Հա

Քաղաքական

15/02/2021 - 13:10

«Աճող Եռաբլուրի, 5000 զոհի, 12000 վիրաւորի, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի պարագայում ճոխ ու աղմկոտ հարսանիքն այլանդակութիւն է. քաղհասարակութիւնն իրական անելիք ունի». Վահէ Յովհաննիսեան

Tert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Օգնել հային՝ դառնալ քաղաքացի» վերտառութեամբ յօդւածը: Յօդւածում Յովհաննիսեանն անդրադառնում է հետպատերազմեան Հայաստանում տեղի ունեցող հարսանիքներին եւ խնջոյքներին եւ նշում՝ պէտք է հետաքննել եւ հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը, պէտք է պարզել գործող պաշտօնեաների ցանկը, ովքեր խնջոյքների են մասնակցել:

«alikonline.ir» - Tert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Օգնել հային՝ դառնալ քաղաքացի» վերտառութեամբ յօդւածը: Յօդւածում Յովհաննիսեանն անդրադառնում է հետպատերազմեան Հայաստանում տեղի ունեցող հարսանիքներին եւ խնջոյքներին եւ նշում՝ պէտք է հետաքննել եւ հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը, պէտք է պարզել գործող պաշտօնեաների ցանկը, ովքեր խնջոյքների են մասնակցել:

Յօդւածը ամբողջութեամբ՝ ստորեւ.

«Պատերազմից յետոյ Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դէպքում՝ ընդգծւած զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հաւաք կամ անգամ առանց դրա։ Այլ դէպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, յայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տօնական երաժշտութիւնը չի դադարում ողջ երեկոյ, արտերկրից բերւող կատարողներով, շոու-ծրագրերով եւ այլն։ Այնպէս, ինչպէս միշտ եղել է։ Մի դէպքում մարդիկ ներքին զսպւածութեամբ երջանկութիւն են մաղթում նորապսակներին, միւս դէպքում յայտնի հարսանեկան երգացանկն է եւ ինքնամոռաց դոփիւնը։

Մարդիկ տարբեր են՝ իրենց կրթւածութեամբ, իրենց արժէքներով, դաստիարակութեամբ, աշխարհընկալմամբ։ Այդպէս է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում։ Բայց եկէք ընդունենք, որ թարմ Եռաբլուրի փուլում աղմկոտ հարսանիքն առնւազն տգեղ է։ Հնարաւոր չէ, որ նոյն օրում Ջաբրայիլից մինչեւ Կուբաթլու գտնւեն անճանաչելի դարձած 18-20 տարեկան մեր տղերքի մարմինները, իսկ Երեւանի հարսանիքային ռեստորաններում տեղ ու դադար չլինի։ Այստեղ մեծ աննորմալութիւն կայ։ Ի՞նչ անել։ Էլի կան ցաւոտ հարցեր, որոնց շուրջ, որոնց մասին բնակչութեան հետ պէտք է խօսել։ Եթէ չենք խօսում, մենք չենք դառնում հասարակութիւն, մենք կը մնանք վայրի բնակչութիւն։

Չորս ինստիտուտ պարտաւոր էր հայ ժողովրդի հետ խօսել այս եւ այլ ցաւոտ թեմաների մասին.

1. Իշխանութիւնը

2. Ընդդիմութիւնը

3. Եկեղեցին

4. Հանրային հեղինակութիւնները

Մաշտոցի պողոտայում խորոված անող, ափեղ-ցփեղ կիսահարբած լայւեր մտնող եւ մի սերունդ զոհելուց յետոյ հրաժարական չտւող իշխանութիւնից լուրջ չէ նման նուրբ եւ զգայուն թեմաներով ակնկալիք ունենալ։

Ընդդիմութիւնն, ինչպէս շատ այլ հարցերում, այստեղ նոյնպէս չի գիտակցում մարդկանց հետ պարզ լեզւով խօսելու կարեւորութիւնը։ Ընդդիմութեան ձախողումների հիմնական պատճառներից մէկը հէնց դա է՝ այն չի դառնում «մարդկային դէմքով» ընդդիմութիւն։ 21-րդ դարում հարթակը եւ ընդհանրապէս հանրային քաղաքականութիւնը միայն «գեոպոլիտիկայի» մասին դատողութիւններ անելու համար չէ։ Պէտք է խօսել հասարակութեան հետ, այդ թւում՝ ընթացիկ ցաւոտ եւ նուրբ հարցերի շուրջ։ Դա ընդդիմութեան հիմնական առաքելութիւններից մէկն է։

Եկեղեցին վերջին ամիսներին մեր պետութեան եւ ժողովրդի կեանքում ունեցել է եւ ունի շատ կարեւոր դերակատարում։ Բազմաթիւ հոգեւորականների աշխատանքն աննկարագրելի է։ Եւ կարծում եմ՝ եկեղեցին, որն այսօր գտնւում է իր պատմական զարթօնքի փուլում, կանի նաեւ յաջորդ քայլը եւ նման բարդ թեմաների մասին կը սկսի բաց խօսել ժողովրդի հետ։ Այս պահին հիմնական սպասելիքը, թերեւս, միայն եկեղեցուց է։

Հանրային հեղինակութիւնների ինստիտուտը, ցաւոք, մեզ մօտ խափանւած է շատ վաղուց, այն այսօր չի գործում։ Դժւար է հայկական իրականութեան մէջ գտնել մէկին կամ մի քանիսին, ում խօսքը հանրային լայն շերտերի համար անառարկելի հեղինակութիւն եւ արժէք կը լինի։

 

Հայը՝ գրւած եւ չգրւած օրէնքների արանքում

Շատ բաներ օրէնքով հնարաւոր չէ արգելել կամ խրախուսել։

Կասեն՝ բիզնես է։ Շատ լաւ, բայց կան չգրւած օրէնքներ, որոնք ժողովուրդ եւ պետութիւն դառնալու համար շատ կարեւոր են։

Սա շատ խորքային թեմա է։ Արագ կարող է գալ մի վիճակ, երբ զոհ, ծանր վիրաւոր, անհետ կորած կամ գերի ունեցող ընտանիքները դա կը համարեն միայն իրենց կորուստը. այդպէս կը զգան։ Պետութեան եւ հասարակութեան ամբողջականութիւնը նաեւ ընդհանուր էմոցիոնալ դաշտի մէջ է։

Կենսունակ հասարակութիւն եւ կենսունակ պետութիւն դառնում են ընդհանուր արժէքների հիման վրայ, որոնք անպայման պէտք է սերմանել, մատուցել։ Բնակչութիւնը հասարակութեան վերափոխւում է միայն վերնախաւի օգնութեամբ։

Այդպէս են դառնում ամբողջական հասարակութիւն։ Հակառակ դէպքում մեզ յաղթելու համար այլեւս անգամ բայրաքթարներ պէտք չեն լինի։

 

Այլանդակութեան համակարգը

Պատերազմից ընդամէնը շաբաթներ յետոյ, աճող Եռաբլուրի, 5 հազար զոհի, 12 հազար վիրաւորի, ամէն օր յայտնաբերւող անճանաչելի մարմինների, անհետ կորածների, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի, Հադրութի պարագայում մեծ, ճոխ, աղմկոտ, թանկ հարսանիքն այլանդակութիւն է։ Չհասկանալ սա՝ նշանակում է շատ կարեւոր բաներ չհասկանալ։ Իսկ այլանդակութեան համակարգը կազմւած է բազմաթիւ դերակատարներից.

1. Ամուսնացողների ծնողներ. նրանք, ովքեր, փող ունենալով հանդերձ (գուցէ՝ շատ փող), մնացել են նոյն «հոգով աղքատը»՝ բառի ո´չ աստւածաշնչեան իմաստով։

2. Ամուսնացող տղան, որը չի ասում՝ շաբաթներ իմ առաջ իմ հասակակիցներն են ատամներով դիրքերը պահել, իմ հասակակիցներն են տանկ ու ԱԹՍ խփել, վիրաւոր ընկեր ու հրամանատար փրկել, զոհւել, վիրաւորւել, ես ո՞նց կարող եմ հիմա մեծ ու ճոխ հարսանիք ինձ թոյլ տալ։

3. Ամուսնացող աղջիկը, հարսը, որը չի ասում՝ իմ ապագայ ամուսնու հասակակիցներն ու ընկերներն են կռւել, պահել երկիրը, զոհւել, գերի ընկել, ուրեմն՝ ո՞նց կարելի է թոյլ տալ նման մեծ ու ճոխ հարսանիք։

4. Հիւրերը, որոնց մի մասը, գուցէ` ամէն ինչ հասկանալով, բայց, այնուհանդերձ գնում են։ Գուցէ լուռ, համեստ նստում են, բայց, միեւնոյն է, գնում են, ու իրենց չգնալով չեն հասկացնում, որ չի կարելի նման բան անել։

Այսպիսով. չկայ պետութեան անունից իշխանութեան վարքագիծը, չկայ ընդդիմութեան՝ որպէս այլընտրանքի՝ այլ արժեհամակարգային վարքագիծը, չկայ հանրային ընդվզումը՝ քաղաքացու վարքագիծը. բա այդ դէպքում «հոգով աղքատն» ինչպէ՞ս հասկանայ, որ լաւ բան չի անում։ Ինչպէ՞ս կրթւի՝ որպէս ընդհանուր մեր երկրի քաղաքացի։ Վայրի բնակչութիւնը հասարակութիւն դառնում է ոչ միայն գրւած օրէնքները պահելով, այլեւ՝ չգրւած արժեհամակարգային նորմեր սահմանելով ու յարգելով։

Եկեղեցին, ի դէպ, Տեառնընդառաջի հետ կապւած բոլոր զւարճալի միջոցառումները չեղարկել էր։

 

Անհրաժեշտ հակազդեցութիւնը

Քաղաքացիական հասարակութիւնն իրական անելիք ունի։ Օրինակ՝ հետաքննել եւ հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը։ Պէտք է պարզել գործող պաշտօնեաների ցանկը, ովքեր ինքնամոռաց քէֆերի են եղել եւ այլն եւ այլն։

Ի դէպ, ինձ պատմեցին, որ նման հարսանիքներում սկզբում խմում են զոհւածների կենացը, որ յետոյ հանգիստ մոռանան նրանց ու արխային քէֆ անեն։ Հանգիստ թողէք տղերքին։ Յիշատակն ուրիշ կերպ են յարգում։ Տղերքի արիւնը հանրային եւ անհատական այլանդակութեան ինդուլգենցիա չէ։

 

Կեանքը շարունակւում է

Սրան զուգահեռ՝ կայ մի շերտ, որը սկսում է իր կեանքը կամ շարունակում ապրել՝ զուսպի, յարգանքի, հոգեւորի, ներքին ազատութեան եւ արժանապատւութեան հենքով։ Այս շաբաթներին Հայաստանում նման բազմաթիւ ամուսնութիւններ են տեղի ունեցել։ Ու դա յոյս է, որ մի բան կը փոխւի։ Պայմանական ասած՝ մինչեւ քաղաքացին իր արժէքով չյաղթի, Շուշին մերը չի լինելու։

Ի դէպ, զուսպ եւ քաղաքակիրթ միջոցառումներ անողների մէջ քիչ չեն ֆինանսապէս բաւականին ապահով ընտանիքները, որոնք պարզապէս ունեն բարձր արժեհամակարգ եւ ներքին բարոյական պատնէշներ։ 88-ի երկրաշարժից յետոյ, ի դէպ, շուրջ մէկ տարի շարունակ երկրով մէկ նման միջոցառումներ չէին արւում։ Այն ժամանակ մենք ընդհանուր ցաւի եւ ընդհանուր խնդիրների շատ աւելի միաւորող ու բնական զգացողութիւն ունէինք, ստացւում է։ Հետեւաբար՝ աւելի լուրջ էինք որպէս հասարակութիւն։

Անկեղծ երջանկութիւն բոլոր նրանց նրանց, ովքեր այս օրերին ամուսնացել են զուսպ եւ յարգալից մթնոլորտում, իսկապէս կեանքը պէտք է շարունակւի։ Ես ինքս շաբաթներ յետոյ մասնակցելու եմ մի շատ լաւ մարդու այդպիսի հարսանեկան միջոցառմանը, որի եղբայրը զոհւեց զէնքը ձեռքին՝ մեր երկիրը պաշտպանելիս։

 

Վահէ Յովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։