Հա

Քաղաքական

13/02/2021 - 11:25

Մենք եւ նրանք (պարտութեան հոգեբանական գործօնը)

Յայտնի է, որ բոլոր ազգերը, բացի պատմական, կրօնական, պետական նոյնականացումից, համարւում են նաեւ տարբեր լեզւական ընտանիքների անդամներ՝ հնդեւրոպական, ուգրոֆիննական, թիւրքական, սեմիտական եւ այլն։ Սակայն նոյն լեզւական տեսանկիւնից, յատկապէս հնդեւրոպական մեծ ընտանիքը, բաժանւում է այլ լեզւական ենթախմբերի նոյնպէս՝ իրանական, գերմանական, սլաւոնական, ռոմանական եւ այլն։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Յայտնի է, որ բոլոր ազգերը, բացի պատմական, կրօնական, պետական նոյնականացումից, համարւում են նաեւ տարբեր լեզւական ընտանիքների անդամներ՝ հնդեւրոպական, ուգրոֆիննական, թիւրքական, սեմիտական եւ այլն։ Սակայն նոյն լեզւական տեսանկիւնից, յատկապէս հնդեւրոպական մեծ ընտանիքը, բաժանւում է այլ լեզւական ենթախմբերի նոյնպէս՝ իրանական, գերմանական, սլաւոնական, ռոմանական եւ այլն։ Իհարկէ, ունենալով նոյն նախալեզուն, նոյն նախապապերը, բնաւ չի նշանակում՝ բոլորովին տարբեր պատմական, կրօնական, պետական աւանդոյթներ ունեցող ազգերի միմեանց հանդէպ բարեկամական յարաբերութիւններ ունենալ։ Հակառակը, բազմաթիւ օրինակներ կարելի է բերել, նոյն, օրինակ, սլաւոնական ազգերի միջեւ տարբեր տարիների պատերազմները, նաեւ այսօր՝ ակնյայտ թշնամութիւնը։

Սակայն առկայ է նաեւ հակառակ միտումը նոյնպէս։ Օրինակ, արդէն անցեալում են գերմանական լեզւախմբի մաս կազմող անգլոսաքսոնական պետութիւնների հակասութիւնները՝ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա։ Եւ այսօր այդ երկրները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Աւստրալիա, Նոր Զելանդիա, միմեանց դաշնակից երկրներ են։ Փորձեր են արւել եւ շարունակւում են լեզւական, պատմական նոյն ծագում, նոյն լեզւական տարածւածութիւն ունեցող ազգերի, պետութիւնների միաւորման միտումները նոյնպէս։ Դրանք նաեւ գաղափարախօսութիւններ են՝ պանարաբիզմ, պանթուրքիզմ, նոյնիսկ Ֆրանկոֆոնիա (չգիտես ինչու, որի անդամն է նաեւ Հայաստանը)։

Ինչո՞ւ կատարեցի այսպիսի պատմալեզւական էքսկուրս։

Թիւրքական լեզւախմբի ազգերի մէջ են մտնում մեր հարեւան թուրքերն ու ադրբեջանցիները։ Սակայն եւ ծագումնաբանական, եւ պատմականօրէն, եւ կրօնական տեսակէտներից նրանք տարբեր ազգեր են։

Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչեւ «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողութեան հաստատումը։ Այժմեան ադրբեջանցի անունը կրող ժողովրդի տարբեր հատւածները (տարածքային իմաստով) եւ տարբեր ցեղերը ու ցեղախմբերը մինչեւ 20-րդ դարի սկիզբը կոչւել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ այրումներ, փադարներ, շահսեւաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ եւ այլն։ Այս ցեղախմբերի միջեւ եղած կարեւորագոյն ընդհանրութիւնը դաւանութիւնն էր, ուստի եւ որպէս ինքնանուն եւ արտանուն գործածական էր նաեւ «մուսուլման» որակաւորումը։ Ծագումնաբանական անւանումով կիրառւում էր նաեւ թաթար, կովկասեան թաթար եւ թուրք անւանումները։ Որոշ շրջաններում, այդ թւում՝ նաեւ հայութեան միջավայրում ադրբեջանցիներին ընդունւած էր կոչել ազերիներ կամ ազերի թուրքեր։ Այս էթնանունը իբրեւ վերապրուկ՝ գալիս է Ատրպատականի բնիկների՝ ազերի արաբական յորջորջումից, բայց պէտք է նկատի ունենալ, որ բնիկ ազերիներն ունեցել են իրանական ծագում եւ խօսել են հիւսիսիրանական ազերի լեզւով։

Իսկ բուն թուրքերը բնակութիւն են հաստատել Անատոլիայում 11-րդ դարում՝ սելջուկեան թուրքերի նւաճումների ժամանակ:

Այսօրւայ ադրբեջանցի կոչւող, բայց իրանցի մուսուլմանական շիա ուղղութիւնը դաւանողների եւ սուննի ուղութիւնը դաւանող թուրքերի միջեւ 16-17-րդ դարերում եղել են արիւնալի պատերազմներ։

Այդ ամէնն անցեալում, իսկ արդէն 20-րդ դարից սկսած Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլեւ յայտարարում․ «Մէկ ազգ, երկու պետութիւն»։ Այս ամենին մենք ականատես եղանք արցախեան ողջ հակամարտութեան, յատկապէս վերջին պատերազմի ընթացքում։ Այն արտայայտւեց եւ համատեղ զօրավարժութիւնների, եւ ժամանակակից զէնքի մատակարարման, եւ թուրք հրամանատարների կողմից պատերազմական գործողութիւնների կառավարմամբ եւ թուրք ու սիրիացի գրոհայինների ներգրաւմամբ։

Հնդեւրոպական մեծ լեզւախմբի լեզուներից են նաեւ յունարէնն ու հայերէնը, որոնք հնդեւրոպական լեզւախմբի առանձին ճիւղեր են համարւում։ Այսինքն, մասնաւորապէս, գոյութիւն չունի հնդեւրոպական մեծ լեզւաընտանիքի մէջ հայկական ենթալեզւախումբ, այլ միայն հայերէն, այսինքն՝ մէկ ազգ՝ հայեր։

Իսկապէս, զարմանալի է, որ չնայած հազարամեակների պատմութեանը, պետականութեան կորստին, բաժան-բաժան լինելով մէկ՝ Պարսկաստանի ու Բիւզանդիայի, մէկ՝ Արաբական խալիֆաթի ու Բիւզանդիայի, մէկ՝ Թուրքիայի ու Պարսկաստանի, յետոյ՝ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ, ընդունելով տարբեր կրօններ՝ մինչքրիստոնէական շրջանի, քրիստոնէութեան տարբեր հոսանքներ, մուսուլմանութիւն, նոյնիսկ խօսելով միմեանցից բաւականին հեռացած արեւմտահայերէն եւ արեւելահայերէն լեզուներով (էլ չխօսենք շատերին անհասկանալի որոշ բարբառների մասին), չենք առանձնացել՝ որպէս տարբեր ազգեր, եւ բոլորս մնացել ենք հայեր։

Բայց... զարմանալիօրէն, եթէ թուրքերն ու ադրբեջանցիները՝ լինելով տարբեր ազգեր, իրենց համարում են նոյն ազգի ներկայացուցիչներ, մենք․․․

Այս յօդւածում չեմ ներկայացնի մեր «հմուտ» քաղաքական գործիչների զիջողական, իրականում՝ պարտւողական քաղաքականութիւնը, ողջ հակամարտութեան ընթացքում։ Սրան զուգահեռ՝ արցախեան շարժման ընթացքում, ինչ-որ պահից, այդ նոյն «հմուտ» գործիչները սկսեցին հակաարցախցիական քարոզչութիւնը․

«Ղարաբաղն առանց ղարաբաղցիների»՝ Վանօ Սիրադեղեան, «Ղարաբաղի հարցը վերաբերում է միայն ղարաբաղցիներին»՝ ՀՀՇ-ական քարոզչութիւն, «Հայաստանի քաղաքացիները չպէտք է ծառայեն Ղարաբաղում»՝ մի շարք ՀԿ-ականներ, այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ Արայիկ Յարութիւնեան։ Այս ամէնն իր գագաթնակէտին հասաւ 2008թ.՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա աջակից ամբոխի քարոզչութեամբ․ «․․․Ազատւենք ղարաբաղցի տականքներից»՝ Նիկոլ Փաշինեան։ Առաւել դաժան, կենցաղային խօսակցութեան մակարդակի մէջբերումներից ձեռնպահ եմ մնում։ Եւ զարմանալիօրէն, իրենց ազգայնական, հայրենասէր համարող գործիչները, ինչպիսիք են՝ «Սասնայ Ծռերը», որոնցից շատերը նոյն 2008 թ․ պաշտպանում էին Արցախը յանձնող Լեւոն Տէր-Պետրոսեանին, յայտարարում են, որ, եթէ Արցախը չի լինելու Հայաստանի մարզ, կարեւոր չէ, թէ ինչ ճակատագիր այն կունենայ։ Այսինքն, նրանք պարտութեամբ մասամբ բաւարարւած են։ Արդեօ՞ք մասամբ․․․

Պատկերացնո՞ւմ էք, որ որեւէ անգլոսաքս գործիչ յայտարարի՝ եթէ ԱՄՆ-ը, Անգլիան, Աւստրալիան մէկ պետութիւն չեն, ապա աւելի լաւ է՝ չլինեն։

Եւ այս ամէնին չկար պետական մակարդակով, լուրջ, փաստարկւած հակաքարոզչութիւն, ընդհուպ մինչեւ քրէական պատասխանատւութիւնը։ Հա, մոռացել էի, բա խօսքի ազատութի՞ւնը․․․

Այսպիով, տարիների ուղղորդւած հակաարցախեան, ըստ էութեան՝ հակահայկական քարոզչութիւնը տւեց իր պտուղները, եւ հէնց այդ գաղափարախօսութիւն կրողները՝ ստի եւ կեղծիքի յեղափոխութեան արդիւնքում, եկան իշխանութեան։ Եւ այսօր, պարտութիւնից յետոյ, այդ նոյն, արդէն բացայայտ ադրբեջանամէտ քարոզչութիւնը շարունակւում է պետական մակարդակով․ «Շուշին դժբախտ ու դժգոյն քաղաք էր», «Շուշին հակամարտութիւնից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ աւելի տոկոս ադրբեջանական բնակչութիւն: Ուզում էք ասել, որ 90 եւ աւելի տոկոս ադրբեջանական բնակչութիւն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»՝ Նիկոլ Փաշինեան։

Եւ, ի տարբերութիւն տարբեր՝ ադրբեջանցի եւ թուրք ազգերի արհեստական նոյնականացման եւ եղբայրութեան, մենք, լինելով նոյն ազգի ներկայացուցիչներ, բաժանւեցինք հայաստանցիների եւ ղարաբաղցիների։ Այո, թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն մեծ ազգային նպատակ եւ այդ նպատակին հասնելու համար ունեն նաեւ յստակ մշակւած ռազմավարութիւն, ի տարբերութիւն մեզ՝ հայերիս, որոնց, թերեւս, միակ նպատակը «լաւ ապրելն է», թէկուզ հայրենիքի հաշւին՝ «Սերգոյ ջան, քանի Ղարաբաղի հարցը չի լուծւել, լաւ չես ապրելու»․ Լեւոն Տէր-Պետրոսեան։

Այսպիսով, կարծում եմ, որ մեր պարտութեան հիմնական, գուցէ նաեւ միակ պատճառը հէնց այդ հոգեբանական գործօնն էր։

Յ․Գ․ Արդեօ՞ք, արցախցիներից յետոյ, յաջորդ թիրախը սիւնեցիները չեն լինելու․․․ եւ այսպէս շարունակ։

 

168.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։