց նա։

Պատգամաւորն ընդգծեց՝ մէկ րոպէ անգամ չի կասկածում, որ Նիկոլ Փաշինեանը հեռանալու է։ «Նա հեռանալու է, որովհետեւ հասարակութեան մէջ շատ պրկւած նեարդ կայ, հասարակութեան մտածող հատւածը, որին Նիկոլ Փաշինեանն իրաւացիօրէն անւանեց էլիտա, այս իրավիճակը չի հանդուրժելու։ Իսկ իւրաքանչիւր հասարակութեան շարժիչ ուժը էլիտան է, եւ եթէ անգամ հակաէլիտան թւաքանակով շատ աւելին լինի, քան մտածող հատւածը, միեւնոյն է, որոշում կայացնողը լինելու է էլիտան։ Էլիտայի որոշմամբ եւ ժողովրդի ձայնով Նիկոլ Փաշինեանն անպայման հեռանալու է»,- ասաց Նաիրա Զոհրաբեանը։

 

Մարիամ Սարգսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։