Հա

Քաղաքական

09/02/2021 - 13:10

Արայիկ Յարութիւնեանը Նիկոլ Փաշինեանի վախերի իւրատեսակ ինդիկատորներից մէկն է

Արցախեան երկրորդ պատերազմից շատ կարճ ժամանակ անց Արցախում քաղաքական վերադասաւորումներ սկսւեցին։ Տպաւորութիւն էր, թէ Արայիկ Յարութիւնեանը պատրաստւում է իշխանութիւնը խաղաղ փոխանցել այլ ուժերի եւ գործիչների ու հեռանալ։ Յիշում ենք Արցախի նախագահի յայտնի յայտարարութիւնը պատեհ պահի, ողջամիտ ժամկէտներում նոր ընտրութիւններ կազմակերպելու եւ իշխանութիւնը փոխանցելու մասին։ 

ԱՆԻ ԱՌԱՔԵԼԵԱՆ

 

Արցախեան երկրորդ պատերազմից շատ կարճ ժամանակ անց Արցախում քաղաքական վերադասաւորումներ սկսւեցին։ Տպաւորութիւն էր, թէ Արայիկ Յարութիւնեանը պատրաստւում է իշխանութիւնը խաղաղ փոխանցել այլ ուժերի եւ գործիչների ու հեռանալ։ Յիշում ենք Արցախի նախագահի յայտնի յայտարարութիւնը պատեհ պահի, ողջամիտ ժամկէտներում նոր ընտրութիւններ կազմակերպելու եւ իշխանութիւնը փոխանցելու մասին։ Կարող էք հարցնել, թէ ինչո՞ւ եմ օգտագործում տպաւորութիւն բառը, եթէ մարդը շատ ուղիղ էլ ասաց, որ հեռանում է։ Որովհետեւ անձամբ ես ի սկզբանէ հասկացել էի, որ Յարութիւնեանը որեւէ տեղ չի շտապում, ուղղակի ժամանակ է շահում իր իշխանութեան խարխլւած հիմքերն ամրացնելու համար։

Ի դէպ, պարադոքսալ ու հակաբնական է, բայց ոչ մի տեղ չի շտապում նաեւ Նիկոլ Փաշինեանը։ Աւելին, մարդն ասում է, որ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու հանրային պահանջ չկայ։ Թողենք բոլոր ձեւականութիւններն ու կեղծ բարեվարքութիւնները՝ ովքե՞ր են Նիկոլ Փաշինեանն ու Արայիկ Յարութիւնեանը։ Մի շատ յայտնի խօսք կայ՝ «ի՞նչն է երկու մարդու ամուր կապում իրար... պարզ բան՝ համատեղ գործած յանցանքը»։ Նիկոլն ու Արայիկը պատերազմը համատեղ պարտւած, Արցախի մեծ մասը համատեղ թշնամուն մատաղ արած, հազարաւոր երիտասարդների համատեղ սրի ու հրի բերան տարած մարդիկ են։ Հետեւաբար նրանք նաեւ համատեղ են գնալու, ոչ շուտ, ոչ ուշ, այլ ճիշտ ժամանակին (սրա պատճառներն աւելի խորքային են, կը քննարկենք առանձին)։ Նրանց՝ համատեղ հեռանալու կամ հեռացւելու արդիւնքում միայն հնարաւորութիւն կը լինի ամբողջութեամբ բացայայտել այս դաւադրութիւնը։ Իսկ հիմա այս մարդիկ հայ ազգի լուռ հայեացքի ներքոյ զիջում են այն ամէնն, ինչ հնարաւոր է ու նոյնիսկ արտաքուստ անհնար։

Ի դէպ, յիշում էք՝ Հայաստանում էլ Նիկոլն էր բունկերից ասում, թէ 6 ամիս եմ ուզում, յետոյ թող ժողովուրդը որոշի, ընտրութիւն անենք ...ու նման լոլոներ։ 6 ամսից 3-ն արդէն անցել է, բայց չկարողացայ թէկուզ մէկ դրական փոփոխութիւն առանձնացնել պատերազմի աւարտից մինչ այսօր։ Ինչեւէ, առաջ անցնենք։ Արայիկ Յարութիւնեանը 2 օր առաջ Ֆէյսբուքում բողոքել է, թէ «մէկը գրում է, թէ իբր բանակն ու արտաքին գործերի նախարարութիւնն ենք կազմալուծելու, միւսը՝ իբր Կարմիր շուկայ-Շուշի ճանապարհից ենք հրաժարւելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրօշ ենք դնելու Ստեփանակերտում, եւ այլն, եւ այլն: Բոլորն էլ ցնդաբանութիւններ են, եւ պարզապէս բացառւում է, որ Արցախի իշխանութիւնները համաձայնեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտօնապէս պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը եւ ժողովրդի յոյզերը շահարկելուց»: Նախ՝ ուշադրութիւն դարձրէք «Արցախի արտաքին եւ ներքին թշնամի» ձեւակերպմանը եւ Արայիկի պահանջին, այն էլ պաշտօնական՝ «ձեռք քաշել Արցախի անունը եւ ժողովրդի յոյզերը շահարկելուց»։

Ինչպէս կասէր յայտնի պերսոնաժը՝ իեա, իրօ՞ք։ Նկատո՞ւմ էք բարոյական անկման արագութիւնը։ Մարդը, Նիկոլի ձեռքը պինդ բռնած, Արցախ գրեթէ չի թողել, հիմա յոխորտում է Արցախի անունը չտալ ու ժողովրդի յոյզերը չշահարկել։ Ինչ վերաբերում է «ներքին թշնամիներ» ձեւակերպմանը, ապա այն ամբողջական նիկոլական է, որի ձեւակերպման սկզբնաղբիւրը պէտք է փնտրել Հայաստանում՝ կառավարութեան միջանցքներում։ Հիմա ժամանակագրութիւն։ Այնպէս չէ, որ վերջին 3 ամսւայ ընթացքում ո՛չ Արցախի անունն է շոշափւել, ո՛չ էլ տարատեսակ քաղաքական գործընթացների, որի առանցքը եղել են Արցախի իշխանութիւնները։ Ընդհակառակը՝ սկզբնական շրջանում հայաստանեան եւ արցախեան ընդդիմադիր ուժերի հռետորաբանութիւնն ու գործողութիւններն աւելի կոշտ են եղել, քան Ամանորից յետոյ։ Հետեւաբար ինչո՞ւ է հիմա Արայիկ Յարութիւնեանը խուճապի մէջ։

Ի դէպ, ուշադրութիւն դարձրե՞լ էք՝ Արայիկ Յարութիւնեանը Նիկոլ Փաշինեանի վախերի իւրատեսակ ինդիկատորներից մէկն է։ Եւ ընդհանրապէս, եթէ ուշադիր եղել էք, ապա Արայիկի վերջին յայտարարութեան քաղաքական յետագիծը կը փնտրէք Հայաստանում։ Ամփոփենք։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն իր վերջին հարցազրոյցում յայտարարեց մեծ քաղաքականութիւն վերադառնալու մասին։ Քոչարեանի քաղաքական յայտին առանձին կանդրադառնանք։ Քոչարեանի վերջին 2 հարցազրոյցները սկիզբ են դրել քաղաքական վերադասաւորումների ոչ միայն ընդդիմադիր հարթակում։ Բնականաբար, մեծ ճակատամարտին պատրաստւում է նաեւ իշխանութիւնը։ Արայիկ Յարութիւնեանի յոխորտանքները դրա առաջին ծիծեռնակներից են։

 

«Փաստ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։