Հա

Քաղաքական

14/02/2021 - 13:50

«Սիւնիքի տարածաշրջանում Հայաստան-Իրան ուղղակի ճանապարհային կապին մի քանի վտանգ է սպառնում». Վարդան Ոսկանեան

168.am-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - 168.am-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:

 

- Պարոն Ոսկանեան, տարածաշրջանում հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին պէտք է ճանապարհ դէպի Նախիջեւան եւ Թուրքիա, որը նա ստանում է եռակողմ յայտարարութեան արդիւնքում, իսկ Հայաստանին՝ ելքեր դէպի Ռուսաստան եւ Իրան: Ռուսական եւ աբխազական կողմերը մամուլում սկսել են քննարկել Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: Ընդհանրապէս Հայաստանի համար նպաստաւոր ի՞նչ ուղիներ կարող են քննարկւել Իրանի եւ Ռուսաստանի հետ կապ ստանալու համատեքստում, որոնք ընդունելի են նաեւ Իրանի համար:

- Կարծում եմ, որ Հայաստանի համար առնւազն, որպէս առաջնահերթութիւն, Իրանի հետ կապի կոնտեքստում պէտք է սահմանւի Սիւնիքի մարզը, այսինքն՝ որեւէ պարագայում չպէտք է Սիւնիքի մարզով Իրանի հետ ուղղակի հաղորդակցութիւնը կտրենք որեւէ այլ պայմանաւորւածութիւնների հետեւանքով: Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային նշանակութիւն, ուստի Հայաստան-Իրան Սիւնիքի մարզի միջոցով հաղորդակցութեանը պէտք է դիտարկել ուղղակի զուգահեռ ճանապարհներ, ոչ թէ այլընտրանքներ:

Այդպիսի երկաթուղային ճանապարհ կարող է լինել, բնականաբար, Նախիջեւանով, եւ, դատելով իրանական կողմի յայտարարութիւններից՝ իրանցիները կարծես թէ կողմ են: Խօսքն իրանական Ջուլֆա-նախիջեւանեան Ջուլֆա-Երասխ-Երեւան երկաթուղագծի մասին է:

Ինչ վերաբերում է որեւէ միջանցքի, ապա նրանք դէմ են միջանցքի ստեղծմանը, խօսքը վերաբերում է Նախիջեւանը մնացեալ Ադրբեջանին կապող հաղորդակցութեանը, որը, ենթադրւում է՝ լինելու է փաստացի միջանցք: Իրանցիները յստակ յայտարարում են, որ դէմ են որեւէ միջանցքի, որը կանցնի Իրանի սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքով, բայց կողմ են հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակմանը, եւ այդ համատեքստում Իրանի համար յատկապէս հետաքրքրութիւն է ներկայացնում երկաթուղու նախիջեւանեան հատւածը, ինչը Իրանին հնարաւորութիւն կը տայ Հայաստանի վրայով ելք ապահովել դէպի սեւծովեան նաւահանգիստներ:

Ռուսական կողմը խիստ շահագրգիռ է եւ որոշակի ջանքեր է գործադրում, որպէսզի բացւի Աբխազական երկաթուղու հատւածը, որն ունի երկու միտում:

Առաջինը՝ բնականաբար, Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցութեան հաստատումն է, որը, ըստ էութեան, գրեթէ կը զրոյացնի Ադրբեջանի ճանապարհով Հայաստանի կապը Ռուսաստանի հետ ապահովելուն միտւած ադրբեջանական ջանքերը:

Ադրբեջանը կը ցանկանար, որպէսզի այդ ճանապարհը գործէր, եւ նա վերահսկողութիւն ունենար դրա նկատմամբ, իսկ եթէ Աբխազական երկաթուղին սկսի գործել, ապա ադրբեջանական հատւածը թէ աւելի երկար է՝ տնտեսական իմաստով այն ձեռնտու չէ համեմատութեան մէջ, եւ նաեւ անվտանգային առումով, բնականաբար, մեզ համար շատ աւելի նպաստաւոր է, եթէ մեր կապն ապահովւի ոչ թէ Ադրբեջանի միջոցով, այլ Վրաստանի եւ Աբխազիայի միջոցով:

Երկրորդ ուղղւածութիւնը՝ սա գալիս է շարունակելու եւ ապահովելու Իրանի հետ կապը, այսինքն՝ այդ միջոցով իրանցիները ելք կը ստանան Ջուլֆա, Նախիջեւան, Երեւան, Թբիլիսի, Աբխազիա, Ռուսաստան եւ փաստացիօրէն կապահովւի Իրանի կապը Ռուսաստան եւ Իրանի ճանապարհով՝ նաեւ դէպի Պարսից ծոցի նաւահանգիստներ, այսինքն՝ երկաթուղային հաղորդակցութեան այն ճանապարհահատւածը, որի գործարկման հարցում շատ շահագրգիռ է Ադրբեջանը, եւ որը ենթադրում է, որ ՌԴ-Իրան կապը պէտք է ապահովւի հէնց Ադրբեջանի տարածքով, նոյնպէս զգալիօրէն կը կորցնի իր արդիականութիւնը՝ հաշւի առնելով նաեւ մէկ այլ կարեւոր հանգամանք՝ եթէ աբխազական երկաթուղին եւ նախիջեւանեան հատւածը բացւի, այստեղ մենք տեխնիկական խնդիրներ չունենք, այսինքն՝ ըստ էութեան երկաթուղին անգործութեան է մատնւած ոչ թէ տեխնիկական պատճառներից, այլ աշխարհաքաղաքական խնդիրներից ելնելով:

Մինչդեռ Ադրբեջանն Իրանին կապող երկաթուղու Ռաշտ-Աստարա հատւածը դեռեւս կառուցւած չէ, այսինքն՝ այդ հատւածում երկաթուղի չկայ, դա պէտք է նոր կառուցւի: Ուստի աբխազական երկաթուղու բացումը Հայաստանի համար չափազանց կարեւոր է, եւ կարծում եմ, որ մենք պէտք է այդ ուղղութեամբ շատ ինտենսիւ աշխատանք տանենք, որովհետեւ դա ըստ էութեան թոյլ կը տայ բարելաւելու աշխարհաքաղաքական այն պայմանները, որոնցում մենք յայտնւել ենք այս տարածաշրջանում վերջին փոփոխութիւններից յետոյ:

 

- Վրաստանը, ըստ Ձեզ, պատրա՞ստ է շրջանցել իր համար անյաղթահարելի համարւող քաղաքական խնդիրները Ռուսաստանի հետ՝ յանուն Հայաստանի շահի, սա շատ լուրջ հարց է Վրաստանի համար:

- Այո, Վրաստանի համար խնդրայարոյց է Աբխազական երկաթուղու վերաշահագործումը, բայց այստեղ կայ մի կարեւոր հանգամանք: Տեսէք, Վրաստանն այս ապաշրջափակման ամբողջ ծրագրի շրջանակներում, ըստ էութեան, կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարութիւնը, որն այժմ ունի: Կարծում եմ, վրացական կողմն էլ պէտք է մտածի ելքեր՝ իր դիրքերն ամրապնդելու համար, եւ սա կարող է լինել այդ ելքերից մէկը:

 

- Ենթադրւում է, որ Վրաստանը կը տուժի Նախիջեւանի միջանցքի ձեւաւորումից յետոյ, երբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այլեւս գրաւիչ չի լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ու շրջանառութիւնն էապէս կը նւազի: Սակայն վրացական քաղաքագիտական շրջանակները պնդում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը շատ փոքր ծաւալներով է աշխատում Վրաստանի շրջանառութեան համեմատութեամբ, եւ այդ կորուստը քաղաքական խնդիրների վրայ աչք փակելու համար բաւարար չէ:

- Բնականաբար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին աւելի շատ քաղաքական պրոիեկտ է, քան տնտեսական: Բացի այդ, կարծում եմ, Վրաստանում, յամենայն դէպս՝ իշխանական վերնախաւում, կայ շերտ, որը, մեղմ ասած, խանդավառ չէ ադրբեջանական բաւական զգալի ներկայութիւնից այս երկրում: Իսկ նման Հիւսիս-Հարաւ առանցքի ձեւաւորումը Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով երթուղիներով՝ Վրաստանի համար կարող է ստեղծել նոյնպէս աւելի բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ՝ ազատւելու համար գոնէ որոշակի հատւածում թուրք-ադրբեջանական ազդեցութիւնից:

 

- Քաղաքական մակարդակում ինչպէ՞ս պէտք է աշխատել Վրաստանի հետ Աբխազական երկաթուղու հարցում համաձայնութիւն ստանալու նպատակով:

- Պէտք է ինտենսիւ աշխատել: Դրանք պէտք է լինեն թէ երկկողմ ձեւաչափով, թէ նաեւ ներգրաւելով այլ խաղացողների: Այստեղ չափազանց կարեւոր կարող է լինել նաեւ ԱՄՆ դիրքորոշումը, եւ Հայաստանը զուգահեռաբար պէտք է աշխատի ԱՄՆ-ի եւ, բնականաբար, մեր դաշնակից ՌԴ-ի հետ՝ ստեղծելով հետաքրքիր ձեւաչափ, որտեղ, անշուշտ, կարող են լինել շահերի բախումներ, բայց կարող են լինել նաեւ շահերի հատման կէտեր, եւ այդ հատման կէտերն ապահովելուն միտւած պէտք է լինի մեր գործողութիւնների ողջ տիրոյթը:

Պէտք է գոնէ օգտագործել առկայ հնարաւորութիւնները, որոնք կարող են բարելաւել մեր աշխարհաքաղաքական վիճակը այս տարածաշրջանում եւ թոյլ տալ Հայաստանին հանդէս գալ, որոշակի դէպքերում, կոշտ դիրքորոշումներով՝ նոյն այդ թուրանական միջանցքի համատեքստում:

 

- Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային ապաշրջափակման պրոյեկտներում հաշւի առնւո՞ւմ է: Տպաւորութիւն է, որ չնայած Իրանի վերջին շրջանի ակտիւութեանը, հարցերը լուծւում են եւ քննարկւում են պրոիեկտներ՝ Իրանի շահերը շրջանցելով:

- Իրանցիներն անում են իրենցից կախւած գրեթէ ամէն ինչ, որպէսզի ապահովեն իրանական ներկայութիւնը Հարաւային Կովկասում ընթացող զարգացումներում: Անշուշտ, գործողութիւնները կարելի է գնահատել մի փոքր ուշացած եւ դանդաղկոտ, բայց յամենայն դէպս, հաշւի առնելով Իրանի տարածաշրջանային խնդիրների բազմաթիւ լինելը, իրանական ուշադրութիւնը Հարաւային Կովկասի նկատմամբ զգալիօրէն աճել է, եւ այս տարածաշրջանը ստացել է աւելի առաջնային կարգավիճակ իրանական շահերի տեսանկիւնից:

Միւս կողմից ուշագրաւ է, որ իրանցիները բաւականին ինտենսիւ աշխատում են ռուսական կողմի հետ, եւ ռուս-իրանական գործակցութեան համատեքստում, կարծում եմ, Հայաստանը եւս կարող է անելիքներ ունենալ՝ ինչ-որ առումով դառնալով հարթակ՝ մեղմելու համար այն բոլոր հնարաւոր ոչ համընկնումները, այսպէս ասեմ, որոնք, հնարաւոր է՝ լինեն ռուս-իրանական յարաբերութիւններում: Այսինքն՝ ըստ էութեան մենք կարող ենք դառնալ հարթակ ռուս-իրանական յարաբերութիւնների համատեքստում:

 

- Նշում էք, որ Իրանը դէմ է միջանցքին, ի՞նչ լծակներ ունի ազդելու այդ քննարկումների վրայ, դրանք ըստ էութեան տեղի են ունենում, արդէն ամէն բան որոշւած է կարծես:

- Չգիտեմ, թէ որքանով Իրանի դիքրորոշումը հաշւի կառնւի, բայց իրանցիները յստակօրէն արձանագրել են ՀՀ տարածքային ամբողջականութեան խնդիրը՝ որպէս իրենց շահերի տեսանկիւնից կարմիր գիծ: Այսինքն՝ բաւական յստակ եւ խիստ բնորոշում է տրւել: Ցանկացած միջանցքի գոյութիւն խաթարում է Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը կամ գոնէ սպառնալիք է ստեղծում դրա համար: Հետեւաբար, կարծում եմ, այս հարցում իրանական դիրքորոշումները հնարաւորին կոշտ են լինելու: Որքանով դրանք կազդեն ընդհանուր գործընթացի վրայ, դժւար է կանխատեսել, բայց ամէն դէպքում պէտք է ի նկատի ունենալ, որ հաղորդակցութեան ուղիների բացմանն իրանցիները դէմ չեն, այսինքն՝ եթէ Նախիջեւան-Ադրբեջան կապն ապահովւի Հայաստանի վրայով ոչ միջանցքային կարգավիճակով, ապա իրանցիները դրան դէմ չեն լինի՝ չնայած դա խաթարում է Իրանի շահերը, հաշւի առնելով այն հանգամանքը, որ իրանցիները կորցնում են կարեւոր լծակ՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի այն ցամաքային ճանապարհը, որով հէնց հիմա էլ Նախիջեւանը կապւում է Ադրբեջանի հետ, եւ որն անցնում է Իրանով: Բայց գոնէ յայտարարութիւնների մակարդակով իրանցիները պնդում են, որ դէմ չեն ապաշրջափակմանը:

 

- Ձեր խօսքի սկզբում ասացիք, որ Սիւնիքով Հայաստան-Իրան հաղորդակցութիւնը պէտք է անպայմանօրէն պահպանւի: Ի՞նչ վտանգներ կան այդ հաղորդակցութեան համար:

- Ընդհանրապէս Սիւնիքի տարածաշրջանում Հայաստան-Իրան ուղղակի ճանապարհային կապին մի քանի վտանգ է սպառնում որոշ հատւածներում: Խօսքը վերաբերում է Գորիսից Կապան ընկած հատւածին յատկապէս, որտեղ, ըստ էութեան, բանաւոր կամ, հիմա էլ կասկածում են, գրաւոր ըմբռնում կայ Բաքւի բռնապետի հետ, ինչի հետեւանքով վտանգւում է Հայաստան-Իրան ուղղակի եւ անմիջական կապը Սիւնիքի տարածաշրջանով՝ յատկապէս Որոտանի, Շուռնուխի եւ Կապանի հատւածներում: Ուստի այս իմաստով պէտք է յստակ արձանագրենք եւ յստակ յայտարարենք, որ ՀՀ-ի համար կան կարմիր գծեր, եւ դրանցից մէկը Հայաստան-Իրան ուղղակի հաղորդակցութեան ապահովումն է, անվտանգ հաղորդակցութեան ապահովումը: Այդ հաղորդակցութեան վրայ որեւէ վերահսկողութիւն սահմանելու որեւէ գործողութիւն կամ որեւէ հռետորաբանութեան մակարդակում արտայայտութիւն, քարոզչական մակարդակում գործողութիւն պէտք է ստանայ հնարաւորինս կոշտ արձագանք, եւ պէտք է բացառւի նման գործողութիւնների հնարաւորութեան ռիսկը մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող այս հատւածներում:

 

- Ուշագրաւ էր, որ փետրւարի սկզբին Աւինեանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ քննարկել է «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որից Դուք խօսեցիք: Այսինքն՝ հնարաւոր է՝ այս ծրագիրը եւս քննարկւի ապաշրջափակման համատեքստում:

- Իրանցիները չափազանց շահագրգիռ են այս ծրագրի իրականացմամբ, բայց կրկնեմ, որ դա պէտք է իր մէջ ներառի Սիւնիքի մարզով աւտոճանապարհը, եւ դա պէտք է լինի որակեալ, եւ որեւէ կերպ չպէտք է մոռացութեան եւ անուշադրութեան մատնել:

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։