Հա

Քաղաքական

08/02/2021 - 13:10

«Ով է խաղում մեզնով, եւ որն է այս խաղի վերջաբանը». Վահէ Յովհաննիսեան

Լիարժէք պետութեան փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցւած տարածք. այդ տարածքի անվտանգութիւնն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետութեան, որը եւ ժամանակաւորապէս, առայժմ՝ անյայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։ Այս մասին իր յօդւածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Լիարժէք պետութեան փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցւած տարածք. այդ տարածքի անվտանգութիւնն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետութեան, որը եւ ժամանակաւորապէս, առայժմ՝ անյայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։ Այս մասին իր յօդւածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:

Նա, նաեւ նշել է. «Այս տարածքը չունի իշխանութիւն եւ լիարժէք կենսաապահովում չի իրականացւում։ Կայ ՄԷԿ հոգի, որը ձեւական իրականացնում է տարածքը համակարգողի սահմանափակ գործառոյթներ։ Չունենք բիւջէ եւ գոյատեւում ենք օտարից մեծ պարտքեր վերցնելով, ինչը ժամանակաւորապէս լուծում է թոշակի, աշխատավարձի խնդիր։ 

Մեր տարածքի թեմայով գնում է արտաքին առեւտուր. դրանք կոչւում են կոմունիկացիոն բանակցութիւններ։ Մենք դրանց ներկայացւած ենք խիստ ձեւական՝ կէս մարդու կարգավիճակով։

Տարածքի բնակչութեան զգալի մասը հակւած է «արտագնայ կեանքի», առկայ է ֆիզիկական ոչնչացմանսպառնալիք, կանգնած ենք տարածքի շարունակական կորստի եւ տնտեսական փլուզման նախաշեմին։

Ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ։ Տեղի հայութեան ֆիզիկական անվտանգութիւնը ժամանակաւորապէս ապահովում են ռուս խաղաղապահները։ Տեղի հայութեանը եւ Հայաստանին արգելւած է ունենալ սեփական անվտանգութիւնը քիչ թէ շատ ապահովող որեւէ համակարգ։

Ադրբեջանն անում է ամէն ինչ, որպէսզի Արցախի հայութիւնը առաջիկայ տարիներին զանգւածաբար դուրս գայ Արցախից։

Ադրբեջանը սպառնում է մեզ միջազգային դատական հայցերով։ Մենք ոչինչ չենք ձեռնարկում։ Ադրբեջանը մշակում է Արցախի շուրջ եւ Արցախի գրաււած տարածքներում տնտեսական խոշոր ծրագրեր, կառուցւում են խոշոր ադրբեջանաբնակ բնակավայրեր։ Խնդիրը Արցախը խեղդելն է։

Եթէ մենք հասկանում ենք այս իրականութիւնը, ապա պարտաւոր ենք ճիշտ ձեւակերպել մեր առաջնահերթ խնդիրները.

 

Կանգնեցնել պետութեան փլուզումը

Փորձել փրկել Արցախից մնացած հատւածը։

Մնացած բոլոր հարցադրումներն արհեստական են։

Այս խնդիրները լուծելու մի ճանապարհ կայ՝ Հայաստանում իշխանութեան ձեւաւորումը։ Հայաստանում պէտք է լինի իշխանութիւն, որպէսզի երկրի կենսապահովման բոլոր օղակները սկսեն աշխատել, որպէսզի փոխւի երկրում մթնոլորտը։

Հայաստանում կայ հասարակական մի փոքր շերտ, որը սա լաւ հասկանում է։ Այդ շերտի միակ անելիքը ինքնակազմակերպւելն է, ժողովրդին իրականութիւնը պարզ բացատրելն է, ժողովրդին ոտքի հանելն է (սա կազմակերպչական աշխատանք է պահանջում) եւ օրինական իշխանութեան ձեւաւորումը։ Իշխանութիւն, որը կաշխատի ու կը փորձի հնարաւորինս լուծել նշւած երկու խնդիրը։

Իսկ արտահերթ ընտրութիւնների թեմայի «կիսափակ պատուհանը» եւ իշխող ուժի գիշերային յայտարարութիւնն ուղղակի բերելու են ոչ ընտրական մեխանիզմներով ներքին լարւածութեան էական աճի՝ եռացող կաթսան մի պահի պայթելու է։

Այսօր Հայաստանում կայ ՄԷԿ հոգու խունտա, որը կամ չի հասկանում կամ թքած ունի այս իրականութեան վրայ, եւ կայ ոչ իշխանական հարթակ, որին հասկանալը գնալով անհնար է դառնում։

Մնացած ամէն ինչը դիտորդական առաքելութիւն է. կանգնած դիտում ենք, թէ ինչպէս ենք կորցնում պետականութիւնը։

 

Անհասկանալի խաղի ժանրում

Տպաւորութիւն է ստեղծւում, թէ Ալիեւն ու Էրդողանը Փաշինեանի հետ «կապոյտ կէտ» են խաղում։ Հայաստանի ղեկավարի վարքագիծը, կատարւածի եւ մի ամբողջական սերնդի սպանդի փաստի հանդէպ նրա աննկարագրելի սառնասրտութիւնն իսկապէս ստեղծում են տպաւորութիւն, թէ նա ինչ-որ տոտալիտար խաղի մասնակիցն է։

Երկու տարի շարունակ նրան թելադրւած եւ նրա կողմից անմռունչ կատարած քայլերի հետեւանքը Արցախի կորուստն է, 5 հազար զոհը, 10 հազար վիրաւորը։

Բայց խաղը շարունակւում է, ու դրա հետագայ ընթացքը, միւս հետեւանքները, որ ծրագրաւորւում են ինչ-որ անառողջ գլուխներում, բերելու է Հայաստանի կազմաքանդմանը։ Ու քանի դեռ մենք հանդուրժում ենք Փաշինեանի իշխանութիւնը, մեր երկիրը գտնւելու է այդ պայմանական «կապոյտ կէտ»-ի տրամաբանութեան մէջ։ Հրէշաւոր խաղի կանոններով՝ վերջում ինքնասպանութիւնն է։ Դատելով ընթացքից՝ ինքնասպանութեան է մղւում մեր պետութիւնը։

 

Շարունակելի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։