Հա

Քաղաքական

11/02/2021 - 14:20

«Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակւի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը». Վազգէն Մանուկեանի կոչը

Կո՛չ եմ անում վաղը՝ փետրւարի 12-ին, ժամը 15:00-ին, հաւաքւել Ազատութեան հրապարակում եւ որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր:

Իշխանութիւնները կայացրել են որոշում, որ այսուհետ Սիւնիքի որոշ հատւածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգութեան մարմինների համաձայնութիւնը:

Երէկ նաեւ յայտնի դարձաւ, որ կայ գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշւում են Սիւնիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի եւ անօրինական փաստաթղթեր կան ստորագրւած, դեռեւս պարզ չէ:

Կանցնի ժամանակ, եւ ինչպէս 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կը պարզենք, որ այլեւս չունենք Սիւնիք:

Յիշէք՝ պատերազմից յետոյ՝ հոկտեմբերի 8-ին, կառավարութիւնն ընդունեց որոշում, որով արգելեց իրականութիւնն ասելու իրաւունքը:

Արդիւնքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտութիւնն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզւեց, որ մեր թիկունքում ստորագրւել է կապիտուլեացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարւած էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թէ յաղթում ենք:

Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից աւելի զոհ, 10 հազարից աւելի վիրաւոր, հարիւրաւոր գերիներ, անհետ կորածներ: Չունենք նաեւ բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամէն օր ապացուցում է, որ գոյութիւն չունի:

Հայաստանն ամէն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզւեցինք, որ չունենք ոստիկանութիւն, քանի որ այն, ծառայելով այսօրւայ իշխանութեանը, ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին:

Այն ամէնն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի եւ զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք եւ շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերութեամբ տարւած մեր կեանքի մանրուքներով ու բամբասանքներով:

Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոսացրել են:

Ապագայ սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատւած այս տարածքում, որը դեռ կոչւում է Հայաստան, իսկ մնացածը ցրւելու են աշխարհով մէկ՝ դառնալով պանդուխտ:

Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակւի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դէպքում այն կը վերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանութիւնների ձեռքով:

Մի՛ սպասէք քաղաքական կուսակցութիւնների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք էք որոշում երկրի ապագան:

Կո՛չ եմ անում վաղը՝ փետրւարի 12-ին, ժամը 15:00-ին, հաւաքւել Ազատութեան հրապարակում եւ որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը:

 

ՎԱԶԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հայրենիքի փրկութեան շարժում

11.02.2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։